Ազրպէյճանի Անհանգիստ Աշուն Է Սպասւում. Բեմադրիչ Իպրահիմպեկովը Ընդդէմ Բռնապետ Ալիեւի

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հոկտեմբերի 16-ին Ազրպէյճանում կայանալիք նախագահական ընտրութիւններում գործող նախագահ Իլհամ Ալիեւի դէմ ընդդիմութիւնը առաջադրել է միասնական թեկնածուի` շարժապատկերի նշանաւոր բեմադրիչ, թատերագիր Ռուստամ Իպրահիմպեկովին: 74-ամեայ Իպրահիմպեկովը բազմաթիւ ժապաւէնների եւ թատրերգութիւնների հեղինակ է, իսկ նրա «Անապատի սպիտակ արեւ» ժապաւէնը դարձաւ ամենասիրելի ժապաւէններից մէկը նախկին Խորհրդային Միութեան ողջ տարածքում: Նրա «Դրախտին մօտ» ժապաւէնը արժանացել է Օսկարի մրցանակի: Այսպիսով, մտաւորական Իպրահիմպեկովը պայքարի է ելել բռնապետ Իլհամ Ալիեւի դէմ:

2013-ը նախագահական ընտրութիւնների տարի է Հարաւային Կովկասի` միջազգայնօրէն ճանաչուած երեք երկրներում: Հայաստանում դրանք կայացան փետրուարին, իսկ Ազրպէյճանում եւ Վրաստանում կը կայանան հոկտեմբերին: Ակնկալւում էր, որ Ալիեւների հարստութիւնը հեշտութեամբ կը պահի իշխանութիւնը եւս հինգ տարի: Սակայն միջազգային եւ ներազրպէյճանական որոշ իրադարձութիւններ հաւանաբար լուրջ ազդեցութիւն կը թողնեն Ազրպէյճանի ընտրութիւնների վրայ, հետեւաբար գործող նախագահ Ալիեւին սպասւում են անհանգիստ օրեր:

Ազրպէյճանի ընդդիմութեան միասնական թեկնածու Իպրահիմպեկովը ազրպէյճանականից բացի ունի նաեւ Ռուսաստանի քաղաքացիութիւն, որից վերջերս հրաժարուել է, որպէսզի կարողանայ մասնակցել հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրութիւններին: Հաշուի առնելով Ազրպէյճանում տիրող բարքերը եւ օրէնքների ոտնահարման սովորոյթը, չի բացառւում, որ Իպրահիմպեկովին ընդհանրապէս չգրանցեն որպէս թեկնածու: Այդ դէպքում Արեւմուտքում, ամենայն հաւանականութեամբ,  նախագահական ընտրութիւնները կ՛որակեն ոչ ազատ եւ ոչ արդար: Իպրահիմպեկովին աջակցում են Ազրպէյճանի բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնները, այդ թւում` «Մուսաւաթ»-ն ու «Ժողճակատ»-ը: Վերջին շաբաթներին ընդդիմութեան թեկնածուն հանդիպումներ ունեցաւ Միացեալ Նահանգներում եւ Եւրոպայում: Սպասւում է, որ յուլիսի վերջին-օգոստոսի սկզբին նա կը ժամանի Պաքու:

Նրա դէմ իշխանական մամուլում ամէն օր յայտնւում են վարկաբեկող յօդուածներ ու հեռուստատեսային հաղորդումներ, անգամ գրւում է, թէ նա Պաքու ժամանելուն պէս կը ձերբակալուի, քանի որ նրա ղեկավարած կառոյցում` Ազրպէյճանի շարժապատկերի գործիչների միութիւնում, հարկային մարմինները յայտնաբերել են չարաշահումներ: Ինքը`բեմադրիչը եւս չի բացառում, որ Պաքու վերադառնալուն պէս կարող են իրեն ձերբակալել ու բանտ նստեցնել, միեւնոյն ժամանակ յայտարարում է, որ իր տարիքում այլեւս ոչնչից չի վախենում եւ պատրաստ է պայքարել յանուն ազատ եւ ժողովրդավարական ընտրութիւնների:

Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններում հիմնական պայքար կը ծաւալուի հէնց Ալիեւի ու Իպրահիմպեկովի միջեւ: Գուցէ իրենց թեկնածութիւնը առաջադրեն նաեւ այլ թեկնածուներ: Մէկընդմէջ խօսւում էր, որ հնարաւոր է նաեւ Իլհամ Ալիեւի տիկնոջ` Մեհրիպան Ալիեւայի թեկնածութիւնը, սակայն յուլիսի 7-ին իշխող «Ենի Ազերպայճան» առաջադրեց գործող նախագահին: Ի դէպ, Իլհամ Ալիեւը «Ենի Ազերպայճան»-ի նախագահն է, իսկ Մեհրիպան Ալիեւան` փոխնախագահը: Աւելի վաղ` նախքան Իպրահիմպեկովի շուրջ ընդդիմութեան համախմբումը, Ալիեւի դէմ պայքարում հիմնական մրցակից էր համարւում 43-ամեայ Իլկար Մամետովը, ով մի քանի ամիս առաջ ձերբակալուել է ակնյայտ քաղաքական շարժառիթներով եւ յայտնի չէ, թէ ե՞րբ կ՛ազատուի ու կը կարողանա՞յ մասնակցել ընտրութիւններին:

Ի տարբերութիւն Իլհամ Ալիեւի, ով ամէն առիթով խօսում է Հայաստանի եւ Արցախի դէմ  պատերազմի հաւանականութեան մասին, Իլկար Մամետովը եւ Ռուստամ Իպրահիմպեկովը գրեթէ երբեք հակահայ յայտարարութիւններ չեն անում, աւելի՛ն, խօսում են հայերի հետ խաղաղութիւն հաստատելու հնարաւորութեան ու անհրաժեշտութեան մասին:

Իլհամ Ալիեւը երրորդ անգամ է առաջադրւում նախագահական ընտրութիւններում: Ազրպէյճանի սահմանադրութիւնը թոյլ չէր տալիս, որպէսզի միեւնոյն անձը երեք անգամ զբաղեցնի նախագահի պաշտօնը: Մի քանի տարի առաջ տեղի ունեցաւ հանրաքուէ, որով թոյլատրուեց, որպէսզի նոյն անձը երեք անգամ զբաղեցնի նախագահի պաշտօնը: Այդ հանրաքուէն, ըստ էութեան, անցկացուեց Իլհամ Ալիեւի համար: Ազրպէյճանական ընդդիմութիւնը պոյքոթեց հանրաքուէն եւ յայտարարեց, որ դրանք անցել են համատարած կեղծիքներով, այնպէս ինչպէս Ալիեւի` նախագահի պաշտօնում երկու անգամ ընտրութիւնները: Արեւմուտքը եւ միջազգային կազմակերպութիւնները ոչ ազատ եւ ոչ արդար են համարել ինչպէս Իլհամ Ալիեւի, այնպէս էլ նրա հօր` Հայտար Ալիեւի ընտրութիւնները:

Ալիեւների հարստութիւնը, որը սերում է Հայաստանի Սիւնիքի մարզի Ճոմարթլու (այժմ` Թանահատ) գիւղից, Ազրպէյճանում իշխում է 1993 թուականից ի վեր անընդմէջ: Անկախ Ազրպէյճանի առաջին նախագահը ռուսամէտ Այազ Մութալիպովն էր, ով իշխանութիւնից հեռացուեց 1992-ի գարնանը: Ապա իշխանութեան եկաւ թուրքամէտ Ապուլֆազ Էլչիպէյը, որը սակայն կարողացաւ նախագահի աթոռին մնալ ընդամէնը մէկ տարի: 1993-ի ամրանը Հայտար Ալիեւը, ով Խորհրդային Ազրպէյճանը ղեկավարել էր 1970-80-ական թուականներին, իշխանութիւնից հեռացրեց Էլչիպէյին: Տասը տարի` 1993-2003 թուականներին նախագահի պաշտօնը զբաղեցնելուց յետոյ Հայտար Ալիեւը գահը փոխանցեց որդուն` Իլհամ Ալիեւին:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )