Գէորգ Հաճեանի Մենահամերգը Ռուսաստանի Վորոնեժ Քաղաքում. «Դասական Եւ Հոգեւոր Երաժշտութիւնը Մօտիկացնում Է Սրտերը»

ՆԱՐԵԿ

2013թ. ապրիլի 9-ին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի Ֆիլհարմոնիայի դահլիճում ելոյթ ունեցաւ հայ լաւագոյն թենորներից մէկը` Գէորգ Հաճեան: Համերգը նուիրուած էր ժողովուրդների բարեկամութեանը եւ համերաշխութեանը` «Դասական եւ հոգեւոր երաժշտութիւնը մօտիկացնում է սրտերը» խորագրով:

Համերգի յենասիւնը անմահ Կոմիտասի բազմաժանր մեներգներն էին: Ծրագրում ընդգրկուած էին նաեւ համաշխարհային` իտալական, լատինական, ռուսական եւ հրէական հոգեւոր եւ դասական ստեղծագործութիւններ:

Համերգը կազմակերպել էին ամուսիններ` Նաիրա Նասիբեանը եւ Էմիլ Յարութիւնեանը` Վորոնեժի հայ համայնքի բարեգործների օժանդակութեամբ: Ծրագիրը կազմուած էր շատ նուրբ եւ հասկանալի խորքով: Կոմիտասեան երգերի իմաստալից բացատրութիւնից յետոյ այն հրամցուած էր հանդիսատեսին ռուսերէն լեզուով, որովհետեւ հայ հանդիսատեսից բացի ներկայ էին ռուսներ եւ այլազգի ներկայացուցիչներ:

Երկու արհեստավարժների` Գէորգ Հաճեանի եւ դաշնակահարուհի, Ռուսաստանի վաստակաւոր արուեստագիտուհի Սվեթլանա Կելֆանտի աննման կատարումը, բառիս բուն իմաստով ցնցեց հանդիսատեսների սրտերը: Համերգը անցաւ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում` ակնկալիքով, որ այն միայն սկիզբը կը լինի Ռուսաստանում դասական, հոգեւոր եւ յատկապէս կոմիտասեան երգերի տարածմանը, լաւագոյն կատարողներից եւ մեկնաբաններից` Գէորգ Հաճեանի կողմից:

Համերգի աւարտին Վորոնեժի Գեղարուեստի ակադեմիայի դասախօս, երաժիշտ եւ խմբավար`  Ալեքսանտր Կուրան հիացմունքով արտայայտուեց Գէորգ Հաճեանի կատարողական արհեստավարժութեան եւ որպէս գործնական քայլ` առաջարկեց Վորոնեժի սիմֆոնիք նուագախմբի հետ միատեղ կազմակերպել մենահամերգ եւ նաեւ յոյս յայտնեց հետագայում Ռուսաստանի այլ քաղաքներում հիւրախաղերով հանդէս գալու համար:

11 ապրիլ 2013
Վորոնեժ

Share this Article
CATEGORIES