ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՄԵԱՅ ՍՐԲԱՏԵՂԻՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Հայաստանի տարածքում մեր ժողովրդի պատմութեան ականատես հանդիսացող հարիւրաւոր հնավայրեր այսօր գտնւում են բարձիթողի վիճակում: Ներկայիս սերնդի պարտքն է ապահովել պապերի ժառանգութեան փոխանցումը յաջորդ սերունդներին:
Ինչպէս հաղորդուել էր աւելի վաղ, «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնութիւնը իրականացնում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան, որի շրջանակներում շաբաթը մէկ նախաձեռնութեան անդամները մեկնում են Հայաստանի տարբեր մարզերում գտնուող հնավայրեր եւ մաքրում դրանց շրջակայ տարածքը կենցաղային աղբից: Ակցիան իրականացւում է մասնակիցների անձնական միջոցներով:
Նախօրէին` մայիսի 22-ին, երիտասարդները մեկնել էին Վայոց Ձորի մարզի Շատինավանք համալիր (X դ.): Երբեմնի հռչակաւոր սրբատեղին համապատասխան մարմինների անտարբերութեան պատճառով այսօր աղէտի շեմին է յայտնուել: Շատին գիւղի բնակիչների խօսքերով` դրա վիճակը տարէցտարի վատթարանում է: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնութեան անդամները իրենց ուժերին ներածի չափով ազատեցին Շատինավանքը կուտակուած աղբից, սակայն յուշարձանի պահպանման խնդիրը պետական համապատասխան մարմինների եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մասնագէտների հոգածութեան կարիքն է զգում:
«Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» յաջորդ ակցիան տեղի կ՛ունենայ մայիսի 29-ին: Կո՛չ ենք անում բոլորին միանալ նախաձեռնութեանը` զանգահարելով (+37491) 60-07-44 հեռախօսահամարով:
Միասին պահպանե՛նք մեր պատմութիւնը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնութիւնը կազմաւորուել է հայ երիտասարդութեան շրջանում հանրայայտ «Արշաւներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրայ: Այն կոչուած է համախմբել հայ երիտասարդութեանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմութիւնն առանց խեղաթիւրումների ճանաչելու գաղափարների շուրջ:
«Ճանաչիր քո երկիրը»-ն բացառապէս երիտասարդների նախաձեռնութիւնն է, քաղաքականապէս լիովին անկախ է եւ իր ապագայ գործունէութեան ընթացքում չի պատրաստւում հարել որեւէ քաղաքական ուժի:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնութեանմամուլի պատասխանատու Անուշ Սմբատեան