Թուրքիան Մօտ Ապագայում Հայերի Հետ Նստելու Է Բանակցութիւնների Սեղանի Շուրջ

«Ակօս»

Արժանթինահայ լրագրող Աւետիս Հաճեանը շրջել է Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան-«Ակունք»-ի խմբ.) տարբեր քաղաքներով եւ իր կատարած հետազօտութիւնը հրապարակել է «Լա Նացիոն» թերթում, ինչը մեծ արձագանգ է գտել:

Հաճեանը նշել է, որ գաղտնի հայերի գոյութեան մասին լսել է դեռեւս 13-14 տարեկանում, «Պուէնոս Այրէս»-ի իրենց տանը իր հօր եւ Արժանթինի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Գրիգորիս Բունեաթեանի խօսակցութեան ժամանակ. «Բունեաթեանը խօսել է 1-2 միլիոն ծպտեալ հայերի մասին, որոնք ապրում են Մուշի եւ Սասուն գաւառի մերձակայքում: Յիշում եմ, թէ 1970-ական թթ. ինչպէս էր լուսանկարիչ Մարթին Քեսքիսեանը հօրս ոգեւորուած պատմում Մուշի շրջակայքում բնակուող քրտացած հայերի մասին: Այն ժամանակ առաւելապէս ցանկալի բան չթուաց. զրոյցներին մեծ կարեւորութիւն չտուեցի: Հարցով հիմա եմ սկսել հետաքրքրուել: Կարծում եմ` Բունեաթեանի տեղեկատուական աղբիւրը` Ցեղասպանութիւնից փրկուած, Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան-«Ակունք»-ի խմբ.) հայերին ամենալաւը ճանաչող Պոլսոյ հայոց պատրիարք Շնորհք Գալուստեանը, եղաւ այն գործօնը, որը շարժեց հետաքրքրութիւնս»:

Թուրքական «Ռատիքալ» թերթի հետ հարցազրոյցի ժամանակ Աւետիս Հաճեանը նշեց, որ Անատոլիայի հայերի վերաբերեալ ուսումնասիրութիւններն սկսել է այն բանից յետոյ, երբ 2009 թ.նայել է Օզճան Ալփերի`  Նիւ Եորքում ցուցադրուած «Աշուն» ժապաւէնը, որը նկարահանուած է «Համշէնի հայերէնով». «Նախկինում գիտէի համշէնցի իսլամացած հայերի գոյութեան մասին, սակայն Ալփերի հետ ծանօթութիւնը մեծացրեց հարցի հանդէպ հետաքրքրութիւնս»:

Լրագրող Աւետիս Հաճեանի կարծիքով, յատկապէս վերջին տարիներին լոյս տեսած յօդուածների եւ նկարահանուած փաստագրական ժապաւէնի արդիւնքում սփիւռքահայերի շրջանում մեծացել է ծպտեալ հայերի մասին տեղեկացուածութեան մակարդակը. «Ինձ համար Թուրքիայում ամենաազդեցիկը բնակչութեան բազմազանութիւնն է: Դրսից նայելիս` թւում է, թէ տասնեակ ցեղերից եւ համայնքներից կազմուած միատարր բնակչութիւն ունի, սակայն ուշադիր նայելիս` նկատում ես, որ չափազանց տարբեր տարրեր ներառող եւ խառը հասարակութիւն է: Ծպտեալ հայերի հետ կապ հաստատելը շատ ծանր աշխատանք էր: Ինձ յաջողուեց կապ հաստատել մեծ մասամբ մէկը միւսին երաշխաւորած մարդկանց  եւ նախկինում թուրք լրագրողների հետ զրուցած մարդկանց հետ»:

Մարթին Քեսքիսեանն ասաց, որ Արեւմուտքը միշտ էլ օտար է եղել, Արեւելքին յատուկ հիւրասիրութեամբ են ընդունել, սակայն միեւնոյն ժամանակ վստահութիւն շահելը շատ դժուար է եղել. նրանց մէջ կան մարդիկ, ովքեր պետութեան ճնշումների երկիւղի պատճառով կը զգուշանան խօսել. «Բոլորը, նոյնիսկ խօսելու քաջութիւն ունեցողներն ակնյայտօրէն վախենում էին մէկ դար յետոյ իրենց ինքնութիւնը բացայայտել: Ոչ ոք չի մոռացել Ցեղասպանութիւնն ու իր արմատները: Սա ինձ վրայ մեծ ազդեցութիւն թողեց: Վախը բոլորի ընդհանուր յատկանիշն էր: Հիմնաւորուած վախ, որ գալիս է հոգու խորքից, բնազդաբար, ինքնապաշտպանութեան համար: Հանդիպածս մարդկանցից յատկապէս ինձ վրայ մեծ ազդեցութիւն է թողել համալսարանական մի երիտասարդ ուսանող, ով զարմացրեց ինձ իր խելքով, հայ մշակոյթի, պատմութեան վերաբերեալ տեղեկութիւն ստանալու եւ հայերէն սովորելու իր ջանքերով: Մեծ աշիրեթի անդամ էր, չնայած մի շարք առողջական խնդիրներին` ներքին Անատոլիայում ոչ այդքան բարեկամական մթնոլորտում գաղտնի հայերի հետ հանդիպելու ջանքերը, սովորելու եւ ուսումնասիրելու վճռականութիւնն ինձ վրայ մեծ ազդեցութիւն գործեց»:

Աւետիս Հաճեանն նշեց` հարցը թէ «հայն անվերապահօրէն քրիստոնեայ պէտք է լինի», լայն քննարկումների տեղիք է տալիս. «Որոշ մուսուլման հայեր, յատկապէս` Տիարպեքիրի (Տիգրանակերտի Ա.) շրջանում բնակուողները իրենց բնորոշում են հայ եւ մուսուլման: Կարծում եմ, որ յատկապէս հասարակութիւնների աստիճանաբար աշխարհիկացման արդիւնքում կայ մի զանգուած, որը կամովին ընդունում է ամէն օր աճող հայ մուսուլմաններին: Սակայն պէտք չէ մոռանալ, որ մի մշակոյթում, որը 2 հազար տարի ամբողջացել է այս հասարակութեամբ եւ եկեղեցիով, 2 հազար տարի շարունակ օտար իշխանութիւնների, կոտորածների, լեզուի եւ մշակոյթի կորստի դէմ եկեղեցին ազգային ինքնութեան շարունակականութեան միակ տարրն է հանդիսացել: Այս աւանդական հասկացութիւնները վերաձեւակերպելու համար ժամանակ է հարկաւոր: Չնայած գաղթերին` Թուրքիայի հայերը կազմում են մի համայնք, որը դեռեւս պահպանում է անցեալի վսեմութիւնը, «Նոր Մարմարա», «Ժամանակ» թերթերին յաւելուած Հրանդ Տինքի ստեղծած «Ակօսից» մինչեւ «Արաս» հրատարակչութիւն` իրենց ինքնութեան պահպանման համար քայլեր են ձեռնարկում: Ի տարբերութիւն Արժանթինի եւ Միացեալ Նահանգների հայերի` սփիւռք չեն դարձել: Թուրքիայի հայերը բիւզանդական ժամանակաշրջանին պատկանող աւանդական հայ համայնքի մի մասն են: Այս իմաստով, կարծում եմ, պոլսահայ համայնքին ճիշտ կը լինի համեմատել իրանահայերի հետ: Իւրաքանչիւր համայնք Հայաստանի չափ հին պատմութիւն ունի եւ հայ քաղաքակրթութեան աւանդական կենտրոնն է»:

