Հայ Ժողովուրդը Չի Կարող Հաշտուել Այս Ամէնի Հետ. Սօս Սարգսեան
Զրուցեց ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ
Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Սօս Սարգսեան. մարդ, ում հետ հարցազրոյց անելն ուղղակի տօն է, իսկ կրկնակի տօն, երբ յաջողւում է երբեմն այցելել նրան ու զրուցել: Սօս Սարգսեանը 83 տարեկան է, ասում է, որ առողջութիւնն էլ բանի պէտք չէ, սակայն մի շարք չարուած գործեր են մնացել: Նա համարում է, որ սէրը մի զարմանալի յատկութիւն ունի` այն չի կարող մարդու միջից վերանալ. սիրուց աւելի մեծ ու կարեւոր բան կա՞յ աշխարհում. ամէն ինչ սիրելուց է ծնւում` երեխան, հայրենիքը, ընկերը, բարեկամը. նման կարծիք յայտնեց: Ներկայացնում ենք «Երկիր»-ի հարցազրոյցը Սօս Սարգսեանի հետ:
Հ.- Նկատե՞լ էք, որ վերջին շրջանում ինչ էլ լինի, դժգոհ ենք:
Ս. Ս.- Այո, մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լաւ բաներ են կատարւում: Կիսատ-պռատ ըմբոշխնեցինք Արցախի պատերազմի մեր յաղթանակը, սակայն մինչեւ հիմա էլ չենք կարողանում հրճուել դրանով: Վերջին հաշուով` ամբողջ երկիրը հո սեւ գոյնով չէ՞ պատուած: Կեանքը նուէր է մարդուն, եւ ամէն մարդ պէտք է մտածի` այս ինչ հրաշք է, որ ես կամ: Կառավարութեան մէջ կան շատ լաւ մարդիկ, բայց կան նաեւ վատերը, որոնց դէմ, այո՛, պայքարել է պէտք, բայց նաեւ լաւն է պէտք նկատել:
Վերջին տարիներին աշխարհի համար զարմանալի բաներ կատարուեցին մի փոքրիկ Հայաստանում. Զօրի Բալայեանը շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կատարեց, եւ աշխարհը մտածում էր` այդ ինչպէ՞ս, երբ ծով չունէինք: Հէնց այդպէս, չէ՞ որ հայ ենք: Հպարտանալ է պէտք հայ շախմատիստների յաղթանակով. Չինաստանում 100 միլիոն շախմատիստ կայ, այդ ինչպէ՞ս ստացուեց, որ մենք յաղթեցինք: Փոքր ազգն ինքն իրեն պէտք է գովի, ինքն իրեն բարձրացնի: Գիտեմ, որ պէտք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մէկն էլ ես եմ, փոքր ազգը պէտք է մեծ մարդիկ ունենայ, ամէն ինչ անի, որ նման մարդիկ ունենայ:
Հ.- Կա՞յ ինչ-որ բան, որի համար ափսոսում էք:
Ս. Ս.- Այնքան բան կայ, որի համար ափսոսում եմ: Մարդն ուզի-չուզի կեանքում սխալներ է գործում: Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում եւ չի էլ կարող չտառապել դրանց համար…
Հ.- Քաղաքական վայրիվերումներն անդրադառնո՞ւմ են նաեւ մշակութային կեանքի վրայ:
Ս. Ս.- Չէի ասի, որ անդրադառնում է: Օրինակ` մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ում ինչ պաշտօն տուեցին. լրիւ ուրիշ կեանք է այնտեղ:
Հ.- Չարուած գործեր շա՞տ ունէք:
Ս. Ս.- Այո, մի շարք բաներ ունեմ դեռ անելու: Սակայն, միւս կողմից, ես գիւղացի տղայ եմ, աշխատասէր եւ աշխատունակ, եւ երբ ուզում եմ այդ չարուած գործերս դնել իմ կեանքի որեւէ հատուածում, բաց տեղ չեմ գտնում:
Հ.- Երիտասարդ Սօս Սարգսեաններ տեսնո՞ւմ էք:
Ս. Ս.- Ինձնից շատ լաւերը կան, էս ջահելների մէջ շատ լաւերը կան. ժամանակը կ՛ապացուցի դա: Սակայն ցաւն այն է, որ իրենք չունեն այն հողը, որը մենք ունէինք, եւ որի հիման վրայ էլ կարող էինք աճել: Սիրոյ ազդեցութեան տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:


