Ծպտեալ Եւ Իսլամացած Հայերի Խնդրի Արծարծումը Թուրքական Մամուլում

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին տարիների ընթացքում նախկինում Թուրքիայում թապու եղած մի շարք թեմաներ, պայմանաւորուած Թուրքիայի` Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացով եւ յարակից այլ գործօններով, սկսել են արծարծուել եւ համեմատաբար ազատ քննարկուել թուրքական մամուլում: Նման թապու թեմաներից մէկն էլ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Արեւմտեան Հայաստանում եւ հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արեւմտահայութեան բեկորների` ծպտեալ եւ այլադաւան հայերի խնդիրն է:

Ժամանակակից թուրքական մամուլը որոշակի տեղ է յատկացնում հաւատափոխ եղած հայերի տեղաբաշխուածութեան, թուաքանակի, գործունէութեան ոլորտների հարցերին, բերում ծպտեալ հայերի` արմատներին վերադառնալու եւ կրօնադարձութեան դէպքերի օրինակներ:

Թուրք մտաւորական շրջանակներին, ներառեալ լրագրողներին առաւելապէս յուզող խնդիրն է, թէ ինչ դեր են կատարել ու շարունակում կատարել բարձր դիրքի հասած հայ եւ այլազգի կրօնափոխները Թուրքիայի քաղաքական կեանքում:

Ծպտեալ հայերի ներգրաւուածութիւնը ձախակողմեան հոսանքներում, ինչպէս նաեւ ձախ ահաբեկչական կազմակերպութիւններում վերջին տարիներին թուրքական մամուլում յաճախակի հնչեցուած տեսակէտներից է, որը պարբերաբար մամուլի օրակարգ է բերւում նաեւ Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ Եուսուֆ Հալաճօղլուի կողմից: Այս թեմային յատկապէս յաճախ է անդրադառնում յայտնի լրագրող Մեհմեթ Շեւքեթ Էյկին:

Կրօնափոխ հայերի առնչութեամբ թուրքական մամուլում արծարծուող թեմաներից մէկն էլ թուրքական ցեղապաշտութեամբ տառապող յայտնի իսլամացած հայերն են: Հարկ է նշել, որ որոշ նման հայեր էլ ոչ վաղ պատմութեան ընթացքում եւ ներկայում աչքի են ընկնում իրենց արտայայտուած հայատեացութեամբ եւ թուրք ազգայնամոլութեամբ:

Կրօնափոխ հայերի թեմայով թուրքական մամուլում պատահում են նաեւ իսլամացած հայերի հանդէպ դրական վերաբերմունք արտայայտող յօդուածներ, որոնցում հանդուրժողականութիւն է քարոզւում նման հայերի նկատմամբ:

Ծպտեալ եւ այլադաւան հայերի խնդիրը թուրք լրագրողների կողմից քննարկւում է նաեւ կրթական համակարգում նման հայերի առկայութեան պարունակում:

Թուրքական մամուլում ծպտեալ եւ այլադաւան հայութեան թեմայի շուրջ աշխուժ քննարկումներ արձանագրուեցին յատկապէս 2007 թ. սկզբներին, որը պայմանաւորուած էր Հրանդ Տինքի թաղման արարողութեանը «Բոլորս հայ ենք» վանկարկող հոծ զանգուածի մասնակցութեամբ: 2007 թ. սոյն թեմայով քննարկումները դարձեալ աշխուժացան ամրան վերջերին, այն բանից յետոյ, երբ օգոստոսի 18-ին Կեսարիա քաղաքում կայացած խորհրդաժողովի ժամանակ Եուսուֆ Հալաճօղլուն արտայայտեց այն միտքը, թէ Թուրքիայում քրտերի մեծ մասն ունի թուրքմենական ծագում, իսկ ալեւի քրտերը կրօնափոխ հայեր են, ովքեր անուանափոխ ու դաւանափոխ են եղել իր խօսքերով` «1915 թ. տեղահանութիւնից փրկուելու նկատառումով»:

2008 թ. վերջերին ծպտեալ հայերի թեմայի վերարծարծմանն առիթ տուեց Ժողովրդահանրապետական կուսակցութեան երեսփոխան Ճանան Արըթմանի կողմից հրապարակ նետուած Թուրքիայի նախագահ Կիւլի մօր հայ լինելու վարկածը:

2009 թ. այս թեման թուրքական մամուլում քննարկւում էր նաեւ Էրտողանի կառավարութեան ներկայացրած, այսպէս կոչուած, «քրտական եւ հայկական նախաձեռնութիւնների» շրջանակներում: Հարկ է նշել, որ 2009-ի հոկտեմբերին թուրքական մամուլում ընդհանրապէս նկատելի էր հայկական նիւթի հանդէպ հետաքրքրութեան աճ, որը պայմանաւորուած էր ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրմամբ:

2010 թ. ծպտեալ հայերի նիւթը աշխուժացաւ յատկապէս սեպտեմբեր ամսին, երբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցուած պատարագին մասնակցեցին նաեւ Պոլսոյ հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշեանի իսլամացած զարմիկները, որոնք հրապարակաւ յայտնեցին, որ մկրտուելու համար սպասում են Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը: Թեման անմիջապէս լայն արձագանգ ստացաւ թուրքական լրատուամիջոցների կողմից, քանի որ այն արծարծւում էր Պոլսոյ հայկական համայնքի հոգեւոր առաջնորդի մակարդակով:

Թերեւս կարելի է արձանագրել, որ թուրքական մամուլում ծպտեալ հայերի հանդէպ ընդհանուր առմամբ նկատելի է երկու տեսակի վերաբերմունք` բացասական եւ դրական: Բացասական, երբ թուրքական մամուլի էջերում իսլամացուած ու, յատկապէս, ծպտեալ հայերը դիտւում են որպէս Թուրքիայի ամբողջականութեանը սպառնացող վտանգ, ու դրական, երբ թուրքական պարբերականներում ներկայացւում են նման հայերի ապրումները: Եթէ բացասական վերաբերմունք արտայայտող հրապարակումներում ընթերցողներին կոչ է արւում զգօն լինել ծպտեալ հայերի, յատկապէս` դիւանակալական ու կրթական համակարգում բարձր պաշտօնների հասած նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ապա դրական տրամադրուած յօդուածներում բերւում են նման հայերի անհատական պատմութիւնները, եւ փորձ է արւում ընթերցողների շրջանում զգալ տալ բռնի իսլամացուած հայերի, յատկապէս` Ցեղասպանութեան տարիներին թուրքերի եւ քրտերի հետ ամուսնանալ հարկադրուած հայ կանանց ապրած ողբերգութիւնների հանդէպ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ արեւմտահայութեան մնացորդացի` ծպտեալ եւ այլադաւան հայերի թեման վերջին տարիներին եղել է թուրքական լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում: Իսլամացած եւ ծպտեալ հայերը թուրքական  զանգուածային լրատուամիջոցներում ներկայացւում են որպէս սպառնալիք` ուղղուած Թուրքիայի ամբողջականութեանը: Ըստ որոշ մամլոյ օրկանների, այն հայերը, ովքեր իսլամացուելով հանդերձ, շարունակում են պահպանել իրենց հայկական ինքնագիտակցութիւնը, կարող են վրէժ լուծել Թուրքիայից: Բայց եւ այնպէս, թուրքական որոշ պարբերականներ դրական վերաբերմունք են արտայայտում նման հայերի հանդէպ` ներկայացնելով նրանց պատմութիւնների ողջ ողբերգականութիւնը: Հարկ է նշել, որ ծպտեալ եւ այլադաւան հայերի խնդրի քննարկումները թուրքական մամուլում տեղիք են տալիս նաեւ նման հայերի առաջացման անմիջական պատճառը դարձած Հայոց ցեղասպանութեան հարցի քննարկմանն ու լուսաբանմանը:

«Ակունք»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )