Հայրենի. Կոնսալես Կուարչ. «Ես Ինձ Աւելի Շատ Հայ Եմ Զգում»

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«Հայկական տոհմածառը», «Հայոց կտակը» եւ «Սպիտակ լեռը»:

Սրանք սպանացի գրող Կոնսալես Էռնանտօ Կուարչի վէպերն են նուիրուած Հայոց ցեղասպանութեանը: Կուարչը, որ շուրջ երեսուն տասնեակ գրքերի հեղինակ է, վերջին հինգ-վեց տարիների ստեղծագործական գործունէութիւնը նուիրել է Հայոց ցեղասպանութեանը: Կուարչն իր գրքերի միջոցով ցանկանում է, որ աշխարհը ճանաչի 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձութիւններն ու թարմացնի մարդկութեան յիշողութիւնը: Կուարչը խոստովանում է, որ մի առանձին վէպի թեմայ է այն, թէ ինչն իրեն ստիպեց անդրադառնալ Հայոց ցեղասպանութեանը:

«Մենք Զուիցերիայում ծանօթացանք մի հայ տիկնոջ հետ, ով ուզում էր, որ իր ընտանիքի պատմութեան մասին գրուէր: Յետոյ կարդացի Հենրի Մորկընթաուի գիրքն ու հասկացայ, որ մի շատ կարեւոր պատմութիւն ունեմ գրելու: Որքան խորացայ, այնքան հասկացայ, որ դա իմ առաքելութիւնն է: Ես մեծ համակրանք զգացի հայ ժողովրդի նկատմամբ եւ հիմա խոստովանում եմ, որ ամէն անգամ Երեւան գալուց ինձ աւելի շատ հայ եմ զգում, քան սպանացի, իսկ Հայաստանից հեռանալով ինձ հետ տանում եմ սէր ու մտերմութիւն», ասում է գրողը` յաւելելով, որ աշխատանքների ժամանակ իրեն աջակցել են կինն ու դուստրը:

«Զգուշացնում եմ, որ «Հայոց կտակը» կարդալիս կը կլանուէք դրա ընթերցանութեամբ եւ կը սկսէք ուշանալ աշխատանքից, քանի որ չէք կարողանայ կտրուել ընթերցանութիւնից», մի առիթով ասել է Կուարչը` յաւելելով, որ սիրահարուած է Հայաստանին, եւ կինն էլ տեղեակ է Հայաստանի հանդէպ մեծ սիրոյ մասին:

Սպանացի գրողին նամակներ են յղել անգամ Հարաւային Ամերիկայի բազմաթիւ երկրներից, կարծիքներ յայտնել ու նաեւ շնորհակալութիւն յայտնել, որ մարդկութեան ողբերգութեանն է անդրադարձել:

«Ազգ»-ի հարցին ի պատասխան, թէ իր գրքերն ինչպիսի ազդեցութիւն են ունեցել սպանացի հասարակութեան վրայ, հաշուի առնելով, որ Սպանիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, Կուարչը խոստովանեց. «Նրանք շատ զարմացած էին, որ կայ մի ժողովուրդ, դարաւոր պատմութեամբ, որ անցել է նման դժուարութիւնների միջով: Այս գիրքը նման է սերմի, որը պէտք է ծլի եւ բերք տայ: Ես համոզուած եմ, որ եռագրութիւնն իր արդիւնքը կը տայ: Պարզապէս պէտք է որ թարգմանուի նաեւ այլ լեզուներով, որպէսզի շատերը ճանաչեն հայոց պատմութիւնը»:

Հայաստանում Կուարչը եղել է երեք անգամ, այստեղ իրեն զգում է ինչպէս իր տանը: Թերեւս պատճառն այն է, որ հայ եւ սպանացի ժողովուրդների միջեւ շատ նմանութիւններ է գտել: «Դուք նոյնքան ջերմ, համակրելի եւ յախուռն էք, որքան սպանացիները: Այստեղ  սպանացին իրեն կը զգայ ինչպէս տանը», խոստովանում է գրողը` յաւելելով, որ հայ ժողովրդի կողմից նման ջերմութիւն եւ մեծարանք չէր սպասում:

«Պէտք է խոստովանեմ` գրելուց չէի մտածում, որ կ՛արժանանամ այսքան մեծ պատուի: Ես ուղղակի գրում էի այն, ինչ զգում էի», ասում է Կուարչը:

Հայաստանում Կուարչին գնահատում են թէ՛ հասարակութիւնը, թէ՛ մտաւորականութիւնն ու պետական այրերը: Կուարչը Հայաստանի գրողների միութեան եւ Գիտութիւնների ազգային ակադեմիայի անդամ է, նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով վերջերս արժանացել է «Մովսէս Խորենացի» շքանշանի: Մինչ այդ, «Այբ» կրթահամալիրում Կուարչը ներկայացրել է եռագրութեան ռուսերէն թարգմանութիւնը, որը տպագրուել է ռուսաստանցի բարերար Մովսիսեանի հովանաւորութեամբ: Կուարչը շնորհակալ է եւ յոյս է յայտնում, որ կը գտնուեն այլ բարերարներ, ովքեր եռագրութիւնը կը հրատարակեն այլ լեզուներով:

«Ազգ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )