Խմբագրական «Դրօշակ»-ի. Ինչո՞ւ Յանկարծ Աղմուկ

Հայաստանի Ազգային ժողովը, գարնանային նստաշրջանի աւարտին, օրէնքով սահմանուած կարգով, լսեց Հայաստանի Վերահսկիչ պալատի հերթական հաշուետուութիւնը:

Սովորաբար այս հաշուետուութիւնները որոշ ժամանակով ալեկոծութիւն են առաջացնում հասարակական-քաղաքական մթնոլորտում: Աշխուժանում են յատկապէս լրատուամիջոցները, ելոյթներ են ունենում պատգամաւորները, մարդիկ առօրեայ զրոյցների ընթացքում անդրադառնում են ներկայացուած մեղադրանքներին եւ… եւ կարծես թէ վերջ: «Որոշ ժամանակը» ձգւում է մի քանի օր եւ դրանով ամէն ինչ հանդարտւում է:

Անաչառ լինելու համար արձանագրենք ի հարկէ, որ երբեմն «Վերեւներից» լիազօր մարմիններին յանձնարարութիւններ են իջեցւում հետամուտ լինելու ներկայացուած փաստերին` եղել են դէպքեր, երբ քրէական գործեր են յարուցուել: Ամէն պարագայում դժուար է յիշել որեւէ օրինակ, երբ ներկայացուած նախաձեռնութիւնները լուրջ ընթացք ունենային, վերջնական իրաւական գնահատականներ տրուէին եւ ինչ-որ մարդիկ պատասխանատուութիւն կրէին պետական միջոցների իւրացման, չարաշահումների, կամ անարդիւնաւէտ օգտագործման համար:

Ստացւում էր, որ բոլորն գոհ էին մնում տեղի ունեցածից: Փաստւում էր, որ մեր երկրում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում են թափանցիկ, վերահսկողութիւնից դուրս չէ ոչ մի գերատեսչութիւն կամ պաշտօնեայ: Հրապարակուած փաստերին անդրադառնում էր նաեւ կառավարութիւնը եւ ի հարկէ սա գործադիր իշխանութեան հաշուին եւս գրանցուող միաւոր է:

Հայաստանի Վերահսկիչ պալատի մասին օրէնքի 1-ին յօդուածի 1-ին կէտի համաձայն. «Հայաuտանի Հանրապետութեան Վերահuկիչ պալատը (այuուհետ` Վերահuկիչ պալատ) պիւտճէական միջոցների եւ պետական ու համայնքային uեփականութեան oգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահuկողութիւն իրականացնող անկախ պետական մարմին է»:

Ժողովրդավարութեան ու օրինականութեան տեսանկիւնից լաւ չէ՞ արդեօք, որ երկիրն ունի անկախ վերահսկողական մարմին, որը կարող է ներքեւից վերեւ վերահսկել ողջ գործադիր համակարգը, եւ անհրաժեշտ պարագայում մեղադրանքներ ներկայացնել ցանկացածին:

2013 թուականի յունիսի 13-ին ներկայացուած, նախորդ տարուայ գործունէութեան հաշուետուութիւնը, սակայն չընդունուեց, ինչպէս նախորդ դէպքերում, այլ` արժանացաւ կառավարութեան նեարդային արձագանգին: Առաջին անգամ փոխվարչապետը հանդէս եկաւ ներկայացուած զեկոյցին անհամաձայնութիւն յայտնող յարակից զեկոյցով, իսկ վարչապետը անդրադարձաւ դրան կառավարութեան նիստի ժամանակ: Հանրապետական խմբակցութեան մի շարք պատգամաւորներ օգտուեցին պատեհ առիթից, պաշտպան կանգնելով սիրելի կառավարութեանը, եւ իրենց հերթին մի քանի քար նետեցին Վերահսկիչ պալատի «բոստան»-ը:

Կառավարութեանը նեարդայնացրել էր մասնաւորապէս այն, որ Վերահսկիչ պալատի նախագահը խօսելով գնումների եւ շինարարութեան ոլորտներում առկայ խնդիրների մասին, ասել էր, թէ այս ոլորտները ռիսքային են` այն դէպքում, երբ տուեալ ոլորտներին է առնչւում ծախսային մասի 701 միլիոն դրամը:

Աւելի՛ն, ուսումնասիրութեան արդիւնքում երկրի գլխաւոր վերահսկողական մարմինը յանգել էր եզրակացութեան, որ ռիսքային է (այլ խօսքով վտանգած վիճակի մէջ է) երկրի պիւտճէի 70 առ հարիւրը:

Թէ ինչն է այստեղ յատկապէս «ցաւ պատճառողը» հասկանալի կը դառնայ, եթէ ուղղակիօրէն մէջբերում կատարենք կառավարութեան նիստում վարչապետի արտասանած համապատասխան ելոյթից. «Եւ այն յայտարարութիւնը, որ պետական պիւտճէի 70 տոկոսը խիստ ռիսքային է եւ փտած ձեւով է ծախսւում, վերաբերում է այս դահլիճում նստածներից իւրաքանչիւրին: Պետական պիւտճէի 70 տոկոսը` 700 միլիառը. դա նշանակում է, որ ասուածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականութեանը»:

Այսինքն այս դէպքում մեղադրանքն ուղղուած է ոչ թէ ինչ-որ առանձին գերատեսչութեան, այլ ողջ կառավարութեանը: Աւելորդ է թերեւս նշել, որ երբ ասում ենք «Ողջ կառավարութիւն», նշանակում է, թէ գլխաւոր պատասխանատուն չի կարող չլինել հէնց այդ կառավարութեան ղեկավարը:

Ինչ վերաբերում է պիւտճէի գերակշիռ մասի ռիսքային լինելու մտքի հետ պարոն Սարգսեանի անհամաձայնութեանը, ապա կարելի է վստահօրէն պնդել, որ այս հարցում նրա տեսակէտը ոչ միայն Վերահսկիչ պալատի տեսակէտի հետ չի համընկնում, այլեւ թերեւս այս երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնութեան տեսակէտի հետ: Համոզուելու համար, այդպէ՞ս է, թէ՞ ոչ, կարելի է պարզապէս փողոց դուրս գալ եւ պատահած մարդկանց հարցնել, թէ օրինակ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման ո՛ր ոլորտներում է, որ պիւտճէի միջոցներին ձեռք չեն մեկնում:

Այս առիթով թերեւս կարելի է վկայակոչել ամենաթարմ օրինակներից մէկը` աղէտից տուժած գիւղացիներին բաշխուող օժանդակութիւնների գործընթացի ստուգումները պարզեցին, որ հինգ մարզերում տեղի են ունեցել չարաշահումներ: Հետաքրքիր է, նաեւ, թէ այս առիթով ի՛նչ կ՛ասէին մնացած մարզերի գիւղացիները:

Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ եղած տարակարծութեանը, ապա դա մօտաւորապէս նման է այն պարագային, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը մտածում է, թէ իւրաքանչիւր հերթական ընտրութիւնները կեղծուած են, իսկ վարչապետն ու խմբակիցները պնդում են, թէ «Իւրաքանչիւր հերթականը» լաւն էր ու շատ աւելի լաւն էր, քան` նախորդողները:

Վարչապետը, ի պատասխան, նաեւ մեղադրեց Վերահսկիչ պալատի նախագահին քաղաքական յայտարարութիւններ կատարելու մէջ, ինչը ժխտեց վերջինս` իր հերթին վկայաբերելով ներկայացուած հաշուետուութիւնը:

Կարծում ենք վարչապետն աւելի ճիշդ արած կը լինէր, եթէ բաւարարուէր նոյն ելոյթի սկզբում ասուած մի քանի նախադասութեամբ. «Ես անձամբ խիստ շահագրգռուած եմ, որ բոլոր այն բացայայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խօսում էր Վերահսկիչ պալատը, անյապաղ ներկայացուեն իրաւապահ մարմիններին, եւ տրուեն պատասխաններ: Եւ ես ամէն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան»:

Ի դէպ, վարչապետի այս վերջին միտքը տրամաբանական է ոչ միայն քաղաքական, այլեւ հէնց իրաւական առումով: Ինչ է նշանակում, որ երկրի վերահսկող գլխաւոր մարմինը ներկայացնի լրջագոյն փաստեր եւ իրաւապահ մարմինները քննութեան առարկայ չդարձնեն դրանք: Այս մարմինները կոչուած են նրան, որ անգամ լրատուամիջոցների կամ պարզ քաղաքացիների կողմից հնչեցուած ահազանգերին արձագանգեն գործնականօրէն:

Ի դէպ, կառավարութեան գզրոցներում գոյութիւն ունի օրէնքի նախագիծ, ըստ որի, քաղաքացու կողմից ոստիկանութեանը տրուած ցանկացած յանցակազմ պարունակող հաղորդման հիման վրայ ինքնաբերաբար քրէական գործ յարուցուի:

Յիշեալ հաշուետուութեան մէջ ներկայացուած յստակ մեղադրանքներին անդրադառնալով` կառավարութեան ներկայացուցիչները, ինչպէս եւ նրանց ձայնակցող հանրապետական պատգամաւորները, փորձեցին մեղմել փաստերը` մեկնաբանելով, թէ խօսքը ոչ թէ չարաշահումների մասին է, այլ միջոցների անարդիւնաւէտ տնօրինման, բացթողումների եւ այլն: Եթէ անգամ ընդունենք, թէ դա այդպէս է, արդիւնքում փոշիանում են հարկատուի գրպանից դուրս եկած միջոցներ եւ հետեւաբար ինչ-որ մարդիկ, ինչ-որ պատասխանատուութիւն պէ՞տք է կրեն, թէ՞ ոչ: Քրէական օրէնսգիրքը պատիժներ է նախատեսում ոչ միայն յանցաւոր գործունէութեան, այլեւ յանցաւոր անգործութեան համար: Եւ եթէ պատասխանատու պաշտօնեան ունակ չէ վերահսկել իրեն վստահուած ոլորտը, ապա առնուազն պէտք է փոխարինուի: Ի դէպ, անկախ զբաղեցրած պաշտօնից:

Եւ վերջում:

Անկախութեան աւելի քան երկու տասնամեակի ընթացքում Հայաստանի հերթական կառավարութիւնների հիմնական անելիքներից մէկը եղել է փտածութեան դէմ պայքարը: Այդ նպատակով տեղական պիւտճէից յատկացուել են միջոցներ, արտերկրից ներգրաւուել են վարկեր ու դրամաշնորհներ:

Կառավարութեան յանձնարարութեամբ համապատասխան գերատեսչութիւնները, ըստ ոլորտների, կազմել են հաստափոր թղթապանակներ այն մասին, թէ ի՛նչ միջոցառումներ պէտք է ձեռնարկել տուեալ ոլորտներում փտածութիւնը վերացնելու համար: Որքան շատ են գրել ու պայքարել, փտածութիւնը այս երկրում աւելի է ծաղկել ու փթթել:

Հետաքրքրուողները թող դիմեն կառավարութեանը ծանօթանալու նպատակով տարբեր ժամանակահատուածներում ստեղծուած այդպիսի կոթողային փաստաթղթերի հետ: Ուսումնասիրողի համար կարծում եմ մէկ բան առնուազն ակնյայտ կը դառնայ` փտածութեան դէմ պայքարի խրամատներում, որոշ մարդիկ վատ փող չեն դիզել:

Ընդդիմադիր «չար լեզուները» տարիներ շարունակ գոռացել են, թէ փտածութեան դէմ պայքարը չի կարող ընթանալ կառավարական քուլիսներում: Այն առնուազն պէտք է հրապարակայնանայ եւ կրի անկախ բնոյթ: Մենք, որպէս երկիր, դրա համար բոլոր հնարաւորութիւնները ունենք: Իսկ, թէ մօտ ապագայում ինչպէ՛ս է լինելու, պարզ կը դառնայ թէկուզ Հայաստանի Վերահսկիչ պալատի վերջին հաշուետուութեանը հետեւելիք կամ չհետեւելիք գործընթացներից:

26 յունիս, 2013

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )