Յետահայեաց. Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ Տարելիցին Ընդառաջ. Անելիքները Շատ Են, Սպասելիքներն Առաւել Շատ
Լուրերի պատմութեան եւ պատմական լուրերի մասին «Արմենփրես»-ի «Յետահայեաց» յատուկ նախագծի այսօրուայ անդրադարձը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ արուած աշխատանքներին, առկայ թերացումներին եւ սպասելիքներին: Թեմային անդրադառնալու օրը պատահականօրէն չի ընտրուած: Մի քանի օրից` ապրիլի 24-ին, կը լրանայ Մեծ եղեռնի 98-րդ տարելիցը, ինչն էլ արդէն յուշում է, որ 100-ամեակը «եօթ սարի յետեւում չէ»: Անելիքները շատ են, միջազգային հանրութիւնից սպասելիքները` եւս:
«Սուտը Եւ Խաբէութիւնը Թուրքերի Ձեռքին Ահագին
Հզօր Զէնք Են»… 1990 Թուական, Հայոց Ցեղասպանութեան
75-ամեակին Նուիրուած Միջազգային Գիտաժողով
Հայոց ցեղասպանութեան թեմային անդրադարձերը տարբեր տարիներին բազմաթիւ ու բազմապիսի են եղել` սկսած միջազգային գիտաժողովներից, վաւերագրերի եւ գեղարուեստական գրքերի տպագրութիւններից, տարբեր պետութիւնների արխիւների ուսումնասիրութիւնից, ինչպէս նաեւ` Եղեռնին նուիրուած համերգների եւ ցուցահանդէսների կազմակերպումից: Դրանք միշտ էլ եղել են «Արմենփրես»-ի ուշադրութեան կենտրոնում եւ դիտակէտում: Բերենք ընդամէնը մէկ օրինակ: 1990 թուականի ապրիլի 17-ին կազմակերպուել է միջազգային գիտաժողով` նուիրուած 1915 թուականի Մեծ եղեռնի 75-ամեակին: Գիտաժողովն անց է կացրել Հայաստանի գիտութիւնների ակադեմիան, որին մասնակցել են ակադեմիայի անդամներ, գիտական հիմնարկի ղեկավարներ, գիտնականներ Մոսկուայից, Միացեալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսայից, այլ երկրներից: Մասնակիցներն արձանագրել են. «Օսմանցի ցեղասպաններն իրենց մասին ի զուր չեն ասում` «մեզ կարող են յաղթել ռազմադաշտում, բայց երբեք` դիւանագիտական սեղանի շուրջը կամ գաղափարախօսութեան բնագաւառում»: Իրօք, սուտը եւ խաբէութիւնը նրանց ձեռքին ահագին հզօր զէնք են»: Սա մոռանալ չի կարելի եւ շարունակաբար հաշուի առնելով` պէտք է առաջ շարժուել:
«2015-ին Շատ Բան Չի Աւարտւում, Այլ Սկսւում Է:
2015-Ին Զուտ Էստաֆետ Փոխանցուի Յաջորդ
Սերնդին». Հայկ Դեմոյեան
Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին աշխարհին ճշմարտութիւնը ներկայացնելու նոր մեքանիզմներ են մշակւում: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու ու Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծուել է պետական յանձնաժողով եւ հաստատուել է յանձնաժողովի կազմը: Յանձնաժողովի նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն է: Այն, որ մինչեւ 100-ամեակն անելիքները շատ են, փաստում է նաեւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանը: Նրա խօսքով` Մեծ եղեռնի հարիւրամեայ տարելիցի հետ կապուած շատ-շատ միջոցառումներ պէտք է ծրագրուեն եւ իրականացուեն համապատասխան մակարդակով, իսկ դա նշանակում է, որ պէտք է մանրամասն կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, որոնց շարքին են դասւում թանգարանի հիմնանորոգումն ու նոր մասնաշէնքի կառուցումը, նոր թանգարանային ցուցադրութիւնը, ժապաւէնների պատրաստումը, ցուցադրութիւնների նախապատրաստումը: «Սրանք երկարատեւ աշխատանք են պահանջում, որ մէկ, երկու, նոյնիսկ երեք տարուայ ընթացքում դժուար է հասցնել: Մենք ուզում ենք որակապէս եւ յղացքային առումով նորոյթ, ոչ թէ այն, ինչ բազմաթիւ տարիներ կրկնուել է: Այս ընթացքում ինչ գործում է Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի միջոցառումները համակարգող յանձնաժողովը, հսկայական աշխատանք է տարուել», նշում է նա:
Հայկ Դեմոյեանն ընդգծում է, որ այստեղ, անշուշտ, հոգեբանական գործօնը շատ մեծ է: Բոլորը տրամադրուած են 2015-ին` «ի՞նչ պէտք է լինի» եւ «արդեօք կը լինի՞» հարցադրումներով: «Ես հակուած եմ այն տեսակէտին, եւ շատերը դրան աջակցում են, որ պէտք չէ տրամադրուել ինչ-որ օրհասական կամ վերջնաժամկէտային տրամադրութեան, որ 2015-ին ինչ չեղաւ, ուրեմն չի լինի: Ճիշդ հակառակը. հոգեբանօրէն պէտք է տրամադրուել նրան, որ 2015-ին շատ բան չի աւարտւում, այլ սկսւում է: Կարեւորը նոր սերնդին աւելի մարտնչող հոգեբանութիւն ներարկելն է, որպէսզի նրանք հասկանան` 2015-ին զուտ էստաֆետ կը փոխանցուի յաջորդ սերնդին, ոչ թէ կ՛արձանագրուի ինչ-որ գործընթացի կամ ծրագրերի աւարտ», ընդգծում եւ կարեւորում է թանգարանի տնօրէնը:
Հայոց ցեղասպանութեան մասին առկայ փաստաթղթերի ուսումնասիրութեան գործընթացը շարունակական է, այնուամենայնիւ, կարեւոր է յիշել: «Թէ՛ հայկական, թէ՛ միջազգային, թէ՛ նոյնիսկ թուրքական արխիւներում նիւթի առումով մենք կարող ենք յայտնաբերել անգամ զգայացունց փաստաթղթեր, բայց որեւէ փաստաթուղթ այլեւս չի կարող կասկածի տակ դնել եղելութիւնը, որ դա պետականօրէն ծրագրուած եւ մշակուած քաղաքականութիւն էր, որի անունն է Ցեղասպանութիւն», ընդգծում է Դեմոյեանը:
«Լաւ Կը Լինէր Օսքարին Յաւակնող Ժապաւէն
Նկարահանէինք Ցեղասպանութեան Մասին,
Որտեղ Կը Պատմուէր Մարդկային Կեանքերի
Մասին». Արտակ Շաքարեան
Ապրիլի 24-ը որքան մօտենում է, հայ-թուրքական յարաբերութիւնների հարցն աւելի է արդիականանում: Իսկ ընդհանուր առմամբ որքան մօտենում է 2015 թուականը, Հայոց ցեղասպանութեան մասին սկսում են աւելի շատ յիշել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Թուրքիայում: «Եւ երբ այսօր լսում ենք` հայ-թուրքական յարաբերութիւններ, առաջին հերթին հասկանում ենք նախապատրաստութիւններ Ցեղասպանութեան հարիւրամեակին, թէ ի՛նչ ենք անելու 2015 թուականին», ասում է թուրքագէտ Արտակ Շաքարեանը:
Նրա տեղեկացմամբ, թուրքերն արդէն սկսել են ժապաւէններ նկարահանել, որտեղ ցանկանում են ցոյց տալ, թէ թուրքերն ինչ կորուստներ են ունեցել 1915 թ.-ին: Նրանք փորձում են ցոյց տալ, ու այդ թուականը կորուստների տարի է եղել ոչ միայն հայերի, այլեւ` իրենց համար, եւ մեծաթիւ թուրքեր են զոհուել: «Եւ այդպիսով փորձում են առաջ տանել իրենց թեզը, ըստ որի, հայերը ոչ թէ ցեղասպանուել են, այլ պարզապէս հայ-թուրքական բախումների իբրեւ հետեւանք նրանց մի մասը զոհուել է», նշեց Արտակ Շաքարեանը:
Թուրքագէտի խօսքով, բացի դրանից, նրանք իրականացնում են ԱՍԱԼԱ-ի դէպքերի լայնատարած լուսաբանում, ներառեալ` թուրք սպաննուած դիւանագէտների յուշահամալիր կառուցելը Թուրքիայի տարբեր քաղաքներում, նաեւ` արտասահմանում, նոյնիսկ ծրագրւում է ժապաւէն նկարահանել ԱՍԱԼԱ-ի մարտիկների վերաբերեալ:
Արտակ Շաքարեանն այն համոզմանն է, որ անհրաժեշտ է լրջօրէն պատրաստուել 2015 թուականին, իսկ դա պէտք է իրականացնել ոչ միայն գրքերով եւ յօդուածներով, այլեւ պէտք է որդեգրել նաեւ շարժապատկերի արտադրութեամբ աշխատելու մօտեցումը: «Ժամանակները փոխուել են, եւ եթէ մենք պատրաստւում ենք աշխարհին յիշեցնել 1915 թուականի ցեղասպանութեան մասին, միայն գիրք հրատարակելով չենք հասնի դրան: Լաւ կը լինէր Օսքարի յաւակնող ժապաւէն նկարահանէինք Ցեղասպանութեան մասին, որտեղ Եղեռնի մասին կը պատմուէր ոչ թէ որպէս տեսութիւն, այլ կը պատմէր մարդկային կեանքերի մասին», նշեց նա:
Թուրքագէտը դրական նախաձեռնութիւն համարեց Հայաստանի Ազգային արխիւի գրքերի տպագրութեան գործընթացը, որտեղ վեր են հանւում անձնական պատմութիւններ եւ թարգմանաբար ներկայացնում միջազգային հանրութեանը: «Պէտք է ցոյց տանք, որ Ցեղասպանութիւնը ոչ թէ տեսական մի բան է, այլ` մարդկանց պատմութիւններ», ընդգծեց նա:
Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանն աւելացնում է, որ Ցեղասպանութեան մասին ժապաւէններ շատ են նկարւում, եւ իրենք գրեթէ ամէն շաբաթ ստանում են ժապաւէնների բեմագրութիւններ: Նա եւս կարեւորում է ժապաւէն նկարահանելու անհրաժեշտութիւնը: «Լուրջ ժապաւէն` լուրջ հեղինակութեամբ, արժէքով եւ համաշխարհային շուկայ մտնելու հնարաւորութիւններով նկարահանում են լուրջ փողերով: Հասկանալի է, որ մենք չենք կարող հինգ-տասը այդպիսի ժապաւէն նկարել, բայց բաւական է մէկ-երկու այդպիսի ժապաւէնի վրայ ուշադրութիւն դարձնել եւ ուղղել մեր ողջ ներուժը մէկ-երկու, բայց շատ կարեւոր եւ ցնցող ժապաւէններ նկարելու ուղղութեամբ: Սա կը լինի աւելի մեծ արդիւնք, քան թէ քանակը: Ժապաւէնի լեզուն ի հարկէ բոլորովին այլ է, ժապաւէնի լեզուն բացարձակ է, այն կարող է ներազդման հնարաւորութիւններով բաւական լուրջ իրազեկման մակարդակ ապահովել միջազգային լսարանում», ասում է Հայկ Դեմոյեանը:
«Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ Տարելիցը
Նոր Փուլի Նախադուռ Է». Էդիկ Մինասեան
Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը մի փուլի ամփոփում է, բայց միաժամանակ նաեւ նոր փուլի նախադուռ` առաւել աշխուժ եւ հետեւողականօրէն աշխատելու: Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքի տնօրէն, պատմաբան Էդիկ Մինասեանը կարծում է, որ պէտք է աւելի աշխուժացնել աշխատանքը եւ պահանջատիրութեան խնդիրներ առաջ քաշել:
Նրա կարծիքով, յստակօրէն ճշդուած եւ սահմանուած նիւթերով համաժողովների անցկացումը թէեւ անհրաժեշտութիւն է, սակայն անհրաժեշտ է նաեւ զուգահեռաբար շարունակել ուսումնասիրել տարբեր պետութիւնների արխիւները` Գերմանիայի, Աւստրիայի, Միացեալ Նահանգների, Մեծն Բրիտանիայի, ինչպէս նաեւ արդիւնքում դրանք տպագրել տարբեր լեզուներով` նաեւ թուրքերէն, եւ ներկայացնել միջազգային հանրութեանը: Պէտք է աշխուժօրէն աշխատանքներ տանել միջազգային կառոյցների հետ: Էդիկ Մինասեանը յիշեցնում է, որ եթէ հայաստանեան օրակարգում Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման հարցն է, ապա Թուրքիայի պարագայում շարունակում է մնալ ժխտողականութեան քաղաքականութեան իրականացում:
Հնի եւ նորի միջեւ կապը գտաւ Արուսիկ Զախարեանը






