Արա Յարութիւնեան. «ԱՌԻ-ին Արցախի Զարգացող Շրջաններում Մեր Ամենայաջողուած Ծրագրերից Է»

Զրուցեց ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մայիսի 7-9-ը անցկացրեցի Արցախում: Ամէն տարի այդ օրերին Արցախը նշում է միանգամից երեք տօն` Շուշիի ազատագրման, ԼՂՀ բանակի կազմաւորման եւ Համաշխարհային Բ. պատերազմի: Ձեզ եմ ներկայացնում իմ հարցազրոյցը ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն վարչապետ, այս օրերին հայ ժողովուրդը նշում է Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը: Վերջին տարիներին քաղաքը ակնյայտօրէն փոխւում է ու վերականգնւում, սակայն աւերակները շարունակում են իշխել քաղաքի վրայ: Ե՞րբ ենք ունենալու մի Շուշի, որտեղ չեն լինի աւերակներ եւ կը լինեն միայն գեղեցիկ գոյներ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այսօր էլ հնարաւոր է ազատուել այդ աւերակներից, բայց քանի որ այդ աւերակների մեծ մասը պատմական արժէք են ներկայացնում, մենք դրանք պահպանում ենք հետագայում վերանորոգման նպատակով, այսինքն վերականգնողական աշխատանքներով պէտք է վերակառուցենք Շուշին: Այդ պատճառով ձեռնպահ ենք մնում քաղաքը աւերակներից կարճ ժամանակում ազատուելու քաղաքականութիւնից, փոխարէնը երկարաժամկէտ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ուղղութիւնն ենք ընտրել: Եթէ դուք համեմատէք հինգ տարի առաջուայ եւ այսօրուայ Շուշին, ապա կը նկատէք, որ քաղաքը կերպարանափոխուել է: Ցաւօք, դեռ պիզնըսը չի մտել Շուշի: Այն բոլոր աշխատանքները, որ կատարւում են Շուշիում, պետական եւ մարդասիրական միջոցների հաշուին են կատարւում: Մենք ակնկալում ենք, որ ներդրումային ծրագրերի շրջանակներում հին, պատմական շէնքերը կը վերանորոգուեն եւ կը վերականգնուեն տարբեր` զբօսաշրջային, արտադրական կամ այլ նպատակներով: Մենք այս ուղղութեամբ աշխատանքներ ենք տանում: Կարճ ասած` շատ երկար չենք սպասելու եւ ամէն տարի մայիսի 9-ին դուք ականատեսն էք լինելու Շուշիում բացուող, վերաբացուող, վերականգնուող նոր շէնքերի: Այս մի քանի օրերին մի քանի բացումներ ենք անելու Շուշիում:

Հ.- Պարոն վարչապետ, պիզնըսը սիրում է ոչ թէ ազգութիւն, այլ առաջին հերթին` միջավայր: Ի՞նչ է արւում, որպէսզի Շուշիի պիզնըս միջավայրը գրաւիչ դառնայ ոչ միայն հայկական, այլ օտար ներդրողների համար:

Պ.- Իրատես պէտք է լինենք: Արցախն ունի իր խնդիրները, անշուշտ քաղաքական գործընթացները խոչընդոտում են, որպէսզի ունենանք ներդրումների համար գրաւիչ միջավայր, որպէսզի իրականացուեն երկարաժամկէտ լայնածաւալ նախագծեր:  Չկան համապատասխան ենթակառուցուածներ, որպէսզի պիզնըսը հաճոյքով մտնի Շուշի: Ներդրողի հոգեբանութիւնը հետեւեալն է. համապատասխան շահոյթ ստանալ ներդրումների դիմաց: Քայլեր ենք անում` ներդրումների ծաւալը մեծացնելու համար: Այս վերջին տարիներին ներդրումների կտրուկ աճ ենք արձանագրել, առաջիկայ տարիներին դրանք աւելի շօշափելի են լինելու մեծատնտեսական ցուցանիշների առումով:

Հ.- Դուք ձեր մտքում պատկերացնո՞ւմ էք, թէ որքան բնակչութիւն պէտք է ունենայ Շուշին:

Պ.- Մի քանի տարի առաջ Շուշիում ապրում էր երեք հազար մարդ եւ ասւում էր, որ եթէ քաղաքն ունենայ հինգ հազար բնակիչ, ապա աւելի նպաստաւոր Շուշի կ՛ունենանք: Այսօր արդէն ունենք գրեթէ հինգ հազար  բնակիչ, սակայն արդէն խօսում ենք ութ հազարի մասին: Համոզուած եմ, որ մի քանի տարի յետոյ Շուշին կ՛ունենայ ութ հազար բնակիչ: Մանաւանդ այն ծրագրերը, որոնք իրականացւում են կրթական համակարգում եւ պետական ծրագրերի շրջանակներում, համոզում են, որ առաջիկայում քաղաքը կ՛ունենայ ութ հազար բնակիչ: Ասւում է, որ հարիւր տարի առաջ Շուշին ունեցել է քսան հազարից աւելի բնակիչ, անգամ ունեցել է քառասուն հազար: Կը գայ ժամանակ, երբ Շուշին այդքան բնակիչ կ՛ունենայ:

Հ.- Երբ խօսում ենք Շուշիի ծաղկուն օրերի մասին, յիշում ենք Ռէալական ուսումնարանը, որտեղ կրթութիւն են ստացել շատ նշանաւոր հայեր, այդ թւում` Հայաստանի Առաջին Հանրապետութեան իրական հիմնադիրներից Արամ Մանուկեանը: Ե՞րբ է Ռէալականի շէնքը վերականգնուելու:

Պ.- Քանի որ Ռէալականը համահայկական արժէք է` ժամանակաւոր կամ կարճաժամկէտ որոշումներ կայացնելու իրաւունք մենք չունենք: Աւելի լաւ է մի քիչ էլ սպասենք, որպէսզի աւելի մեծ ծրագիր իրականացնենք: Փաստ է, որ այդ շէնքը պէտք է վերականգնման ճանապարհով վերակառուցուի: Առաջիկայ տարիներին մենք Ռէալականի համար կ՛ընդունենք ճիշդ որոշում եւ այդ որոշման կայացմանը պէտք է մասնակցի հայութիւնը, որովհետեւ դա համահայկական արժէք է:

Հ.- Պարոն վարչապետ, դուք վերջին ամիսներին այցելեցիք Լիբանան, Կիպրոս, եւրոպական երկրներ եւ փորձում էք ընդլայնել ԱՌԻ ծրագրի աշխարհագրութիւնը: Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում լիբանանահայ գործարարների սկսած գործը կ՛ընդգրկի սփիւռքի այլ համայնքներ: 

Պ.- Նախ ճշդեմ. ոչ թէ սկսել են, այլ սկսել ենք: Որովհետեւ ես ինքս եւ ԱՌԻ-ի հիմնադիր անդամ եմ եւ հիմնական նախաձեռնողներից մէկն եմ: ԱՌԻ-ին Արցախի զարգացող շրջաններում մեր ամենայաջողուած ծրագրերից է: Տնտեսական գործունէութիւն իրականացնելու համար շատ կարեւոր են արտօնեալ, մատչելի վարկային պաշարները: ԱՌԻ ծրագրով Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում բնակիչներին հնարաւորութիւն է տրուել երկարաժամկէտ, արտօնեալ վարկեր ստանալ առանց գրաւի: Ռիսքն ամբողջութեամբ դրուել է պետութեան եւ բնակչի յարաբերութիւնների վրայ: Սկզբնական փուլում այն ռիսքային, բայց նաեւ գոհացնող ծրագիր է, որովհետեւ այդ քաղաքացիներին հնարաւորութիւն ես տալիս աշխատելու: Ի հարկէ, երբ մենք որոշեցինք ռիսքը, թէ անհրաժեշտութիւնը, մենք հիմք ընդունեցինք անհրաժեշտութիւնը, նաեւ մտածելով, որ ռիսքի գործօնը կարող է շատ մեծ լինել: Բայց վերջում պարզուեց, որ ռիսքի գործօնը շատ փոքր է, եւ բարեբախտաբար` ի պատիւ մեր այդ վարկառու բնակիչների, վարկերի վերադարձնելիութեան առումով խնդիր չունենք: Յաջողութիւնները Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում երեւացող են: Աւելացել է անասունների գլխաքանակը, աւելի շատ հող է մշակւում: Կայ նաեւ մարդկանց վերադարձ այդ շրջաններ: Ներդրողների համար ապահովում ենք նուազագոյն եկամտաբերութիւն: Ի՞նչ է պէտք հայ ներդրողին Արցախում` երաշխաւորուած, թէկուզ քիչ եկամտաբերութիւն: Մենք այդ ծրագիրը անուանել ենք իբր պիզնըս նախագիծ, բայց` հայրենասիրական նպատակներից ելնելով, որովհետեւ դա հայրենասիրական ծրագիր է` մէջը նաեւ եկամտի բաղադրիչը դնելով:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES