«Էրտողանի Գործելաոճը Գրգռել Եւ Զայրոյթ Է Առաջացրել». Թաթուլ Յակոբեանի Զրոյցը Էթիեն Մահչուպեանի Հետ

Պոլսահայ սիւնակագիր եւ հեղինակ Էթիեն Մահչուպեանը Թուրքիայում ամենայարգուած եւ չէզոք լրագրողներից է: Այսօր նրա հրապարակումները լոյս են տեսնում թրքատառ «Զաման» եւ անգլիատառ «Today՛s Zaman» օրաթերթերում: Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ նա խմբագրեց «Ակօս» շաբաթաթերթը մինչեւ 2010 թուականը: Մահչուպեանը Թուրքիայի պատմութեան եւ քաղաքականութեան մասին 13 գրքերի հեղինակ է:

 

ՀԱՐՑՈՒՄ.- Էթիեն, ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում վերջին շաբաթների ընթացքում: Որո՞նք են հակակառավարական այս ցոյցերի խորքային պատճառները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այս խնդիրն ունի մի քանի կողմ, մի քանի շերտ: Նրանցից մէկը` թերեւս ամենակարեւորը եւ Թուրքիայի վրայ ամենաերկար ազդեցութիւն ունեցողն այն է, որ երկրում ընկերային լուրջ անջրպետ կայ: Այսինքն հասարակութեան աշխարհիկ եւ իսլամական հատուածների միջեւ հաղորդակցութիւն չկայ: Իսլամական հատուածը ներկայացնող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը կառավարում է Թուրքիան ամբողջովին քաղաքական ճանապարհով եւ տարբեր քաղաքական դերակատարների հետ կապերի միջոցով: Հետեւաբար այն նաեւ կապի մէջ է հիմնական ընդդիմադիր, Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցութեան հետ: Սակայն Ժողովրդահանրապետական կուսակցութեանը չի յաջողւում աշխարհիկ հատուածում ներկայացնել նոր սերունդը կամ աշխարհիկների աւելի քաղքենիական թեւը: Այսպիսով, չներկայացուած, սակայն լաւ կրթութիւն ստացած, բարձր եկամուտներով, արտասահմանի հետ շփուող երեխաներ ունեցող ընտանիքների լայն շերտ գոյութիւն ունի Թուրքիայում: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ազդել քաղաքական գործընթացների վրայ: Վարչապետ Էրտողանի գործելաոճը եւ նրա սեփական բարոյական ընկալումներով ընդգծուած վերաբերմունքը հանրութեան նկատմամբ գրգռել եւ զայրոյթ է առաջացրել, յատկապէս այս` չներկայացուած աշխարհիկ հատուածում: Երիտասարդ այս սերունդը, որը համաշխարհայնացուած է, զանազան միջազգային ցանցերի մաս է կազմում, օգտագործում է Թուիթըր եւ Ֆէյսպուք ինչ-որ մի պահի որոշեց հակադարձել: Սա կարելի է ասել Կեզիի դէպքերի առաջին օրերի մասին: Այդ պահին Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը սա չընկալեց եւ ճիշդ ձեւով չարժեւորեց անցուդարձը, քանի որ նման զարգացումներ չէր սպասում: Իշխանութիւնը ցուցարարներին ընկալեց որպէս ձախակողմեան երեք խմբերի ճիւղեր եւ ոստիկանութիւնը նրանց դէմ բռնութիւն գործադրեց: Այդ հանգրուանից յետոյ իրավիճակը բոլորովին այլ ուղղութեամբ զարգացաւ: Շարժմանը միացան մօտաւորապէս 120 տարբեր խմբեր: Իրադարձութիւնների ղեկն այդ խմբերի ձեռքն անցաւ: Ցուցարարներն սկսեցին ընդհանրական պահանջներ առաջադրել, եւ շարժումը վերափոխուեց: Քանի դեռ ցոյցերը շարունակւում էին ու արմատապէս չէին ճնշւում, դրանք ընկալւում էին Թուրքիայում անկայունութիւն ստեղծելու եւ մինչեւ յաջորդ ընտրութիւնները Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան դիրքերը խարխլելու տեսանկիւնից: Թուրքիայում տեղական ընտրութիւնները վճռորոշ են, Պոլսի տեղական ընտրութիւններն է՛լ աւելի վճռորոշ են: Եթէ Պոլսի քաղաքապետարանի ընտրութիւններում յաղթի Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեանը հակադրուող կողմը, այդ պահից նուազելու է նախագահական ընտրութիւններում կուսակցութեան յաջողութեան հասնելու հնարաւորութիւնը. այն միգուցէ չնչին տարբերութեամբ կարողանայ յաղթանակ տանել: Այդ պայմաններում նուազելու է նաեւ նոր սահմանադրութիւն ընդունելու հաւանականութիւնը: Առանց նոր սահմանադրութեան` նոր ճգնաժամում կը յայտնուի քրտական խնդրի լուծումը, իսկ այդ ժամանակ յայտնի չէ, թէ ինչ քայլերի կը դիմեն քրտերը: Թուրքիայում որոշ` խոշոր դրամագլուխ կամ ինչ-ինչ գաղափարախօսութիւն դաւանող խմբեր, յատկապէս` Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից, խրախուսեցին, ջանացին, բայց ծրագիրը չյաջողուեց: Այս պահին արդիւնքը լիովին հակառակն է, աւելի՛ն. կրկին համախմբւում է Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ընտրազանգուածը:

Հ.- Սա աւելի խորքային պայքար է վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան միջե՞ւ:

Պ.- Ժողովրդահանրապետական կուսակցութեան մասին խօսելիս պէտք է նախ ենթադրել, որ կուսակցութեան ներսում միասնականութիւն կայ. նման ենթադրութիւնը, սակայն, ճիշդ չէ: Կուսակցութեան մէջ կայ ազգայնական մի թեւ, որն աւելի ինքնամփոփ է, մերժում է Արեւմուտքը եւ քեմալականութեան նոր ընկալում եւ չափազանց աշխարհիկ աշխարհայեացք ունի: Միւս թեւն աւելի դասական է, ուզում է շատ աւելի ընկերային-ժողովրդավարական ուղղութեամբ առաջնորդուել: Այն կուսակցութեան աւելի նորարարական թեւն է: Այս վերջին դէպքերը պատճառ դարձան, որ կուսակցութեան ներսում ազգայնականները աւելացնեն իրենց կշիռը, նորարականները գրեթէ անհետացան հրապարակից: Այսպիսով, այն, ինչ երեւում է որպէս Ժողովրդակահանրապետական եւ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան միջեւ պայքար, իրականում ազդում է առաջինների վրայ, եւ կարծում եմ, որ կուսակցութեան զարգացման վրայ բացասական ազդեցութիւն կ՛ունենայ: Եթէ խնդիրը ընկերաբանական տեսանկիւնից դիտարկենք, այն աւելի խորն է: Իմ կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն այլեւս չի կարողանում ներկայացնել հասարակութեան աշխարհիկ հատուածին: Եթէ կուսակցութիւնը կարողանար ներկայացնել աշխարհիկների բոլոր պահանջներն ու նախընտրութիւնները, ապա երկու այս կուսակցութիւնները կը կարողանային լուծել խնդիրները: Քանի դեռ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը չի կարողանում ներկայացնել աշխարհիկների շահերը, վերջիններս ընկերային հողի վրայ առերեսւում են Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան հետ, որը չգիտի, թէ ինչպէս վերաբերուել նրանց: Այդ իսկ պատճառով չենք կարող ասել` Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն ամբողջական դերակատարութիւն ունի այստեղ, դէպքերի աւարտին նրանք ամէնից շատ ազդուած կողմն են լինելու:

Հ.- Այս իրադարձութիւններից յետոյ Էրտողանն ու իր կուսակցութիւնն աւելի՞ կը հզօրանան, թէ՞ նա աւելի թոյլ վարչապետ կը լինի:

Պ.- Էրտողանը Անգարայում եւ Պոլսում երկու հանրահաւաք կազմակերպեց: Պոլսի չհանրահաւաքին մէկ միլիոնից աւելի մարդ մասնակցեց, եւ դեռ մեծ թուով մարդիկ չկարողացան մասնակցել հանրահաւաքին: Հետաքրքրական էր, որ ծայրայեղ «Ազգայնական շարժում», «Սաատեթ» եւ «Մեծ միասնութիւն» կուսակցութիւնների ընտրազանգուածը եւս մասնակցում էր հանրահաւաքներին: Նրանք նաեւ միասնական պատգամ էին յղում այս քայլով: Այսինքն` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը դեռ պահպանում է իր նախկին հզօրութիւնը: Միւս կողմից, եթէ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը շարունակի այսպէս վերաբերուել իրադարձութիւններին, պիտի խոչընդոտի իր իսկ յաջողութիւնը: Եթէ կուսակցութիւնն ուզում է ընտրողների աջակցութիւնը աւելացնել, նա պէտք է աշխարհիկների հետ եւս կարողանայ լեզու գտնել:

Պէտք է նաեւ նշեմ, որ Էրտողանի գործելաոճը հանրութեան իսլամական հատուածում եւս միանշանակ չի ընդունւում: Մարդիկ սատարում են Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեանը եւ Էրտողանին, սակայն նրանք ցանկանում են, որ Էրտողանն աւելի հանդուրժողական վերաբերմունք որդեգրի: Սակայն եթէ առճակատումը շարունակուի եւ աւելի սրուի, ժողովուրդը, նոյնիսկ Թուրքիայի աշխարհիկ ժողովրդավարները, մեծամասնութեամբ կ՛աջակցեն Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեանը, քանի որ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ձախողման դէպքում հնարաւոր չի լինի կանխատեսել, թէ ինչ ուղղութեամբ կը զարգանայ Թուրքիան, ինչ կը լինի քրտական հարցի հետ, առկայ է նաեւ զինուորականների իշխանութեան վերադարձի հաւանականութիւնը. մի խօսքով, ոչ ոք չի ուզում բոլոր այս վտանգների առաջ կանգնել: Էրտողանի մասին կարող եմ ասել հետեւեալը. դէպքերի առաջին շաբաթուայ ընթացքում իր կոշտ վերաբերմունքի պատճառով նրա ժողովրդականութիւնը 55 տոկոսից նուազեց մինչեւ 35-ի: Ժողովուրդը յստակ ցոյց տուեց, որ չի արդարացնում նրա գործելաոճը: Սակայն այս պահին նրա ժողովրդականութիւնը կրկին բարձրացաւ մինչեւ 45 տոկոսի: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան մասին իմ տեղեկութիւնների վրայ յենուելով` կարող եմ ասել, որ Էրտողանը շատ շուտ սովորող գործիչ է:  Կարելի է տեսնել, թէ վերջին 20 տարուայ ընթացքում նա որտեղից ուր հասաւ: Այս դէպքերից էլ ամենաշատ սովորողը Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը պիտի լինի: Միջնաժամկէտ հեռանկարում այս կուսակցութեան քուէները պիտի շարունակեն աճել, պիտի աւելանայ տարբեր խմբերի հետ կապ հաստատելու նրա ներուժը: Սակայն այս գործընթացում կուսակցութեանը նեղութիւն պատճառող եւ փորձութեան մատնող մի բան կայ` ալեւիների քուէները: Կուսակցութիւնը խնդիրներ ունի շիայ ալեւիների հետ, քանի որ չափազանց սիւննիական աշխարհայեացք ունի: Եթէ այս հարցում կուսակցութիւնը սխալուի, ապա կը թուլանայ: Իսկ եթէ յաջողուի խուսափել սխալներից, կարծում եմ, որ 2015-ին նախագահական ընտրութիւններում Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան քուէները կը հատեն 55 տոկոսի սահմանը:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Պոլիս

 

Share this Article
CATEGORIES