Թալիշական Ազդականչեր

ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ

Մեր օրերում դէպքեր, իրադարձութիւններ են տեղի ունենում, որոնք օրուայ լրահոսի մէջ դիտելի չեն, չեն շեշտադրւում, առանձնանում, մինչդեռ դրանք երբեմն պատմական, պատմութիւն կերտող իրադարձութիւններ են: Եթեր է դուրս եկել եւս մի ռատիոկայան` «Թալիշստանի ձայն» անուանումով, հերթական մի ձայն` եթերի անհուն ովկիանում: Իրականում, սակայն, այն դառնալու է թալիշ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի, ազգային զարթօնքի փաստն ու ուղենիշը եւ հայ ժողովրդի հասարակական-քաղաքական մտքի հասունութեան առհաւատչեան:

Ձեզ ենք ներկայացնում մեր թղթակից Գէորգ Ասատրեանի հարցազրոյցը ԵՊՀ իրանագիտութեան ամպիոնի վարիչ, փրոֆեսէօր Գառնիկ Ասատրեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Ասատրեան, մարտի 21-ին` Նովրուզի օրը, Շուշիից եթեր հեռարձակուեցին «Թալիշստանի ձայն» ռատիոկայանի առաջին ազդականչերը: Դուք անակնկալ եւ ամանորեայ հիանալի նուէր մատուցեցիք իրանալեզու ողջ հանրութեանը, մասնաւորապէս` թալիշ ժողովրդին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Առանց չափազանցութեան կարող եմ ասել, որ մենք կարողացանք իրականացնել մեր հարեւան թալիշ ժողովրդի տասնամեակների երազանքը` առաջին անգամ իրենց մայրենի լեզուով, իրենց մշակոյթի, պատմութեան, լեզուի եւ գրականութեան մասին ռատիոհաղորդումներ հեռարձակելով: Այո՛, «Թալիշստանի ձայնը» անակնկալ էր հասցէատիրոջ` թալիշների համար, անակնկալ, որը կարողացանք իրականութիւն դարձնել տարիների իսկապէս քրտնաջան եւ նպատակային աշխատանքի շնորհիւ միայն` յաղթահարելով տարաբնոյթ դժուարութիւններ եւ խոչընդոտներ: Առաջին ռատիոեթերին նախորդել է յիրաւի տիտանական նախապատրաստական աշխատանք:

Հ.- Փաստօրէն, առաջին անգամ է թալիշների լեզուով ռատիոհաղորդում հեռարձակւում:

Պ.- Չէ՛ք սխալւում, այդպէս է` առաջին անգամ, թէեւ յանուն ճշմարտութեան պէտք է ասել, որ տարիներ առաջ նման փորձ արուել է Իրանի Ռաշտ քաղաքում, բայց` շատ կարճատեւ, եւ հաղորդումն էլ ունեցել է նեղ, զուտ կրօնական բովանդակութիւն ու ուղղուածութիւն, ինչը չէր կարող առանձնապէս հետք թողնել ժողովրդի հոգում: Այնպէս որ, ամենայն որոշակիութեամբ կարող ենք ասել` Հայաստանից հեռարձակուող «Թալիշստանի ձայնը» թալիշերէն առաջին եւ առայժմ միակ ռատիոկայանն է աշխարհում:

Հ.- Յայտնի է, որ թալիշների բնակութեան վայրը հիմնականում Կասպից ծովի հարաւարեւմտեան անկիւնն է, որը փաստօրէն այսօր բաժանուած է Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ: Որքա՞ն է թալիշների ընդհանուր թիւը. յիշենք, որ նրանք բաւականին մեծաքանակ ազգային փոքրամասնութիւն են Ազրպէյճանում:

Պ.- Իմ տուեալներով, թալիշ ժողովրդի ընդհանուր թիւը 3 միլիոն է` մի քիչ աւելի, մի քիչ պակաս, որի շուրջ 1.5-2 միլիոնը համախումբ ապրում է Ազրպէյճանի Հանրապետութեան հարաւային գօտում:

Հ.- … Եւ ձեր ռատիոհաղորդումները հասանելի եւ հասկանալի են այդ ժողովրդի երկու հատուածներին հաւասարապէ՞ս…

Պ.- Այո՛, հասանելի են, որովհետեւ հեռարձակւում են Շուշիից եւ ծածկում են ինչպէս Թալիշստանի հարաւային, այնպէս էլ հիւսիսային տարածքները: Թէեւ, ինչ խօսք, մեր ալիքները ուղղուած են Ազրպէյճանում ապրող թալիշներին, որոնք, ինչպէս յայտնի է, օրէցօր ուծանում են, ոտնահարւում է նրանց մշակոյթն ու լեզուն, եւ հետզհետէ նրանք կորցնում են իրենց ազգային ինքնագիտակցութիւնն ու կանգնած են անհետացման վտանգի առջեւ: Պատասխանելով ձեր հարցի միւս մասին` արդեօք հաղորդումները հասկանալի՞ են, ապա պէտք է ասեմ, որ այո՛, քանի որ մենք մեր հաղորդումները հեռարձակում ենք թալիշների թէ՛ հիւսիսային եւ թէ՛ կենտրոնական բարբառներով: Մեր մասնագէտները, ստեղծագործական կազմը հիանալի տիրապետում են այդ երկու բարբառներին էլ, այնպէս որ, լեզուական խնդիրը տարակոյսի տեղիք չի տալիս:

Հ.- «Թալիշստանի ձայնի» թողարկումների որոշ հատուածն էլ, այնուամենայնիւ, ազրպէյճաներէնով է հեռարձակւում. ինչի՞ համար է դա արւում:

Պ.- Բանն այն է, որ Ազրպէյճանում ապրող թալիշների մի հատուածն արդէն այդ երկրի ազգահալած քաղաքականութեան պատճառով կորցրել է իր լեզուն, խօսում է ազրպէյճաներէն, թէեւ շարունակում է պահպանել իր ազգային ինքնութիւնը… պատճառը պարզ է եւ հասկանալի:

Հ.- Յիրաւի, մեծ եւ անհրաժեշտ գործ է արւում. ամէն օր նոյն ժամին` 19:00-ին, մէկ ժամ տեւողութեամբ ռատիոհաղորդումներ պատրաստելն ու հեռարձակելը բաւականին բարդ խնդիր է: Ես ռատիոյում աշխատելու երկար տարիների փորձ ունեմ եւ պատկերացնում եմ ստեղծագործական խմբի չարչարանքն ու տքնանքը: Այնուամենայնիւ, ինչպէ՞ս էք կարողանում նման ծաւալով ծրագիրն իրականացնել եւ ի՞նչ ուժերով ու ի՞նչ միջոցներով:

Պ.- Պետական համալսարանի իրանագիտութեան ամպիոնում աշխատում են ինչպէս ընդհանուր արեւելագէտներ, այնպէս էլ մասնագէտներ` ազրպէյճանագէտներ, թալիշագէտներ, թալիշերէնի տարբեր բարբառներով խօսող թալիշներ` մարդիկ, որոնք ձեւաւորում են ռատիոհաղորդումների ամբողջական մարմինը: Շատերին թւում է, թէ թալիշական ռատիոկայան ստեղծելը նոյնն է, ինչ հայկականը, ռուսականը, թէկուզեւ` անգլիականն ու ֆրանսականը, այսինքն գտնում են լեզուն կրող մէկ-երկու հոգու, համապատասխան նիւթական միջոցներ, ալիք եւ վե՛րջ, ռատիոկայանը պատրաստ է: Բնա՛ւ ոչ: Թալիշների նման ժողովուրդների լեզուով ռատիոհաղորդում հեռարձակելը, հեռուստատեսութիւն ստեղծելը հաւասարազօր է զրոյից գիտահետազօտական հիմնարկ ստեղծելուն: Ինչո՞ւ: Որովհետեւ թալիշերէն կանոնակարգուած լեզու գոյութիւն չունի, չկայ այդ լեզուի քերականական, հնչիւնաբանական, արտասանական կանոնների կայուն աւանդոյթ, ժողովուրդը խօսում է տարբեր բարբառներով եւ դաւանում է կրօնական տարբեր ուղղութիւններ, անգամ կան մշակութային տարբերութիւններ, ինքնութեան ընկալման նրբերանգներ, իւրօրինակ ազգային գաղափարախօսութիւն եւ ընկալումներ, որոնք տեսանելի եւ հասու են միայն նեղ մասնագէտներին, նրանց, ովքեր տեւական ժամանակ զբաղուել են թալիշների լուրջ ուսումնասիրութեամբ: Առհասարակ, գրաւոր աւանդութեան ու համապատասխան բնագրերի, եզրաբանութեան, արտայայտչամիջոցների բացակայութիւնը ստիպում է մեզ հէնց տեղում` ոտքի վրայ, քաղաքական, մշակութային, տնտեսական եզրոյթներ ստեղծել: Դա յիրաւի մասնագիտական լայն եւ խորը պատրաստութիւն պահանջող, չափազանց դժուարին եւ աշխատատար գործ է: «Թալիշստանի ձայնի» ամէն թողարկում պատրաստելիս մեր ամպիոնում տեղի է ունենում համարեա թէ մէկ-երկու ժամանոց թէժ խորհրդաժողովի նման բան, որի ընթացքում քննարկւում են ամէն բառ ու բառակապակցութիւն, միտք ու արտայայտութիւն: Ես չափազանց ուրախ ու հպարտ եմ, որ իմ ուսանողները, որոնք արդէն գիտական միջազգային ասպարէզում մեծ յայտ են ներկայացրել, ի թիւս իրենց անմիջական գիտամանկավարժական պարտականութիւնների, կամովին լծուած են ռատիոկայանի աշխատանքներին, ընդ որում` անվարձահատոյց: Այս յիրաւի կարեւոր գործին իրենց մասնակցութիւնն են բերում նաեւ թալիշագիտութեամբ զբաղուող մեր մագիստրոս ուսանողները:

Հ.- Պարոն Ասատրեան, թոյլ տուէք շնորհակալութիւն յայտնել նման անհրաժեշտ եւ բարձրակարգ ռատիոհաղորդումներ հեռարձակելու համար, եւ ես եւս հպարտ եմ, որ նման ռատիոկայանը ստեղծուած է հէնց Հայաստանում, մեր հայրենիքում. «Թալիշստանի ձայնը» յիրաւի պատմական երեւոյթ է:

Պ.- Առանց կեղծ համեստութեան պէտք է նշել, որ մենք պարզապէս շարունակողն ենք հայ ժողովրդի մարդասիրական այն աւանդոյթների, որոնց հիմքը դրուել է դեռեւս 5-րդ դարում` մեր գրի ու դպրութեան ստեղծման արշալոյսին: Որ մեր նախնիները խորապէս հետաքրքրուել են հարեւան ժողովուրդների մշակոյթով ու լեզուով, լաւագոյնս վկայում են մեր հնագոյն շրջանի եւ միջնադարեան գրաւոր յուշարձաններն ու պատմական վկայութիւնները: Միայն այն փաստը, որ մեր հարեւան եւ անգամ հեռու շատ ժողովուրդների մասին առաջին տեղեկութիւնները, յիշատակութիւնները կարելի է գտնել միայն հայ պատմագրութեան մէջ, լաւագոյնս է վկայում մեր ժողովրդի անցեալի մարդասիրական առաքելութեան մասին, որ շարունակւում է նաեւ մեր օրերում ու ստացել է ակադեմիական ձեւաչափ: Յիշենք` նախկին խորհրդային տէրութեան մէջ միայն Հայաստանում էր, որ ազգային փոքրամասնութիւն կազմող քրտերը ռատիոհաղորդումներ էին հեռարձակում եւ թերթ տպագրում: Աւելի ուշ` 90-ական թուականներին, եզիտիական ռատիոհաղորդումներ հեռարձակուեցին, եզիտիական թերթ հիմնադրուեց…

Հ.- Ձեր ասածը վկայում է ոչ միայն մեր ժողովրդի մարդասիրութեան մասին, այլեւ` համապատասխան գիտական հենքի, ներուժի:

Պ.- Իմ արտասահմանցի գործընկերները, դրուատանքի խօսքեր ասելով Հայաստանի իրանագիտական դպրոցի մասին, շեշտում են այն հսկայական դերը, որ այն ունեցել է եւ ունի տարածաշրջանի, յատկապէս պետականազուրկ ժողովուրդների` զազաների, թաթերի, քրտերի եւ միւսների մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեան, ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորման ոլորտում… Դեռ 2005 թուականից մենք Երեւանում կազմակերպեցինք թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք անուանի գիտնականներ, թալիշ գործընկերներ, մտաւորականներ: Այդ գիտաժողովի արդիւնքները տպագրուեցին «Ակնարկներ թալիշ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի մասին» ժողովածուում: Դեռ այն ժամանակ խնդիր դրուեց իբրեւ թալիշ ժողովրդի ինքնատիպ մշակոյթը ուսումնասիրելու եւ պահպանելու ճանապարհներից մէկը դիտարկել թալիշերէն լեզուով ռատիոհաղորդումների հեռարձակումը: Ութ տարի է անցել, եւ «Թալիշստանի ձայնն» արդէն մշակութային ու պատմական փաստ է: 2011թ. դարձեալ մեր ամպիոնի եւ այս անգամ նաեւ «Մոտուս Վիվենտի» կենտրոնի ջանքերով Երեւանում կազմակերպուեց թալիշագիտական երկրորդ միջազգային գիտաժողովը: Տպագրուեց «Թալիշ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի ներածութիւն» (ռուսերէն) ընդհանուր վերնագրով բազմահեղինակ մենագրութիւնը, որը նոյն տարում Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ճանաչուեց «Տարուայ գիրք» միջազգային մրցոյթի յաղթող «Իրանական ժողովուրդների պատմութեանն ու մշակոյթին վերաբերող արտասահմանեան լաւագոյն հրատարակութիւն» անուանակարգում: Գիրքը միաժամանակ արժանացաւ ԻԻՀ նախագահի ոսկէ մետալին: Այս փաստերը վկայում են Հայաստանի իրանագիտական դպրոցի միջազգային գիտական բարձր հեղինակութեան մասին: Այնպէս որ, թալիշական ռատիոկայանի ստեղծումը բոլորովին էլ պատահականութիւն չէ, այլ ընդամէնը` արդիւնքը մեր տարիների տքնաջան ու հետեւողական աշխատանքի: Գիտական, ստեղծագործական աշխատանք, որը մի նպատակ ունի` պահել-պահպանել մեր հարեւան թալիշ ժողովրդի ինքնատիպ մշակոյթն ու պատմութիւնը, ժողովուրդ, որ մեզ հոգեհարազատ է, մեզ հետ ունի ծագումնաբանական ընդհանրութիւններ եւ ձեւաւորուել է նոյն ազգային-մշակութային միջավայրում:

Հ.- Պարոն Ասատրեան, հասկանալի է` «Թալիշստանի ձայնը» մշակութային երեւոյթ է, բայց կասկածից վեր է, որ այն քաղաքականացնելու փորձեր կ՛արուեն տարբեր երկրների զանազան ուժերի կողմից:

Պ.- Արդէն իսկ, երբ ընդամէնը 1-2 շաբաթ է անցել առաջին հեռարձակումից, «Թալիշստանի ձայնը» տարբեր քաղաքական մեկնաբանութիւնների առիթ է տուել, ինչը, սակայն մեզ համար անսպասելի չէր: Այդպէս է. ցանկացած նշանային երեւոյթ զանազան մեկնաբանութիւնների, տարակարծութիւնների տեղիք է տուել եւ տալիս է. այնպէս որ, ռատիոկայանի ստեղծումը չէր կարող բացառութիւն լինել: Մինչդեռ, ես ուզում եմ շատ պարզ ու յստակ ձեւակերպել նրա շրջանակը եւ ձեւաչափը. ռատիոկայանը բացառապէս մշակութային երեւոյթ է. աւելի՛ն. այն, եթէ կ՛ուզէք, մեր նուէրն է հարեւան եւ եղբայր թալիշ ժողովրդին: Այս ակադեմական ծրագրի իրագործումով մենք եւս մէկ անգամ ապացուցում ենք, որ հաւատարիմ ենք մնում մեր նախնեաց մարդասիրական առաքելութեանը, որի հիմքերը դրուել են հեռաւոր անցեալում:

Հ.- Սակայն ազրպէյճանական զանգուածային լրատուամիջոցներն արդէն լայնածաւալ յարձակում են սանձազերծել ռատիոկայանի դէմ ու ստեղծողներին մեղադրում են իրենց երկրում անջատողական շարժումներ հրահրելու մէջ: Ընդունէք, որ լուրջ մեղադրանքներ են…

Պ.- Այո՛, բայց նորութիւն չեն: Ազրպէյճանական կողմն այդպէս է արձագանգել մեր կազմակերպած եւ իրականացրած բոլոր գիտական նախագծերին, քաղաքականացուած է որակել մեր գիտաժողովները, մշակութային բոլոր կարգի ձեռնարկումները:

Հ.- Ի՞նչն է նրանց անհանգստացնում:

Պ.- Ամէնից առաջ` ինչո՞ւ են հայերն ուսումնասիրում հէնց այն ժողովուրդների լեզուն ու մշակոյթը, պատմութիւնը, որոնք իրենց հանրապետութեան տարածքում չեն ապրում: Աւելի անհեթեթ, աւելի անմիտ մեղադրանք հնարաւոր էլ չէ պատկերացնել: Այնուամենայնիւ, պատասխանեմ այդ հարցին. թոյլ տուէք իմանալ` իսկ ինչո՞վ զբաղուեն իրանագէտները, եթէ ոչ` իրանական ժողովուրդների մշակոյթով ու լեզուով, պատմութեամբ: Ապա եւ թոյլ տուէք հարցը հակադարձել` իսկ ինչո՞ւ թալիշների մշակոյթի, պատմութեան, լեզուի մասին գիտաժողովներ, ռատիոհաղորդումներ, հեռուստահաղորդում չեն կազմակերպում եւ հեռարձակում այն երկրում, որտեղ ապրում են թալիշները, այսինքն` Ազրպէյճանի Հանրապետութիւնում…

Հ.- Նրանք սպառնում են, որ կը խլացնեն անջատողական շարժումներ հրահրող ռատիոկայանի ձայնը…

Պ.- Չե՛մ կարծում: Նման քայլը կ՛առաջացնի թալիշ ժողովրդի աւելի քան բուռն հակազդեցութիւնը, որ, համոզուած եմ, ձեռնտու չէ Ազրպէյճանի իշխանութիւններին, բոլորովին ձեռնտու չէ: Նման քայլը կը բազմապատկի «Թալիշստանի ձայն» ռատիոկայանով հետաքրքրուած թալիշների թիւը: Անգամ եթէ խլացնեն էլ, ռատիոկայանի թողարկումներին, որոնք օրուայ ընթացքում մի քանի անգամ կրկնւում են, կարելի կը լինի ծանօթանալ ռատիոկայանի կայքէջից, վերջապէս այն վայրկենապէս տարածւում է նաեւ Եութիուպով: Ի դէպ, ռատիօ խլացնելը արդէն Սառը պատերազմի ժամանակների վերապրուկ է:

Հ.- Հետեւելով «Թալիշստանի ձայնի» շուրջը ծաւալող զարգացումներին, նկատում ենք, որ Ազրպէյճանի պաշտօնական եւ ոչ պաշտօնական շրջանակները քննադատութեան սլաքն ուղղում են նախ Իրանին, հիմա էլ` նոյնքան հետեւողականօրէն, մեղադրում են Ռուսաստանին: Ինչո՞վ է դա բացատրւում, երբ իրական հասցէատէրը յայտնի է…

Պ.- Իրանին եւ Ռուսաստանին «թալիշական» գործի մէջ խառնելով, բնականաբար, փորձ է արւում ռատիոկայանի ստեղծումը ներկայացնել որպէս տարածաշրջանային սադրանքների արդիւնք, եւ դա ակնյայտ է: Այս հանգամանքն Ազրպէյճանի համար ունի նաեւ որոշակի ներքաղաքական ուղղուածութիւն: Այսպէս. տարիներ շարունակ, օրնիբուն պաշտօնական լրատուամիջոցները բարբառել են Հայաստանի անզօրութեան, տնտեսական, ընկերային, հասարակական-քաղաքական դժուարութիւնների մասին, եւ յանկարծ այդ երկրում իրագործւում է նման բազմաբեւեռ մի նախագիծ: Պէտք է, չէ՞, որեւէ քիչ թէ շատ համոզիչ բացատրութիւն տալ ժողովրդին… Բայց, ի հարկէ, իմ կարծիքով, գոյութիւն ունի եւս մի պատճառ: Ենթադրւում է, որ Հայաստանը չի կարող տարածաշրջանային կարեւորութեան ռազմավարական նմանօրինակ քայլի ծրագրաւորողն ու իրագործողը լինել: Այսուհանդերձ, «Թալիշստանի ձայնի» հիմնադրումը յիրաւի խօսում է, կրկնեմ այս միտքս, հայ հասարակական-քաղաքական մտքի հասունութեան եւ բարձր մակարդակի մասին:

Հ.- Բայց, պարոն Ասատրեան, հայ հասարակական-քաղաքական միտքը մշտապէս քննադատութեան թիրախ է դարձել ինչպէս երէկուայ, այնպէս էլ այսօրուայ պատմագրութեան մէջ…

Պ.- Աւաղ, այդպէս է, եւ նման մեղադրանքները անհիմն չեն, սակայն նկատի ունեցէք, որ հայ հասարակական-քաղաքական մտքի իրական կրողները մեր համարեա ամբողջ պատմութեան ընթացքում գտնուել են քաղաքական դաշտի լուսանցքում եւ էական դեր չեն կարողացել խաղալ մեր ժողովրդի պատմութեան վճռորոշ դրուագներում… Եկէք, սակայն, լաւատես լինենք, համարելով, որ «Թալիշստանի ձայն» ռատիոկայանի ստեղծումով խախտուել է այդ աւանդոյթը` թէկուզեւ մի մասնաւոր նախաձեռնութեան մակարդակով:

Հ.- Շնորհակալութիւն, պարոն Ասատրեան, հարցազրոյցի համար եւ բարի եթեր «Թալիշստանի ձայն» ռատիոկայանին:

Պ.- Ես ինքս եմ ուզում իմ հերթին շնորհակալութիւն յայտնել այս յիրաւի ազգային նախագիծն իրականացնողներին` Իրանագիտական կովկասեան կենտրոնին եւ «Մոտուս Վիւվենտի» կենտրոնին: Միեւնոյն ժամանակ իմ երախտագիտութիւնն եմ յայտնում «Իմփուլս» ռատիոկայանին` թեքնիք համագործակցութեան եւ օժանդակութեան համար, ինչպէս նաեւ` Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամպիոնի այն բոլոր աշխատակիցներին, որոնք ամէն ինչ արեցին «Թալիշստանի ձայնը» կեանքի կոչելու համար:

Յ.Գ.- «Թալիշստանի ձայն» ռատիոկայանի հեռարձակումը Ազրպէյճանի Հանրապետութիւնում ունեցել է պայթող ռումբի ազդեցութիւն: Ըստ մամուլի հրապարակումների, ազրպէյճանական կողմը մեղադրանքների հեղեղ է տեղացել Իրանի Իսլամական Հանրապետութեան հասցէին` այդ երկրին մեղադրելով Հայաստանից հեռարձակուող ռատիոկայանին օգնելու եւ օժանդակելու համար: Աւելի՛ն. Իրանին յղած Ազրպէյճանի կառավարութեան բողոքի գիրին ի պատասխան` Պաքւում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանի խօսնակը անհիմն է համարել մեղադրանքները եւ շեշտել, որ իր երկիրը որեւէ առնչութիւն չունի «Թալիշստանի ձայն» ռատիոկայանի հետ, եւ որ այն զուտ հայկական նախաձեռնութիւն է:

Այս ամէնին յաջորդեց Պաքւում Ազրպէյճանի կողմից ստեղծուած կեղծ, իբր «Հարաւային Ազրպէյճանի» (իմա` Իրանի հիւսիս-արեւմուտք) ազատագրական կոմիտէի համաժողովը` որպէս հակաիրանական փոխադարձ մի քայլ: Թեհրանն այդ նախաձեռնութեանը պատասխանեց բողոքի գիրով, եւ Թեհրանում Ազրպէյճանի դեսպանը հրաւիրուեց արտաքին գործերի նախարարութիւն եւ նրանից պատասխան պահանջուեց եւ այլն, եւ այլն:

Ելեկտրոնային լրատուամիջոցներում շրջանառւում է նաեւ թալիշական շարժման առաջնորդներից Ֆախրէտտին Ապոսզոտէի տարածած հրապարակումը, որում նա մասնաւորապէս անդրադառնում է Շուշիից հեռարձակուող «Թալիշստանի ձայն» ռատիոկայանին` համարելով այն հայ ժողովրդի բարի կամքի դրսեւորում եւ պատմական իրադարձութիւն իր հարազատ թալիշ ժողովրդի պատմութեան մէջ:

Ի դէպ, թալիշական համացանցային հանրութեան մէջ սկսուել է «Թալիստանի սատօ` չմօ սատօ» շարժումը, որը բառացի թարգմանւում է այսպէս` «Թալիշստանի ձայնը մեր ձայնն է»: Յիշեալ շարժումը տարածուել է թալիշական հանրոյթով մէկ` Ազրպէյճանից սկսած մինչեւ Ռուսաստան, Պիելոռուսիա, Եւրոպա եւ այլն:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )