1915 Թ. Ցեղասպանութիւնը Տիգրանակերտի Էրգանիում (Արգանա) Եւ Հայկական Ունեցուածքի Բաժանումը
ՍԱՅԻՏ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Նախքան 1915 թ. Ցեղասպանութիւնը` Էրգանիի Մատեն «սանճաք»-ի մօտ 50 բնակավայրում ապրել է մօտ 38430 հայ: Գիւղատնտեսութեան համար բերրի հողերով եւ պղնձի հանքով հարուստ այս շրջանում` Տիգրիսի ափին, տեղակայուած Էրգանիում ապրել է 3300 հայ: Հանգիստ կարելի է ասել, որ Էրգհանին հայկական քաղաք է եղել: Պատահական չէ, որ «սանճաք»-ի կառավարիչը եւս հայ է եղել:
Պատերազմի տարիներին սանճաքի առաջին կառավարիչ Տիգրան պէյին1 աշխատանքից ազատել են հոկտեմբերի 28-ին: Նրա փոխարէն նշանակուած Նազմի պէյը2 ձեռնամուխ է եղել շրջանը հայերից մաքրելու աշխատանքներին:
Շրջանի կենտրոնի եւ 10 «գազա»-ների հայերին (10559) բնաջնջել են 1915 թ. յուլիսին: Չիւնկիւշի (Չնքուշ, խմբ.) բնակչութեան հետ մէկտեղ Եուդանի հովիտ կոչուած վայրում սպաննել են: Գէօլջիւկում մի վկայի յաջողուել է փրկուել: Յունիսի 4-ի երեկոյեան Պայազետ Ալիի` Խարբերդից բերած 70 ոստիկանները շրջափակել են եւ 16 տարեկանից բարձր տղամարդկանց ձերբակալելով` նետել գոմ, որտեղ համակարգուած կտտանքների են ենթարկել` ցանկանալով իմանալ թաքցրած զէնքերի գտնուելու վայրը: Այնուհետեւ ձերբակալուած տղամարդկանց ոստիկանները տարել են անյայտ ուղղութեամբ: Յուլիսի 7-ին տեղահանութիւնը կազմակերպած պաշտօնեաները թուրք աւազակների եւ քրտերի ուղեկցութեամբ եկել են Գէօլջիւկ: Հաշուելով տներն ու գաղթականներին` բռնագրաւել են նրանց ողջ ունեցուածքը: Գաղթականներին ասել են, որ նրանց տեղափոխելու են Հալէպ: Այս գործողութիւնը ղեկավարելու էր Հալիլ աղան իր որդիների` Մեհմետի եւ Ապտուլլահի հետ: Առաջին քարաւանը բաղկացած էր մօտ 70 ընտանիքից, որը լճի ափով շարժուել է դէպի արեւելք: Համաձայն հրամանի, մինչ 12 տարեկան տղայ երեխաներին որդեգրելու իրաւունք ունէին: Կանանց վերաբերեալ տարիքային սահմանափակում չկար, սակայն պէտք է պահ առաջ իսլամութիւն ընդունէին եւ օտար երկրներում, յատկապէս` Ամերիկայում ընտանիք չունենային: Յարմարեցուած որդեգրման օրէնքներ էին գործում, պաշտօնեան նորադարձ մուսուլմաններին գրանցում էր:
Գէօլջիւկը հիւսիսը հարաւին կապող անցումային վայր էր, որտեղից հայ աքսորեալների քարաւանները ողջ դուրս չեն եկել: Ականատեսներն ասում են, որ լճի հարաւային ափին մարդկանց մի մեծ սպանդանոց կար. Խարբերդից եւ Մամուրեթ ուլ Ազիզից (Էլիազիկ, Ա.Ք.) բերուած աքսորեալներին այնտեղ էին սպաննում: Կից փաստաթղթում ներկայացուած է 1915 թ. Ցեղասպանութեան ժամանակ տեղացի մեծահարուստների կողմից գոյքի իւրացումից յետոյ մնացած հայկական ունեցուածքի ցուցակը: Յատկապէս ուշագրաւ է ցանկի երկարութիւնը: Երբ 2015 թ. շատ քիչ ժամանակ է մնացել, իմաստ ունի՞ արդեօք հարցնել, թէ այս ունեցուածքը հիմա ում է պատկանում: Ֆէյզի պէյը, ով կոտորածների նախագծողներից եւ կազմակերպիչներից էր, բռնագրաւուած բազմաթիւ գիւղերից, անշարժ գոյքից, փողից եւ զարդերից բացի, իւրացրել է նաեւ Էրգանիում գտնուող Գազանճեանի պղնձի հանքավայրը, որտեղ նախքան 1915 թ. աշխատում էր 600 բանուոր: Ցեղասպանութեան ժամանակ ցուցաբերած յաջողութիւնների արդիւնքում Փիրինչզատէ ընտանիքի իւրացրած հանքավայրը այդ ժամանակաշրջանի համար շատ կարեւոր հանքավայր էր:
1.- Տիգրան Մարտիրոսեանը Մարտիրոս էֆենտիի որդին էր: Ծնուել է 1862 թ. սեպտեմբերի 13-ին: Նախնական կրթութիւն ստացել է հայկական դպրոցում, այնուհետեւ յաճախել է Մեքթեպ-ի միւլքիէի դպրոցը, որը հիմնադրուել է 1859 թ. Կ. Պոլսում պետական պաշտօնեաներ դաստիարակելու եւ կրթելու նպատակով: Համաձայն դպրոցի կանոնադրութեան, դպրոցը հնգամեայ էր, որից 3 տարին յաճախում էին վարժարան, իսկ 2 տարին` բարձրագոյն դպրոց: Հանրապետական շրջանում տեղափոխուել է Անգարա հիմք հանդիսանալով ներկայիս Անգարայի համալսարանի քաղաքագիտութեան ճիւղի համար: 1885 թ. հոկտեմբերին աւարտել է Միւլքիէ բարձրագոյն դպրոցը: 1886 թ. յունուարի 23-ին նշանակուելով Օսմանեան կայսրութեան առեւտրի եւ հանրօգուտ աշխատանքների նախարարութեան թարգմանչական գրասենեակի քարտուղար` անցնում է պետական ծառայութեան: Երբ սոյն գրասենեակը ցրում են, 1887 թ. յունիսին աշխատանքի է անցնում փոստի եւ հեռագրատան նախարարութեան գրագրութիւնների բաժնում: 1902 թ. ապրիլի 13-ին նշանակւում է օտարեկրացիների փոստային գործերով զբաղուող գրասենեակի առաջին քարտուղար: Սահմանադրութեան հռչակումից յետոյ ղեկավար պաշտօն է ստանում: 1909 թ. ապրիլի 21-ին նշանակւում է Մամուրեթ ուլ Ազիզի (Էլիազիկի վիլայեթ) փոխ կառավարիչ: 1909 թ. օգոստոսի 25-ին, «պաշտօնեաների կրճատման» մասին օրէնքի համաձայն, այս պաշտօնից ազատւում է: Հաշուի առնելով նրա ընդունակութիւնները` 1910 թ. յունիսի 13-ին նշանակում են Դեդեաղաջ, 1911 թ. նոյեմբերի 9-ին Գիւմուշհանէ «սանճաք»-ների կառավարիչ (մութասարրըֆ): 1912 թ. փետրուարի 5-ին ազատւում է Գիւմուշհանէի կառավարիչի պաշտօնից:
Մօտ երկու տարի գործազուրկի թոշակ ստանալուց յետոյ 1914 թ. սեպտեմբերի 3-ին նշանակւում է Էրգանի «սանճաք»-ի կառավարիչ: «1330 թ. ապրիլի 18-ին (տարեթիւը գրուած է հիժրայի թուականով, այն համարժէք է 1912 թուականին, Ա.Ք.) Ներքին գործերի պաշտօնեաների մասին ժամանակաւոր օրէնքի համաձայն, 1914 թ. նոյեմբերի 11-ին թոշակի է անցնում»: Քանի որ պետխորհրդում յարուցած դատական գործը շահել էր, գործազրկութեան համար սահմանուած թոշակ այլեւս չի ստանում: 1919 թ. մարտի 1-ին նշանակւում է Գարահիսար-ը Շարքի (Արեւելեան Գարահիսար, Ա.Ք.) սանճաքի կառավարիչ, այս պաշտօնից էլ ազատւում է 1919 թ. հոկտեմբերի 12-ին: Երկար ժամանակ գործազրկութեան թոշակ ստանալուց յետոյ, 1925 թ. մայիսի 1-ին Թուրքիայի Հանրապետութեան ներքին գործերի նախարարութիւնից թոշակի է անցել: Մահացել է 1940 թ. Պոլսում Ետիքուլէի հայկական հիւանդանոցում: Ունեցել է երկու տղայ` Յարութիւն եւ Մարտիկ: Մարտիկը Նիւ Եորքում լոյս է ընծայել «Լրաբեր» թերթը: Նա, բացի մայրենի լեզուից, տիրապետում էր նաեւ ֆրանսերէնի: 1903 թ. մատուցած աւանդների համար պարգեւատրուել է արծաթէ մետալով:
2.- Հիւսէին Նազմին ծնուել է 1867 թ. Պոլսում: 1915 թ. նոյեմբերի 11-ին նշանակուել է Էրգանիի «սանճաք»-ների կառավարիչ: 1916 թ. հոկտեմբերի 6-ին ազատուել է Էրգանիի կառավարիչի պաշտօնից, իսկ հոկտեմբերի 12-ին թոշակի է անցել: Մահուան տարեթիւը յայտնի չէ:
ՍԱՅԻՏ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
«Այքիրի Տողրուլար»
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»
Dear Aztag Editor:
The group picture appearing in the original Turkish article is most likely that of the AGBU Sisvan School in Haji Habibli, Musa Dagh (1921-1925), not Arkana in Diyarbakir province. The man in center left was Krikor Aroyian, superintendent/principal of the AGBU Sisvan Schools network in the six main villages of Musa Dagh.
Sincerely,
Vahram Shemmassian