Գաղտնի Հայեր Անատոլիայում (Արեւմտեան Հայաստանում – Խմբ.) Եւ Սղերդում

«Սիիրթնիուզ» (Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ)

Արժանթինահայ լրագրողը յայտնում է, որ Պոլսում, Ամասիայում, Տիգրանակերտում, Սասունում, Տերսիմում եւ Մուշում իր կատարած ուսումնասիրութիւնների ժամանակ ուշագրաւ դիպուածների է հանդիպել:

Օրինակ` 1915 թ. դէպքերի (Հայոց ցեղասպանութեան, «Ակունք»ի խմբ.) ժամանակ Ամերիկա փախած ընտանիքի` Բալուում մնացած անդամները մահմետականութիւնն են ընտրել, եւ նրանց մէջ անգամ իմամներ կան: Նոյն ընտանիքի` Միացեալ Նահանգներ փախած անդամների միջից էլ արքեպիսկոպոս է դուրս եկել:

Հաճեանի առաջին կանգառը Քուրթուլուշն է (առաւելապէս հայերով եւ այլ ազգային փոքրամասնութիւններով հոծ բնակեցուած թաղամաս Պոլսում – «Ակունք»-ի խմբ.)

Արժանթինահայ լրագրող Աւետիս Հաճեանի` Թուրքիայում կատարած ուսումնասիրութիւնների առաջին հանգրուանը Պոլսի Քուրթուլուշ թաղամասն է: Այստեղ հայ գնչուների հաւաքատեղի հրուշակեղէնի մի խանութում մի տարեց հայի` «Դու ո՞վ ես, ճանաչո՞ւմ ես Թուրքիան» հարցին հանդիպած Հաճեանն ինքն իրեն խոստովանում է, որ առանձնապէս լաւ չի ճանաչում այդ երկիրը: Սակայն հայերն էլ ներառեալ` ոչ ոք Թուրքիայում չգիտի, թէ իրականում ով է ինքը, եւ ովքեր` իր նմանները: Ըստ սոյն հրապարակման, որում նշւում է, թէ Թուրքիայում առկայ է ,գաղտնի հայերէ անուամբ յայտնի մի խորհրդաւոր փոքրամասնութիւն, շուրջ մէկ դար իրենց իրական ինքնութիւնը թաքցրած մարդկանց մեծ մասը, հիմնականում` թուրքի կամ քրտի ինքնութեամբ, ապրում է երկրի արեւելեան նահանգներում` դաւանելով իսլամի սիւննի եւ ալեւիական հաւատքը: Այնուամենայնիւ, յատկապէս Պաթմանի Սասուն գաւառի գիւղերում բնակուող մի փոքրիկ հանրութիւն շարունակում է պահպանել քրիստոնէութիւնը:

Հայերը Գաղտնի Կեանք Են Վարում

Հաճեանը շեշտելով, որ գաղտնի հայերի ստոյգ թիւը ոչ ոք չգիտէ, պատմում է, թէ ինքը ականատես է եղել, որ բազմաթիւ գաղտնի հայեր վախենում են բացայայտել իրենց արմատները, ապա` փոխանցում Բալուում բնակուող մի գաղտնի հայի հետեւեալ խօսքերը. «Թուրքիան դեռեւս վտանգաւոր տեղ է հայերի համար»: Զանազան ինքնութիւններով ապրող գաղտնի հայերը խուսափում են նաեւ բացայայտօրէն հայի ինքնութեամբ ապրող հայ քաղաքացիների հետ առնչուելուց: Գաղտնի հայերը յարաբերութիւններ չեն հաստատում նաեւ օտարների հետ: Հաճեանը նաեւ յայտնում է, որ թէեւ գաղտնի հայերի մի մասի պապերը կամ նախնիներն ընդունում են, որ իրենք հայ են, եւ թուրք ու քիւրտ հարեւանների կողմից որպէս հայ կամ կեաւուր անուանւում, սակայն նրանք մերժում են իրենց ինքնութիւնը, ոմանք էլ, չնայած ընդունում են իրենց իրական արմատները, սակայն այդ տեղեկութիւնը թաքցնում են իրենց զաւակներից: Հաճեանը նշելով, թէ բոլորովին էլ հեշտ չէ հասկանալ, թէ ով է գաղտնի հայ, բերում է զանազան օրինակներ: Այսպէս, Ամասիայի վերջին հայը հանդիսացող եւ ըստ քրիստոնէական հաւատքի դաստիարակուած ու Հրանդ Տինքի հետ նոյն դպրոցն աւարտած Ռաֆէլ Ալթընճըն, մուսուլման դառնալով` ամուսնացել է մի թուրք աղջկայ հետ եւ իր դստերն էլ դաստիարակել որպէս թուրք: Ալթընճըն տարիներ յետոյ դեռ նոր է ընդունում իր հայութիւնը: Մուշի գիւղերից մէկում ապրող Ժազօ Ուզալն այն դէպքում, երբ ձմեռը Պոլսում անցկացնելիս եկեղեցի է գնում, ամռանը գիւղ վերադառնալուց յետոյ խստօրէն պահպանում է իսլամի բոլոր օրէնքները, այդ թւում` Ռամատանի պահքը:

«Սիւննի Լինելուս Հանգամանքը
Չի Ստիպում Ինձ Աւելի Քիչ Հայ Զգալ

Միւս կողմից տիգրանակերտցի փաստաբան Մեհմեթ Արքանը մինչեւ 7 տարեկան մեծանում է` առանց իմանալու, որ իր ընտանիքը հայ է: Մինչեւ որ իր հետ նոյն թաղամասում բնակուող քիւրտ ընկերոջ հետ վէճի է բռնւում, որի ժամանակ էլ տեղեկանում այդ մասին: Երբ հօրը ճշմարտութիւնն է հարցնում, վերջինս ասում է, որ դա ճիշդ է, սակայն որդուն յորդորում է ոչ մէկին չասել դրա մասին: Արքանը պատմելով, որ մինչեւ 1960-ականների վերջը տուեալ շրջանի հայ գիւղացիները զինուած են եղել` իրենց ապրանքը քրտերի ձեռքն ընկնելը եւ վերջիններիս կողմից երիտասարդ աղջիկներ առեւանգելն արգելելու համար, եւ որ ժամանակ առ ժամանակ թէժ ընդհարումներ են գրանցուել, ասում է. «Մինչեւ 10 տարի առաջ բոլորից թաքցնում էինք մեր ինքնութիւնը, բայց Տիգրանակերտում հայ լինելն այլեւս վտանգաւոր չէ», եւ որպէս օրինակ` մատնանշում Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը: Արքանը յաւելում է, որ իր սիւննի լինելու եւ նամազ անելու փաստն իրեն չի ստիպում աւելի քիչ հայ զգալ:

Նոյն Ընտանիքից Մէկն Իմամ Է Դարձել,
Միւսը` Արքեպիսկոպոս

Պատահում են դէպքեր, երբ գաղտնի հայութիւնն անսպասելի վերակերպումների է յանգեցնում: Օրինակ` 1915 թ. մազապուրծ` Բալուի Բագին գիւղում ապրող Օգասլան տոհմը, Միացեալ Նահանգներ գաղթելով, բնակութիւն է հաստատել Ռոտ Այլընտում: Արտերկրում բռնի կերպով աշխատեցնելու նպատակով մի քիւրտ աշիրեթի ղեկավարի կողմից առեւանգուած ընտանիքի կրտսեր որդուն` Գրիգորին, աղան հետագայում, տակաւին փոքր տարիքում, ամուսնացնում է որբ Զերմանի հետ: Երկուսն էլ, Բալուի մի գիւղում հաստատուելով, իսլամութիւն են ընդունում եւ թուրքական անուններ ստանում: Մինչեւ իսկ հաժի են գնում միասին: Տարիներ անց Միացեալ Նահանգներում ապրող ազգականները կապ են հաստատում Գրիգորի եւ Զերմանի հետ: Ներկայում Գրիգորի եւ Զերմանի թոռներից մէկը Խարբերդի մի մզկիթում իմամ է, իսկ երկրորդ սերնդից նրանց զարմիկը` Օշական Չոլոյեանն է, դարձել է Նիւ Եորքի հայ եկեղեցու արքեպիսկոպոս:

Հաճեանն իր յօդուածում յայտնում է, որ գաղտնի հայեր կան նաեւ Տերսիմ նահանգում եւ վերջինիս շրջակայքում, եւ նշում, որ ինքը Սասունում մի դէպքի է ականատես դարձել: Պաթմանի Սասուն գաւառի գիւղերից մէկից, որտեղ ինքը բնակութիւն էր հաստատել, «հաժի» են գնում Ռաման լերան վրայ գտնուող մի սրբատեղի: Երբ հայերի կարաւանից 6-7 տարեկան մի աղջկայ` մէջքին գցուած սպիտակ պարկը քամուց ծածանւում է, մի հայկական խաչ է երեւում: Դա նկատած լրագրողը մօտենում է լուսանկարելու: Դէմքը վզնոցով ծածկած մանկամարդ աղջիկը հետեւեալ պատասխանն է տալիս լրագրողին` «Հա՞յ ես, ընտանիքումդ հայեր կա՞ն» հարցին. «Մենք մուսուլման ենք»:

Սղերդի Հայերը

19-րդ դարի առաջին կէսին Սղերդ այցելած եւրոպացի միսիոներների նօթերում նշուած է, թէ այստեղի կենտրոնի բնակչութեան մէկ երրորդը մուսուլման է, իսկ երկու երրորդը` ոչ մուսուլման (հայ, նեստորական, հրեայ), եւ որ բոլոր ժողովուրդները համատեղ ապրել են` առանց խնդիրների: Ներկայում Սղերդում եւ շրջակայքի գիւղերում առկայ են մեծ ու փոքր 13 եկեղեցիների եւ վանքերի աւերակներ: Ա. Աշխարհամարտի ժամանակ, երբ ռուսները 1915 թ. յուլիսին հաշուարկներ էին անում Պիթլիսը (Բաղէշ, «Ակունք»-ի խմբ.) գրաւելու ուղղութեամբ, Սղերդի վալին ռուսական զաւթման դէմ միջոցներ ձեռնարկելու նպատակով մի գործողութիւն է ձեռնարկում Սղերդում եւ շրջակայքում ապրող ոչ մուսուլմանների դէմ: Սոյն գործողութեան արդիւնքում յատկապէս թալանւում եւ աւերւում են նահանգի կենտրոնում գտնուող Հոլանիյէ, Հանդեւիս գիւղերը եւ Տէյրի եկեղեցիները, վանքերը: Նոյնիսկ ասում են, թէ հրկիզուել են Տէյր վայրում գտնուող Մօր Եաքուփ վանքի 30 հազար հատոր գրքերը: Զինուորները հետեւում են կոտորածից փախած` սոյն նեստորական վանքի արքեպիսկոպոս Ատտէյ Սերին եւ սպաննում նրան ներկայիս Էրուհի Թանզըհ (Քաւաքեօզիւ) գիւղում, որտեղ նա թաքնուել էր: Բանաստեղծ եւ գիտնական Ատտէյ Սէրը յայտնի է 1905 թ. Եւրոպայից բերած իր օգնութեամբ, որը հաւասարապէս բաժանուել է Սղերդի չքաւորներին` առանց տարբերութիւն դնելու քրիստոնեաների եւ մահմետականների միջեւ: Բազմաթիւ հայ եւ նեստորական ընտանիքներ կա՛մ աքսորւում են, կա՛մ սպաննւում, կա՛մ էլ բռնի կրօնափոխւում: Քրտերը բռնի մահմետականացածներին «Մըսըլմենի» են անուանում, այսինքն` մուսուլմանիկ, եւ դեռեւս որոշ ընտանիքներ կրում են այդ մականունը: Հարկադրուած կերպով մահմետականացածները ժամանակի ընթացքում մէկական «կրօնապաշտ» քաղաքացի են դարձել, եւ առկայ են վախից իրենց ու իրենց հաւատքը թաքցրած  հայեր ու նեստորականներ: Բաւականին մեծ է նրանց թիւը, ովքեր իրենց մուսուլման արաբ կամ քիւրտ համարելով` ապրում են` բանից անտեղեակ: Դա է պատճառը, որ Սղերդում բազմաթիւ արաբներ կամ քրտեր ասում են, թէ իրենց մայրերը կամ տատերը հայկական ծագում ունեն:

«Ակունք»

Share this Article
CATEGORIES