Ցեղապաշտութիւնը Այդպէս Կը Լինի. Ցեղապաշտութիւն Եւ Ցեղասպանութիւն Է Գործադրւում Նաեւ Պատմութեան Քարերի, Եկեղեցիների Եւ Վանքերի Նկատմամբ
ՃԵՒԱԹ ՍԻՆԵԹ
Շատ շնորհակալ եմ սիրելի բժիշկ Սարգիս Ադամին եւ Նատեա Ույկունին: Ես ստացայ ինձ ուղարկուած ձեր նամակները: Անհնար է չյուզուել: Երբ ձեզ գրում էի իմ զգացումների մասին, դրանց մասին մտածեցի մի պահ: Ձեզ եմ փոխանցում դրանք:
Երանի թէ մարդկային ցեղասպանութեան հետ մէկտեղ ականատես չլինէինք նաեւ պատմութեան հանդէպ իրականացուող ցեղասպանութեանը: Ափսո՜ս, որ ոչ մի կերպ չենք կարողանում դրան արգելք լինել: Մեծամասնութիւնը` քիւրտով, թուրքով, արաբով, այնքան կանխակալ կարծիք ունեցող եւ ցեղապաշտ է, որ անցեալում ցեղասպանութեան ենթարկուած ասորիների, քաղդէացիների, յոյների եւ, ի հարկէ, մեր` հայերիս ոչնչանալուց յետոյ մեզնից մնացած մեր պատմական արժէքները` եկեղեցիներ, վանքեր, խաներ, բաղնիքներ, ամրոցներ, հիմա մարդկային ձեռքով, այդ ժողովուրդների միջոցով եւ, բնականաբար, առաջին հերթին` պետութեան ձեռքով վերացւում են: Ցաւալի է, որ այստեղ մնացած ժողովուրդները սեփական ձեռքերով են ոչնչացնում գաղթած-գնացած եւ բնաջնջուած ժողովուրդների պատմութիւնը:
Հէնց դա՛ է ամենացաւալին ու տխրեցնողը, մարդուն սարսափեցնողը: Իրականում նրանք ոչնչացնում են մարդկութեան պատմութիւնը: Եթէ դա կարողանան գիտակցել, համոզուած եմ` զաւակի հանդէպ ունեցած գորովանքով կը պահպանեն այդ քարերը: Շուրջօրեայ պահակ կը պահեն այդ վանքերի, եկեղեցիների, խաների, բաղնիքների պահպանման համար: Ի՜նչ ափսոս, որ հայերին պատկանած տները ներկայիս իշխանութեան ձեռամբ մէկ առ մէկ աւերւում են, իսկ այնտեղ բնակուող ժողովուրդները սոյն տների ապակիները, պատուհանները, շրջանակները վերցնելով` դեռ շարունակում են գանձ ու ոսկի որոնել: Դրա հետ մէկտեղ, ո՛չ քրտաբնակ տարածաշրջանում, ո՛չ արեւմուտքում, ո՛չ արեւելքում, ո՛չ էլ թուրքական տարածաշրջանում հայերին պատկանած ոչ մի գերեզման չի մնացել, որ չաւերուի, քանի որ ենթադրում են, թէ այնտեղ գանձ ու ոսկի կայ:
Ես փորձում եմ իմ հնարաւորութիւնների չափով գէթ դոյզն-ինչ ըմբռնել մարդկանց` միմեանց հանդէպ դրսեւորած ցեղապաշտութիւնը, որքան էլ ուղեղս դա չընդունի: Կը փորձեմ հասկանալ անգրագիտութիւնը, տգիտութիւնը, սակայն, ցաւօք, խօսք անգամ լինել չի կարող այն մասին, որ ինձ համար ընկալելի լինի քարերի, պաշտամունքի վայրերի, եկեղեցիների, ամրոցների, խաների, բաղնիքների, տների հանդէպ գործադրուած ցեղապաշտութիւնը, դրանց նկատմամբ ատելութեամբ եւ վրէժխնդրութեամբ մօտեցումը: Գալիք սերունդներին ի՞նչ են ցոյց տալու` որպէս պատմութիւն: Թէ՛ Թուրքիայի տարածաշրջանում ապրողները, թէ՛ Միջագետքում բնակուողները դրա մեղքը, պատասխանատուութիւնը ո՞ր բարոյականութեամբ եւ խղճով ու ի՞նչ հաշուով են կարողանալու ստանձնել: Ես չեմ ճանաչում արիասիրտ մէկին, ով կը համարձակուի դա անել:
Բոլորովին կասկած չունեմ, որ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան անդամ, Պաթման նահանգի Սասունի քաղաքապետը Մարութայ լերան վրայ գտնուող եկեղեցին մեծ ու ծանր մուրճերով քանդել տալու պատճառով սեւ բծով է անցնելու պատմութեան գիրկը: Ինչ վերաբերում է Սղերդի քաղաքապետ, Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան անդամ Սելիմ Սատըքին, ապա քանի որ վերջինս հայկական գերեզմանատան աւերման հանդէպ անզգայ էր մնացել ու նահանգապետի հետ միաբանուել այդ հարցում եւ հայերին ու ասորիներին պատկանող այնտեղի գերեզմաններն աւերել, դարձեալ կ՛ընդգրկուի պատմութեան կեղտոտ էջերում: Միւս կողմից` ատելութեամբ դատապարտում եմ նաեւ Էրուհի քաղաքապետ Մելիհ Օքթային, ով նոյն կերպ, յանուն սեփական շահի, եկեղեցին յանձնեց համայնքին եւ գաւառապետին: Նրա զաւակներն ինչպէ՞ս են իրենց հօրը պաշտպանելու գալիք հարիւրամեակին:
Մարդկային ցեղասպանութիւնը կարծես բաւարար չէր, հիմա էլ պատմութեան նկատմամբ է եղեռն գործադրւում, որը հնարաւոր չէ ո՛չ ընկալել, ո՛չ էլ ընդունել: Նման բացայայտ ցեղապաշտութեան, ազգայնամոլութեան եւ պատմական թշնամութեան, քարերի, պաշտամունքի վայրերի հանդէպ ատելութեան եւ ցեղապաշտութեան դրսեւորման ես չեմ հանդիպել ու նման բան չեմ լսել մեր իմացած ու չիմացած եւ ոչ մի երկրում: Միմիայն Թուրքիայում եմ լսում, տեսնում եւ հանդիպում:
Երբ երկրի ներսում ուղեւորութիւն եմ կատարում, ու զինուորներն ինձ հարցնում են իմ ազգութիւնը եւ նայում անձնագրիս, անմիջապէս վրայ են տալիս` ասելով. «Աաա՜, դուք քրիստոնեա՞յ էք, ձեր ցեղը դեռ չի՞ սպառուել»: Դա մեզ տրուած ամենաշօշափելի պատասխանն է, որի շնորհիւ շատ բացայայտ եւ որոշակիօրէն հասկանում ենք, թէ ի՛նչ են ուզում ասել:
«Այքըրըտողրուլար» կայքէջ
Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»

