Տիգրանակերտի Փողոցներից Մէկը Մկրտիչ Մարկոսեանի Անուամբ Կոչելու Որոշումը Դժգոհութիւն Է Յարուցել Մահմետական Բնակչութեան Շրջանում
«Ակունք»
Տիգրանակերտ նահանգի Սուր շրջանի քաղաքապետարանի այն որոշումը, ըստ որի` Տիրեքչի փողոցը պէտք է անուանակոչուի պոլսահայ յայտնի արձակագիր Մկրտիչ Մարկոսեանի անունով, բողոքների տեղիք է տուել մահմետական բնակչութեան շրջանում: Թուրքիայի քաղաքացիները դժգոհել են, թէ սոյն որոշումը «հաւատացեալ ժողովրդի դէմ ուղղուած մի կեղտոտ խաղ է»:
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Իլքէ» լրատուական գործակալութեանը:
Աղբիւրի համաձայն, Մերսինում բնակուող մի տիգրանակերտցի Մուսթաֆա Շենթիւրքը մասնաւորապէս շեշտել է. «Կարծում եմ` սա սազական չէ մեծ մասամբ իսլամական գործունէութիւն ծաւալող Տիգրանակերտին: Մի՞թէ քաղաքապետարանի նպատակը իսլամն արգելելն է: Հաւանական է, որ այս գործընթացը, մէկ-երկու փողոցից սկսելով, մեծ տարածում կը գտնի: Ալլահին աւելի հաճոյ կը լինի, եթէ հայ գրողի եւ եկեղեցու անուամբ կոչուած փողոցներին տրուեն Մոհամետի հետեւորդների անունները: Այս դէպքերը պէտք է կանխուեն: Տիգրանակերտը մուսուլման հասարակութիւն ունի, եւ մենք ցանկանում ենք իսլամական անուններ տեսնել»:
Մէկ այլ տիգրանակերտցի` Քեմալ Ալփը, նշելով, թէ այս աշխատանքները նախապէս ծրագրաւորուած են եղել, ընդգծել է. «Մեր ժողովրդի դէմ ուղղուած այս կեղտոտ խաղերի պատճառը մէկ այլ կրօնական ինքնութիւն եւ գիտակցութիւն ունենալն է: Այս մտայնութեան նպատակը քիւրտ ժողովրդին տարուինական եւ կրօնազուրկ դարձնելն է: Սակայն մենք, որպէս քիւրտ ժողովուրդ, իսլամի հետեւորդ ենք: Կոչս ուղղուած է Տիգրանակերտի ժողովրդին` մենք բոլորս մուսուլման ենք, մեր հաւատքը յայտնի է բոլորիս, եւ պէտք է զգօն լինենք այդ մարդկանց կատարած աշխատանքների նկատմամբ»:

