Մասիս Մայիլեան. «Արցախեան Հակամարտութեան Կարգաւորման Եւ Արցախի Միջազգային Ճանաչման Գործընթացները Պէտք Է Տանել Զուգահեռաբար»

Զրուցեց` ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մայիսեան յաղթանակների տօնի առիթով գտնուելով Ստեփանակերտում` ես մի քանի հարցազրոյցներ ունեցայ ինչպէս ԼՂՀ իշխանութիւնների, այնպէս էլ ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Արցախի «Արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպութեան հիմնադիր եւ ղեկավար, ԼՂՀ նախկին արտաքին գործերի փոխ նախարար Մասիս Մայիլեանը երկար տարիներ ներգրաւուած է եղել արցախեան կարգաւորման բանակցային գործընթացում: Մայիլեանը արհեստավարժ դիւանագէտ է, աւարտել է Վիեննայի դիւանագիտական դպրոցը:

ՀԱՐՑՈՒՄ.-  Ո՞ր փուլում է այսօր արցախեան կարգաւորման գործընթացը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այսօր, կարելի է ասել, եթէ գործընթացը փակուղու մէջ չէ, ապա առնուազն սառեցուած է: Պատճառները տարբեր են: Նախ, հիմնական սկզբունքային հարցը նրանում է, որ արցախեան կարգաւորման նախկին սկզբունքները, որոնք որդեգրուել են 1990-ականների սկզբներին,  հնացել են: Այն ժամանակ, երբ փլուզւում էին Խորհրդային Միութիւնն ու Եուկոսլաւիան, համաշխարհային ուժային կենտրոնները լռելեայն քաղաքական որոշում կայացրին ճանաչելու նախկին Խորհրդային Միութեան միութենական 15 հանրապետութիւնները եւ նախկին Եուկոսլաւիայի մաս կազմող վեց հանրապետութիւնները: 1990-ականների սկզբներին նախկին Խորհրդային Միութեան եւ Եուկոսլաւիայի տարածքում կային անկախութիւն հռչակած այլ միաւորներ, այդ թւում` Արցախը: Բայց քանի որ ուժային կենտրոնների որոշումը քաղաքական էր եւ ոչ իրաւական, այն ժամանակուայ ընդունած որոշումները արգելանք հանդիսացան Արցախի միջազգային ճանաչման համար: Սկզբունքային այն սխալը, որ որդեգրուել է աւելի քան քսան տարի առաջ, մինչեւ այժմ գործում է: Այսօր միջազգային միջնորդները, ԵԱՀԿ Մինսքի խումբը փորձում է հին սկզբունքներով լուծել հակամարտութիւնը, որն իր հետ բերում է դժուարութիւններ: Սկզբունքները պէտք է վերանայուեն, քանի որ վերջին քսան տարիներին աշխարհում տարբեր փոփոխութիւններ են արձանագրուել թէ՛ միջազգային յարաբերութիւնների եւ թէ՛ միջազգային իրաւունքի մէջ: Նոր սկզբունքները պէտք է կիրառուեն նաեւ Արցախի դէպքում, եւ մենք կարող ենք հասնել մեր նպատակին, այն է` Արցախի միջազգային ճանաչմանը: Բացի այդ, կան ընթացիկ խոչընդոտներ, որոնք խանգարում են կարգաւորման գործընթացի արագ զարգացմանը կամ որեւէ արդիւնքի հասնելուն: 2012-2013 թուականներին հակամարտութեան մէջ ներգրաւուած երեք երկրներում` Հայաստանում, Արցախում եւ Ազրպէյճանում, տեղի են ունեցել  համապետական տարբեր ընտրութիւններ` նախագահական եւ խորհրդարանական: Ընտրական այդ փուլը կ՛աւարտուի այս տարուայ աշնանը, երբ նախագահական ընտրութիւններ կը կայանան Ազրպէյճանում եւ գուցէ դրանից յետոյ կարելի է ակնկալել աշխուժութիւն կարգաւորման գործընթացում:

Հ.- Ինչպիսի՞ քայլերի պիտի դիմի հայկական դիւանագիտութիւնը` արցախեան կարգաւորման առկայ փակուղին յաղթահարելու համար:

Պ.- Իմ կարծիքով, մենք պէտք չէ զոյգ գործընթացները` արցախեան հակամարտութեան կարգաւորումը եւ Արցախի ապագան, կապենք միմեանց հետ: Բազմիցս է ասուել, որ այս երկու` արցախեան հակամարտութեան կարգաւորման եւ Արցախ միջազգային ճանաչման գործընթացները պէտք է տանել զուգահեռաբար:  Դա նշանակում է, որ մենք մեր ապագան եւ ճակատագիրը չենք կապում ԵԱՀԿ Մինսքի խմբի հետ, որտեղ Ազրպէյճանն ունի իր վճռորոշ խօսքը: ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը պէտք է առաջ տանեն Արցախը, Հայաստանը, սփիւռքի կառոյցները, արտասահմանեան մեր դաշնակիցները: Արցախի ճանաչման գործընթացը  խթան կը հանդիսանայ, որպէսզի կարգաւորման բանակցային գործընթացը ճիշդ, աշխուժ եւ արդիւնաւէտ լինի: Դա կ՛օգնի նաեւ, որպէսզի Ազրպէյճանը բանակցային գործընթացում աւելի ճկուն լինի:

Հ.- Դուք նշեցիք, որ միջազգային ուժային կենտրոնները 1990-ական թուականների սկզբին որդեգրեցին քաղաքական որոշում եւ ճանաչեցին միայն Խորհրդային Միութեան 15 հանրապետութիւնների անկախութիւնը: Խորհրդային Միութիւնում կային այլ տարածքային կազմաւորումներ` ինքնավար հանրապետութիւններ միութենական հանրապետութիւնների կազմում, ինչպէս, օրինակ, Աբխազիան էր Խորհրդային Վրաստանի կազմում: Կային ինքնավար մարզեր, ինչպէս ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ազրպէյճանի կազմում: Նոյնն էր իրավիճակը նաեւ Եուկոսլաւիայի դէպքում, սակայն 2008-ին տեղի ունեցաւ շեղում, երբ Արեւմուտքը` Միացեալ Նահանգներն ու Եւրոպական Միութեան երկրների մեծ մասը, ճանաչեցին Քոսովոն, որն ունէր ինքնավար մարզի կարգավիճակ Սերպիայի կազմում: Այսօր տեղի է ունենում պատմական գործընթաց Քոսովոյի եւ Սերպիայի միջեւ: Կարծես թէ Սերպիան պատրաստ է յանուն Եւրոպական Միութեան իր անդամակցութեան` ճանաչել, գուցէ լռելեայն, Քոսովոյի անկախութիւնը: Կարո՞ղ է Քոսովօ-Սերպիա գործընթացը ուղենշային լինել նաեւ Արցախ-Ազրպէյճան յարաբերութիւնների ապագայի վերաբերեալ:

Պ.- 2008-ի փետրուարի 17-ից յետոյ, երբ մի շարք խոշոր պետութիւններ ճանաչեցին Քոսովոյի  անկախութիւնը, դա նշանակում էր, որ նոր փուլ է սկսւում միջազգային յարաբերութիւններում: Այդպիսով, անկախ ճանաչուեց մի միաւոր, որը նախկին Եուկոսլաւիայի կազմում ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ: Փաստօրէն, Քոսովոյի ճանաչումը նախադէպ է Արցախի միջազգային ճանաչման համար: Քոսովոյի ճանաչմանը հետեւեց նախկինում երկու այլ ինքնավարութիւնների` Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի (որը Խորհրդային Վրաստանի կազմում ունէր մարզի կարգավիճակ) ճանաչումը մէկ այլ ուժային կենտրոնի` Ռուսաստանի եւ վերջինիս դաշնակիցների կողմից: Կարելի է ասել, որ 2008-ից նոր մեքանիզմ է կիրառւում, երբ միջազգայնօրէն ճանաչւում են ինքնավար միաւորներ, որոնք անկախութիւն են հռչակել դեռ 1990-ականների սկզբներին: Այդ ճանաչումները կատարւում են` հակառակ նախկին մետրապոլիաների կամքի, հակառակ Սերպիայի` Քոսովոյի դէպքում, եւ ի հակառակ Վրաստանի` Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի դէպքում: Այս իմաստով` Քոսովոյի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի ճանաչումը հետաքրքիր է: Դրանք պէտք է նախադէպային լինեն նաեւ Արցախի ճանաչման հարցում: Հետաքրքրական է նաեւ վերջին ամիսների գործընթացը, երբ Արեւմուտքը ճնշումներ է բանեցնում, որպէսզի Պելկրատն ու Փրիշթինան, այսինքն` սերպերն ու քոսովարները, գնան բանակցութիւնների, երկխօսութեան եւ չի բացառւում, որ ապագայում Սերպիան ճանաչի Քոսովոյի անկախութիւնը, որը, անշուշտ, դժուար գործընթաց է: Արեւմուտքը միաժամանակ շահագրգռում է Սերպիային` հասկացնելով, որ նրա կողմից Քոսովոյի ճանաչումը կը բերի Սերպիայի` Եւրոպական Միութեանն անդամակցութեանը: Կարծում եմ, որ նման գործընթացները կարող են նաեւ օգտակար լինել Արցախի կարգաւորման համար: Այսինքն մենք կարող ենք հասնել այն պահին, երբ միջազգային հանրութիւնը կամ մի շարք երկրներ կը ճանաչեն Արցախի անկախութիւնը: Դրանից յետոյ կը սկսուեն բանակցութիւններ արդէն Ստեփանակերտի եւ Պաքուի միջեւ նոր կարգավիճակով եւ նոր իրավիճակում: Ես հաւատում եմ, որ այդ պահը գալու է, բայց այս պահին մենք շատ հեռու ենք դրանից: Այս պահին Ազրպէյճանը անգամ հրաժարւում է Արցախն ընդունել որպէս բանակցային, հակամարտող  կողմ, թէեւ մենք` Արցախը, որպէս հակամարտող, բանակցային կողմ, ճանաչուած է ԵԱՀԿ-ի որոշումներով:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Share this Article
CATEGORIES