Գէորգ Վարդանեանի «Յոյն Բնակչութիւնն Օսմանեան Կայսրութիւնում Եւ Փոքրասիական Աղէտը (1914-1923 Թթ.)» Գիրքը
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Երիտթուրքերի եւ քեմալականների ցեղասպան քաղաքականութիւնը դրսեւորուեց ոչ միայն հայ, այլ նաեւ միւս քրիստոնեայ ժողովուրդների, մասնաւորապէս` յոյների եւ ասորիների հանդէպ: Օսմանեան կայսրութիւնում եւ քեմալական Թուրքիայում յոյների եւ ասորիների բնաջնջման քաղաքականութեան ուսումնասիրումը կարեւորւում է արդի ցեղասպանագիտութեան եւ, յատկապէս, Հայոց ցեղասպանութեան հետազօտման առումով, քանի որ միայն այդ դէպքում հնարաւոր կը լինի համապարփակ պատկերացում կազմել երիտթուրքերի եւ նրանց ժառանգորդ քեմալականների հայասպան քաղաքականութեան մասին: Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ իրականացուած հալածանքները, բռնութիւնները, ցեղասպանութիւնները էական են նաեւ դրանք Հայոց ցեղասպանութեան հետ համեմատելու տեսանկիւնից:
Հարկ է նշել, որ չնայած Հայոց ցեղասպանութեան բաւականին ուսումնասիրուած լինելուն, հայ պատմագրութեան մէջ առայժմ թերի է մնում Օսմանեան կայսրութիւնում իրականացուած միւս ցեղասպանութիւնների ուսումնասիրումը: Այս պարունակում այդ թեմաներով հայ հեղինակների կողմից հրատարակուած իւրաքանչիւր յօդուած, մենագրութիւն կամ փաստաթղթերի ժողովածու մեծ ներդրում է հայկական ցեղասպանագիտութեան մէջ:
Վերջերս նման ուշագրաւ մենագրութիւն է տպագրել Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը: Խօսքը վերաբերում է «Յոյն բնակչութիւնն Օսմանեան կայսրութիւնում եւ փոքրասիական աղէտը (1914-1923 թթ.)» գրքին (պատասխանատու խմբագիր` պ.գ.տ. Արսէն Աւագեան, գրախօսներ` պ.գ.տ. Հայկ Դեմոյեան եւ պ.գ.տ. Սուրէն Մանուկեան, Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ, Երեւան, 2012 թ., 196 էջ), որի հեղինակն է Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի աւագ գիտաշխատող եւ Անդրկովկասի հայութեան ցեղասպանութեան ուսումնասիրութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների թեկնածու Գէորգ Վարդանեանը:
Սոյն արժէքաւոր աշխատութիւնը նուիրուած է Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան կարգավիճակի եւ թուրքական իշխանութիւնների կողմից յոյների զանգուածային տեղահանութիւնների ու կոտորածների քաղաքականութեան հետազօտութեանը:
Գիրքը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում յոյների դրութիւնը, բնակավայրերը, յոյն ժողովրդի նկատմամբ տարուող բռնի տեղահանութիւնների եւ կոտորածների քաղաքականութիւնը համակողմանի ներկայացնելու առումով առաջին փորձերից է հայ պատմագրութեան մէջ:
Մենագրութիւնը բաղկացած է մուտքի խօսքից (հեղինակ` Հայկ Դեմոյեան), առաջաբանից, երեք գլուխներից եւ վերջաբանից: Աշխատութիւնը ժամանակագրօրէն ընդգրկում է 19-րդ դարի երկրորդ կէսից 20-րդ դարի առաջին քառորդը:
Գրքի հեղինակ Գ. Վարդանեանն առաջաբանում հետեւեալ կերպ է մեկնաբանում գրքի վերնագրի ընտրութիւնը. «Յունական պատմագրութեան մէջ «Փորքասիական աղէտ» ընդունուած է անուանել 1919-1922 թթ. յոյն-թուրքական պատերազմում յունական բանակի պարտութիւնը, 1914-1923 թթ. Փոքր Ասիայից, Պոնտոսից եւ Արեւելեան Թրակիայից յոյն բնակչութեան բռնի տեղահանութիւններն ու կոտորածները, ինչպէս նաեւ` Զմիւռնիայի 1922 թ. ողբերգութիւնը: Այդպէս է կոչուել նաեւ այն պատճառով, որ դրանով վերջ տրուեց Փոքր Ասիայում յոյների` մօտ երեքհազարամեայ ներկայութեանը, միաժամանակ այն խորհրդանշում է յունական հողերի ազատագրման մեծ ծրագրի` «Մեծ տեսլականի» («Մեծն Յունաստանի գաղափարի») վերջը: Որոշ հեղինակներ «Փոքրասիական աղէտի սկիզբը համարում են 1453 թ., երբ թուրքերը գրաւեցին Կոստանդնուպոլիսը» (էջ 9):
Մենագրութեան համար սկզբնաղբիւր են ծառայել Հայաստանի ազգային արխիւի, Կոստանդնուպոլսի յունական Տիեզերական պատրիարքարանի վաւերագրերը (յատկապէս` «Սեւ գրքերը»), ինչպէս նաեւ` տուեալ ժամանակահատուածում այլ երկրներում յունական կազմակերպութիւնների հրատարակած տեղեկագրերն ու փաստաթղթերի ժողովածուները: Ի դէպ, յոյների զանգուածային տեղահանութիւնների եւ կոտորածների վերաբերեալ կարեւոր տեղեկութիւններ հաղորդող սոյն տեղեկագրերն ու փաստաթղթերի ժողովածուները հեղինակի շնորհիւ առաջին անգամ են Հայաստանում դրւում գիտական շրջանառութեան մէջ: Գ. Վարդանեանն օգտուել է նաեւ ժամանակակիցների բազմաթիւ յուշագրութիւններից, ժամանակի պարբերական մամուլից, ինչպէս նաեւ` հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ յունարէն գրականութիւնից:
Առաջին գլխի առաջին ենթագլուխը, որը կրում է «Յոյների բնակութեան շրջաններն Օսմանեան կայսրութիւնում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին» վերնագիրը, մանրամասն տեղեկութիւններ է հաղորդում օսմանեան պետութեան մէջ յունահպատակների բնակութեան վայրերի եւ թուաքանակի վերաբերեալ` ըստ շրջանների: Ինչպէս հաղորդում է հեղինակը, յոյները մեծ թիւ են կազմել յատկապէս Պալքանեան թերակղզում, Եգէական ծովի կղզիներում, Փոքր Ասիայի արեւմտեան եւ հիւսիսային հատուածներում (էջ 19): Սոյն ենթագլուխը յատկանշական է նաեւ բազմաթիւ աղիւսակներով, որ կազմել է հեղինակը` յունաբնակ շրջանների թուաքանակի վերաբերեալ ընթերցողին առաւել ստոյգ պատկերացում տալու նպատակով: Աղիւսակների միջոցով օսմանահպատակ յոյների թիւն ըստ վիլայեթների եւ սանճաքների ներկայացնելուց յետոյ հեղինակը յայտնում է, որ Ա. Աշխարհամարտից անմիջապէս առաջ ամբողջ Օսմանեան կայսրութիւնում ապրում էր շուրջ 2,5 միլիոն յոյն (էջ 44):
Առաջին գլխի երկրորդ ենթագլխում, որը վերնագրուած է «Յոյների ազատագրական շարժումն ու կոտորածները 19-րդ դարի երկրորդ կէսին եւ 20-րդ դարի սկզբին», ընդգծւում է այն փաստը, որ յոյների կացութիւնն Օսմանեան կայսրութիւնում նոյնքան ծանր էր, որքան` միւս քրիստոնեայ հպատակներինը, եւ օսմանեան իշխանութիւններն ամէն կերպ արգելակում էին զարգացման առումով թուրքերից աւելի բարձր աստիճանի վրայ գտնուող յոյների առաջընթացը (էջ 47): Շեշտւում է, թէ Յունաստանի անկախացումից յետոյ (1830 թ. ապրիլի 24) օսմանեան վերնախաւը գիտակցեց, որ եթէ իրադարձութիւնները դասաւորուեն նախկինի պէս, ապա հաւանական նոր ազգային շարժումները կը յանգեցնեն նոր տարածքային կորուստների (էջ 51), հետեւաբար անհրաժեշտ են նոր մօտեցումներ: Վերջիններս արտայայտուեցին թանզիմաթեան բարեփոխումների միջոցով, որոնք թէեւ առերեւոյթ հռչակում էին բոլոր օսմանահպատակների իրաւահաւասարութիւն` անկախ կրօնից, սակայն ոչ միայն չկարողացան լուծել Արեւելեան հարցը, այլեւ աւելի խորացրեցին այն` հանդիպելով յետադիմականների կատաղի դիմադրութեանը: Բացի այդ` քրիստոնեայ հպատակները եւս գիտակցեցին Թանզիմաթի իրական նպատակը, այն է` բոլոր օսմանահպատակների ուծացումը:
Խրիմի պատերազմից յետոյ էլ Արեւելեան հարցը շարունակում էր օրակարգային խնդիր մնալ ինչպէս Օսմանեան կայսրութեան, այնպէս էլ մեծ տէրութիւնների համար (էջ 57), եւ կայսրութիւնում բռնկուեցին նոր, այդ թւում` յունական ապստամբութիւններ:
Առաջին գլխի երրորդ ենթագլխի սկզբում, որը կրում է «Յոյների դրութիւնը երիտթուրքերի կառավարման տարիներին» վերնագիրը, հաղորդւում է, որ 1908 թ. երիտթուրքական յեղաշրջումից յետոյ օսմանեան խորհրդարանի 288 պատգամաւորներից յոյն էին 26-ը (էջ 68), սակայն թէ՛ 1908 եւ թէ՛ 1912 թուականների խորհրդարանական ընտրութիւններն անցան բացայայտ ճնշումների պայմաններում, եւ աստիճանաբար սահմանափակուեց նաեւ յոյն երեսփոխանների թիւը (էջ 69):
Հեղինակը, վերլուծելով 1913-1914 թթ. յոյների բռնի տեղահանութիւնների եւ ջարդերի պատճառները, վեր է հանում հետեւեալ շարժառիթները.
1.- Յոյների բռնագաղթը` թուրքացման քաղաքականութեան բաղադրիչ:
Ըստ հեղինակի, 1913-1914 թթ. յոյների բռնագաղթը պետական քաղաքականութիւն էր, որն ուղղակիօրէն ղեկավարւում էր պետութեան կողմից եւ հանդիսանում երիտթուրքերի վարած բռնի օսմանացման քաղաքականութեան բաղադրիչներից մէկը: 1913-1914 թթ. տեղահանութեան նպատակն էր Եգէական ծովափը զրկել յոյն բնակչութիւնից (էջ 73-74):
2.- Տեղահանութիւնը պայմանաւորող գործօնները.
ա.- Օսմանեան կայսրութիւն-Յունաստան յարաբերութիւններն ու դրանց ազդեցութիւնը յոյների տեղահանութեան գործում:
Պալքանեան պատերազմներից յետոյ Աթէնքում կնքուած յոյն-թուրքական հաշտութեան պայմանագիրը չկարողացաւ որոշել Եգէական ծովու կղզիների հետագայ ճակատագիրը, եւ հէնց այս խնդիրն էլ դարձաւ յոյն-թուրքական յարաբերութիւնների ամենակնճռոտ հարցը (էջ 74-75): Գ. Վարդանեանը նշելով, որ մասնագիտական գրականութեան մէջ ընդունուած է տեսակէտ, թէ յոյների տեղահանութիւնը նպատակ ունէր ճնշում գործադրելու Յունաստանի կառավարութեան վրայ` կղզիների հարցում զիջումներ կորզելու համար, ընդգծում է, որ դա նպատակների միայն մէկն էր, սակայն` ոչ գլխաւորը: Պատմաբանի կարծիքով, թուրքերը գիտակցեցին, որ իրենք կարող են իւրաքանչիւր պահի կորցնել հոծ յոյն բնակչութիւն ունեցող շրջանները եւ յանգեցին կայսրութեան տարածքը այլ ժողովուրդներից մաքրելու մտքին (էջ 75): Անդրադառնալով նաեւ հոգեբանական գործօնին, այն է` տարածքային կորուստների պատճառով հպատակ քրիստոնեաների նկատմամբ թուրքերի տածած ատելութեանը, գրքում կարծիք արտայայտւում, որ թէեւ հոգեբանական գործօնի դերն ակնյայտ է, սակայն պէտք չէ այն գերագնահատել (էջ 76):
բ.- Տնտեսական գործօն:
Հանրայայտ փաստ է, որ Օսմանեան կայսրութեան տնտեսութեան հիմնական շարժիչ ուժն են եղել ոչ թէ թուրքերը եւ այլազգի մահմետականները, այլ` յոյները, հայերն ու հրեաները: Այդ փաստը պայմանաւորուած էր նրանով, որ թուրքերն իրենց պատուից ցածր էին համարում առեւտրով եւ արհեստներով զբաղուելը` գործունէութեան այդ բնագաւառները թողնելով ոչ մուսուլման հպատակներին: Բացի այդ` կարեւոր գործօն էր նաեւ այն հանգամանքը, որ կայսրութեան ոչ մահմետական տարրերը` ի դէմս հայերի, յոյների եւ հրեաների, իրենց զարգացածութեամբ եւ մշակոյթով շատ աւելի բարձր մակարդակի վրայ էին գտնւում եւ աւելի արագ արձագանգում աշխարհում կատարուող մեծ փոփոխութիւններին, քան` թուրքերը: Թուրքական քաղքենիութիւնը ձեւաւորուեց շատ աւելի ուշ, քան` կայսրութեան քրիստոնեայ հպատակներինը: Եւ 19-րդ դարի կէսերին ասպարէզ եկած թուրքական քաղքենիութիւնը խնդիր ունէր դուրս մղել ոչ մուսուլման հպատակներին երկրի տնտեսական կեանքի էական դիրքերից:
Հեղինակի դիտարկմամբ, Օսմանեան կայսրութիւնում յոյների տնտեսական դիրքերի թուլացումը, ինչպէս նաեւ տնտեսութիւնից նրանց դուրսմղումը, լինելով թուրքացման քաղաքականութեան բաղկացուցիչ մասը, կազմում էին 1913-1914 թթ. հակայունական քաղաքականութեան տնտեսական կողմը (էջ 78):
