Սուրիահայերի Ճակատագրերի «Խաչմերուկում»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Տեւական ժամանակ է, ինչ կարդում եմ սուրիահայութեան կացութեան մասին լուրեր, յօդուածներ, որոնք, սակայն, երբեմն ցաւալիօրէն դառնում են խիստ սովորական, ինչպէս` պատերազմ բառը: Գուցէ ինքս էլ չէի անդրադառնայ այս թեմային, մինչեւ չհասկանայի սուրիահայերի  ներքին տրամաթիզմը: Իսկ առաջին անգամ ինձ համար սուրիահայերի կացութեան հարցը շօշափելի դարձաւ, երբ սովորում էի Հայաստանի  ամերիկեան համալսարանում: Այստեղ  անգլերէնի դասընթացի ժամանակ նկատեցի սուրիահայ ուսանողուհիներից մէկի (թոյլ տուէք անունը չնշել)  յուզմունքը, որն ինձ ստիպեց ներքուստ արտասուել:

Առաջին դասերից յետոյ ամէն ինչ սովորական էր, յատկապէս երբ լսարանում նա միակ սուրիահայ ուսանողը չէր: Սուրիայում ընթացող պատերազմի մասին խօսելն էլ արդէն նոյնն էր, ինչ խօսելն արեւի «ելումուտի» մասին»: Թւում էր` պատերազմն էլ արդէն առօրեայի մաս էր, պատերազմից փրկուելն էլ` օրուայ պահանջ: Դասերից մէկի ժամանակ դասախօսը սուրիահայ աղջկանից կրկին հետաքրքրուեց Սուրիայի կացութեան մասին: «Օդանաւ չկայ այնտեղ գնացող», ասաց աղջիկը, ում աչքերի անկիւններից արցունքի մի քանի կաթիլներ գլորուեցին ցած: Քիչ յետոյ նրա ձայնը խզուեց, եւ թւում էր, թէ այդ պահին կտրուեց նրա` իր տուն գնալու  յոյսը… «Թերեւս ալ չերթանք, բայց հոս ալ դժուար է սուրիահայերուս համար…», ցուցամատով աննկատ մաքրելով արցունքները` ասաց աղջիկը: «Ի՞նչն է դժուար, ինչո՞ւ չեն յարմարւում հայրենիքում, իսկ ի՞նչ է անում հայրենիքը նրանց համար», ակամայից նայելով աղջկայ կանաչ աչքերին`  մտածեցի:

Դասամիջոցին այդ հարցերի կոյտն ինձ աւելի էր կրծում, եւ ես մօտեցայ նրան: «Աշխատանք չունինք: Հոն` Սուրիայում, ամէնքս ալ աշխատանք ունէինք, հիմա…», նշեց աղջիկը` այլեւս չպատասխանելով իմ հարցերին: Այս միջադէպից օրեր անց ծանօթներիցս մէկը հարցրեց, թէ արդեօ՞ք հետաքրքրւում եմ սուրիահայերի կացութեան հարցով: Ներքուստ ուրախ էի, որ այդ հարցն ինձ տրուեց, որովհետեւ ինքս էլ ուզում էի հասկանալ, թէ ինչպէ՞ս են ապրում պատերազմի «հարթակից» «հեռացած» հայերը…

«Խօսո՞ւմ Էք, Թէ՞ Գործում»

Սուրիահայերի կացութեան մասին որոշ հարցերի պատասխաններ փորձեցի գտնել Հայաստանի սփիւռքի նախարարութիւնում, որտեղ աշխատակիցներից յայտնեցին, որ սուրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի նիստ է լինելու: Դրան յաջորդող օրը մասնակցեցի բաց նիստին, որին ներկայ էին գտնւում Հայաստանի մի շարք գերատեսչութիւնների ներկայացուցիչներ: Նիստը վարում էր սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Հայաստանի տնտեսութեան նախարարութեան, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման միջազգային կենտրոնի տնօրէն Վարազդատ Կարապետեանի խօսքով` իրենց կազմակերպած առաջին քայլերը դասընթացներն էին սուրիահայերի համար, որից յետոյ յատուկ պայմաններ ստեղծեցին սուրիահայերի համար` տրամադրելով վարկեր մինչեւ 5 միլիոն Հայաստանի դրամ, ժամկէտը` մինչեւ 5 տարի եւ տարեկան 4 առ հարիւր տոկոսադրոյքով:

Վ. Կարապետեանի խօսքով` հանդիպումներ կազմակերպեցին կերպընկալ իրերի արտադրութեամբ  զբաղուող ընկերութիւնների, ինքնաշարժների նորոգութեան, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերութիւնների, թեթեւ արտադրութեամբ, ոսկերչութեամբ զբաղուող ընկերութիւնների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների արդիւնքներից էր այն, որ ներկայացուեցին 14 գործարար ծրագրեր, որոնցից 11-ը ֆինանսաւորուեց, իսկ փետրուարին տեղի ունեցած երկրորդ դասընթացից յետոյ 18 ծրագրեր հաստատուել են ֆինանսաւորման համար: Ընդ որում, ներկայացուած ծրագրերով արտադրութիւն սկսել են հիմնականում հաստոցաշինութեան, ոսկերչութեան, ինքնաշարժների նորոգութեան, սննդի սպասարկման ոլորտներում: Նիստին մասնակցող սուրիահայ բժիշկ Պետրոս  Պոյաճեանը հակադարձեց ներկայացուած ծրագրերին` ասելով, թէ ժողով են անում, զեկուցումներ են կարդում, մինչդեռ երեւոյթներին պէտք է նայել այնպէս, ինչպէս կայ: «Հային պէտք է ոչ միայն խօսքեր, այլեւ` գործնական գետին», նշեց նա, ում խօսքերին արձագանգեց սփիւռքի նախարարը` ասելով, որ ամէն ամիս իրենք լսում են մի գրատեսչութեան հաղորդումը, թէ ի՞նչ է արել, եւ ինքը ցաւում է, որ բժիշկ Պոյաճեանը տեղեակ չէ այդ մասին, քանի որ նա առաջին անգամ է մասնակցում նիստին:

«Դուք` որպէս բժիշկ, այսօր աշխատում էք Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ կատարում էք վիրահատութիւններ: Դուք չէ՞ք աշխատում, ձեր կինը չի՞ աշխատում, ձեր տղան չի՞ աշխատում: Այդ բոլորը պետական առումով ստեղծել է առողջապահութեան նախարարութիւնը, բացի ձեր կապերից: Առողջապահութեան նախարարութիւնն է 30-40 բժշկի աշխատանքի ընդունել: Այսօր 700 մարդ աշխատում է, հիմա ասենք` չե՞ն աշխատում: Հայաստանի պետութիւնը 2 միլիոն տոլարի պետական պիւտճէ փող չի գանձնել սուրիահայերի համար` սկսած անձնագրերից, մուտքի վիզաներից, տեղեկութիւններից, վարորդական իրաւունքներից, 250 հոգի Երեւանի համալսարանում սովորելու վարձը տալուց` միայն 180 միլիոն  ուսանողների վարձն է տուել, 800 հոգի անվճար սովորում են մեր դպրոցներում, 100 հոգուց աւել անվճար յաճախում են մանկապարտէզներ», թուարկեց Հ. Յակոբեանը` վստահեցնելով, որ բժիշկ Պոյաճեանը չի կարող ասել մի դէպք, երբ սուրիահայը հարց է բարձրացրել, եւ պետական կառոյցները չեն լուծել դա:

Մշակութային Արժէքները` Մի Տեղում

«Փիւնիկ» մարդկային պաշարների հիմնադրամի նախագահ Գաբրիէլ Չեմպերճեանը «Ազդակ» օրաթերթի հետ զրոյցում անդրադառնալով սուրիահայերի կացութեան խնդրին` ասաց, որ Հայաստանի կառավարութիւնը, սփիւռքի նախարարութիւնը, Դաշնակցութիւնը եւ շատերը մտածում են, որ սուրիահայերին Հայաստան բերելով` օգնում են: Նրա խօսքով,  սուրիահայ գաղութը պատմութիւնը ունի: Նա` որպէս օրինակ, մատնանշեց, հրեաներին, որոնք իրենց պատմութեան բոլոր արժէքները հաւաքեցին մի կէտում: Գ. Չեմպերճեանի փոխանցմամբ, երբ Սուրիայում իրավիճակը խաղաղուի, սուրիահայերից շատերը կը վերադառնան: «Այս պարագայում ամենակարեւորը մեր մշակոյթի արժէքները Հայաստան տեղափոխելն է: Աշխարհի բոլոր կէտերից` լինի դա Եգիպտոս, Երուսաղէմ եւ այլն, հայկական արժէքները պէտք է տեղափոխել եւ կենտրոնացնել մէկ տեղում: Անհրաժեշտութեան դէպքում այդ արժէքները կարող են ցուցադրել այդ երկրներում», ասաց սուրիահայ բարերարը, ով նոյնպէս  ընդգծեց սուրիահայերի աշխատասիրութեան հանգամանքը: Նրա ղեկավարած հիմնադրամը աջակցել է սուրիահայերին` Հայաստան տեղափոխութեան, կրթական վարձավճարների եւ այլ հարցերում:

Օտարութի՞ւն, Թէ՞ Հայրենիք

Րաֆֆի Տուտաքլեանը Լիբանանից Հայաստան է եկել 8 տարի առաջ: Նա հետաքրքրւում է  սուրիահայերի ճակատագրով: «Այսօր լիքը սուրիահայեր են հաւաքուել Հայաստանում, իսկ ո՞վ է մտածում նրանց ճակատագրի մասին եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկւում այդ ուղղութեամբ»,  նշեց Ր. Տուտաքլեանը:

Նրա ասելով` Հայաստանում դժուարութիւններից մէկը կենցաղի ու աշխատանքի անծանօթ լինելն է, թղթաբանական հարցերի քաշքշուկը: «Երբ ապրում ես մի երկրում, որտեղ շատ աւելի հեշտ է, երբ հեռախօսով կարողանում ես ամենաբարդ հարցերը լուծել, եւ յանկարծ այստեղ` Հայաստանում,  յանկարծ 4 օր է տեւում թղթի ստորագրութեան հարց լուծելը, դժուարութիւն է ստեղծւում, բայց սովորում ես: Ասում են, չէ՞, եթէ պէտք է ապրես Հռոմում, ուրեմն,  հռոմէացի պէտք է դառնաս», ասաց Ր. Տուտաքլեանը, ում խօսքով` Հայաստան եկած սուրիահայերն էլ բաժանւում են ընկերային խմբերի. մի մասը դեռ գումար ունի եւ կարողանում է հոգալ իր ապրուստը, միւս մասն էլ ընկերային պայմաններ չունենալով` ուզում է մեկնել Եւրոպա:

«Իմ կարծիքով, շատ քչերն են, որ այստեղ գտել են գործ, տեղաւորուել են, աշխատում են: Ինձ մտահոգող գլխաւոր խնդիրը սուրիահայերին աշխատանքով ապահովելն է: Մէկ տարուայ ընթացքում 6-7000 սուրիահայեր են եկել Հայաստան: Վստահ եմ, որ երիտասարդներ կան, ովքեր յուսահատ են, քանի որ գործ չեն գտել Հայաստանում եւ մեկնում են Եւրոպա: Գաղթական դարձած ժողովրդին երկրորդ անգամ տանում ենք գաղթի:  Իմ մտահոգութիւնն այն է, թէ ո՞վ պէտք է  հոգ տանի նրանց մասին, ո՞վ պէտք է կարողանայ օգնել նրանց, ո՞նց պէտք է կարողանանք կազմակերպել նրանց կեանքը», ասաց Ր. Տուտաքլեանը` աւելացնելով. «Ես կարծում եմ, որ սա միայն Հայաստանի հարցը չէ, սա համահայկական հարց է»: Նրա խօսքով, առաջնային խնդիրներից մէկը սուրիահայերին համոզելն է, որ Հայաստանն իրենց երկիրն է, երկրորդ` պէտք է լուծել նրանց բնակութեան հարցը, երրորդ` աշխատատեղերի հարցը:

Շաղիկ Մերտիխանեանը 5 ամիս առաջ է եկել Սուրիայից: Հայաստան եկել է առաջին անգամ, եւ նրա ասելով` ինքը չէր պատկերացնում, որ այդ ձեւով կը գար Հայաստան:  «Իմ եկած ատենն տակաւին այսպէս վատ չէր Սուրիան: Ճիշդ է, հոս եկանք մի քանի ամսով եւ ետ պիտի դառնայինք, բայց որ օդակայանը գոցուեցաւ, հոս մնացինք, եւ արդէն հոն երթալու վիճակն աւելի վատ եղաւ, այսինքն մենք պատրաստուած չեկանք: Հոն, օրինակ, տուն ունէինք, խանութ ունէինք, եւ քանի որ անպատրաստ եկանք, շատ դժուար եղաւ: Հոս տուն չկայ, գործի ալ խնդիր կայ», նշեց Շ. Մերտիխանեանը, ով Հալէպում աշխատում էր: Ըստ Շաղիկի, Հայաստանում ամենամեծ դժուարութիւններից մէկը աշխատանքի խնդիրն է, իսկ եղած աշխատեղերի համար էլ պահանջում են ռուսերէնի իմացութիւն: Իսկ ռուսերէն սովորելը, ըստ նրա, ամիսներ է պահանջում, նոր լեզու սովորելը դիւրին չէ: Նրա խօսքով, ինքը կը ցանկանար, որ աշխատէր Հայաստանում, սակայն նկատում է, որ աշխատանքի խնդիր ունեն նաեւ հայաստանցիները: Շաղիկի խօսքով,  ստեղծուած իրավիճակից ելքը Քանատա գնալն է, որտեղ, հաւանականութիւնը մեծ է աշխատանք գտնելու:

Յարութիւն Վարդանեանն էլ Տէր Զօրից է եկել Հայաստան 10 ամիս առաջ: Նա Տէր Զօրի մատուռի մատուռապետն է: Հայաստանում օգնել է տասնեակ թուով սուրիահայերին, սակայն այդ մասին չի ուզում բարձրաձայնել` ասելով, որ աջ ձեռքը պէտք է չիմանայ, թէ ի՞նչ է անում ձախ ձեռքը: Յ. Վարդանեանի կարծիքով,  սուրիահայերին պէտք է տալ հնարաւորութիւն աշխատելու, իրենց փոքր կամ միջին պիզնըսին օժանդակել` նուազեցնելով հարկերը: «Մարդիկ անօթի չեն եկած, որ իրենց հաց տանք, որ ուտեն: Մարդիկ ուզում են, որ իրենց գործ տան: Այս մարդիկ աշխատասէր մարդիկ են», նկատեց Յ. Վարդանեանը, ում խօսքով, պէտք է լինի համահայկական ծրագիր, որը պէտք է չճանաչի կուսակցական պատկանելիութիւն:

«Մենք բան մըն ալ չենք ուզեր: Շատ մերսիներ` Հայաստանի կառավարութեանը, նախագահին, վարչապետին, հայութեանը, շնորհակալ ենք նրանց բոլորին, բայց մեզ մի պզտիկ բան է պէտք. երբ ինքնաշարժը  առաջին օրը չի աշխատում, մի քիչ հրում են: Հիմա սուրիահայերուն ալ պէտք է մի քիչ հրեն, պզտիկ դիւրութիւն տան, 5 տարի առանց հարկերի աշխատելու հնարաւորութիւն տան: Ուրիշ բան մը մենք չենք ուզեր», ասաց Յ. Վարդանեանը:

 

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES