Կոչ Սուրբ Կիրակոսից
ՌՈՊԵՐ ՔՈՓԹԱՇ
Ս. Կիրակոս եկեղեցու յաւելեալ կառոյցների բաժինը օգտագործելու են որպէս Տիգրանակերտում կառուցուելիք քաղաքի թանգարանի Հայկական մշակոյթի եւ արուեստի բաժնի ցուցասրահ: Եկեղեցու ղեկավարութիւնը կոչ է արել տիգրանակերտցի հայերի վերաբերեալ փաստաթղթերն ու առարկաները նուիրել իրենց: Քաղաքապետարանը հոգալու է քաղաքային թանգարանի եկեղեցում տեղակայուած ցուցասրահի ծախսերը:
2012 թ. վերանորոգումից յետոյ հաւատացեալների առջեւ իր դռները բացած Ս. Կիրակոս եկեղեցու յաւելեալ կառոյցները օգտագործելու են Տիգրանակերտում կառուցուելիք «Տիարպեքիր» քաղաքային թանգարանի Հայկական մշակոյթի եւ արուեստի բաժնի ցուցասրահ: Եկեղեցու վագըֆի եւ քաղաքապետարանի միջեւ ստորագրուած պայմանագրի համաձայն, «Ճեմիլ փաշա» իջեւանատանը կառուցուելիք Տիգրանակերտ քաղաքի թանգարանի մի բաժինը գործելու է Ս. Կիրակոս եկեղեցու յաւելեալ կառոյցներում, որտեղ ցուցադրուելու է Տիգրանակերտում հայերի կենսակերպը արտացոլող պատմական առարկաներ, փաստաթղթեր եւ գրութիւններ: Եկեղեցու վագըֆի ղեկավարութիւնը բոլոր շահագրգիռ անձանց կոչ է արել իրենց յանձնել Տիգրանակերտի հայերի վերաբերեալ ձեռքի տակ եղած պատմական անգին նմուշները` տիգրանակերտցի հայերի կենսաձեւի վերաբերեալ ցանկացած լուսանկար, առարկայ, փաստաթղթեր:
Աջակցութիւն Քաղաքապետարանից
Ինչպէս տեղեկացրեցին Սուրբ Կիրակոս եկեղեցու վագըֆի նախագահ Վարդգէս Էրկիւն Այըքն ու եկեղեցու ղեկավարներից Փելին Այըքը, ստորագրուած արձանագրութեան համաձայն, վագըֆից թոյլտուութիւն ստանալու պայմանով եկեղեցում եւ յաւելեալ կառոյցներում համերգ, ցուցադրութիւն, այլ մշակութային միջոցառումներ եւ հարցազրոյց վարելու հնարաւորութիւն է ապահովում: Նմանատիպ միջոցառումներից ստացած եկամուտը եկեղեցու վագըֆի համար մշտական եկամտի աղբիւր կարող է լինել: Համաձայն քաղաքապետարանի եւ վագըֆի միջեւ ստորագրուած պայմանագրի, եկեղեցու կազմում գտնուող քաղաքի թանգարանի բաժնի ծախսերը հոգալու է քաղաքապետարանը: Բացի այդ, քաղաքապետարանը հոգալու է նաեւ եկեղեցու մաքրութեան եւ անվտանգութեան հարցը` ազատելով վագըֆին այդ ծախսերից:
1 Միլիոն Լիրա Պարտք
Ս. Կիրակոս եկեղեցու վագըֆի ղեկավար խորհրդի նախագահ Վարդգէս Այըքը «Ակօս» թերթին յայտնել է, որ եկեղեցու վերանորոգումն ու վերաբացումը ողջ աշխարհի տիգրանակերտցիների համար ուրախութեան աղբիւր է դարձել, սակայն մատակարար ընկերութեան դեռեւս պարտք են, սպասում են աջակցութեան: Վերանորոգման եւ մատակարար ընկերութեան վճարելու գումարը կազմել է 5 միլիոն 900 հազար լիրա, սակայն հետագայում 20 տոկոս զեղչ է կատարուել` գումարն իջեցուելով 4 միլիոն 800 հազար լիրայի: Այըքը յայտնել է, որ այս գումարից վճարել են միայն 3 միլիոն 780 հազարը, մինչդեռ 1 միլիոն 20 հազար լիրա պարտք են մնացել: Այըքը նաեւ ասել է, որ այս գումարը վճարելու համար նիւթական աղբիւրներ են փնտռում, ողջ հայ համայնքի եւ բարեգործների օգնութեան կարիքն ունեն:
Սպասւում Է Օգնութիւն
Ըստ Փելին Այըքի, պարտքը վճարելու համար առաջիկայում Նիւ Եորքում բարեգործական ճաշկերոյթ է կազմակերպուելու: Պոլսում եւս մի շարք միջոցառումներ են կազմակերպուելու: Այըքը նաեւ շեշտել է, որ եկեղեցու վագըֆը ոչ միայն նիւթական, այլեւ մարդկային աջակցութեան կարիք ունի. իրենց աշխատանքն ու ժամանակը տրամադրող մարդկանց առաջ մեր դռները միշտ բաց են:
Վերադարձուել Է 17 Անշարժ Գոյք
Վարդգէս Էրկիւն Այըքը նշել է, որ Ս. Կիրակոս եկեղեցում պատրիարքարանի հոգեւոր հովիւ նշանակելու դէպքում, քաղաքի եւ շրջակայքի հայերի ու կրօնափոխ հայերի եւ եկեղեցու յարաբերութիւններն աւելի սերտ կը լինեն, արդիւնքում եկեղեցու կանգուն մնալու ամուր երաշխիք կը հանդիսանայ: Վարդգէս Այըքի փոխանցմամբ, վերջին շրջանում Վագըֆների գլխաւոր խորհրդի որոշմամբ Ս. Կիրակոս վագըֆին են վերադարձրել 17 անշարժ գոյքեր: Վարդգէս Այըքը, նշելով, որ եկեղեցու պարտքը վճարելու համար չեն ցանկանում վաճառել այս անշարժ գոյքը, որը հետագայում եկեղեցու ապագայի համար երաշխիք կը հանդիսանայ, կոչ արեց մարդկանց տէր կանգնել իրենց եկեղեցիներին:
Այըքը նաեւ յայտնեց, որ եկեղեցու շրջակայ կրպակները վերանորոգելու վերաբերեալ նախագիծ են պատրաստել, որը ստացել է Յուշարձանների պաշտպանութեան խորհրդի աջակցութիւնը: Այս նախագծի համար 900 հազար լիրայի կարիք ունեն: Այն կեանքի կոչելուն պէս եկեղեցին շատ աւելի մեծ եկամուտ կ՛ապահովի, քան այսօր ստանում է անշարժ գոյքից:
Նրանք, ովքեր իրենց ձեռքի տակ եղած նիւթերը Տիգրանակերտ քաղաքի թանգարանի Հայկական մշակոյթի եւ արուեստի բաժնում ցուցադրելու համար ցանկանում են նուիրաբերել, կարող են կապ հաստատել [email protected] հասցէով: Նուիրաբերուած առարկաների սեփականութեան իրաւունքը պատկանելու է եկեղեցու վագըֆին:
«Ակօս»