Առաջին գլխի վերջում նաեւ մանրամասն վերլուծւում են թուրքական ժխտողականութեան վաղ դրսեւորումները` կապուած յոյների 1913-1922 թթ. բռնագաղթի հետ (տե՛ս 85-87 էջերը):
Մենագրութեան երկրորդ գլխի առաջին ենթագլխում, որը կրում է «Յոյների զանգուածային տեղահանութիւններն ու կոտորածներն Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին» վերնագիրը, արձանագրւում է, որ տուեալ ժամանակաշրջանում յոյների հալածանքներն ու ջարդերը 1913-1914 թթ. նրանց նկատմամբ իրականացուած նոյն քաղաքականութեան շարունակութիւնն էին, սակայն այս փուլում այդ քաղաքականութիւնն աչքի ընկաւ ձեռնարկուած միջոցառումների եւ ընդգրկած տարածքի ծաւալայնութեամբ. եթէ նախորդ շրջանում հիմնական շեշտը դրւում էր արտաքսումների վրայ, իսկ գործողութեան տարածքները միայն Թրակիան եւ Փոքր Ասիայի արեւմտեան ծովափն էին, ապա Ա. Աշխարհամարտի տարիներին յոյների զանգուածային ջարդերն ընդգրկեցին կայսրութեան ողջ տարածքը (էջ 90): Պատերազմի սկսուելուց յետոյ երիտթուրքական վարչակարգն ընդունեց մի շարք օրէնքներ ու հրամաններ, որոնք պէտք է նպատակային բնոյթ հաղորդէին հակայունական քաղաքականութեանը (էջ 91): 18-45 տարեկան օսմանահպատակ յոյն տղամարդիկ եւս, ինչպէս հայերը, ընդգրկուեցին բանուորական գումարտակների մէջ: Հեղինակը, հիմնուելով յունական աղբիւրներից քաղուած տուեալների վրայ, հաղորդում է, թէ աշխատանքային գումարտակներում հաւաքուած շուրջ 200 հազար յոյներից նահատակուել է 150 հազարը (էջ 92): 1915 թ. մայիսից մինչեւ 1918 թ. բազմահազար յոյներ «վերաբնակեցման» անուան տակ ենթարկուեցին բռնագաղթի, իսկ նրանց ապրած շրջանները բնակեցուեցին մահմետական փախստականներով, ովքեր էլ տիրացան յոյների գոյքին: Այս ամէնն իրականացւում էր Յատուկ կազմակերպութեան միջոցով (էջ 93): Այս տարիներին հակայունական քաղաքականութիւնը դրսեւորուեց յատկապէս Թրակիայի, Մարմարա ծովի շրջակայքի, Այտընի նահանգի եւ Պոնտոսի նկատմամբ, քանի որ օսմանահպատակ յոյների մեծ մասը կենտրոնացուած էր հէնց այդ վայրերում (էջ 93):
Սոյն ենթագլխում մանրամասն ներկայացւում են յիշեալ շրջաններից իւրաքանչիւրում յոյների բռնագաղթն ու կոտորածները:
Երկրորդ գլխի երկրորդ ենթագլխում` վերնագրուած «Յոյների զանգուածային տեղահանութիւններն ու կոտորածներն 1919-1922 թթ. յոյն-թուրքական պատերազմի ընթացքում. Զմիւռնիայի աղէտը», Գ. Վարդանեանը յունական զօրքերի` 1919 թ. մայիսին Զմիւռնիայում ցամաքահանումից յետոյ Մուսթաֆա Քեմալի ղեկավարած շարժման պարունակում լուսաբանում է հակայունական քաղաքականութիւնը եւ յունաբնակ շրջաններում քեմալական զօրքերի գործողութիւնները: Ինչպէս նշւում է գրքում, յունական բանակի առաջխաղացմանը զուգահեռ` քեմալականները սաստկացնում էին Փոքր Ասիան յոյներից դատարկելուն միտուած` քրիստոնեաների հալածանքները (էջ 118): Յոյն բնակչութեան բնաջնջումն առաւել համակարգուած էր կատարւում Սամսոն-Պաֆրա շրջաններում (էջ 123): Իսկ Պոնտոսի շրջանը գրեթէ ամբողջութեամբ մաքրուել էր յոյներից (էջ 124):
1922 թ. սեպտեմբերի 9-ին թուրքական հեծելազօրը Նուրէտտին փաշայի գլխաւորութեամբ մտաւ Զմիւռնիա, որն անպաշտպան էր մնացել, քանի որ մինչ այդ յունական զօրքերը լքել էին քաղաքը (էջ 126): Այստեղ քեմալականները նախ յարձակուեցին հայկական թաղամասի` Հայնոցի վրայ եւ կոտորեցին հազարաւոր հայերի: Հայկականից յետոյ հերթը հասաւ յունական ու եւրոպական թաղամասերին (էջ 127): Ինչպէս ցաւով արձանագրւում է գրքում, 1922 թ. սեպտեմբերի 13-15-ին թուրքերի կողմից միտումնաւոր կերպով բռնկուած Զմիւռնիայի հրդեհը, դրան հետեւած բնակչութեան բռնի տեղահանութիւնը եւ զանգուածային կոտորածները «քրիստոնէական տարրի ներկայութեան վերջն էին Փոքր Ասիայում» (էջ 129):
Գրքի երկրորդ գլխի երկրորդ ենթագլխում անդրադարձ կայ նաեւ 1914-1923 թթ. յոյն զոհերի թուաքանակի խնդրին: Մասնաւորապէս շեշտւում է, թէ նշուած տարիներին ֆիզիքապէս ոչնչացուեց գրեթէ մէկ միլիոն յոյն (էջ 132):
Գրքի երկրորդ գլխի վերջում` երրորդ ենթագլխում, ներկայացւում են նաեւ 20-րդ դարի առաջին քառորդին հայ-յունական համագործակցութեան փորձերը (տե՛ս 134-145 էջերը): Վերջաբանում նշւում է, որ Փարիզի վեհաժողովում հայկական եւ յունական պատուիրակութիւններն իրենց պահանջները ներկայացնելիս ոչ միայն չէին խանգարում, այլեւ աջակցում էին միմեանց (էջ 176):
Մենագրութեան երրորդ գլխի առաջին ենթագլխում («Լոզանի վեհաժողովում ստորագրուած «Թուրքիայում եւ Յունաստանում բնակչութեան փոխանակման վերաբերեալ» պայմանագիրը եւ դրա հետեւանքները») մանրամասն վերլուծւում են Լոզանի վեհաժողովի շրջանակներում կնքուած յիշեալ պայմանագրի դրոյթները, եւ նշւում, որ սոյն պայմանագրի պատճառով Յունաստան տեղափոխուեց մէկուկէս միլիոն գաղթական (էջ 155): Ինչպէս ենթագլխի վերջում արձանագրում է հեղինակը. «®եթէ 1453 թ. Կոստանդնուպոլսի անկմամբ վերջ տրուեց Փոքր Ասիայում յոյն ժողովրդի քաղաքական, ապա Լոզանի վեհաժողովից յետոյ` նաեւ նրա ֆիզիքական ներկայութեանը» (էջ 156):
Երրորդ գլխի վերջին ենթագլխում, որը կրում է «Հայերի եւ յոյների զանգուածային տեղահանութիւնների եւ կոտորածների թուրքական քաղաքականութեան ընդհանրութիւններն ու տարբերութիւնները» վերնագիրը, հեղինակը Հայոց ցեղասպանութեան պատմագրութեան մէջ առաջին անգամ զուգահեռներ է անցկացնում Մեծ եղեռնի եւ յոյների ողբերգութեան միջեւ` համեմատելով երկու ժողովուրդների` ցեղասպանութեանը նախորդած պատմութիւնը, ցեղասպանութեան ընթացքը եւ գործադրման մեքանիզմները: Գիրքն արժեւորւում է նաեւ այս համեմատութեան առումով:
Վերջաբանում արձանագրւում է, որ յոյների նկատմամբ թուրքական իշխանութիւնների` 1914-1923 թթ. իրականացրած ցեղասպան քաղաքականութեան պատճառով Թուրքիան հիմնականում «մաքրուեց» յոյներից (էջ 178):
«Ակունք»

