Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Չորեքշաբթի, 31 Յուլիսին` Նոր Ֆետերասիոնին Ընտրութիւնները
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը պաշտօնապէս յայտարարեց, որ չորեքշաբթի, 31 յուլիսին, յետմիջօրէի ժամը 17:30-ին, Քորալ Պիչ պանդոկին (Ժընահ, Պէյրութ) Ամպասատոր սրահին մէջ տեղի պիտի ունենան Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին նոր ընտրութիւնները:
Բոլոր անոնք, որոնք կ՛ուզեն իրենց թեկնածութիւնը առաջադրել, այժմէն իսկ մինչեւ առաւելագոյնը 16 յուլիս, յետմիջօրէի ժամը 17:00, պէտք է ներկայանան ֆետերասիոնին կեդրոնատեղին (Վերտան) եւ ընդհանուր քարտուղարին ներկայացնեն իրենց թղթածրարը:
Թեկնածու ներկայացող անձերուն համար կարեւոր են հետեւեալ կէտերը.
Ան պէտք է տասը տարիէ ի վեր լիբանանցի ըլլայ:
Պէտք է բոլորած ըլլայ 18 տարիքը:
Պէտք չէ, որ նախապէս որեւէ ոճրային յանցանքով դատապարտուած ըլլայ:
Պէտք չէ, որ այլ ֆետերասիոնի մը մաս կազմէ:
Եթէ ենթական անհատական թեկնածու է, պէտք է գրէ ձեռագիր նամակ մը, իսկ եթէ միութեան մը կամ ակումբի մը կը պատկանի, պաշտօնական նամակով մը պէտք է ներկայանայ:
Անձնաթուղթի լուսապատճէնին կողքին թեկնածուն պէտք է իրեն հետ բերէ նաեւ տասը միլիոն լիբանանեան ոսկի, ինչպէս նաեւ յաւելեալ երեք միլիոն լիբանանեան ոսկի` յաւելեալ ծախսերու համար:
Այլ գետնի վրայ, ֆետերասիոնը վաւերացուց միայն Ա. դասակարգի ախոյեանութեան 22-րդ հանգրուանին կատարուած Ռասինկ – Թատամոն Սուր (2-1) եւ Իժթիմահի – Թրիփոլի (2-1) մրցումներուն արձանագրուած արդիւնքները:
Շապապ Ղազիէ – Սալամ Սուր մրցումին արդիւնքը չվաւերացուեցաւ` սպասելով մինչեւ քննութիւն կատարող ֆետերասիոնին կողմէ ճշդուած յանձնախումբին մանրամասն տեղեկագիրին: Այդ յանձնախումբին մաս կը կազմեն Մահմուտ Ռըպաա եւ Մազեն Քպայսի:
Ֆետերասիոնը վաւերացուց երիտասարդներու ֆութպոլի ախոյեանութեան 7-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները, որոնց ընթացքին ՀՄԸՄ Պէյրութ 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Նըժում Մուսթաքպալի, գրաւեց Ա. խմբակին 4-րդ դիրքը:
Ստորեւ` Ա. խմբակին վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||
| 1.- Ահտ | 5 | 0 | 1 | 22 | 4 | 15 | ||||||
| 2.- Անսար | 4 | 1 | 1 | 11 | 3 | 13 | ||||||
| 3.- Շապապ Արապի | 3 | 2 | 1 | 18 | 10 | 11 | ||||||
| 4.- ՀՄԸՄ | 3 | 0 | 3 | 10 | 18 | 9 | ||||||
| 5.- Նըժմէ | 2 | 2 | 2 | 10 | 13 | 8 | ||||||
| 6.- Սաֆա | 1 | 1 | 4 | 8 | 13 | 4 | ||||||
| 7.- Նըժում Մուսթաքպալ | 0 | 0 | 6 | 4 | 22 | 0 |
Այսպիսով, ութ խումբեր ապահովեցին աւարտական հանգրուանի իրենց տոմսերը:
Անոնք են` Ահտ, Անսար (Ա. խմբակ), Թրիփոլի, Ամալ Թրիփոլի (Բ. խմբակ), Ամալ Թրիփոլի, Շապապ Թրիփոլի (Գ. խմբակ), Թատամոն Սուր եւ Մապարրա (Դ. խմբակ):

