ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒՍԱԽԱԲՈՒԹԻՒՆՆԵՐ

Արաբական աշխարհը արդէն մէկուկէս ամիս աննախադէպ ժողովրդական խռովութիւնների թատերաբեմ է: Ի տարբերութիւն արաբների, հայերը դեռ մի որոշ ժամանակ պէտք է սպասեն իրենց ներկան տնօրինելու համար:

Եմենից մինչեւ Յորդանան, պաղեստինեան ինքնավարութիւնից մինչեւ Սուտան բողոքների աննախադէպ ալիք է բարձրացել ազատ ընտրութիւնների անցկացման, մարդու իրաւունքների յարգման եւ ընկերային արդարութեան պահանջներով: Հնօրեայ Կարթագենի երկիր Թունուզից սկսուելով` յեղափոխական յուզումները տարածուեցին, ճանապարհին տապալելով Թունուզի եւ Եգիպտոսի բռնապետներին: Արաբական Մաղրեպում ի յայտ են գալիս անկասելի երիտասարդութիւն, ինթերաքթիւ նոր լրատուամիջոցներ, ընկերային շարժումների նոր ձեւեր, որոնք սպառնում են սասանել թուացեալ հսկաների անկայուն քաղաքական հաւասարակշռութիւնը իսլամական վտանգի վերաբերեալ նրանց հնացած ամբոխավարական ելոյթներով հանդերձ: Համացանցի եւ Պարսից ծոցից մինչեւ Ատլանտեան ովկիանոս արաբական աշխարհը հեղեղող արբանեակային յանդուգն ալիքների ժամանակաշրջանում կեանքը ծանր է թւում բռնակալներին:

Եթէ Իսրայէլը դողում է այն մտքից, որ «Իսլամ եղբայրները» կարող են իշխանութեանը տիրել Գահիրէում կամ Ամմանում, Միջերկրականի հարաւից ստացուող լուրերը իրօք ուրախացնում են: Մի կողմից, դրանք վերջ են դնում իսլամի եւ բազմակարծութեան ժողովրդավարութեան արժէքների անհամատեղելիութեան պնդմանը, միւս կողմից, դրանք ցուցադրում են արեւմտեան տէրութիւնների (կամայ թէ ակամայ) կուրութիւնը բռնապետական վարչակարգերի դէմ յանդիման, որոնք (բացառութեամբ Թունուզի) չեն աշխարհիկացրել իրենց հասարակութիւնները:

Ինչպէս ընդգծում է արաբական-մահմետական աշխարհի մասնագէտ Ժիլ Կեպելը, 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձութիւնների խորացած յոռի շրջանը պարփակել է տարածաշրջանը ամբողջատիրական սազի եւ իսլամական մուրճի արանքում: Այսպիսով, արաբական աշխարհը հարոս էր թողնուած համաշխարհային պատմութիւնից հեռու, դրսում էր մնացել Իսրայէլի հետ հակամարտութեան եւ նաւթային եկամուտների պատճառով: Արդ, մենք տեսանք, որ այդ շրջանը աստիճանաբար ճեղքւում է: Բայց նրանք ինչպէ՞ս կարողացան յաջողութեան հասնել այնտեղ, որտեղ հայերը ցաւալի ձախողում կրեցին 2008-ի գարնանը:

Թունուզի (մասամբ Ալճերիոյ) դէպքում վերցնենք հետեւեալ բաղադրատոմսը. ընկերային լարուած իրավիճակ, վկայեալ գործազուրկ եւ ապաքաղաքական երիտասարդներ (ի տարբերութիւն` մեծահասակների): Ժողովրդի սքողուած յուսախաբութեան այդ մթնոլորտում հրդեհի բռնկման համար անհրաժեշտ պատկերը ոչ թէ մահապարտ ժիհատական կերպարն է, այլ վշտաբեկ վկայեալ երիտասարդը, որն ինքնակիզման է դիմում` յուսահատութեան ճիչ արձակելով: Վառօդի բռնկման պէս համախմբումը տարածուեց ուրիշ շրջաններում`  միաւորելով քաղաքային աղքատ երիտասարդներին, բարոյալքուած ուսանողներին, իշխանաւորների անխիղճ ու գիշատչական շահագործմանը ենթակայ միջին խաւի ներկայացուցիչներին:

Ամէն երկիր ունի իր առանձնայատկութիւնները: «Եգիպտական ինթիֆատան» արտայայտում էր ժողովրդի հիասթափութիւնը իշխանութեան համատարած կաշառակերութիւնից, 2010-ի նոյեմբեր-դեկտեմբերի օրէնսդրական ընտրութիւնների շրջափակումից, ղպտիների կոտորածների պատճառով միջազգային ասպարէզում Եգիպտոսի վարկի անկումից եւ այլն: Յաղթանակների բերկրանքից յետոյ այդ ժողովուրդներն արթնացան բերանում դառը համի կանխազգացողութեամբ: Քանզի պայծառ ապագայից խօսելը կը նշանակէր անտեսել անապահովութեան վախը, 80 միլիոն եգիպտացիների մէջ ընտրախախտումների ենթակայ 40 տոկոս անգրագէտների գոյութիւնը, ժողովրդագրական առումով աննշան միջին խաւը, գաղափարախօսութեան պակասը… Մի խօսքով, բազմաթիւ գործօններ, որոնց պատճառով 2011-ի իրադարձութիւնները նման չեն 1950-ականների ձախամէտ զինուորական յեղափոխութիւններին, որոնք բանակը կանգնեցրին իշխանութեան գլուխ: Դա մեզ խորհել է տալիս, որ վերջին 60 տարիներին Եգիպտոսում իշխանութեան ղեկի մօտ կանգնած բանակը ամէն ինչ կ՛անի իր իշխանութիւնը պահպանելու համար` ժողովրդականութիւն չվայելող նախագահին փոխարինելով աւելի բարեհամբաւ մի զօրավարով:

Հարկ է յիշեցնել, որ Եգիպտոսում ընդդիմութիւնը կառուցուած չէ քաղաքական ճշգրիտ ծրագրի շուրջը (ինչպէս Թունուզում եւ Եմենում): Բացառութիւնը «Իսլամ եղբայրներն» են, որոնք վարժուած են ընդյատակին եւ, չնայած մասնատուածութեանը, համբերատար կերպով շարունակում են հասարակութեան կառուցումը (նրանք վերահսկում են արհեստակցական միաւորումների մեծամասնութիւնը): Այդ բոլոր վտանգների դէմ յանդիման արաբական այս գարնան ապագան բաւական անորոշ է թւում… «Մոնտ» թերթում հրապարակած մի յօդուածում ժամանակակից իսլամի յայտնի ընկերաբան Օլիվիէ Ռուան իրեն հարց է տալիս, թէ ո՛ւր են կորել իսլամականները: Ցուցարարների նկարագիրը տալիս նա ուղղակիօրէն խօսում է յետիսլամական սերնդի մասին, որը գործնական է եւ չի հետաքրքրւում գաղափախօսութեամբ:

Հին բռնակալների հրաժարականներով աւարտուած ցոյցերի գլխաւոր պահանջներն էին մարդու արժանապատուութիւնը եւ ժողովրդավարութիւնը: Նման ընդհանրական արժէքները պարտադիր չէ, որ ներմուծուեն, եթէ դրանք կարող են աստիճանաբար յարմարեցուել տեղական իրողութիւններին: Օլիվիէ Ռուան ընդգծում է մէկ ուրիշ տարօրինակ երեւոյթ. նախագահ Օպամայի հանդուրժողականութիւնը, ըստ երեւոյթին, թոյլ տուեց, որ տեղական պահանջներն ամենայն օրինականութեամբ արտայայտուեն այնպիսի պայմաններում, երբ Արեւմուտքը ժողովրդավարութեան առաջընթացը շաղկապում է երրորդ երկրի գործերին միջամտելու հետ եւ նոյնիսկ աղէտալի հետեւանքներով ռազմական միջամտութեան հետ:

Իր հերթին հարաւային Սուտանի ժողովուրդը երկարատեւ քաղաքացիական պատերազմից յետոյ կարողացաւ իր կամքը թելադրել Խարթումի վարչախմբին: Հասնելով տարածքային ամբողջականութեան սկզբունքի նկատմամբ ինքնորոշման իրաւունքի գերակայութեանը` հարաւցիները անկախութիւն կը ստանան առաջիկայ յուլիսին: Սա բարի լուր է Լեռնային Ղարաբաղի համար, որը փորձում է ամրապնդել իր ինքնիշխանութիւնը, մինչ Ազրպէյճանը ամէն առիթով աւելի ու աւելի բացայայտօրէն է ցուցադրում իր ռազմատենչ նկրտումները:

Իսկ Հայաստանի իշխանութիւնները կը կարողանա՞ն արդեօք մշտապէս պարծենալ, որ իրենք կայունութեան միակ եւ անփոխարինելի երաշխաւորն են: Այլ կերպ ասած, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը կը նպաստի՞ արդեօք հիմնարար ազատութիւնների ճնշմանը: Քաղաքացիական հասարակութեան սաղմը եւ փխրուն կառոյցները (անկախ մամուլ, ոչ կառավարական կազմակերպութիւններ, համալսարաններ…) ի՞նչ կարող են անել, որպէսզի Հայաստանում վիճարկման մի նոր քամի փչի, չփլուզելով խախուտ շէնքը: Իրականում անթափանցութեան եւ լուրջ բանավէճի բացակայութեան պատճառով Հայաստանը հեռու է մնացել այսպէս կոչուած «գունաւոր» յեղափոխութիւններից:

Սփիւռքը յուսախաբուած է Արեւմտահայաստանի կորստից, Հայաստանի դէպքերի վրայ ազդելու անկարողութիւնից, մինչդեռ հայ երիտասարդ մարտիկները շտապում են տեսնել Թուրքիայում 1915-ի Ցեղասպանութեան ճանաչումը եւ պատմութեան առջեւ այդ երկրի բարդոյթի վերացումը:

Ճամբաբաժանի վրայ պէտք է յիշել. Հայաստանի գործերին սփիւռքեան կառոյցների որեւէ միջամտութիւն կ՛աւարտուի ձախողմամբ: Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի վերջին ձեռնարկումները կը շարունակեն դժգոհութիւն յարուցել սփիւռքում: Քարացածութիւնը յուսախաբութեան ակունքներից մէկն է: Սրան գումարւում է Հայաստանի եւ սփիւռքի երիտասարդութեան գաղափարախօսութեան պակասը, ինչպէս նաեւ` ժողովրդավարական քննարկման կանոնների չիմացութիւնը: Հայաստանի երիտասարդութիւնը (եւ արաբական աշխարհինը) հիմա աւելի անհատապաշտ է եւ ձգտում է մարդավայել կեանք գտնել արտագաղթի միջոցով, ինչը դատարկում է Հայաստանը եւ մի նոր մտահոգութիւն պատճառում սփիւռքին:

«Արաբական յեղափոխութիւնները» գուցէեւ ներշնչանքի աղբիւր դառնան հայերի համար: Բայց պէտք չէ մոռանալ, որ Հայաստանը նիւթապէս ի վիճակի չէ զանգուածային բողոքների արշաւ ծաւալելու սակաւապետների վարչակարգի դէմ, ինչպէս դա ցոյց տուեց 2008-ի գարնանային փորձը:

Հայաստանում եւ սփիւռքում առկայ է մէկ ուրիշ յուսախաբութիւն, երբ անտարբեր դիտում ենք նոյն ընտրախաւերի նորացումը, որպէսզի ընտրութիւն կատարենք կաշառասուն վարչակարգի եւ քաոսի միջեւ: Բայց վերջին հաշուով սակաւապետութեան իշխանութիւնը եւ քաոսի վախը միեւնոյն խաբէութեան երկու կողմերն են, որոնք սնում են միմեանց:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՒԵԱՆ

«Ֆրանս Արմենի»

Թարգ. Պ. Ք.

Share this Article
CATEGORIES
TAGS