Յետադարձ Հայեացք Համազգայինի Պատգամաւորական Ժողովին Ու Համախմբմանը
ԱՐԵՒԻԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Անցած ամիս Ուոթըրթաունում կայացաւ Համազգայինի Միացեալ Նահանգների արեւելեան նահանգների 37-րդ Պատգամաւորական ժողովը: Նախորդող ժողովներին մասնակցել եմ… տասնամեակներով, բայց այս մէկը երկար մտածել տուեց: Գուցէ որովհետեւ այդ քաղաքը ինձ համար դեռ պարունակում է Մինաս Թէօլէօլեանի շունչը` տարիներին քամահրող ու երբեք չխամրող «ներկայութիւնը»: Գուցէ Գոհար Թէօլէօլեանի մի՛շտ հմայիչ ոգի՞ն մղեց մտածելու: Գուցէ եւ սիրելի, յղկուած, բովանդակալից Թաթուլ Սոնենց-Փափազեանի յայտնուե՞լն էր դադարի ընթացքում: Խմբագիր Զաւէն Թորիկեանի հետ ցաւալիօրէն կարճատեւ, բայց արուեստով կայծկլտող զրո՞յցը: Ի վերջոյ, գուցէ պարզապէս մտածելու ժամանակ ունեցայ տուն վերադառնալու երկար ճանապարհին: Մի խօսքով, մտայանգումս այն էր, որ այս ժողովը դրականօրէն տարբերուեց նախորդների երկար շարանից:
Շարանի մէջ եղել է, որ զարմացել, զայրացել, ձանձրացել եմ: Աւելի յաճախ` տխրել եմ, տեսնելով, որ կեանքից հեռացել են մեր փայլուն ընկեր-ընկերուհիներից շատերը` իրենց հետ տանելով վառ անհատականութիւնների հետ շփուելու ուրախութիւնս: Ու եղել է, որ լուրջ ու իմաստալից մտքերի կողքին ծիծաղս հազիւ եմ զսպել` լսելով ճամարտակութիւններ, ճոռո՜մ մենախօսութիւններ, յագեցած հռետորական հարցումներով ու նաեւ` պարզապէս շաղակրատանք: Բայց այս ժողովը սիրելի դարձաւ հէնց նրանով, որ ներկաները մտքեր էին յայտնում, ուղիներ որոնում, համարձակ ծրագրեր առաջարկում` պարզ ու մեկին, առանց ճարճատուն ճառերի, թէկուզ եւ երբեմն կաղացող հայերէնով: Ճիշդն ասած, ինձ համար ոգեւորիչ էին Հայաստանի ամերիկեան համալսարանի հետ ստեղծուող ելեկտրոնային կապը, Արեւմտեան Հայաստանի պատմամշակութային յուշարձանների նկարագրութիւնն ու զետեղումը համացանցում, պատանիների համար նախատեսուած հայագիտական նիւթերով խաղ-մրցոյթը:
Ա՜յ քեզ բան … Հրաշալի է, որ շրջանաւարտ Շրջանային վարչութիւնը իր գործունէութեան կողքին, հասցրել է նաեւ վերոյիշեալ ու դեռ մի քանի այլ ծրագրերի հիմքը դնել: Է՛լ աւելի հրաշալի է, որ պատկառելի տարիքի հասած մեր միութիւնը այսպէս երիտասարդանում է, համարձակօրէն ու համընթաց քայլելով 21-րդ դարի պայմաններին` ելեկտրոնային միջոցները ծառայեցնելով իր բուն նպատակին` հայ մշակոյթի տարածմանն ու պահպանմանը: Ժողովից արդէն իսկ գոհ վերադարձայ հիւրանոց, բայց առջեւում դեռ համերգի վայելքն էր:
Փոխանակ վերջում յետգրութեան պէս (չգիտեմ էլ թէ ինչո՞ւ է այդպէս ընդունուած), այստե՛ղ կ՛ուզենայի շնորհակալութիւն յայտնել կազմակերպիչ յանձնախմբին ու շրջանաւարտ Շրջանային վարչութեան անդամներին` այս երկօրեայ բազմաբնոյթ ձեռնարկները կատարելապէս կազմակերպելու համար: Պատկերացնում եմ, թէ ինչքա՜ն աշխատանք է տարուել համադրելու համար ուրբաթ օրուայ հաւաքոյթը, ժողովի ընթացքը, շաբաթ օրուայ համար սրահի նախապատրաստումն ու նրբաճաշակ զարդարանքը, բազմակողմանի յայտագրի ընթացքը, համերգային մասի ծրագրումը եւ ի վերջոյ` հիւրասիրութիւնը:
Ճիշդ էր ու տեղին, որ «Մայիլեան վոկալ եռեակի» մեծատաղանդ երգչուհիները ուրբաթ երեկոյեան ներկայ էին համախմբման բացմանը` առիթ ընծայելով ներկաներին շփուել հայրենի արուեստագիտուհիների հետ, վաստակուած մեծարանքի խօսքեր ասել նրանց: Սրտաբաց տանտէրերի հիւրընկալ օճախում էր, որ նոյն ազգի ու նոյն մշակոյթի հաւատաւորները մէկտեղուեցին: Ի վերջոյ, «Մայիլեան եռեակ»-ի երգչուհիներն` իրենց փայլուն տաղանդով, մեր միութենականներն` իրենց ջանքերով ծառայում են նոյն նպատակին, այն է` ամէնուր վառ պահել հայ արուեստն ու այն հասցնել ժողովրդին: Դարձեալ շնորհաւորում եմ նրանց, ովքեր հետեւողականօրէն պատրաստել էին մրցանակների տուչութեան կարգը, ընտրել թեկնածուների մէջ լաւագոյններին, հրաւիրել հոգով ու արուեստով լիարժէք ՀԱՅ Էրիք Նազարեանին եւ մասնաւորաբար «Մայիլեան վոկալ եռեակ»-ին: Դէ, հայ չենք լինի, եթէ դժգոհութիւն չյայտնենք (կարծեմ` սա ինքնահաստատման դրսեւորում է դարձել), երբեմն նոյնիսկ յանուն այդ «ինքնահաստատման» ոմանք պատրաստ են ծուռ հայելու մէջ արտացոլուած նկարագրել իրականութիւնը: Ինչեւէ, ուրեմն ես էլ շտապեմ ազգային պատկանելիութեանս գրաւականը ներկայացնել. Թովմաս Սամուէլեանի ելոյթի ինքնակենսագրական մասը հարկ էր կրճատել, քանի որ ամբողջութեամբ կրկնուեց ծրագրում տպագրուած կենսագրականը: Այլապէս, կեցցէ՛ք, կազմակերպողներ: Դահլիճից հեռացանք «Մայիլեան եռեակ»-ի թողած սքանչելի տպաւորութեան տակ եւ ունկնդիրների ոտնկայս ու որոտընդոստ ծափահարութիւններից ոգեւորուած ու հպարտ, որ հայաբնակ բոլոր համայնքների բարբառներով ու լեզուներով խօսող ունկնդիրները նո՛յն յուզախառն ներշնչումն արտայայտեցին հայրենի երաժիշտների հանդէպ:
Վստահ ենք, որ այդ ոգով էլ Համազգայինը կը շարունակի իր օգտաշատ գործունէութիւնն ամէնուրեք` միշտ փարած մնալով հայ արուեստին ծառայելու բարձր նպատակին, անտեսելով խոչընդոտներն ու յոռետեսներին:
Նիւ Եորք

