Զսպաշապիկ Պաքուի՞ Համար, Թէ՞ ԼՂՀ-ի Ճանաչման Յաղթարշաւը Սկսուած Է

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Ղարաբաղեան կարգաւորման` փաստացի փակուղում գտնուող բանակցութիւններին զուգահեռ սկսուել եւ ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչման մի գործընթաց, որում աւելի ու աւելի մեծ թուով երկրներ են ներգրաւուում: Երէկ յայտնի դարձաւ, որ Միացեալ Նահանգների Մէյն նահանգի օրէնսդիր մարմինը որոշում է ընդունել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը եւ անկախութիւնը: Սա Միացեալ Նահանգների թուով երրորդ նահանգն է, որը օրէնսդիրի մակարդակով ընդունում է Արցախի անկախութիւնը ճանաչող բանաձեւ. 2012 թ. մայիսի 18-ին Միացեալ Նահանգների Ռոտ Այլընտ նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արւում Միացեալ Նահանգների Քոնկրեսին պաշտօնապէս ճանաչել ԼՂՀ-ն: Նոյն թուականի օգոստոսի 6-ին նոյնաբովանդակ որոշում ընդունեց նաեւ Մասաչուսեց նահանգի Ներկայացուցիչների պալատը` կոչ անելով Միացեալ Նահանգների նախագահին եւ Քոնկրեսին` «սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավար անկախութեանը»:

Միացեալ Նահանգներից բացի, նման գործընթացներ են մեկնարկել նաեւ Ուրուկուէյում, Լիթվայում եւ Ֆրանսայում: Մասնաւորապէս անցած տարի ԼՂՀ էր այցելել Ուրուկուէյի Հանրապետութեան Ներկայացուցիչների պալատի պատուիրակութիւնը` պալատի նախագահ Խորխէ Օրիկոյի գլխաւորութեամբ: 2013 թ. մարտի 14-ին Լիթվայի Հանրապետութեան Սէյմում պաշտօնապէս յայտարարուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ բարեկամութեան խմբի ստեղծման իրողութիւնը: Դրանից բառացիօրէն օրեր անց` մարտի 20-ին, Ֆրանսայում եւս ստեղծուեց Արցախի խորհրդարանի հետ համագործակցութեան խումբ, որ, թէեւ պաշտօնական չէ, սակայն դրանում ընդգրկուեցին պատգամաւորներ եւ պետական պաշտօնեաներ:

ԼՂՀ-ի ճանաչմանն ուղղուած այս գործընթացները, ի հարկէ, իրաւական հետեւանքներ չեն ենթադրում. դրանք տեղի են ունենում ոչ թէ պետութիւնների, այլ դրանց առանձին նահանգների կամ օրէնսդիր մարմինների շրջանակում գործող խմբերի մակարդակով: Դրանք ոչ այնքան Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ դիւանագիտութեան, որքան սփիւռքեան կառոյցների եւ, մասնաւորապէս, Հայ դատի գրասենեակների իրականացրած լոպիստական ծրագրաւորուած աշխատանքի արգասիքն են: Ըստ էութեան, ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչման գործընթացը սկսում է տեղափոխուել, այսպէս կոչուած, «փոքր յաղթանակներ»-ի մեթոտաբանութեան այն նոյն հարթութիւն, որտեղ դեռեւս 1970-ականներից սկսուել եւ ընթանում է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւը: Այս մարտավարութիւնը հիմնուած է երկու երեւոյթի վրայ. մի կողմից` այն ուղղուած է առաւելաբար հիմնախնդիրների վերաբերեալ հայամէտ հանրային կարծիք ձեւաւորելու, իսկ միւս կողմից` հէնց ներսից, տեղական իշխանութիւնների միջոցով պետական կենտրոնական իշխանութեան քաղաքականութեան վրայ ճնշումն աստիճանաբար մեծացնելուն եւ այն հանրային ձեւաւորուող կարծիքին առաւել համահունչ դարձնելուն: Սակայն արձանագրուող այս նոր միտումներում ամենաէականը դա չէ:

Ուշադրութիւն դարձնենք` Ղարաբաղի ինքնիշխանութեան ճանաչման գործընթացները տեղի են ունենում առաջին հերթին Մինսքի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսում` Միացեալ Նահանգներում եւ Ֆրանսայում: Աւելի լայն իմաստով, փաստացի խօսքը ոչ այնքան արդէն Ֆրանսային է վերաբերում, որքան` ընդհանուր Եւրոմիութեանը, որովհետեւ Լիթվան եւս ԵՄ անդամ է: Դեռ 2011 թ. ապրիլին Եւրոխորհրդարանը ընդունեց «Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան ամփոփում» անունով մի բանաձեւ, որով ԵՄ-ի առջեւ խնդիր էր դնում յարաբերութիւններ ստեղծել չճանաչուած պետութիւնների, այդ թւում` նաեւ ԼՂՀ-ի փաստացի իշխանութիւնների հետ: Չի կարելի բացառել, որ ընթացող այս զարգացումները հէնց այդ բանաձեւով տրուած «կանաչ լոյս»-ի հետեւանքներն են: Սակայն ինքնին փաստը, որ ամերիկեան նահանգների եւ Լիթվայի պարագայում ընդունուած փաստաթղթերում շեշտւում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն» բառակապակցութիւնը, այլ կերպ, քան ներկայիս «սթաթիւս քուօ»-ի ամրագրում, չի կարելի անուանել: Հէնց այստեղ է, որ առաւել ուշագրաւ է դառնում նման բանաձեւերի ընդունմանը կենտրոնական իշխանութիւնների, կառավարութիւնների կողմից դրսեւորուող ակնյայտ հաւատարիմ վերաբերմունքը, ինչը հնարաւոր չէ պատահականութեան կամ անտարբերութեան հետեւանք որակել:

Խնդիրն այն է, որ խօսքը վերաբերում է, ոչ աւելի, ոչ պակաս, ՄԽ համանախագահող երկրներին, որոնք, ըստ տրամաբանութեան, զուտ բանակցող կողմերի միջեւ հաւասարակշռութիւնը պահելու նկատառումով պէտք է նման հարցերում առաւել զգուշաւորութիւն եւ զսպուածութիւն հանդէս բերէին, ինչը, սակայն, ընդգծուած կերպով նրանք չեն անում: Սա նշանակում է, որ միջնորդները որոշակիօրէն փոխում են իրենց մարտավարութիւնը կարգաւորման գործընթացում: Պաշտօնական առումով, մատրիտեան բանակցային գործընթացի ձեւաչափից եւ բովանդակութիւնից դուրս չգալով` նրանք, ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակը սեփական երկրներում ճանաչելուն ուղղուած այս քայլերի նկատմամբ չէզոքութիւն պահպանելով, փորձում են ճնշում գործադրել յատկապէս Պաքուի վրայ` դրդելու նրան սեղանին դրուած` կարգաւորման մատրիտեան սկզբունքներն ընդունելու հարցում լինել աւելի կառուցողական: Միւս կողմից` ճանաչմանն ուղղուած այս միտումները, հայկական լոպիին գործելու նման ազատութեան տրամադրումը նրանք կարող են իբրեւ զսպաշապիկ կիրառել Պաքուի նկատմամբ` լայնածաւալ պատերազմական գործողութիւնների դիմելու գայթակղութիւնից զսպելու առումով` փորձելով անուղղակի ցոյց տալ, թէ դա ինչպիսի յստակ հետեւանքների կարող է յանգեցնել: Ողջ հարցն այն է` արդեօ՞ք այս ուղերձները հասնում են նպատակին, թէ՞…

 

Share this Article
CATEGORIES