Արժանթինահայ լրագրողը պատմեց, որ ծպտեալ հայերը կապ են հաստատում յատկապէս Պոլիս տեղափոխուած իրենց բարեկամների հետ, իրենց ապահով են զգում, կապեր են հաստատում հայ եկեղեցու հետ, ստացած կրթութիւնը եւ կենսակերպը դժուարացնում են միմեանց հետ կապուելու գործընթացը. «Հաւատքի տարբերութիւնը միմեանց չվստահելու պատճառ է հանդիսանում, յատկապէս անգամ աշխարհիկ համակարգում Թուրքիայի պէս երկրում հաւատքների շերտաւորումը կարող է անվստահութեան պատճառ դառնալ: Մեզ, այսինքն` Թուրքիայից դուրս ապրողներիս համար «հայ մուսուլմաններ են», սակայն Թուրքիայում ապրողների համար եւ անձնագրերում կրօն բաժինը իրենց աչքում մասնատում է հայկական ինքնութիւնը: Մէկ այլ խօսքով, «հայ» եւ «թուրք» լինելը Թուրքիայում հակասութիւն է: Հայ, ասել է թէ` քրիստոնեայ, իսկ մուսուլման հասկացութիւնը Թուրքիայում չի կարող ընդունել եկեղեցու հետ կապ ունեցող ոչ մի համայնքի` հայերի, յոյների կամ էլ  Թուրքիայի միւս աւանդական քրիստոնեան ազգային խմբերի անդամակցութիւնը»:

«Թուրքիան Հայերի Հետ Էլ Է
Բանակցութիւնների
Սեղանի
Շուրջը
Նստելու»

«Ռատիքալի» այն հարցերին, թէ արդեօ՞ք որպէս հայ եւ լրագրող` հաւատում է, որ հարցը կը կարգաւորուի, թէեւ Թուրքիայի հայերը աջակցում են կարգաւորման գործընթացին, սակայն ասում են` բանակցութիւնների սեղանին պակասում է 1915 թ., կարծու՞մ է արդեօք, որ մի օր նոյն սեղանի միւս ծայրին հայեր կարող են նստել, Աւետիս Հաճեանը պատասխանեց. «Հաւատում եմ, ըստ իս, այդ մի օրը շատ հեռու չէ: Որպէսզի Ցեղասպանութեան առաջ բերած պահանջները բաւարարուեն, Թուրքիան կը սկի բանակցել հայերի հետ: Եւ դա կ՛անի ոչ թէ լոկ այն բանի համար, որ արդարութիւնն է պահանջում, այլ` իր եւ իր հասարակութեան հետ հաշտութեան եզրեր գտնելու համար: Մօտ մէկ դար է` Ցեղասպանութեան բացագանչութիւնները անհանգստացնում են Թուրքիային: Թուրքերի մեծամասնութիւնը, ում հետ խօսել եմ, համաձայն է, որ Թուրքիայում կարգաւորման կարիք ունեցող հարցերից ամենակարեւորը քրտական եւ հայկական հարցերն են: Չեմ կարծում, թէ սկզբում ծպտեալ հայերը որեւէ դեր կը խաղան: Համատեղ, լաւ նպատակներով ուղղորդուող անձանց ջանքերը հասարակութեանը կարող են գործի դնել: Յայտնի չէ, թէ սրա ազդեցութիւնն ինչ կարող է լինել»:

«Թուրքիան Եւ Սփիւռքը
Շատ
Տարբեր Եւ Խառն Են»

Հաճեանը նշեց, որ Թուրքիայի ու Արժանթինի հայերը միմեանցից շատ տարբեր եւ խառն են, որ` բազմաթիւ թուրքերի հետ վիճելիս «ժենոսիտ»-ի փոխարէն օգտագործել է թուրքերէն «ցեղասպանութիւն» բառը, որը խորը դժգոհութեան տեղիք է տուել, եւ որ իր թուրք ընկերներից մէկը, որին այդ հարցում համոզելու համար տարիներ են պահանջուել, ձգտում է կամուրջ հանդիսանալ հայ եւ թուրք հասարակութիւնների միջեւ :

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

(«Ակունք»)

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )