Մշակոյթի Նախարարութիւնը Քաղաքապետարանէն Կը Պահանջէ Դադարեցնել Փակ Շուկային Շինարարութիւնը

Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը Երեւանի քաղաքապետարանէն պահանջած է հսկողութեան տակ առնել Երեւանի Մաշտոցի պողոտայի 5 հասցէին վրայ գտնուող Փակ շուկայի յետնամասին մէջ վերսկսած շինարարական աշխատանքներուն իրականացումը: Հայաստանի մշակոյթի նախարարութեան հասարակութեան հետ կապերու բաժինէն փոխանցուած տեղեկութեան համաձայն, նախարարութիւնը այս առնչութեամբ հրապարակած է հաղորդագրութիւն մը, որուն մէջ նշած է.

«Մաշտոցի պողոտայի 5 հասցէում գտնուող Կենտրոնական ծածկած շուկայի յարակից շէնքերի բնակիչների եւ լրագրողների ահազանգերի կապակցութեամբ` Հայաստանի մշակոյթի նախարարի յանձնարարականով նախարարութեան աշխատակիցները կատարել են շուկայի տարածքի տեղազննում` լուսանկարել, փաստագրել են շէնքի յետնամասում վերսկսուած շինարարական աշխատանքները: Իրավիճակին անձամբ ծանօթանալու նպատակով` 2013 թ. Մայիսի 9-ին Հայաստանի մշակոյթի նախարարն անձամբ է այցելել շուկայի տարածք:

«Տեղեկացնում ենք, որ մինչեւ մայիսեան տօների նախօրէն Երեւանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցուած էին եւ շէնքի 0.00 նիշից բարձր որեւէ աշխատանք չի իրականացուել: Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարուել է մշակոյթի նախարարութեան պահանջով` Մարտի 6-ի գիտամեթոտական խորհրդի մասնագիտական եզրակացութեան հիման վրայ: Ըստ որի, անհրաժեշտ էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի յետնամասի պահպանուած պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպէս նաեւ նորակառոյց ծաւալի երկաթպեթոնեայ հիմնական հատուածի ապամոնտաժման աշխատանքները` նախագծով ներկայացուած եւ խորհրդի կողմից որոշուած ընդունելի ծաւալով: Վերոնշեալ աշխատանքների աւարտից յետոյ սեփականատիրոջից պահանջւում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը եւ այն սահմանուած կարգով ներկայացնել Հայաստանի մշակոյթի նախարարութեան համաձայնեցմանը:

«Ներկայումս, վերսկսուած շինարարական աշխատանքների կապակցութեամբ (որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրուած նախագծային փաստաթղթերի պահանջներին եւ որոնցով նախատեսւում էր նորակառոյցի երկաթպեթոնեայ հատուածի մասնակի քանդման աշխատանքներ) Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը կրկին անգամ 2013 թ. Մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրութեամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` յուշարձան-շէնքում իրականցուող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողութիւն սահմանելու համար», նշուած է հաղորդագրութեան մէջ:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )