Հարաւային Կովկասում` Բաժանարար Գծեր. Հայաստան-Վրաստան Յարաբերութիւնների Կարեւորութիւնը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յունիսի 5-7-ը Թիֆլիսում կայացաւ միջազգային խորհրդաժողով, որին հրաւիրուած էին քաղաքագէտներ ու փորձագէտներ Ազրպէյճանից, Վրաստանից, Հայաստանից, Եւրոպայից եւ Միացեալ Նահանգներից: Այն բացեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դաւիթ Ուսուպաշվիլին: Հայաստանից ելոյթ ունեցայ ես` ներկայացնելով արտաքին քաղաքականութեան, ներքին զարգացումների եւ տնտեսութեան մասին ընդհանուր տեղեկութիւններ: Այսօր իմ ամէնշաբաթեայ յօդուածում որոշ կրճատումներով կը ներկայացնեմ իմ ելոյթի բովանդակութիւնը:
Մայիսի վերջերին տեղի ունեցաւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան նախագահների ոչ պաշտօնական հանդիպումը, որին Սերժ Սարգսեանը չմասնակցեց: Շատերը Հայաստանում մտածեցին, որ սա պաշտօնական Երեւանի տեմարշն էր, որով հայկական կողմը ուզում էր ցոյց տալ, որ դժգոհ է Մոսկուայի քաղաքականութիւնից:
Չնայած ե՛ւ նախկին յետխորհրդային տարածքում, ե՛ւ աշխարհում ընդունուած է ասել, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, ինչը, անշուշտ, լայն հաշուով, համապատասխանում է իրականութեանը, սակայն կան տասնեակ այլ դէպքեր, որոնք ցոյց են տալիս, որ երբեմն Հայաստանը դժգոհ է մնում այն քաղաքականութիւնից, որ վարում է Մոսկուան Հարաւային Կովկասում:
Հարաւային Կովկասի միջազգայնօրէն ճանաչուած հանրապետութիւններից միակը Հայաստանն է, որի կախուածութիւնը Ռուսաստանից ռազմական, տնտեսական, քաղաքական ու հոգեբանական առումով ակնյայտ է: Եւ անկախ նրանից, թէ ինչպիսի հակառուսական շեշտադրումներ կան արեւմտեան պետական ու փորձագիտական շրջանակներում, ակնյայտ է, որ Ռուսաստանը Հարաւային Կովկասում շարունակում է մնալ որպէս հիմնական խաղացող:
Հայաստանի արտաքին քաղաքական կախուածութիւնը Ռուսաստանից ունի մի քանի պատճառներ: Առաջինը եւ հիմնականը, որի մասին միջազգային հանրութիւնը գրեթէ չի խօսում, Հայաստանի յարաբերութիւններն են իր երկու անմիջական հարեւանների` Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ: Հայաստանի արտաքին սահմանների աւելի քան 80 տոկոսը շրջափակման տակ է: Քանի դեռ Թուրքիան Հայաստանը պահում է շրջափակման տակ, չի հաստատում դիւանագիտական յարաբերութիւններ, քանի դեռ Ազրպէյճանը սպառնում է պատերազմով, Հայաստանը իր անվտանգութեան ապահովման հիմնական ուղղութիւնը համարելու է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցութեան խորացումը:
Հայ-ռուսական յարաբերութիւնների բարձրակէտը 1990-ականների կէսերն էր, երբ Լեւոն Տէր Պետրոսեանն ու Պորիս Ելցինը ունէին անձնական ամենաջերմ յարաբերութիւններ: Տէր Պետրոսեանի ժամանակներում էր, երբ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Գիւմրիում տեղակայել 102-րդ ռուսական ռազմակայանը, իսկ հայ-թուրքական սահմանի պաշտպանութիւնը համատեղ դրուեց հայ եւ ռուս սահմանապահների վրայ: Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները գործընկերային էին: Ռոպերթ Քոչարեանի նախագահութեան տարիներին գործընկերութիւնը կամաց կամաց վերածուեց կախուածութեան: Հայաստանը սկսեց իր ուժանիւթային համակարգը փոխանցել Ռուսաստանին եւ ռուսական ընկերութիւններին` պարտքի կամ այլ գործարքների դիմաց:
Հայաստանից որեւէ բան կորզելու նպատակով Ռուսաստանը սկսեց գործի դնել տնտեսական լծակները: Պէտք է նաեւ նշեմ, որ ընդհանուր առմամբ, Քոչարեանը ունէր անձնական լաւ յարաբերութիւններ Վլատիմիր Փութինի հետ: Գործող նախագահ Սերժ Սարգսեանի եւ Վլատիմիր Փութինի յարաբերութիւնները այնքան էլ բարեկամական չեն: Անշուշտ անձնական կապերը կարեւոր են, բայց առաջնայինը պետական շահն է: Այսօր Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները լարուածութեան հերթական փուլն են մտել: Ռուսները կազը Հայաստանին վաճառում են բարձր գներով, ինչը իր հետ բերելու է համատարած թանկացումներ մեր երկրում: Հայաստանի իշխանութիւնները չունեն լծակներ, որպէսզի կանխեն գնաճը, ինչը իր հետ կարող է բերել ընկերային ընդվզումներ: Այսօր Ռուսաստանը փորձում է Հայաստանին աւելի մօտեցնել Փութինի նախաձեռնած Եւրասիական միութեանը, ինչը մտահոգութիւնների տեղիք է տալիս Եւրոպայում:
Հայաստանի կարեւորագոյն գործընկերը Վրաստանն է: Հայաստանում կայ այն գիտակցումը, որը Վրաստանը Հայաստանի համար ունի անգնահատելի նշանակութիւն: Պատճառը միայն այն չէ, որ Հայաստանից Ռուսաստան ցամաքային ճանապարհը անցնում է Վրաստանով: Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառութեան 70 տոկոսը կատարւում է Վրաստանի տարածքով` Պաթումի եւ Փոթիի նաւահանգիստներով ու վրացական երկաթուղով: Թուրքիան ու Ազրպէյճանը փորձում են Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական նախագծերից եւ դրա համար ընդդէմ Հայաստանի փորձում են տրամադրել Վրաստանին: Հետեւաբար շատ կարեւոր է Հայաստան-Վրաստան համագործակցութեան խորացումը:
Հարաւային Կովկասը չի կարելի համարել մէկ միասնական շրջան: Գուցէ աշխարհագրական իմաստով եւ ընկալումով այն մէկ շրջան է, սակայն աշխարհում դժուար է գտնել մէկ այլ շրջան, որտեղ լինեն բազմաթիւ բաժանարար գծեր: Թուրքիա-Հայաստան սահմանը բաժանարար գիծ է: Հայաստան-Ազրպէյճան, Հայաստան-Նախիջեւան եւ Ղարաբաղ-Ազրպէյճան սահմանները ոչ միայն բաժանարար գծեր են, այլ` ականապատ տարածքներ: Ռուսաստան-Վրաստան սահմանը մէկ այլ բաժանարար գիծ է: Բացի այդ, բաժանարար գծեր են նաեւ Աբխազիա-Վրաստան եւ Հարաւային Օսեթիա-Վրաստան սահմանները:
Ազրպէյճանի եւ Թուրքիայի մասին ասելու շատ բան չկայ, քանի որ Ղարաբաղի հարցում չկայ առաջընթաց: Արդէն քսան տարի Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւումը կապում է ԼՂ հարցում առաջընթացի հետ: Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնները կարելի է բնորոշել հարեւանական:
Հայաստանի բոլոր երեք նախագահները հասկացել են մէկ պարզ ճշմարտութիւն եւ այս իմաստով` երկիրը զերծ պահել արկածախնդրութիւնից: Փոքր պետութիւնները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող իրենց շահերը թելադրել: Փոքր պետութիւնները սովորաբար փորձում են իրենց շահերը համադրել խոշոր տէրութիւնների, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հետ: Հայաստանը երբեք չի փորձել օգուտներ ակնկալել Ռուսաստան-Միացեալ Նահանգներ եւ Ռուսաստան-Եւրոպա հակասութիւններից:
Հայաստանը գիտի իր չափը եւ հնարաւորութիւնները եւ փորձում է քայլ առ քայլ համագործակցութիւնը խորացնել Միացեալ Նահանգների ու եւրոպական խոշոր պետութիւնների հետ: Հայաստանը նաեւ խորացնում է համագործակցութիւնը ՕԹԱՆ-ի եւ Եւրոպական միութեան հետ` առանց յայտարարելու, որ պատրաստւում է անդամակցել այդ կառոյցներին: Մի կողմից, իրատեսական չէ Հայաստանի անդամակցութիւնը ԵՄ-ին ու ՕԹԱՆ-ին, ինչպէս Վրաստանի դէպքում իրատեսական չէ, հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի անիմաստ նեարդայնացնել Ռուսաստանին:
Արեւմուտքը երբեմն քննադատում է, որ Հայաստանի տնտեսութիւնը, առաջին հերթին` ուժանիւթային համակարգը, անցնում է ռուսների վերահսկողութեան տակ: Դա ճիշդ է: Սակայն երբ Հայաստանը փորձեց նոր հիւլէական կայան կառուցել, եւրոպական ոչ մի երկիր ներդրումներ անելու պատրաստակամութիւն չյայտնեց: Նոյնը վերաբերում է Միացեալ Նահանգներին: Ուաշինկթընը յաճախ է Հայաստանին քննադատում Իրանի հետ համագործակցելու եւ լաւ հարեւանութիւն անելու համար, սակայն լուրջ քայլերի չի դիմում, որպէսզի Թուրքիան վերջ տայ Հայաստանի շրջափակումը:
Հայաստանին տրուող վիճակը, որ նա հիպրիտային երկիր է, այսինքն` մաքառում է ժողովրդավարութեան եւ ամբողջատիրութեան միջեւ, կարծում եմ, ճիշդ գնահատական է: Անկասկած, Հայաստանը ամբողջատիրական պետութիւն չէ, բայց նոյնքան անկասկած` ժողովրդավարական էլ չէ:
Իննսունականների սկզբներին Հայաստանը համարւում էր «ժողովրդավարութեան կղզեակ» Հարաւային Կովկասում: Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան վերջին տարիներին եւ Ռոպերթ Քոչարեանի նախագահութեան առաջին տարիներին Հայաստանը զրկուեց այդ շահեկան պիտակից:
Լրատուամիջոցների ազատութեան իմաստով Հայաստանը ունի խնդիրներ: Բոլոր նախագահների ժամանակ հեռուստաընկերութիւնները գտնուել են նրանց վերահսկողութեան տակ, յատկապէս` նախագահական նախընտրական, երբեմն նաեւ` յետընտրական շրջանում: Հայաստանում շատ աշխուժ կերպով զարգանում է առցանց հեռարձակումը, որը շատ դէպքերում փոխարինում է աւանդական հեռուստատեսութեանը:
Այսօր Հայաստանի հիմնական մարտահրաւէրը քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներն են: Այո, Հայաստանում ընդդիմութիւնը աւելի ուժեղ է, քան Վրաստանում, եւ այդպէս է եղել երկու տասնամեակ շարունակ, սակայն միւս կողմից, պէտք է նկատել, որ տարին տարուոյ վրայ գործող իշխանութիւնները եւ իշխանական Հանրապետական կուսակցութիւնը իր ձեռքում է կենտրոնացնում տնտեսութիւնը եւ բոլոր եկամտաբեր պիզնըսները: Այսօր Հայաստանի իշխանութիւնների հիմնական յենարանը սակաւապետներն են: Ներքին տնտեսական շուկան կենտրոնանում է խոշոր գործարարների ձեռքում, որոնք հիմնականում իշխանութիւնների սիրելի գործարարներն են:
Թիֆլիս

