ՎԱԼՄԱՐԻ «ՎԵՆԵՏԻԿԵԱՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ». «ԱՅՍ ՏԵՂՈՎ ՀԱՅ Է ԱՆՑԵԼ ՇԻՆԱՐԱՐ ՀԱՅ»

Վերջերս «Վալմար» պատկերասրահում բացուեց անուանի գեղանկարիչ Վալմարի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը: Այս անգամ ներկայացուած էին Վենետիկի տեսարանները պատկերող կտաւներ եւ աքուարելներ: «Ադրիականի թագուհի», «Ադրիականի մարգարիտ». այսպէս են մեծարել Վենետիկը, եւ համարձակութիւն, եւ պատասխանատուութիւն է պէտք` պատկերելու համար այդ թագուհուն, նկարելու Վենետիկը զարդարող ճարտարապետական գլուխգործոցները` մանաւանդ Փաուլօ Վերոնեզէից, Վիթթորէ Քարփաչչոյից, Քանալեթթոյից եւ այլ մեծերից յետոյ: Նոյնպէս դժուար է հանճարեղ բանաստեղծութիւնը երգի վերածելը` չխլացնելով բնօրինակի երաժշտութիւնը: Սակայն Վալմարը այն վարպետն է, ում մասին կարելի է ասել. «Եկաւ, տեսաւ եւ յաւերժացրեց»: Ի դէպ, հայ-իտալական հոգեւոր առնչութիւնների վառ օրինակներից է նաեւ Քարփաչչոյի «Տասը հազար նահատակ Արարատ լերան վրայ» նկարը, որը ստեղծուել է նոյն Վենետիկում, 1515 թուականին, այսինքն հայոց Մեծ եղեռնից ուղիղ 400 տարի առաջուական: Ըստ անգլիացի բանաստեղծ Ֆիլիփ Սիտնիի, արուեստագէտը նա է, ով կարող է իրականութեան պղինձը» արուեստում վերածել «ոսկու»: Այդպիսին է Վալմարի ոսկեղենիկ արուեստը` հէնց վենետիկեան պատկերները, մասնաւորապէս «Ս. Մարկոս տաճարը»` յարակից կոթողներով հանդերձ,«Սուրբ Ղազար կղզին» եւ այլն: Այս տեսարաններում նկարիչն, ասես, երկխօսում է Եաքոփօ Սանսովինոյի, Անդրէայ Պալլադիոյի եւ այլ ճարտարապետների հետ: Յայտնի է` վենետիկեան Վերածննդի մեծ վարպետ Թինտորեթթոյի նշանաբանն էր` «Քոլորիտը` Թիցիանի, ձեւը` Միքելանճելոյի» (Արեւմտաեւրոպական արուեստի վարպետների 50 կենսագրութիւն, Լենինկրատ, 1968, էջ 67): Վալմարի վենետիկեան շարքում օրկանապէս միաձուլւում են կերպարուեստի լաւագոյն աւանդոյթները:

Փլեներային գեղանկարչութեան այդ նմուշները յիշեցնում են Գլոտ Մոնէի վենետիկեան բնապատկերները, որտեղ նկարիչը «փոխանցում է հարաւային քաղաքի մթնոլորտը, ջերմ օդի թրթիռը, երկնքի եւ ճարտարապետական յուշարձանների արտացոլանքը ալիքուող ջրի վրայ» (նշուած աշխ, էջ 254): Կարծես Վալմարի նկարների մասին է ասուած: Քանալեթթոյի լուսանկարչական ճշգրտութեամբ հանդերձ, Վալմարի նկարները ընկալւում են որպէս հեքիաթային տեսիլքներ: Այդպիսին է յատկապէս «Սուրբ Ղազար կղզին»` ողողուած վերջալոյսի շողերով ու շրջապատուած ոսկեզօծ ջրերով: Ինչպէս Վենետիկի ճարտարապետութեան մէջ գոյակցում են գոթական, Վերածննդի եւ պարոքքօ ոճերը, այդպէս էլ այդ ոճերի հովերով են համակուած Վալմարի նկարները: Թւում է, թէ «Ադրիականի թագուհին» ինքն իրեն նայում է վենետիկեան յայտնի հայելիների մէջ: Եւ այդ գեղեցկութեամբ զմայլուած` ասես, ժամանակն էլ կանգ առել: Սակայն տաճարների երկնասլաց, գլխիվայր աշտարակների բեկբեկուող թրթիռը ջրերի հայելում ստեղծում է մի «փոլիֆոնիա»` երկու աշխարհ: Տեղին է մէջբերել գոթական տաճարի բնութագրութիւնը. «Այնտեղ միահիւսուած է հանգստի (անդորրի) եւ շարժման, կայունութեան եւ թեթեւութեան, իրական ճշմարտութեան եւ իրականից չբխող երեւակայութեան զգացողութիւն» (Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ), հ., 3, Եր., 1977, էջ 145):

