ՀՅԴ-ն Չի Շարժւում Անհատի Քմահաճոյքներով

Ստորեւ կու տանք «Ժողովուրդ» թերթի հարցազրոյցը` ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի հետ.

ՀԱՐՑՈՒՄ.- Ըստ շրջանառուող լուրերի` ՀՅԴ-ում որոշակի դժգոհութիւններ կան, ու ցանկանում են արտահերթ ժողով անցկացնել` կուսակցութեան ղեկավար կազմում որոշակի փոփոխութիւններ կատարելու նպատակով: Ինչպէ՞ս էք մեկնաբանում այդ լուրերը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ցանկացած կուսակցութեան ներսում պարբերաբար արւում են փոփոխութիւններ, շտկումներ կուսակցութեան ընթացքի, վարչական կազմի մէջ եւ այլն, եւ այլն: Դա բնական երեւոյթ է: Թէ ինչու է դա ջղագրգռութիւն առաջացնում, ա՛յ դա ես չեմ հասկանում:

Հ.- Եւ ե՞րբ է կուսակցութիւնը պատրաստւում անել այդ փոփոխութիւնները:

Պ.- Այդ հարցով արդէն դիմէ՛ք ՀՅԴ գերագոյն մարմնին, որովհետեւ գերագոյն մարմին- Բիւրոն իր ժողովի ժամկէտը կ՛որոշի այս ամրանը, քանի որ մենք դեռ քննարկումներ ունենք: Իսկ ինչ վերաբերում է հայաստանեան գերագոյն ժողովին, այդ հարցով դիմէ՛ք նրանց:

Հ.- Այս փոփոխութիւնների համաթեքսթում մատնանշւում է հէնց Հրանդ Մարգարեանի անունը. ըստ շրջանառուող լուրերի` նրանից դժգոհութիւններ կան իշխանութիւնների հետ ունեցած կապերի պատճառով, ուստի եւ ցանկանում են փոխել նրան:

Պ.- Նախ` յիմարութիւն է փոփոխութիւնը կապել անհատների հետ: ՀՅԴ-ն, բացի նրանից, որ գաղափարական, այլեւ կարգապահ կուսակցութիւն է: Մեր յարաբերութիւնները եւ՛ ընդդիմութեան, եւ՛ իշխանութեան, եւ՛ արտաքին ուժերի հետ պայմանաւորուած են ընդհանուր ժողովի, իսկ Հայաստանում` գերագոյն ժողովի որոշումներով: Ոչ մէկն այդ որոշումներից դուրս չի գործում` ո՛չ Հրանդ Մարգարեանը, ո՛չ Արմէն Ռուստամեանը, ո՛չ ես: Դրա համար էլ հարցը դնել այդ ձեւով, որ Դաշնակցութեան քաղաքականութիւնը կապուած է այս կամ այն անհատի քմահաճոյքի կամ իշխանութիւնների հետ ունեցած յարաբերութիւնների հետ, սխալ է: Եւ յետոյ, ցանկացած բնական երկրում ցանկացած կուսակցութիւն` արմատական ընդդիմութիւնն անգամ, պէտք է իշխանութեան հետ կարեւորագոյն, ազգային անվտանգութեան նշանակութիւն ունեցող հարցերի շուրջ որոշակի յարաբերութիւններ ունենայ:

Հ.- Իսկ միթէ՞ անձերի, տուեալ դէպքում Հրանդ Մարգարեանի յարաբերութիւններն իշխանութիւնների հետ չէին կարող դեր խաղալ ՀՅԴ գործելակերպի հարցում:

Պ.- Կուսակցութիւնների, առաւել եւս Դաշնակցութեան մէջ, անհատը կարող է իր տեսակէտներն արտայայտել ու աշխատել այն բանի վրայ, որ դրանք ուղղորդող դառնան: Բայց միեւնոյն է, իր անհատական ցանկութիւններով, նախասիրութիւններով նա չի կարող ընդհանուր որոշումների շրջանակից դուրս գալ: Այդ յարաբերութիւնները լաւագոյն դէպքում կարող են տալ մարտավարական ճկունութիւն, բայց ոչ մի անհատ չի կարող կատարել ռազմավարական փոփոխութիւն: Այդ փոփոխութիւնը կարող է կատարել միայն ՀՅԴ ընդհանուր ժողովը, Հայաստանում` գերագոյն ժողովը: Իսկ ինչ վերաբերում է մարտավարական ճկունութեանը, ապա այստեղ խնդիրը որոշակի անհատի` քաղաքականութիւն վարելու արուեստի մէջ է: Այստեղ իւրաքանչիւրն ունի քաղաքականութիւն վարելու իր ոճը, եւ եթէ ոճն այդքան խնդրոյ առարկայ է, ապա հասարակութիւնը, ինչպէս միշտ, ընկած է կեղծ օրակարգի յետեւից:

Հ.- Պարզապէս ասում են, որ Հ. Մարգարեանը ՀՅԴ-ում համարւում է նախագահականի մարդը:

Պ.- Ինքը նախագահականի մարդը չէ, եւ ընդհանրապէս, ՀՅԴ-ում չկայ ո՛չ նախագահականի մարդ, ո՛չ խորհրդարանականի մարդ, ո՛չ կառավարութեան մարդ: Մենք միայն ու միայն Դաշնակցութեան մարդիկ ենք, իսկ ՀՅԴ-ն ծառայում է Հայաստանին: Հայաստանը շատ աւելի լայն հասկացողութիւն է, քան Հայաստանի իշխանութիւնները:

Հ.- Իսկ իշխանութիւնների հետ որոշակի յարաբերութիւն պահպանելը, հարցեր քննարկելը որքանո՞վ է արդիւնաւէտ, այն դէպքում, երբ իշխանութիւնն ամենատարրական հարցերում անգամ չի ցանկանում լսել ընդդիմութեան կարծիքը, որովհետեւ, ինչպէս կ՛ասէր Գալուստ Գրիգորիչը, իրենք ամենախելօքն են:

Պ.- Կան հարցեր, որոնցում, ի հարկէ, արդիւնաւէտ չէ: Բայց կան հարցեր, որոնցում ոչ միայն արդիւնաւէտ է, այլեւ, անկախ արդիւնաւէտութիւնից, անհրաժեշտ: Դու առնուազն պէտք է նախազգուշացնես եկող հարուածի մասին, դու առնուազն պէտք է իշխանութեանը ցոյց տաս, թէ որտեղ նրա սխալի հետեւանքը կարող է դառնալ ճակատագրական: Դա քո պարտքն է, եթէ դու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի ես, առաւել եւս` պատասխանատու քաղաքական կուսակցութեան անդամ:

armlur.am

 

 

Share this Article
CATEGORIES