«Եթէ Մենք` Հաշմանդամներս, Դժուարութիւնները Յաղթահարում Ենք, Ապա Առողջ Մարդկանց Համար Աւելի Հեշտ Է»
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Կապանը փոքր քաղաք է, որը գտնւում է Հայաստանի հարաւային մասում: Պատկերաւոր ասած` այն գտնւում է մարաքաղաքից մօտ 320 քմ հեռաւորութեան վրայ: Այս քաղաքին բնորոշ հանգստութիւնը երբեմն «խանգարում» է գետերի խշշոցը: Քաղաքի բնակիչներն իրար ճանաչում են, մեծամասամբ իրար ազգականներ են` հեռու կամ մօտիկ, իսկ եթէ յանկարծ պատահում է, որ մարդիկ չեն գտնում ազգականական կապ, ապա սկսում են փորփրել տոհմածառը: Այդ դէպքում ազգականական կապի նշոյլները հաստատ երեւան են գալիս: Փոքր քաղաքներին, բնականաբար, բնորոշ է նաեւ մարդկանց անձնապէս ճանաչելը, իրար հոգսերով ապրելը, իրար օգնելը: Կամօ Դաւթեանին Կապանում շատերն են ճանաչում, ով հաշմանդամների աջակցութեան Սիւնիքի մարզի «Ողջի» հասարակական կազմակերպութեան նախագահն է: Կապանում գտնուելով, պատահաբար հանդիպեցի նրան` խնդրելով հարցազրոյց տալ «Ազդակ»-ին: Նա բարեացակամօրէն ընդունեց հարցազրոյց անելու առաջարկը: Կամօ Դաւթեանի մասին գրել են միջազգային պարբերականները, նրա լուսանկարները տեղ են գտել յայտնի ամսագրերում: Սեղանի թենիսի մրցոյթներում նա միշտ առաջին դիրքերում է, ժամանակ առ ժամանակ մասնակցում է նաեւ սեղանի թենիսի միջազգային առաջնութիւններին: «1995թ. աշխատում էի ելեկտրական ցանցում, որտեղ մարդկանց սխալ աշխատանքի պատճառով հոսանքահարուեցի, 6000 վոլթը խփեց եւ հիմա այդ վիճակում եմ: Մէկ-երկու տարի կերակրւում էի երեխաներիս, կնոջս ձեռքերով, բայց յետոյ իմ մէջ ուժ գտայ, հասկացայ, որ աւելի լաւ է երեխաներիս մանկութիւնը հոգեբանօրէն չկոտրեմ, ինքնուրոյն դառնամ: Ես ուզում էի, որպէսզի երեխաներս հասկանային, որ իրենց հայրն ուժեղ մարդ է, եւ անկախ ամէն ինչից` սկսեցի պայքարել: Իմ այս ձեռքերով սկսեցի շինարարութիւն անել, աւելի՛ն, տղայիս հետ բացօթեայ սրճարան կառուցեցի», պատմեց Կ. Դաւթեանը` աննկատ ժպիտով նայելով դէպի սենեակի հեռաւոր կէտերը: Նրա ասելով` հոգեբանօրէն ամենամեծ դժուարութիւնը փողոց դուրս գալն էր, մարդկանց հետ շփուելը: «Հաշմանդամ մարդուն երբեք պէտք է չասել` թոյլ տուր օգնեմ, երբ նրան անհրաժեշտ լինի օգնութիւն, նա կը խնդրի այդ մասին», շեշտեց նա:
2005թ. Կամօ Դաւթեանը Սիւնիքում հիմնեց hաշմանդամների աջակցութեամբ զբաղուող հասարակական կազմակերպութիւն` «Ողջին»: Նրա խօսքով` կազմակերպութիւնը հիմնելու նպատակը ընկերային, առողջապահական խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելն էր, նրանց իրաւունքները պաշտպանելը, իսկ կազմակերպութեան գլխաւոր նպատակը հաշմանդամների համարկումն է հասարակութեան մէջ: Ընդ որում` Սիւնիքի մարզում հաշմանդամների թիւը 10.000-ից աւելի է, բայց պայմանաւորուած ժամանակագրութեամբ` այդ թիւը կարող է նուազել կամ աճել: Հայաստանի մէջ հաշմանդամների 46 առ հարիւրը կազմում են կանայք: Սիւնիքի մարզում, օրինակ, հաշմանդամութեան պատճառները հիմնականում կենցաղային հողի վրայ կատարուող միջադէպերն են: «Մարդկանց մօտ կարծրատիպերը շա՜տ շա՛տ են: Ոմանք կարող են ծիծաղել` տեսնելով փողոցում մէկ ոտքը կարճ մարդուն: Այդ իմաստով հոգեբանօրէն դժուարութիւններ են առաջանում հաշմանդամների համար, եւ շատ դէպքերում նրանք ամաչում են նոյնիսկ տնից դուրս գալ:
