Հայոց Ցեղասպանութիւնը Եւ Նրա Միջազգայնացման Գործընթացի Շուրջ (98-րդ տարելիցի կապակցութեամբ)

ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴԵԱՆ

Այսօր, ապրիլի 24-ին, մենք կրկին հաւաքուել ենք գլուխ խոնարհելու Հայոց ցեղասպանութեան  անմեղ նահատակների յիշատակի առջեւ: Հաւաքուել ենք, դժբախտաբար, անսովոր պայմաններում` Հայոց ցեղասպանութեան կարեւոր կենտրոններից մէկը հանդիսացող Սուրիոյ նորագոյն  պատմութեան  ռազմաքաղաքական ծանր եւ փոթորկալից մի ժամանակահատուածում: Աւելի քան երկու տարի տեւած սուրիական ներքաղաքական  իրադարձութիւնները սփիւռքի միջնաբերդ հանդիսացող Սուրիոյ հայ համայնքին կանգնեցրել են նոր մարտահրաւէրների առջեւ: Ցաւով պիտի արձանագրել, որ Սուրիայում  ցեղասպանութիւն վերապրած մեր նախնիների սերունդները, որոնք ճակատի քրտինքով կարողացան ուղղել մէջքը, այսօր հարկադրուած են դիմակայել վտանգաւոր նոր իրողութիւնների սպառնալիքներին: Այնուամենայնիւ, ինչպէս Սուրիոյ ազգային եւ կրօնական  այլ փոքրամասնութիւնները, այնպէս էլ սուրիահայութիւնը ատամները սեղմած, լուռ ու մունջ եւ համբերութեամբ տանում է օր օրի ահագնացող կացութիւնը, յուսով ու հաւատով, որ այս փոթորիկը վաղ թէ ուշ կ՛անցնի եւ հայ համայնքը կ՛ամոքի իր վէրքերն ու վերստին կը վերագտնի իրեն  հիւրընկալ եւ ասպնջական այս երկրում, ուր յաւէրժ ննջում են մեր ժողովրդի հազարաւոր անմեղ եւ  սուրբ նահատակները: Ապրիլի 24-ը Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ ողջ հայութեան համար ոչ միայն  համազգային սգի, մեր անմեղ  նահատակների ոգեկոչման, այլեւ` մեր ապրելու յամառութեան, ստեղծագործելու  եւ բարոյական նկարագրի հզօրացման օրն է: Մեր յիշողութեան յամառութեան առհաւատչեան  մեր Անկախ Հայաստանն է, Արցախը ու մեր փառահեղ սփիւռքը, որոնց հաւաքական ուժով, անբաժանելի եւ անբեկանելի միասնութեամբ ոչ միայն ամրացնելու ենք մեր պետութիւնը` Հայոց Հայրենիքը, այլեւ կերտելու ենք մեր նահատակների երանելի եւ բաղձալի ազատ ու անկախ մեծ Հայաստանը:

Ապրիլի 24-ի խորհուրդը մեզ ստիպում է ազգովին մեր հայեացքն ուղղել ապագային, դասեր քաղել պատմութիւնից, կշռադատել մեր  անելիքները, յիշել մեր ժողովրդին պատուհասած արհաւիրքը, երբեք չմոռանալ, բայց միաժամանակ չապրել դառն անցեալով, քանզի դատապարտուած է այն ազգը, որն ապրում է մի միայն անցեալի տխուր յուշերով:

Վերապրելով մեր նախնիների հոգու արիութեամբ` մենք պէտք է մեր մէջ ուժ գտնենք եւ ապագայի նոր տեսլականով կարողանանք ձերբազատուել ցեղասպանութեան ենթարկուած ազգի բարոյա-հոգեբանական ճնշող եւ մշտապէս հետապնդող բարդոյթներից:

Այսօր մենք գտնւում ենք Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախաշեմին, մի հրէշաւոր ոճրագործութեան , որի արմատները ձգւում են 19-րդ դարի երկրորդ կէսը: Հայկական հարցը` հայերին ֆիզիքապէս բնաջնջելու միջոցով լուծելու բանաձեւը 1884թ. շրջանառութեան մէջ դրեց Օսմանեան կայսրութեան սատրազմ` վարչապետ Սայիտ Քուչոկ փաշան, որն այնուհետեւ հայերի նկատմամբ կայսրութեան քաղաքականութեան հիմքում դրեց սուլթան Ապտիւլ Համիտը` Կարմիր սուլթանը: Դրա պատճառով 19-րդ  դարի 90-ական թուականներից զանգուածային կոտորածների ենթարկուեց արեւմտահայութիւնը: Միայն 1894-1896թթ. Օսմանեան կայսրութեան կազմակերպած կոտորածների զոհ դարձան 300 հազար մարդ, շուրջ 100 հազարը  բռնի կերպով մահմետականացաւ եւ մօտաւորապէս նոյնքանն էլ հարկադրուած եղաւ հեռանալ պատմական հայրենիքից:1908թ. Սուլթանին փոխարինելու եկած «Իթթիհատ վէ թերաքքը» կուսակցութիւնը, որը պատմութեան մէջ աւելի յայտնի է  երիտթուրքեր յորջորջմամբ, նրանից ժառանգեց հայկական հարցի լուծման նոյն բանաձեւը, որը, որպէս կարեւորագոյն սկզբունք, ամրագրուեց նրա պետական քաղաքականութեան մէջ:

Չնայած երիտթուրքերը Հայոց ցեղասպանութիւնը ծրագրել էին դեռեւս 1911-1912թթ., սակայն  այն իրագործելու համար, որպէս յարմար առիթ, օգտագործեցին Ա. Համաշխարհային պատերազմը: Այդ քաղաքականութեան արդիւնքում կայսրութիւնում ապրող աւելի քան երկու միլիոն հայերից մէկուկէս միլիոնն սպաննուեց 1915-1923թթ. ժամանակահատուածում, իսկ ողջ մնացածները բռնի կերպով հայրենազրկուեցին` փրկութիւն գտնելով յարակից երկրներում` այդ թւում մեծ մասամբ Սուրիայում:

Արեւմտեան Հայաստանում կայսրութեան իրականացրած զարհուրելի ցեղասպանութեան կապակցութեամբ միջազգային առաջին արձագանգը եղաւ 1915թ. մայիսի 24-ին: Ֆրանսան, Ռուսաստանը եւ Մեծն Բրիտանիան հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը բնութագրուեց որպէս «յանցագործութիւն մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: Նրանք  կատարուած յանցագործութեան պատասխանատու համարեցին թուրքական կառավարութեանը:

Թուրքերի կողմից Հայոց ցեղասպանութիւնը մեծագոյն մարտահրաւէր էր հայ ժողովրդին: Մինչ այդ Օսմանեան կայսրութեան կողմից կազմակերպուած կոտորածները չեն կրել  այն կործանարար հզօր ուժը, որքան Հայոց մեծ եղեռնը: Ա. Համաշխարհային պատերազմի թոհուբոհը թոյլ տուեց իրականացնել  իր պատմական տարածքի վրայ խաղաղ ապրող մի ողջ ժողովրդի բնաջնջումն ամենավայրագ եղանակով:  Ինչպէս ցոյց են տալիս պատմական ուսումնասիրութիւնները, դա 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի առաջին քառորդում կայսրութեան թուրք հասարակութեան պատուէրն էր, որը միջազգային հանրութեան աչքի առջեւ իրականացւում էր հնարաւոր բոլոր միջոցներով ու ամէն պատեհ առիթներով: Սակայն, երիտթուրքերը չբաւարարուեցին միայն հայ ազգաբնակչութեան ֆիզիքական բնաջնջմամբ. Նրանց ոճրագործութեան բաժինը դարձաւ նաեւ հայ ժողովրդի` դարերի ընթացքում ստեղծած քաղաքակրթութիւնը` հոգեւոր եւ նիւթական մշակոյթի կոթողները: Նրանք դաժանաբար սպաննեցին հոգեւորականներին, գերեվարեցին կայսրութեան տարածքի վրայ գոյութիւն ունեցող հազարաւոր եկեղեցիներն ու վանքերը, անխնայ ոչնչացրեցին միջնադարեան հազարաւոր գանձերը` ձեռագրերը եւ այլն: Երիտթուրքերի` հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ իրականացուած հրէշաւոր քաղաքականութիւնը շարունակուեց հանրապետական Թուրքիայում եւս:

Որքան տարօրինակ է, սակայն փաստ է, որ ժամանակակից Թուրքիան, որպէս Օսմանեան կայսրութեան իրաւաժառանգորդ, տարիներ ի վեր շարունակում է հայատեաց քաղաքականութիւնը, ամէն կերպ ջանում է պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանութեան միջազգայնացման դէմ, այլեւ` կործանարար աշխատանքներ է տանում իրական եղելութիւնները նենգափոխելու, պատմական փաստերն աղաւաղելու եւ Հայոց մեծ եղեռնը ծուռ հայելու մէջ ներկայացնելու ուղղութեամբ, դրանով իսկ կրկնելով յանցաւոր քաղաքականութիւնը հայ ժողովրդի արդար դատի նկատմամբ:

Հայոց ցեղասպանութեան ուրացումը եւ ժխտողականութիւնը դարձել են Թուրքիայի պաշտօնական քաղաքականութիւն: 2000թ. աշնանը Թուրքիայի  Ազգային անվտանգութեան խորհուրդն իր հերթական նիստում ընդունեց կարեւոր մի որոշում, ըստ որի, Հայոց ցեղասպանութեան հարցը համարուեց նրա ազգային անվտանգութեան գերխնդիր եւ արտաքին քաղաքականութեան կարեւոր  գործօններից մէկը: Թուրքական կողմից «Հայկական ցունամիին» հակազդելու փորձերն աշխուժացան, յատկապէս` 2005թ.-ից Հայոց ցեղասպանութեան յիշատակի 90-ամեակի տարելիցից սկսած:

Թուրքիայում տասնամեակներ շարունակուող Հայոց ցեղասպանութեան  ուրացման եւ ժխտման  գործընթացի սլաքը հիմնականում ուղղուած է եղել դէպի  արտաքին աշխարհ: Նման փորձերը, մասնագէտների բնորոշմամբ,  նպատակ են ունեցել պահպանել Թուրքիայի «մոտեռնացման իմէյճը»: Սակայն վերջին շրջանում որոշ առումով խաթարուեց այդ աւանդոյթը: Ի դէմս թուրք մի շարք մտաւորականների` Թաներ Աքչամի, Օրհան Փամուքի, Պասքըն Օրանի եւ այլոց Թուրքիայի պաշտօնական տեսակէտը Հայոց ցեղասպանութեան հարցում  ունեցաւ լուրջ ընդդիմախօսներ:

Թուրք եւ օտարազգի պատմաբանները «ուրացման սինտրոմ»-ի արմատները փնտռում են թուրքական ազգային ինքնութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան ստեղծման իւրայատկութիւնների մէջ: Նրանց կարծիքով,  Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Քեմալ Աթաթուրքը դեռեւս անցեալ դարի 20-ական թթ. փորձում էր  իր երկիրը ներկայացնել որպէս նոր, անցեալից ձերբազատուած եւ զերոյից սկիզբ առած մի պետութիւն: Թուրքական ինքնութեան քեմալական այս մեկնաբանութեան մէջ , ըստ էութեան, անտեսւում է  պատմութեան շարունակական բնոյթը,  եւ պետութեան ստեղծումը համարւում է «հակակայսերապաշտական» պայքարում տարած յաղթանակի արդիւնք: Մինչդեռ, ըստ նոյն Թաներ Աքչամի, այդ պետութիւնն իրականում ստեղծուել է  կայսրութեան հպատակ հայ ազգաբնակչութեան եւ յոյների ֆիզիքական ոչնչացման հետեւանքով:

Չնայած վերջին տարիներին Թուրքիայում հնչող ողջախոհութեան ձայներին, ինչն, անշուշտ, չափազանց գնահատելի է, այնուամենայնիւ, հայկական հարցում ուրացումն ու ժխտողականութիւնը շարունակում են մնալ, որպէս այդ երկրի պետական եւ հասարակական գերիշխող տեսակէտ: Այս կապակցութեամբ  Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանը տեղին նշում է, որ` «Ուրացման քաղաքականութիւնը եղեռնի ամենաուղղակի շարունակութիւնն է: Յանցագործութեան հետքերը սրբելու իւրաքանչիւր փորձ նոր յանցագործութիւն է…»:

1915-1923թթ. Օսմանեան կայսրութիւնում պետականօրէն  իրականացուած հրէշաւոր այդ ողբերգութիւնն իր ողջ ծաւալով ու խորութեամբ փոխանցւում է սերնդէսերունդ, եւ իւրաքանչիւր հայ իր անձնական ճակատագրի վրայ է զգում նրա «աւերիչ հետեւանքները, թէ՛ բարոյական, թէ՛ մշակութային, եւ թէ՛ քաղաքական առումներով»:

Անցած տարիներին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ արդարութեան վերականգման ուղղութեամբ հսկայածաւալ աշխատանք է տարուել համայնքներում եւ Հայաստանում: Դեռեւս Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին գրուեցին եւ հրապարակուեցին բազում արժէքաւոր ուսումնասիրութիւններ, որոնցում լուսաբանւում էին  հայ ժողովրդի պատմական անցեալի այդ մեծ ողբերգութիւնը: Իրական եղելութիւններն ու ճշմարտութիւնը բացայայտող մենագրութիւններով ու յօդուածներով հանդէս եկան ոչ միայն  հայազգի հեղինակներ, այլեւ` ռուս, անգլիացի, ֆրանսացի, ամերիկացի, գերմանացի եւ այլ ժողովուրդների գիտնական պատմաբաններ եւ առաջաւոր հրապարակախօսներ: Հայ իրականութեան մէջ խորին յարգանքով եւ  երախտագիտութեամբ յիշւում են լորդ Ճէյմս Պրայսը, Առնոլտ Թոյպին, Եուրի Վէսելովսկին, Անաթոլ Ֆրասը, Վալերի Պրիւսովը, Հերպերթ Ատամս Կիպպոնսը, Եոհաննես Լեփսիուսը, Անրի Պարպին, Հենրի Մորկենթաուն, Արմին Վեկները եւ բազմաթիւ այլ երախտաւորները: Աւելի ուշ աւագ այդ սերնդին փոխարինեցին  տաղանդաշատ երիտասարդ հետազօտողներ, որոնք, շարունակելով նախորդների գործը, հրապարակեցին գիտական  բարձրարժէք նոր ուսումնասիրութիւններ:

Տարիներ շարունակ  թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ արտերկրում հայ եւ օտարազգի ցեղասպանագէտները տարբեր լեզուներով աշխարհի  գիտական եւ քաղաքական շրջանակների դատին ներկայացրեցին Մեծ եղեռնի հայ եւ օտար ականատեսների, վերապրողների, դիւանագէտների, զինուորականների եւ այլոց անհերքելի վկայութիւններն ու արխիւային  հազարաւոր տուեալները: Դրա շնորհիւ գնալով մեծացաւ տարբեր երկրների եւ ժողովուրդների հասարակական-քաղաքական շրջանակների եւ գիտական կենտրոնների հետաքրքրութիւնը հայ ժողովրդի պատմութեան  ողբերգական տուեալ ժամանակահատուածի նկատմամբ: Հայոց ցեղասպանութեան տարաբնոյթ խնդիրներին նուիրուեցին  միջազգային գիտաժողովներ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ  արտասահմանում` աշխարհահռչակ ազնիւ եւ արի գիտնականների մասնակցութեամբ:

Անցեալ տասնամեակներին Հայոց ցեղասպանութեան նահատակների յուշն ու ոգին վառ պահելու, ոգեկոչելու եւ պահանջատիրութեան խնդիրն աշխարհով մէկ հնչեցնելու ուղղութեամբ անգնահատելի եւ անուրանալի դերակատարութիւն են ունեցել հայկական գաղթօճախների հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները, քաղաքական կուսակցութիւնները, կրթական, հասարակական, մշակութային, բարեսիրական եւ այլ կազմակերպութիւնները: Նրանց անմնացորդ նուիրման, հաւաքական եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիւ սփիւռքում կրթուել եւ դաստիարակուել են սերունդներ, որոնց     համար գերակայ խնդիրներ են եղել հայոց նահատակների ոգեկոչումը, պահանջատիրութիւնը եւ պատմական արդարութեան վերականգնումը: Այդ ամէնի շնորհիւ պահանջատիրութեան եւ արդարութեան վերականգնման համար պայքարը դարձաւ գաղթօճախների բոլոր կառոյցների գործունէութեան կարեւոր բաղադրիչը, ողջ հայութեան ապրելու եւ գոյատեւելու իմաստը: Քրտնաջան եւ հայրենանուէր այդ աշխատանքը տարիների ընթացքում աստճանաբար տուեց դրական արդիւնքներ` Օսմանեան կայսրութիւնում իրականացուած Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում: Դեռեւս 1915թ. սկսած արեւմտեան մի շարք երկրների կառավարութիւններ, պառմալենտներ եւ կազմակերպութիւններ համապատասխան որոշումներով դատապարտեցին 1915-1923թթ. Օսմանեան կայսրութիւնում հայ ազգաբնակչութեան զանգուածային կոտորածները` այն դիտարկելով որպէս նախօրօք ծրագրուած եւ հետեւողականօրէն իրագործուած ցեղասպանութիւն: Այս կապակցութեամբ արժէ յիշատակել 1915թ. մայիսի 24-ին վերեւում նշուած Ֆրանսայի, Մեծն Բրիտանիոյ եւ Ռուսաստանի համատեղ հռչակագիրը, 1916-1920թթ. Միացեալ Նահանգների ծերակոյտի եւ Քոնկրեսի համապատասխան որոշումները, 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ժողովի որոշումը, 1965թ. ապրիլի 20-ին Ուրուկուէյի ծերակոյտի եւ Ներկայացուցիչների պալատի 148 որոշումը, 1984թ. սեպտեմբերի 12-ին Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 247 որոշումը, 1987թ. յունիսի 18-ին Եւրոխորհրդարանի որոշումը եւ դատապարտող բազմաթիւ այլ փաստաթղթեր:

Ինչպէս տեսնում ենք, մինչեւ Հայաստանի  Հանրապետութեան անկախացումը հայկական գաղթօճախների շնորհակալ եւ նուիրական աշխատանքի շնորհիւ արտերկրում սկիզբ է առնում Հայոց մեծ եղեռնի փաստացի ճանաչումը: Այդուհանդերձ, Հայաստանի անկախութիւնից սկսած, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը թեւակոխում է բոլորովին նոր եւ արդիւնաւէտ ժամանակաշրջան` ձեռք բերելով քաղաքական եւ հասարակական մեծ նշանակութիւն:

Հայաստանի Հանրապետութեան առկայութեամբ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ստացաւ նոր հնչեղութիւն: Հայոց պետութիւնն սկզբից եւեթ տէր կանգնեց ցեղասպանութեան արհաւիրքով անցած իր ժողովրդի ցաւին, արդար դատին , ինչն ամբողջութեամբ փոխեց  իրավիճակն աշխարհում Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման ասպարէզներում: Թէ՛ Ցեղասպանութեան, եւ թէ՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները դարձան անկախ Հայաստանի  արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններ: Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը միջազգային ամենաբարձր ամպիոններից սկսեց հնչեցնել այդ հարցը, մերժելով եւ դատապարտելով արդի Թուրքիայի ուրացման եւ ժխտողական քաղաքականութիւնը: Այդ ուղղութեամբ պետական մակարդակով տարուած համալիր աշխատանքի շնորհիւ էլ միջազգային հանրութիւնն իր համար նորովի բացայայտեց մարդկութեան պատմութեան մէջ առաջին  ցեղասպանութեան ողջ էութիւնն ու ծանրութիւնը եւ զարհուրելի հետեւանքները: Այլ կերպ ասած` աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ հայեացքով սկսեցին շրջուել դէպի Հայկական հարցը, դէպի ողջակիզուած հայ ժողովրդի մեծագոյն հատուածի ողբերգական անցեալը:

Հայաստանի անկախութիւնից յետոյ տարբեր երկրների ընդունած օրէնքները, բանաձեւերը, բազմաթիւ նախագահների եւ միջազգային կազմակերպութիւնների որոշումները պերճախօս վկայութիւնն են  Հայաստանի եւ սփիւռքի` Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ տարած անդուլ եւ միասնական աշխատանքների մասին:

Ցեղասպանութեան խնդիրը Հայաստանը դիտել է եւ դիտում է որպէս համազգային առաջնահերթ խնդիր: Իր գրեթէ բոլոր ելոյթներում եւ ուղերձներում հայոց եղեռնագործութեանը մշտապէս անդրադարձել է, յատկապէս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Դա նշանակում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակներով հետամուտ է Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը եւ պատմական արդարութեան վերականգնմանը:

Հայոց ցեղասպանութիւնը համարելով քաղաքակիրթ մարդկութեան մեծագոյն ամօթը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը 2010թ. մարտի 24-ին Տէր Զօր կատարած այցի ժամանակ արտասանած իր ճառում, մասնաւորապէս նշում է, որ` «Այդ ամօթի խարանն արդէն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնյայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականութիւն, դարձրել են առեւտրի առարկայ, դարձրել են կեանքի եւ վարքի նորմ…»: Հասկանալի է, որ Հայաստանի նախագահի վերոնշեալ արտայայտութիւնն առաջին հերթին ուղղուած է մեր ընդդիմախօսներին` թուրքերին, որոնք, ինչպէս յայտնի է, չեն կարողանում եւ չեն էլ ուզում հաշտուել անցեալի հետ, վերանայել հրով եւ սրով կառուցուած իրենց սեփական պետութեան անցեալը: «Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը, ընդգծում է Հայաստանի նախագահը /2013թ. մարտի 22-ին «Հայոց ցեղասպանութիւն. մարտահրաւէրներ 100-ամեակի նախաշեմին» գիտաժողովի մասնակիցներին յղուած իր ուղերձում/ եւ դրա դասերը չեն առնչւում միայն հայ ժողովրդի պատմութեանն ու յիշողութեանը: Այն հաւասարապէս վերաբերում է նաեւ թուրքական պետութեանը եւ թուրք ժողովրդի պատմութեանն ու յիշողութեանը… Մենք համոզուած ենք, որ հայերի եւ թուրքերի ապագայ սերունդներն անպայման գտնելու են համակեցութեան նոր բանաձեւը, եւ դրան հասնելու համար, անշուշտ, օգտակար է լինելու անցեալում գործած ոճրագործութիւնների հետեւանքների վերացման հարցում փոխգործակցութիւնը` որպէս արդարութեան վերականգնման կարեւոր երաշխիք…»:

Պատմական արդարութեան  վերականգնմանն ու  աշխարհասփիւռ մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանն է ուղղուած 2011թ. Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ ստեղծուած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի պետական յանձնաժողովը, որի կազմում են  ընդգրկուած Հայաստանի եւ սփիւռքի պետական քաղաքական, գիտական, մշակութային եւ հոգեւոր յայտնի գործիչներ: Թէ՛ Հայաստանում եւ թէ՛ հայկական գաղթօճախներում ձեւաւորուած տարածաշրջանային յանձնաժողովներն արդէն լծուել են աշխատանքի` կազմակերպելով տարաբնոյթ միջոցառումներ:

Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի պետական յանձնաժողովը եւ նրա ենթակառոյցներն իրենց երախտաշատ գործունէութեամբ աշխարհին ցոյց են տալու մեր ժողովրդի միասնականութիւնը եւ հաստատակամութիւնը Ցեղասպանութեան միջազգայնացման, ինչպէս նաեւ նրա հետեւանքների վերացման հարցերում, պայքարի եւ մաքառման նոր թափ են հաղորդելու ապագայ սերունդներին:

Այսպիսով, համապարփակ, միասնական եւ համակարգուած ջանքերի շնորհիւ Հայոց ցեղասպանութիւնն, իբրեւ մարդկութեան դէմ գործած ծանրագոյն ոճիր, վաղուց ի վեր դուրս է եկել հայ իրականութեան սահմաններից, դարձել միջազգային հանրութեան քննարկման առարկայ, ինչը լաւատեսութիւն է ներշնչում, որ Հայ դատը մերօրեայ յարափոփոխ աշխարհում անպայման կ՛ունենայ բարեկամ նոր պաշտպաններ, դատապարտողներ, որոնք վաղ թէ ուշ կը ստիպեն Թուրքիոյ եւ նրա հասարակութեանը վերանայել իրենց արիւնոտ անցեալը, սրբագրել սեփական պատմութիւնը եւ ձերբազատուել նախնիների անասելի ծանր մեղքերից: Ուզում եմ հաւատալ, որ այդ օրը սարերի ետեւում չէ, եւ ապագայ սերունդները կը վայելեն համայն հայութեան կողմից կատարուած հաւաքական ու ազգանուէր աշխատանքի բերկրանքը, կը վայելեն հայրենազրկուած, տառապեալ մեր նահատակների երազանքը:

Եւ վերջում ուզում եմ ձեզ` Սուրիոյ երկրին ու ժողովրդին մաղթել վաղուց սպասուած խաղաղութիւնը, կայունութիւնը, ազգային համերաշխութիւնը, որպէսզի դուք կարողանաք ձեր այստեղ ապրելով` ապրեցնէք մեր ժողովրդի նահատակուած զաւակների յուշն ու իղձերը:

Օգտուելով առիթից` պէտք է նշեմ, որ Հայաստանը խիստ մտահոգուած է Սուրիոյ ողջ ժողովրդի, այդ թւում մանաւանդ` հայութեան ճակատագրով: Տարբեր առիթներով Հայաստանի բարձրաստիճան ղեկավարութիւնը «մշտապէս հանդէս է եկել արիւնահեղութեան դադարեցման եւ հէնց իրենց` սուրիացիների կողմից ճգնաժամի խաղաղ կարգաւորման դիրքերից»` հակամարտող կողմերին կոչ անելով երկրխօսութեան եւ քաղաքական ճանապարհով ճգնաժամը հանգուցալուծելու համար:

Անդրադառնալով սուրիական ճգնաժամին եւ հայ գաղութին` Հայաստանի նախագահը իր ելոյթներից մէկում մասնաւորապէս նշել է.  «Սուրիոյ եղբայրական ժողովրդի հետ ծանր ժամանակներ է ապրում նաեւ բազմահազար հայութիւնը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում  շատ յստակ է. սա փորձութիւն է, որին պէտք է դիմակայել միասնաբար: Եւ մենք կոչ ենք անում մեր սուրիահայ եղբայրներին` պայքարել իրենց գրկաբաց հիւրընկալած եւ իրենց երկրորդ հայրենիք դարձած Սուրիայում խաղաղութեան շուտափոյթ վերահաստատման համար: Սուրիոյ  հայկական գաղթօճախը պատմականօրէն ձեւաւորուած, ամուր եւ կենսունակ համայնքներից է, որով մենք իսկապէս հպարտանում ենք: Հայաստանը, նաեւ համայն հայութիւնը աջակցում եւ աջակցելու են Սուրիոյ  ժողովրդի ցանկութեանը` գտնել խաղաղութիւն իրենց տանը եւ պահպանել իրենց օճախները…»:

Շնորհակալութիւն ուշադրութեան համար: Բարին ընդ ձեզ:

ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴԵԱՆ
Սուրիական Արաբական Հանրապետութեան մէջ
Հայաստանի դեսպան,
Պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր

Դամասկոս, 24.04.2013թ.

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (3)
  • Norayr Manjian 10 years

    «Օգտուելով առիթից` պէտք է նշեմ, որ Հայաստանը խիստ մտահոգուած է Սուրիոյ ողջ ժողովրդի,»
    Եթէ Իբր Դեսպան դուք Չէք Հետաքրքրւում Ձեր «Հայաստանի Քաղաքացիներով » Ինչ մտահոգութեան մասին է ուրեմն խօսքը :
    Հերիք է —

    • Mania 10 years

      իսկ իբր հայ՝ պարոն Նորայր արդեօք դուք ի՜նչ հետաքրքրութիւն ունիք, կը ցանկանայի Ձեր ազնիւ հետաքրքրութեան ցուցակին աւելացնէք ճանաչել յետոյ արտահայտուիլ և մոռացուածութեան հանքամանքը ներկայացնել, պատասխանատու հայտարարութիւն ընելէն առաջ

  • Mania 10 years

    Իսկ իբր հայ՝ պրն Նորայր արդեօք դուք ի՜նչ հետաքրքրութիւն ունիք, կը ցանկանայի Ձեր ազնիւ հետաքրքրութեան ցուցակին աւելացնէք ճանաչել յետոյ արտահայտուիլ և մոռացուածութեան հանքամանքը ներկայացնել, պատասխանատու հայտարարութիւն ընելէն առաջ

  • Disqus ( )