«Ոչ Ոք Չի Մոռացուել, Ոչինչ Չի Մոռացուել»

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ 

Վերջերս լայնօրէն քննարկուող մի իրադարձութիւն ինձ յիշեցրեց այս խորհրդային կարգախօսը: Վաղուց ժամանակն է, որ մենք իւրովի ըմբռնենք այն: Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին են վաճառուել նորագոյն յարձակողական ու զանգուածային ոչնչացման զինատեսակներ:

Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շնորհիւ Ազրպէյճանն այսօր տիրապետում է աշխարհի հզօրագոյն համազարկային-հրթիռային համակարգին: Աշխարհում ոչ մի զէնք չի կարող մրցել դրա կործանարար հզօրութեան հետ: Իր աւերիչ ուժով այն զիջում է միայն հիւլէական ռումբին:

Այս իրադարձութեանը զուգահեռ, աշխուժացել են մեր խղճուկ քաղաքագէտներն` իրենց ճապաղ բացատրութիւններով, թէ կատարուածը սոսկ պիզնըս է եւ չունի քաղաքական տողատակ: Ստեղծուած կացութիւնը ստիպեց ընթերցողին ներկայացնել մի հատուած իմ անտիպ ինքնակենսագրական գրքից:

1974 թուականի յունուարի 20-ին Ազգային միացեալ կուսակցութեան (ԱՄԿ) յանձնարարութեամբ Ռազմիկ Զոհրաբեանը Լենինի հրապարակում, ի նշան Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականութեան դէմ բողոքի, ընկերոջ հետ միասին հրկիզեց բանուորների առաջնորդ Իլիչի մեծադիր նկարը` այն ժամանակ, երբ Կրոմիքոն ժամանել էր Երեւան` Հայաստանին ժողովրդների բարեկամութեան շքանշան յանձնելու: Ռազմիկը ձերբակալուեց, իսկ ընկերը դիմեց փախուստի եւ մինչ օրս  համարւում է փախուստի մէջ: Դա նրա առաջին ու վերջին գործն էր ԱՄԿ-ում:

20-ական թուականներին` Խորհրդային Ռուսաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում, երբ երկիրը զոհն էր սովի ու անբերրիութեան, եւ դեռեւս վերացուած չէին տնտեսական աւերմունքը եւ օտարերկրեայ յարձակումների հետեւանքները, խորհրդային իշխանութիւնը հնարաւորութիւն գտաւ Թուրքիային ցուցաբերելու ֆինանսական, ռազմական եւ այլ կարգի օգնութիւններ:

Համաձայն 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական տխրահռչակ, հայակործան պայմանագրի,  Թուրքիան Ռուսաստանից անհատոյց ստացաւ ոչ միայն հսկայական ֆինանսական ու ռազմական օգնութիւն, այլեւ լայնածաւալ տարածքներ` այդպիսով պահպանելով Անդրկովկասը ճնշելու իր ազդեցութիւնն ու լծակները: Թուրքիային անցաւ հայկական տարածքից 23,600 քառ. քմ: Նախիջեւանն ու Արցախը բռնատրուեցին Ազրպէյճանին: Այս մասին ազդարարում է պայմանագրի 5-րդ յօդուածը:

1920-1922թթ. Քեմալ Աթաթուրքին Լենինը նուիրաբերել է 39 հազար հրացան, 17,600 հրանօթային արկ, 327 գնդացիր, 63 միլիոն փամփուշտ, 147 հազար արկ, 100 միլիոն ռուբլի` ոսկով: Անգարայում խորհրդային իշխանութիւնները կառուցեցին վառօդի երկու գործարան: Միաժամանակ յատկացուեցին սարքաւորումներ` փամփուշտի գործարանի, եւ հումք` փամփուշտ արտադրելու համար: Փոխանցուեց նաեւ 206,6 քիլոկրամ ոսկէ սալիկ, ինչպէս նաեւ զգալի միջոցներ` ճակատում ծնողներին կորցրած երեխաների համար Թուրքիայում որբանոցներ կազմակերպելու նպատակով:

Այս ամէնին զուգահեռ ընթանում էր մի այլ գործընթաց. Էնվեր փաշան, որը յայտարարել էր. «Առանց մի թուրք զինուորի կորստի ես ոչնչացրի թրքութեան թշնամի հայերին», Էնվերը, որը Թուրքիայի կողմից դատապարտուած էր մահուան, իր համախոհներով 1920թ. սկզբներին Մոսկուայում արժանացաւ Լենինի ընդունելութեանը: Պոլշեւիկները վարում էին յայտնի անձանց` «Կարմիր Արեւելքի» առաջնորդներին (որոնց սովորեցրել էին յեղափոխութիւններ անել), իրենց կողմը գրաւելու քաղաքականութիւն:

Լենինի օրհնութեամբ Էնվերը` Օսմանեան կայսրութեան նախկին ռազմական նախարարը, ստեղծում է «իսլամական յեղափոխութիւնների միութիւն», ինչը մուսուլմանական միջազգայնական յիշեցնող մի բան էր: Պոլշեւիկների համար Էնվերը յարգելի եւ ցանկալի ընկեր էր, բայց Մոսկուայի հետ 1,5 տարուայ սերտ համագործակցութիւնից յետոյ նա անցաւ Կենտրոնական Ասիայի ապստամբների կողմը: Ընդդիմութեան կողմն անցնելուն պէս նա անուանուեց անգլիական կառավարութեան վարձու գործակալ: Սակայն յայտնի անգլիացի մասնագէտ Ֆիթրոհ Մաքլին, ուսումնասիրելով Միջին Ասիան, գրեց, որ Էնվերն սկզբից եւեթ ծառայութեան մէջ է եղել գերմանական գլխաւոր սպայակոյտում:

Լենինի եւ Էնվերի եղբայրութիւնն ու նրանց գերմանական հետախուզական ծառայութեան առնչութիւնները թողնենք պատմաբաններին:

1922 թ. Էնվերը սպաննուեց Յակոբ Մելքոնեանի (Մելքումով) գլխաւորած բանակների հետ կռւում: 1936թ. Մելքումեանը ճանաչուեց որպէս ժողովրդի թշնամի եւ դատապարտուեց 20 տարուայ կալանքի` Էնվերի հետ համագործակցելու կեղծ մեղադրանքով: Նա արդարացուեց 1956 թուականին:

Եւ ահա տասնամեակներ անց, ի նշան Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականութեան դէմ բողոքի, Ռազմիկ Զոհրաբեանը հրկիզեց Լենինի նկարը ու դատապարտուեց ազատազրկման: Առաջնորդի հրկիզուած նկարի համար նա անազատութեան մէջ պետութեանը պարտք էր 25,000 ռուբլի: Այդ պարտքը պէտք է մշտապէս լարուածութեան մէջ պահէր Ռազմիկին: Թէ՛ ճամբարում, թէ՛ աքսորում իր աշխատած գումարներից առաջին հերթին պահուելու էր այդ պարտքի դիմաց:

Յ.Գ. 1975թ. Պերմի 35-րդ ճամբարում Ռազմիկ Զոհրաբեանը մի էսսէ է գրել «Պաչեմու եա պադժոք եմու» («Ինչո՞ւ ես այրեցի անոր»), որը քաղաքական պայքարի մարտիկների կողմից համարուել է այդ տարուայ լաւագոյն գրառումը` բոլոր ճամբարներում:

«Հետք»

Share this Article
CATEGORIES