Համարկումը հէնց դա էլ ենթադրում է, որպէսզի հաշմանդամութիւն ունեցող մարդիկ հասարակութեան կեանքին մասնակից դառնան», նշեց Կ. Դաւթեանը, ում կարծիքով` այս տարիներին բաւականաչափ միջոցառումներ են անցկացրել, որոնք իրենց պտուղները տուել են` Կապանում հասարակութիւնն այլեւս չի ծիծաղում հաշմանդամութեան խնդիր ունեցող մարդու վրայ, իսկ հաշմանդամն էլ իր հերթին չի ամաչում դուրս գալ փողոց, շփուել մարդկանց հետ: Դրա համար նաեւ որոշակիօրէն փոխել են նաեւ քաղաքի յատակագիծը, ինչպէս, օրինակ, թեքահարթակներ ստեղծելով հաշմանդամների համար: «Գիտէք, երբեմն հաշմանդամութիւն ունեցող մարդկանց ծնողները, հարազատներն սկսում են փնտռել հաշմանդամութեան պատճառները, տխրել դրա համար, իրենք իրենց հարցնել, թէ ինչո՞ւ նման դէպք եղաւ իրենց երեխայի կամ հարազատի հետ, բայց ձեռքերը ծնկներին խփելով` որեւէ բան փոխել հնարաւոր չէ», նկատեց նա` յաւելելով, որ դրա համար հաշմանդամին պէտք է ներգրաւուել միջոցառումների, մարզական խաղերի մէջ:
«Դրա համար, իսկապէս, պէտք է համոզիչ լինել, հաշմանդամութիւն ունեցողին վստահեցնել, որ նա եւս հասարակութեան աշխուժ մասնիկ է, յետոյ` նման միջադէպերից ոեւէ մէկս ապահովագրուած չէ, եւ այդ իմաստով դժուար է ասել, թէ առողջ մարդու հետ յաջորդ վայրկեանին ի՞նչ կը լինի», ասաց Կ. Դաւթեանը:
Նրա ասելով` հաշմանդամին պէտք է ոչ թէ գումարով օգնել, այլ` կրթել նրան, աշխատանք տրամադրել: «Քանի որ ես էլ հաշմանդամութիւն ունեմ, երբ գնում են հաշմանդամների տներ, օճախներ, ինձ տեսնելով` վստահութեամբ են ներշնչւում: Պէտք է կարողանալ զրուցել նրանց հոգու հետ: Պէտք է կարողանալ նրանց միջից հանել այն, որը բխում է հոգուց. օրինակ, երբ մարդը խորը շունչ է քաշում, ինչ-որ բան է արձակում իր ներսից, հէնց դա է պէտք հանել նրանց հոգուց, որպէսզի կարողանան վերադառնալ դէպի աշխուժ կեանք, այլ ոչ` կեանքն անցկացնել արտասուելով, տխրելով», ասաց Կ. Դաւթեանը, ում ղեկավարած կազմակերպութեան փոքրիկ գրասենեակի պատերին կարելի է տեսնել պատուոգրեր, մրցանակի վկայագրեր, մրցանակներ: Այդ ամէնը հաշմանդամութիւն ունեցող մարդկանց յաղթանակների «աւարն» է, որը զրուցակցիս ասելով` դեռ շարունակական` լինելու: «Մարդու հոգին հոգի է, եւ էական չէ, թէ մէկի մատը կամ ձեռքը չկայ: Կարեւորը` մարդը հոգեբանօրէն պէտք է կանգնի եւ ցանկութիւն ունենայ ապրել, յետոյ արդէն ի յայտ կը գայ աշխատասիրութիւնը: Երբ հաշմանդամը ներփակւում է, դրանով հոգեբանօրէն «կոտրում» է իր ընտանիքին: Նա այնպէս պէտք է անի, որ իր մայրն արցունք չթափի, հայրն ուժեղ լինի: Կեանքն ինչքան դժուար է, այնքան էլ հեշտ է: Երբ երեխան ծնւում է, գիտէ՞ք` ինչու՞ է լացում…ասում է` դժուար կեանք մտայ…(ծիծաղում է,- Մ.Մ.): Կեանքը շատ քաղցր է: Իսկ կեանքում դժուարութիւններ պէտք է լինեն, որպէսզի առաջ շարժուես: Ես ինքս ուրախանում եմ, երբ դժուարութիւն եմ ունենում, որպէսզի յաղթահարեմ այն: Եթէ մենք` հաշմանդամներս, դժուարութիւնները յաղթահարում ենք, առողջ մարդանց համար աւելի հեշտ է», նկատեց Կ. Դաւթեանը:
Երեւան-Պէյրութ

