Կարդալով Յակոբ Պալեանի «Ամերիկա, Ամերիկա» Վէպը

ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յակոբ Պալեանի «Ամերիկա, Ամերիկա» վէպը ճակատագիրն է բոլոր թէ յաջողակ եւ թէ՛ ձախողակ հայերի, ում բախտը դուրս է նետել իր բնական միջավայրից եւ հասցրել մի այլ եզերք: Ուրեմն, հայի համար բնական միջավայրը նոյնն է, ինչ ջուրը` ձկան համար… դրանից դուրս անխուսափելի է կործանումը…

Երբեմն այդ կործանումը լինում է վերջնական, երբեմն մասնակի, երբեմն հրաշքով անվնաս մնացած բջիջը մի բացառիկ ընձիւղում է ունենում եւ հազուադէպօրէն փրկւում է ամբողջական. հիմնականում այդ փրկութիւնը լինում է անձը մինչեւ վերջ ուրանալու պայմանով, որն էլ պատիժներից խստագոյնն է:

Այս գործը կարդալիս` մտքով ակամայ թուարկւում էին բոլոր այն հին ու նոր պատմութիւնները, որ տեղ են գտել մեր գրականութեան բարձունքներում: Ցեղասպանութիւնից վերապրածների արդէն որերորդ սերունդն է, որ տարաշխարհիկ բոյսի իր տեսակով մերթ փորձում է կտրել արմատների հետ կապը, մերթ փորձում է գտնել դէպի արմատներն ու անգամ մազարմատները տանող ուղիները: Այդպիսին են Վազգէն Շուշանեանի, Համաստեղի, Թոթովենցի, Շահնուրի, Հաճեանի հերոսները… «Ամերիկա, Ամերիկա» վէպի, ինչպէս եւ Համաստեղի «Առաջին սեր» վէպի հերոսը, սրտի ամենաթանկ խորքերում պահում է առաջին սիրոյ հրապոյրը, որ ոչ մի այլ զգացումի հետ  չարժէ անգամ բաղդատել:

«Ամերիկայում» սակայն, շեշտը դրուած է ոչ այս երակի վրայ, այլ այն, որ հերոսը պէտք է կորցնէր բացարձակապէս ամէն ինչ: Աստուածաշնչեան Յոբը ի վերջոյ կեանքը վերստին սկսելու շնորհին արժանացաւ, իսկ մեր ամէն բարձունք-նպատակակէտ նուաճած ամերիկացի Լեւոն Արիսեանին մեծ կորուստներով անցած կեանքի ուղին տուեց միայն մի փիլիսոփայական պարզ եզրայանգում` հայը միայն եւ միայն իր միջավայրում կարող է լիարժէք մարդ զգալ, մնացածը ուծացման դրոշմն է…

Վէպի առանցքն արդէն իսկ ձեւաւորւում է նախաբանում, որին յաջորդելու են հերոսի օրագրային գրառումները: (Քրոնիկային պատումի տեսակը մեր արդի գրականութեան մէջ արդէն քանիերորդ դրսեւորումն է գտնում): Ամերիկեան կենսաձեւը օտարականին միանգամից է առնում իր յորձանուտի մէջ` ժամանակ չտալով, որ մարդը ունկնդրի իր ներքին ձայնին, իր բնական մղումներին: Եւ ժամանակակից Ոդիսեւսը արթնանում է միայն կեանքի մայրամուտին: «Չլսուող երաժշտութիւն եւ խլացնող աղմուկ»:  Այս վէպը բարեկեցիկ հանգամանքներում իր ողջ կեանքը տառապանքի ու անկումների մէջ անցկացրած միայնակ մարդու կտակն է կարծես բոլոր նրանց, ում վիճակուած է ձգուել դէպի սիրենների թովչանքը եւ քար դառնալ: «Ոմանք ժամանակին մէջ ընկղմած էին անհետ, խորտակուած նաւերու պէս, շատ ալ յայտնի չէր, թէ ողջ էին թէ մեռած»:

Յ. Պալեանին յաջողուել է իր հերոսի այս կտակը գեղարուեստական նուրբ հնարանքներով փոխանցել ընթերցողին եւ նրա հետ մէկ անգամ եւս ապրել մեր անթիւ, անհամար կորուստների մրմուռը:

Երեւան

Share this Article
CATEGORIES