Վալմարի նկարներից ստացուած նման տպաւորութիւնը խորացնում է նաեւ այն, որ այդ նկարներում մարդիկ գրեթէ չեն երեւում, անցեալն ու ներկան միահիւսուած են` խորհրդանշուած կողք կողքի կանգնած կոնտօլներով եւ ժամանակակից շարժակներ ունեցող նաւակներով: Եւ այդ ամէնին հաղորդակցուողը տոգորւում է յաւէրժի հովերով, եւ պատահական չէ, չէ՞ որ գոթական ոճը ի սկզբանէ «յարաբերակցուած էր «յաւերժութեանը» եւ «բարձրագոյն» իռացիոնալ ուժերին»(ՀՍՀ, հ., 3, էջ 144):

Վենետիկը Վալմարի պէս կարող էր պատկերել միայն գուցէ բնիկ վենետիկցին: Ամէն քայլափոխին նկարիչը ինչ-որ մի հայկական «հետք» էր գտնում: Ինչպէ՞ս չյիշես հայերին, երբ քայլում էս «Քալլէ տէի Արմենի» ուղիով, որ կոչւում է հայերի ուղի, որը տանում է դէպ հայոց Սուրբ Խաչ եկեղեցի` անցնելով Ռիալթօ կամրջով, ինչպէ՞ս չյիշես Աւետիք Իսահակեանին, Չարենցին, Վարդգէս Սուրէնեանցին, Մարտիրոս Սարեանին… Ինչպէ՞ս չհրճուես` անցնելով Շեհրիմեանների պալատի մօտով, այցելելով Մխիթարեանների միաբանութիւն, Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին`  օգտուելով կամուրջներից, որոնցից մի քանի տասնեակը հայերն են կառուցել:

Եւ բառափոխելով ամենաաւերիչ թուրքի մասին ասուած Հիւկոյի խօսքերը` նոյնիսկ օտարները կարող են ասել. «Այս տեղով հայ է անցել` շինարար հայ»: Արդեօք կարելի՞ է մոռանալ Իսահակեանի պատկերած Վենետիկը: Ահաւասիկ. «Վենետիկեան ոսկէ աշնան երազկոտ մի երեկոյ ես նստած էի Ս. Մարկոս հրապարակի սրճարանում… եւ յանկարծ լսում եմ հայրենիքից եկած հոգեհարազատ հնչիւններ: Սիրտս արագ բաբախեց. ի՞նչ է սա, երա՞զ է, տեսի՞լք»… Պարզուեց, որ հնչում են Սպենդիարեանի «Էսքիզները» ( Լ. Հախուերդեան, Աւետիք Իսահակեանի կայնքը եւ գործը, Մոսկուա, 1975, էջ 127): Եւ թւում է` Վալմարի սրտին եւս հասել է այդ «Էսքիզների» արձագանգը, որը շարունակում է «հնչել» նրա «Վենետիկեան սիմֆոնիայում», որը կարող էին զգալ նաեւ նկարչի կտաւները դիտողները:

Ինչպէս ճրագալոյցին մարդիկ եկեղեցուց լոյս են տանում իրենց տները, այդպէս էլ նկարչի ցուցահանդէսից վերադարձող երկրպագուների սրտերում ու երեսներին ճաճանչում էին Վենետիկի անմար արեւի շողերը: Եւ եթէ Վենետիկը հետզհետէ տեղի է տալիս ջրի աւերիչ ուժին, ապա Վալմարի «Վենետիկեան սիմֆոնիայում» քաղաքը կը յարատեւի:

Վենետիկի 400 կամուրջների կողքին, նկարիչը կերտեց մի «կամուրջ» եւս` ծիածանից, որ կապում է Իտալիան Հայաստանին, մեր ապրած ժամանակը` յաւէրժին…

ԴԱՆԻԷԼ ԵՐԱԺԻՇՏ

14.05.2011, Երեւան

Share this Article
CATEGORIES