Արմէն Մարտիրոսեանին Մի Քիչ Մտածելը Չէր Խանգարի

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

Ի հարկէ, մենք ուրախ ենք, որ Երեւանի քաղաքապետարանում, ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից բացի, ի դէմս «Բարեւ Երեւան» դաշինքի, կայ նաեւ ընդդիմադիր ուժ: Մեր կարծիքով, Արմէն Մարտիրոսեանը պէտք է նկատած լինի, որ առնուազն ընդդիմադիր դաշտից «Բարեւ Երեւանի» դէմ որեւէ կեցուածք չի ընդգծւում, չկայ նաեւ նրա գործունէութեան որեւէ քննադատութիւն:

Թւում էր` Արմէնը պիտի շոյուած զգար իրեն դրա համար, բայց արի ու տես, որ ընդդիմութեան այդ օրինական վերաբերմունքից Արմէն Մարտիրոսեանը ոչ թէ շոյուել, այլ դարձել է ինքնահաւան: Ինքնահաւան` այն աստիճան, որ սկսել է քննադատել ընդդիմադիր դաշտի միւս ուժերին, որոնք եղել են իշխանութիւն կամ ինչ-որ կերպ մաս են կազմել իշխանութեանը: Նա շատ թափանցիկ կերպով ակնարկում է ՀԱՔ-ին եւ յատկապէս Դաշնակցութեանը` ընդգծելով, որ այդ ուժերի ազդեցութիւնն այսօր մեծ չէ, որովհետեւ` «… ցաւօք սրտի,  ընդդիմութեան ներսում կան անձինք, ովքեր իրենց քաղաքական ուժերի իշխանութեան մէջ եղած ժամանակ բարձրաստիճան պաշտօնատար անձինք են եղել եւ պորտալարեր ունեն իշխանութեան հետ մինչեւ հիմա, որովհետեւ իշխանութիւնը մեզ մօտ չի փոխուել»:

Մի փոքր մանրամասնենք նրա «ապաքաղաքական» յայտարարութիւնը: Նախեւառաջ` այս երիտասարդ պարոնը, եթէ իրեն համարում է քաղաքական եւ կուսակցական գործիչ, առնուազն պարտաւոր էր պարկեշտ լինել եւ աւելորդ չճամարտակել այլ կուսակցութիւնների կառուցուածքային հարցերի եւ ղեկավար մարմինների կազմի մասին: Մենք էլ հազար ու մի պատճառներ ունենք պահանջելու, որ Րաֆֆի Յովհաննէսեանը հեռացուի «Ժառանգութիւնից», բայց, քաւ լիցի, այդպիսի հարց չենք դնում, որովհետեւ, նախ` դաստիարակուած ենք եւ ապա` շատ ծիծաղելի տեսք կ՛ունենանք կողքից նայողի համար:

Անցնենք առաջ: Կարելի է կռահել, որ Արմէն Մարտիրոսեանը, իշխանութեան հետ պորտալարով կապուածներ ասելով` որոշակիօրէն  ՀՅԴ-ի դէպքում որ քաղաքական գործիչներին կարող է նկատի ունեցած լինել:

Արմէն Մարտիրոսեանը, ուզում ենք հաւատալ, որ ինչ-որ մէկի թելադրանքով յանկարծ փորձել է իմաստախօսել այն մասին, որ իբր ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներն են մեղաւոր, որ ՀՅԴ-ն չունի այն ազդեցութիւնը, ինչ կարող էր ունենալ, եթէ այդ մարդիկ չլինէին ՀՅԴ ղեկավար կազմերում:

Անկեղծ ասած` զարմանում եմ, թէ ինչպէս եւ ում ջանքերով է փողոցային այս տրամաբանութիւնը փոխանցուել Արմէնին: Բայց դա էլ արդէն էական չէ: Նրան ընդամէնը բացատրենք, որ իմանայ այն պարզ ճշմարտութիւնը, որ քաղաքական կուսակցութիւնները չեն ստեղծւում նրա համար, որ իրենց գործունէութեան ընթացքում լինեն միայն ընդդիմութիւն: Ժամանակի հետ նրանք, եթէ յաջողակ են գտնւում, նաեւ կարողանում են իշխանութեան գալ եւ կամ մաս կազմել ձեւաւորուած իշխանութեանը: Բնական է նաեւ հակառակ գործընթացը, երբ իշխանութիւն ունեցած կամ իշխանութեանը մաս կազմած կուսակցութիւնն է անցնում ընդդիմութիւն: Սրանք հասարակ բաներ են, որ քաղաքական գործիչը պէտք է իմանար եւ կուսակցութիւնների մասին դատողութիւններ անելիս չմոռանար, որ կուսակցութիւնները ոչ թէ արհեստագործական հիմնարկներ են, այլ` քաղաքական կառոյցներ, որոնք գործում են քաղաքական դաշտում եւ իրենց որոշումները կայացնում են քաղաքական իրավիճակին համեմատ: Յատկապէս երբ ՀՅԴ-ն առաջնորդւում է միմիայն հայութեան շահով եւ ոմանց պէս չի ստեղծուել, որ սպասարկի Արեւմուտքի կամ Ռուսաստանի ցանկութիւններին:

Ես ուզում եմ հարց տալ Արմէն Մարտիրոսեանին` քանի՞ տարեկան էր Արմէն Մարտիրոսեանը, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր միակ ուժն էր Հայաստանում: Այդ նոյն մարդիկ, ում նա համարում է իշխանութիւնների հետ պորտալարով կապուած, նախապէս երբեք մաս չէին կազմել իշխանութեանը: Այդ մարդկանց պայքարի շնորհիւ, յարգելի՛ Արմէն, Հայաստանում իշխանափոխութիւն տեղի ունեցաւ, ինչի արդիւնքում նաեւ նրանց ներկայացրած կուսակցութիւնը դարձաւ իշխանութեան մաս: Այդ մարդիկ, այո՛, բարձր պետական եւ ընտրովի պաշտօններ զբաղեցրեցին` ԱԺ փոխնախագահից սկսած` մարզպետներով ու նախարարներով վերջացրած: Բայց որոշ ժամանակ անց այդ նոյն մարդիկ, իրենց իսկ որոշումով (աննախադէպ բան Հայաստանի նոր անկախութեան պատմութեան մէջ) դուրս եկան քոալիսիոնից եւ հրաժարուեցին իրենց պաշտօններից, որովհետեւ քաղաքական իրավիճակն էր դա թելադրում: Եւ ՀՅԴ-ն դարձաւ ընդդիմութիւն հէնց այն իշխանութեանը, որի հետ որոշակի ճանապարհ էր անցել: Բայց դրանից Դաշնակցութիւնում առնէտավազք չնկատուեց, ինչպէս ոմանց պարագայում: Եթէ դժգոհութիւններ էլ եղան, դրանք արծարծուեցին բացառապէս դաշնակցական ժողովներում:

Հիմա գանք այն խնդրին, թէ ինչո՛ւ է ընդդիմութիւնն այսքան թոյլ մեր երկրում: Չենք կարծում, որ Հայաստանում կը գտնուի մի մարդ, որ դրա համար չմեղադրի առնուազն երեք հոգու` Սերժ Սարգսեանին, Գագիկ Ծառուկեանին եւ… Րաֆֆի Յովհաննէսեանին: Սերժ Սարգսեանը Գագիկ Ծառուկեանի հետ սեփականաշնորհեց 2012 թ. խորհրդարանական, իսկ Րաֆֆի Յովհաննէսեանի հետ` 2013 թուականի նախագահական ընտրութիւնները: Գագիկ Ծառուկեանն իր ընդդիմադիր կեցուածքներով, իսկ Րաֆֆի Յովհաննէսեանն իր միանձնեայ առաջադրումով շահեցին ընդդիմադիր ձայները, եւ այդ երկու ընտրութիւններով, ահա, ունենք քաղաքական դաշտի այս պատկերը: Արմէն Մարտիրոսեանը, եթէ իր մէջ գցի-բռնի, թէ նախագահական ընտրութիւններից կարճ ժամանակ անց այդ ի՞նչ տեղի ունեցաւ «ժառանգութեան» հետ, որ Երեւանում 50 տոկոս քուէ ունեցող Րաֆֆի Յովհաննէսեանի կազմաւորած դաշինքը ընդամէնը մի քանի աթոռ ստացաւ աւագանու կազմում, գուցէ նոյնիսկ Քիեւեան կամրջից նետուի ցած: Բայց քանի որ նա հաշուի չի առնում այս նրբութիւնները, չգիտես` ինչ երեւակայական բարձր դիրքից է խօսում ընդդիմադիր միւս ուժերի մասին:

Մենք, օրինակ, կը դժուարանայինք նշել, թէ ՕԵԿ-ից ու ԲՀԿ-ից յետոյ ո՞ր ուժն է պորտալարով աւելի պինդ ագուցուած գործող իշխանութիւններին: Մենք չենք կարողանում հասկանալ, թէ այդ ի՞նչ ընդդիմութիւն է «ժառանգութիւնը», որի յաղթած եւ երդուեալ նախագահը հրապարակում ծովացած ժողովրդին ասում է` «ժողովո՛ւրդ ջան, գնացէք` հաց կերէք, մի քիչ ֆռֆռացէք, իրիկունը կը գաք»: Մենք յատկապէս դժուարանում ենք հասկանալ նաեւ, թէ այդ ի՞նչ կուսակցական ցուցակ էր, որով «Ժառանգութիւնը» մասնակցեց ԱԺ ընտրութիւններին: Մենք չգիտենք իշխանութեան հետ կապող աւելի հաստ պորտալար, քան Թեւան Պօղոսեանի պորտալարն է: Եւ վերջապէս, պարո՛ն Արմէն Մարտիրոսեան, մի՛ մոռացէք, որ ձեր շարքերում ունէք Ռուբէն Յակոբեան, եւ եթէ համոզուած էք, որ ընդդիմադիր կուսակցութիւնը պէտք է անարատ լինի, ինչպէս «Ժառանգութիւնը», ապա անպայման յիշէք, որ այդ մարդը, հասկանո՞ւմ ես, բարձր պաշտօն է զբաղեցրել այն իշխանութեան մէջը, որը, ինչպէս դու ես պնդում քո տղայական յայտարարութեան մէջ, Հայաստանում տակաւին չի փոխուել:

Վերջում, որպէս դաշնակցական` երկու խօսք ասեմ Արմէն Մարտիրոսեանին:

Պարո՛ն Մարտիրոսեան, ես գետինը կը մտնէի, եթէ իմ կուսակցութեան ղեկավարները Դաշնակցութիւնը հասցնէին այն վիճակին, որ այն «շտատնի» ընդդիմութիւն աշխատէր իշխանութեան մօտ: Ես սա ասում եմ, որ միւս անգամ յայտարարութիւն անելիս հաշուի առնէք, թէ «Ժառանգութեան» մասին ինչ են խօսում ձեր կողմից շատ յարգուած եւ անընդհատ քարոզուող երիտհանրապետականները, երբ բաժակներ են բարձրացնում յանուն Հայաստանում ձեւաւորուած ցանկալի ընդդիմութեան, այն է` «Ժառանգութեան» համար: Սրանից հետեւութիւն անելու իրաւունքը սիրով թողնում եմ ձեզ ու նաեւ յոյս յայտնում, որ այս ճանապարհով գնալու դէպքում «Ժառանգութեանը» երբեք չի սպառնալու իշխանութիւն դառնալու կամ գէթ այդ իշխանութեանը մաս կազմելու վտանգը:

 

 

 

Share this Article
CATEGORIES