Ո՞րն Է «Գլաձոր» Համալսարանի Յաջողութեան Գաղտնիքը

Գլաձորի համալսարանը հայկական միջնադարեան նշանաւոր համալսարաններից է, որը  հիմնադրուել է 1291թ. Ներսէս Մշեցու կողմից` այժմ Վայոց Ձորի մարզի Եղէգնաձորի շրջանի Գլաձոր գիւղում եւ գործել է մինչեւ 1340թ.: Միջնադարի այս նշանաւոր կրօնական, գիտական եւ կրթական կենտրոնը պատրաստում էր ե՛ւ գիտութեամբ զբաղուող անհատներ, ե՛ւ մանկավարժներ:

Վերականգնելով եւ շարունակելով միջնադարեան փառաւոր կրթագիտական համալսարանի աւանդոյթները` Ժորա Ջհանգիրեանը եւ Ամալեա Խառատեանը ձեռնամուխ եղան նոր «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրմանը, որը սկսել է գործել 1990թ.:  2001թ.-ին համալսարանը հաւատարմագրուել է Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից: Այժմ այստեղ սովորում է շուրջ 1300 ուսանող` Հայաստանից եւ այլ երկրներից: Համալսարանի կազմում գործում է նաեւ «Գլաձոր» հանրակրթական դպրոցը: Ինչպիսի՞ն են այսօրուայ դիմորդները, ի՞նչ դժուարութիւններ են յաղթահարում այսօր հայաստանեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները (բուհ), ինչո՞ւ են բուհերը դժգոհում դպրոցների, իսկ աշխատանք առաջարկողները` բուհերի շրջանաւարտների պատրաստուածութեան մակարդակից. «Նոյեան Տապան»-ի այս եւ այլ հարցերին է պատասխանում  «Գլաձոր» համալսարանի հիմնադիր եւ նախագահ Ժորա  Ջհանգիրեանը:

«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ».- Պարոն Ջհանգիրեան, ինչպիսի՞ դիմորդներ են գալիս այսօր բուհ: Ինչպիսի՞ն է նրանց ընդհանուր պատրաստուածութեան աստիճանը` ձեր գնահատմամբ:

ԺՈՐԱ ՋՀԱՆԳԻՐԵԱՆ.- Ընդունելութեան քննութիւնների ներկայիս կիրառուող համակարգը հարցականի տակ է դնում դպրոցի շրջանաւարտների գիտելիք ունենալու անհրաժեշտութեան գաղափարը, եւ նրանց որակն իսկապէս չի բաւարարում բարձրագոյն ուսումնական հաստատութեան պահանջներին:

Դատէք ինքներդ`  եթէ նախանցած տարի բուհ էին ընդունւում  8 միաւոր ստացած շրջանաւարտները, ապա անցած տարի այդ շեմը եղել է 7,25. այսինքն նախանցած տարուայ անբաւարարն անցած տարի համարուել է բաւարար բուհ ընդունուելու համար: Եւ պարզ չէ, թէ այս տարի քանի՞ միաւորը կը լինի նուազագոյնը: Սակայն եթէ նայէք բոլորի ատեստատները, ապա կը տեսնէք, որ բոլոր առարկաների  գնահատականները բաւականին բարձր են`  8, 9, 10 բալ:

Բացի այդ, այսօրուայ  դրութեամբ շրջանաւարտները շատ հեշտութեամբ են ընդունւում բուհ, որովհետեւ եթէ դիմորդների, այսինքն դպրոցի շրջանաւարտների թիւը ռէալ  պակասել է, իսկ պետական բուհական համակարգում պետութեան կողմից տեղերի քանակը աւելացւում է անսահմանափակ, ապա ստացւում է, որ կրթութեան նախարարութեան մակարդակով առաջ է քաշւում «հեշտութեամբ մուտք բուհ» սկզբունքը, որն արդէն իսկ յստակ ձեւաւորւում է:

Այսպիսով, մենք այսօր ղեկավարւում ենք մէկ սկզբունքով` «հեշտութեամբ մուտք բուհ,  դժուարութեամբ ելք  բուհից», իսկ դա նշանակում է, որ դպրոցից մենք գիտելիք չենք պահանջում, այլ ազատում ենք դպրոցին որակեալ շրջանաւարտներ տալու պարտականութիւնից: Ես այն կարծիքին եմ, որ ուղղակիօրէն մերժւում է «գիտելիքով շրջանաւարտ» գաղափարը,  եւ ստացւում է, որ եթէ անգամ «դպրոցից առանց գիտելիքների»,  ապա «բուհը թող տայ գիտելիքներ», որն անհնարին է:

Ի՞նչ է կատարւում այսօրուայ դպրոցներում. այնտեղ բուհ ընդունուելու համար մարդիկ գնում են կրկնուսոյցների` ռեպետիտորների մօտ, պարապում են երկու առարկայ, ամբողջ ուսումնական տարուայ ընթացքում դպրոցի դասերին չեն մասնակցում ու այդպէս գնում եւ ընդունւում են բուհ: Սա հարցի լուծում չէ: Այս պարագայում մարդուն չես կարող դարձնել գրագէտ:

«Ն. Տ.».- Այս վիճակը նոր չէ մեզ մօտ, սակայն մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրեցին միասնական քննութիւնների համակարգը: Դա ինչ-որ ձեւով օգնե՞ց,  ինչ-որ կերպով  լուծում տուե՞ց այս հիմնախնդրին, թէ՞ աւելի յետ նետեց:

Ժ. Ջ.- Ես կ՛ասէի, որ այն աւելի յետ նետեց, որովհետեւ նախ միասնական ընդունելութեան քննութիւնները  եւ միասնական քննութիւններին առաջարկուող պահանջները` թէ ինչպիսին պէտք է լինի դպրոցի շրջանաւարտը, ընդունելութեան քննութիւնների հիմքում դրուած  «հեշտութեամբ ընդունուել բուհ, դժուարութեամբ այն աւարտել» գաղափարի առաջ քաշումը չեն կարող նպաստել դպրոցի  գիտելիքի բարձրացմանը: Ընդհակառակը, իմ գնահատմամբ,  այդ սկզբունքով դպրոցում մի քանի աստիճան իջեցուեց պահանջը գիտելիքի նկատմամբ, ինչը, կարծում եմ, Հայաստանի  եւ հայ ժողովրդի համար շատ վտանգաւոր է:

Առաջին հերթին հանուեց դպրոցի պատասխանատուութիւնը գիտելիք տալու հարցում, որովհետեւ եթէ դուք բոլորին ընդունում էք բուհ եւ բացի դպրոցից կայ նաեւ ռեպետիտորութեան հիմնարկը,  դա կը նշանակի, որ պատասխանատուութիւնը դպրոցի կողմից տուած շրջանաւարտի նկատմամբ ընդհանրապէս դրւում է հարցականի տակ:

Երկրորդը` բուհի պատասխանատուութիւնն իր իսկ ուսանողների նկատմամբ նոյնպէս դրուեց հարցականի տակ, որովհետեւ բուհն այսօր ասում է`  ես աշխատում եմ նրանց հետ, ում դուք ընդունել-տուել էք ինձ, եւ ձեր ընտրածի համար ես պատասխանատուութիւն չեմ ուզում կրել:

Ճիշդ է, ցանկացած բուհի պարտականութիւնն ու առաքելութիւնն է  տալ որակեալ մարդուժ, եւ եթէ բուհը այդ որակեալ մարդուժը չի տալիս, ապա  պէտք է դրա համար պատասխանատուութիւն կրի, սակայն  սա այլ հարց է:

«Ն. Տ.».- Մենք հրաշալի գիտենք, որ Հայաստանի պայմաններում դպրոցը չի պատրաստում աշակերտին բուհ ընդունուելու համար, բուհն էլ չի պատրաստում իր ուսանողին աշխատաշուկայի  համար: Ինչպէ՞ս ապահովել այս շղթայի օղակների ճիշդ համադրումը` ինչպէս դպրոցն աւարտած աշակերտն առանց կրկնուսոյցի կարողանայ ընդունուել բուհ, իսկ միասնական քննութիւններ յանձնած, սակայն բուհի համար անբաւարար գիտելիքներով դիմորդին բուհը 4 տարիների ընթացքում դարձնի տուեալ ոլորտի մասնագէտ, որն արդէն պատրաստ լինի աշխատելու իր   մասնագիտութեամբ:

Ժ. Ջ.- Բնականաբար վատ հումքից շատ դժուար է որակեալ մարդուժ ստանալ, իսկ գործնական կեանքը պահանջում է ռէալ գիտելիքներ: Եթէ  աշակերտի մօտ չկան գոնէ տարրական գիտելիքներ, որքան էլ հետն աշխատես, միեւնոյնն է, արդիւնքը գոհացուցիչ չի լինի: Սա դեռ այն դէպքում, եթէ նրանք աշխատում են: Իսկ եթէ չեն աշխատում  ընդհանրապէս, ապա ի՞նչ մասնագէտ այդ ուսանողից:

Եթէ մենք անդրադարձ կատարենք «Գլաձոր» համալսարանի շրջանաւարտներին,  ապա կը տեսնենք, թէ ինչպէս ենք մենք մեր ուսանողների հետ աշխատում`  մշակում,  վերամշակում, ստիպում նրանց աշխատել իրենց վրայ, որպէսզի այդ վերամշակուած շրջանաւարտն այսօրուայ դրութեամբ կարողանայ ինչ-որ չափով բաւարարել շուկայի պահանջներին: Ձեզ մօտ հարց կ՛առաջանայ, թէ այդ աշխատանքն ինչպէ՞ս է կատարւում:

Առաջին հերթին, մեր լսարանային խմբերի քանակը  երբեք մեծ չի լինում` առաւելագոյնը բաղկացած է լինում 7-15 ուսանողից` կախուած առարկայից: Նրանց համար ստեղծւում են նպաստաւոր պայմաններ, որպէսզի դասախօսը խմբի բոլոր անդամներին մասնակից դարձնի դասընթացին:

Մեր դասախօսութիւնները չեն իրականացւում  հոսքային ձեւով,  որովհետեւ այդ դէպքում լսարանում ուսանողների քանակը շատ կը լինէր,  ինչպէս` պետական որոշ բուհերում, իսկ այնտեղ, որտեղ ուսանողների թիւը լսարանում 100-150-ի է հասնում,  դասախօսութիւնների արդիւնաւէտութեան աստիճանը շատ ցածր է: Մեր առաւելագոյն լսարանը, որտեղ կարդում են  դասախօսութիւն,  25 ուսանողից է բաղկացած:

Մեր ուսանողները գնահատւում են բացառապէս իրենց գիտելիքներին համապատասխան` առանց կողմնակի միջամտութիւնների:

«Գլաձոր» համալսարանում ստեղծման օրուանից չի գործում նաեւ այն սկզբունքը, որ եթէ դու ուսման համար վճարել ես, ուրեմն անպայման պէտք է աւարտես համալսարանը: Ուսման վարձը  վճարւում է նրա համար, որ ինքը` ուսանողը գիտելիք ստանայ, իսկ «Գլաձոր» համալսարանի պարտականութիւնն է այդ գիտելիքի ապահովումը, ինչն, իմ կարծիքով, մենք կատարում ենք պատշաճ մակարդակով:  Յամենայն դէպս այսօրուայ վիճակով մեր «Գլաձոր» համալսարանի շրջանաւարտների մեր կառավարութեան համակարգում շրջանաւարտների զբաղեցրած դիրքը, տեղը խօսում է այն մասին, որ «Գլաձոր» համալսարանն այսօր տալիս է Հայաստանի պետութեան պահանջները բաւարարող մարդուժ. «Գլաձոր» համալսարանի շրջանաւարտներն են` Հայաստանի արդարադատութեան նախարարը, Սթրազպուրկում Հայաստանի ներկայացուցիչ Արմէն Պապիկեանը, Հոլանտայում Հայաստանի դեսպան Գագիկ Յովհաննիսեանը եւ այլն, եւ այլն:

«Ն. Տ.».- Որո՞նք են այն գործիքները, որով հասնում էք ձեր կողմից ցանկալի արդիւնքի:

Ժ. Ջ.- Թերեւս սկսեմ թուարկել.

Մենք ունենք ամէն ինչ որակեալ կրթութիւն կազմակերպելու համար.

– բարձր պատրաստուածութեան դասախօսական կազմ,

– թեքնիք սարքաւորումների մեծ կարելիութիւններ` համակարգչային աշխատասենեակներ, լեզուների ուսուցման աշխատասենեակներ,  սմարթ լսարան, խորհրդաժողովների դահլիճ, որը յագեցած է համապատասխան թեքնիք բոլոր միջոցներով,

– իրաւաբանական քլինիքա, իսկական դատական դահլիճ, որտեղ մեր ուսանողութիւնը անցկացնում է միջոցառումներ` իրաւաբանների, տնտեսագէտների, միջազգային յարաբերութիւնների բաժանմունքի ուսանողների եւ օտար լեզուի մասնագէտների մասնակցութեամբ, ուր ամէն մէկն ունի իր դերը, իր գործառոյթը եւ այլն,

– մարմնակրթանքով զբաղուելու հրաշալի պայմաններ` մարզական պարագաներով յագեցած դահլիճ, տաք եւ սառը ջրով ցնցուղով լողասենեակներ,

– մեծ դահլիճ` տարբեր միջոցառումների համար, որոնց մասնակցում են նաեւ բարձրաստիճան հիւրեր: Ի դէպ, մեր համալսարանի 20-ամեակի տօնակատարութեանը մասնակցել է նաեւ երկրի վարչապետը,

– բնական ուսումնառութեան պայմաններ` եւ թեքնիք միջոցների, եւ լսարանային պայմաններ, եւ սկսած առողջապահական` վերջացրած գեղագիտական հաճոյք ստանալու պայմաններ:

Մենք կազմակերպում ենք գիտական տարբեր միջոցառումներ, որոնք կարող են ձեւաւորել ուսանողի մօտ յարգանք գիտութեան հանդէպ եւ գիտութեամբ զբաղուելու ցանկութիւն: Մեզ մօտ անցկացւում են.

– ամէնամեայ ուսանողական գիտական խորհրդաժողովներ,

–  «Գլաձոր» համալսարանի դասախօսական կազմի եւ ասպիրանտական կազմի մասնակցութեամբ խորհրդաժողովներ եւ այդ խորհրդաժողովների նիւթերի հրապարակում. արդէն հրապարակուել է գիտական խորհրդաժողովների 5 հատոր,  այս տարի կը տպագրուի 6-րդ հատորը,

– տարբեր տեսակի հանդիպումներ` արուեստի, գրականութեան ոլորտի մարդկանց հետ, ինչն այսօր, ցաւօք սրտի, շատ քիչ է արւում,

– անհատական խորհրդատուութիւններ  եւ պարապմունքներ ուսանողների հետ` իւրաքանչիւր ամպիոնի դասախօսների կողմից,

– դասախօսների ամէնամսեայ գիտական ելոյթներ, քննարկումներ ամպիոններում, որոնց կարող են մասնակցել նաեւ ուսանողները: Այդ հանդիպումները ստիպում են դասախօսական կազմին վեր հանել այն նորը, որն առկայ է գիտութեան տուեալ ոլորտում, եւ լինել միշտ քաջատեղեակ ոլորտի բոլոր նորութիւններին:

Համալսարանն ունի իր սեփական` «Գլաձոր»  թերթը, որը հնարաւորութիւն է ընձեռում բոլոր մասնագիտութիւններով ուսում ստացողներին ստեղծագործելու եւ տպագրուելու: Թերթը հրապարակւում է մեր ուսանողութեան եւ դասախօսական կազմի տուած նիւթերի շնորհիւ,  հնարաւորութիւն է տալիս վեր հանելու ուսանողութեանը հետաքրքրող հարցերը: Թերթն ունի մի բաժին, որ կոչւում է «Դասախօսը ուսանողի աչքերով», որտեղ ուսանողը, առանց անունը նշելու, կարողանում է վեր հանել դասախօսների ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը, ինչն օգնում է դասախօսներին շտկելու իրենց բացասական կողմերը:

Համալսարանում գործում է Որակի ապահովման կենտրոն, որի  առաքելութիւնն է բուհում եւրոպական չափանիշներին համապատասխան բարձրագոյն մասնագիտական կրթութեան որակի ապահովման մշակոյթի ձեւաւորումը: Կենտրոնի խնդիրներից են` դասախօսական կազմի որակի ապահովման, ուսանողների աջակցութեան համակարգի գնահատման մեքանիզմների բարելաւումը, որակի ներքին համակարգի պարբերական վերանայումն ու բարելաւումը եւ այլն:

Համալսարանը  համագործակցում է Հայաստանի գործատուների միութեան,  արդիւնաբերողների միութեան հետ: Գործատուների միութիւնը սկսում է մեր ուսանողներին ընդգրկել գործունէութեան ոլորտում, գործնական գիտելիքներ փոխանցելու համար` ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները լրացւում են գործնական աշխատանքով: Այստեղ արդէն նախատեսւում է համատեղ անցկացուող խորհրդաժողովների լայն շրջանակ` իրենց կողմից կազմակերպուող խորհրդաժողովներին մեր մասնակցութիւնը` սկսած զեկոյցներից, վերջացրած տարբեր օժանդակութիւններով` կրթական եւ գիտական տեսանկիւնից:

Փորձում ենք լուծել նաեւ ուսանողների աշխատանքի տեղաւորման հարցը: «Գլաձոր»  համալսարանի ուսանողներն  արտադրական փորձառութիւնը անցկացնում են ամենահեղինակաւոր հաստատութիւններում`   արդարադատութեան, ելեւմուտքի, սփիւռքի նախարարութիւնում, Սահմանադրական դատարանում, դատախազութիւնում, Ազգային ժողովում, դրամատներում, առաջատար զանգուածային լրատուամիջոցներում, փաստաբանների պալատում, նօտարական գրասենեակներում, դպրոցներում եւ այլն:

«Ն. Տ.».- Իսկ ո՞րն էք այնուամենայնիւ  համարում   ձեր ուժեղ կողմը, ձեր գաղտնիքը` լաւ դասախօսական կա՞զմ, թէ՞ լաւ կրթական ծրագրեր:

Ժ. Ջ.-  Մեր գաղտնիքը, որն իրականում բոլորովին էլ գաղտնիք չէ, դա այն պատասխանատուութեան զգացումն ու կրումն է, որը դրուած է ինչպէս «Գլաձոր» համալսարանի ամբողջութեամբ, այնպէս էլ ցանկացած աշխատակցի առջեւ: Կարծում եմ, ցանկացած կազմակերպութեան` սկսած պետութիւնից, վերջացրած ընտանիքով եւ հակառակը, յաջողութեան գրաւականը նախ եւ առաջ պատասխանատուութեան զգացումն է  մարդու հանդէպ: Չէ՞ որ ամէն մի ուսանող մարդ է, որն ունի ակնկալիքներ եւ եկել է սովորելու իր ակնկալիքներն իրականութիւն դարձնելու համար: Նա պէտք է ունենայ ապագայ, որի ստեղծմանը պէտք է նպաստի բուհը առաջին հերթին, եւ եթէ բուհն այդ պատասխանատուութիւնը չի կրում, ուրեմն կը նշանակի, որ նրա գործունէութեան հիմքում ոչինչ կայ դրուած, որովհետեւ ոչինչի չես կարող հասնել առանց պատասխանատուութեան զգացմունքի:

Իմ կարծիքով, միայն պատասխանատուութեան զգացումի դէպքում է, որ դու կեանքի ես կոչում քո ցանկութիւնները: Եթէ ես պատասխանատուութիւն եմ կրում պետութեան  եւ ուսանողութեան հանդէպ, ապա նաեւ ցանկանում եմ «Գլաձոր» համալսարանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ ուսանողի որպէս մարդու մօտ առաջանայ որոշակի ձգտում սովորելու համար, որպէսզի նա իրական կեանք մտնի իրական գիտելիքներով:

«Նոյեան Տապան»

Share this Article
CATEGORIES