ՆԿԱՆԱԿ
Օտար մամուլում եմ կարդացել, որ երբ հայ տղամարդիկ հնում եկեղեցի, տաճար ու պալատ էին կառուցում, նրանց տիկնայք ոսկեկար ու գոհարակուռ պատկերներ էին ասեղնագործում: Հիմա Արեւիկ Պետրոսեանի 12 նկարանոց «Նշխարք Հայաստանից» շարքի տեսագրութիւնն եմ ետ ու առաջ անում, հասնում եմ միջնադար, ուզում եմ հասկանալ` հին գրքերն այդքան նրբօրէն ծաղկողների մէջ մի թաքուն կին չկա՞ր, կամ թէ նրանց մտքով կ՛անցնէ՞ր, որ կը գայ մի 21-րդ դար, երբ կին գեղանկարիչն իրենց մանրապատկերները կը մեծացնի, կը մեծացնի, կը դարձնի համարեա որմնանկար. մագաղաթի տեղ` ապակի, իրենց գործածած նոյնանման գոյների վրայ` ոսկու շերտիկներ. ու ոչ թէ նկարն է տեքստի համար, այլ տեքստը` նկարի, եւ մանրանկարն էլ հսկայ է. մէկ ու քսանը` մէկ ու ութսունի վրայ:
Աննախադէպ շարքի գաղափարը այս տարի է խմորուել, բայց Արեւիկի ոճը շրջադարձ էր արել դեռ 2005-ին` առաջին անհատական ցուցահանդէսը վկայ:
«Նշխարք` Հայաստանից»-ն ընծայ է Հայաստանին ու Սփիւռքի 11 եկեղեցիների կամ մշակութային օճախների. «Տէրունական աղօթքը բաժանել եմ 12 նշխարների: Ամէն նկար աղօթքի մի պատառիկի «դրոշմ» ունի իր վրայ: Հաւաքական տեսքով, այսինքն, երբ 12 նկարներն իրար հետ են, աղօթքն ամբողջական է դառնում` խորհրդանշելով մեր միասնութիւնը»:
Ապրիլի 24-ի նախօրէին պիտի բացուէր շարքի ցուցադրութիւնն, ու տրուէր նախագծի մեկնարկը, բայց չեղաւ: Ինչու` no comment :
ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանի ունեցած 12 մայրաքաղաքնե՞րն է խորհրդանշում շարքը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Չէ: Ես, ի հարկԷ, մօտեցայ այդ գաղափարին, բայց ամերիկահայ մի յայտնի պատմաբանի հետ խորհրդակցեցի, ասաց, որ մայրաքաղաքները 12-ը չեն եղել, աւելին են եղել: Գաղափարս սա է. Քրիստոսը 12 աշակերտ ունէր, որոնց բաժանեց հացի նկանակի պատառները. ես որպէս հաց նկատի եմ ունեցել մեզ համար ամէնակարեւորը` հաւատքը, լեզուն եւ արուեստը:
Հ.- Մաշտոցին չգտայ դրանցից որեւէ մէկում:
Պ.- Աղօթքի թեմաներով գնացի դէպի մանրանկարչութիւն, իսկ մանրանկարչութեան մէջ Մաշտոցը չկայ: Մի քանի դպրոց եմ օգտագործել` Արցախը, Վասպուրականը, Վան-վասպուրականը, եւ մի քանի դրուագ կայ որ շատ փոքր դէտալներից եմ մեծացրել:
Դժբախտաբար, այսօր մեր մանրանկարչութիւնը փակուած է Մատենադարանի պատերի ետեւում, եւ քչերն են կարողանում ժամանակ յատկացնել այս հրաշքները տեսնելուն, ուսումնասիրելուն: Սա կարծես իւրովի հնարաւորութիւն է` մարդկանց համար մատչելի, ճանաչելի դարձնելու այս արուեստը:
Հ.- Ճի՞շտ են ասում, որ Լէօնարտօ տա Վինչին «Խորհրդաւոր ընթրիքում» հայկական մի մանրանկարից է վերցրել Մարիամ Մագթաղինացուն ընթրիքի սեղանի շուրջ պատկերելու գաղափարը. որոշ հետազօտողներ պնդում են, որ տա Վինչիի նկարում Քրիստոսի աջ կողքին ոչ թէ Յովհաննէսն է, այլ Մագթաղինացին:
Պ.- Մեր մանրանկարչութեան մէջ այդպիսի մեկնաբանութեան չեմ հանդիպել, բայց Միլանում տեսել եմ տա Վինչիի «Խորհրդաւոր ընթրիքը»: Իմ այս շարքի «Խորհրդաւոր ընթրիքը»XIII-XIV դդ Արցախի դպրոցի մանրանկարներից եմ վերցրել: Նման հրաշալի գեղարուեստական լուծման ես այլ որեւէ տեղ չէի հանդիպել: Յուդան` ներքեւում, իսկ վերեւում` խաչով նշխարքի շուրջ մեդալիոնի պէս հաւաքուած են Քրիստոսն ու իր միւս աշակերտները: Նկարչի անունն, այո, անյայտ է. սովորաբար դպրոցներ են եղել, աշակերտները դպրոցների անուններն են կրել, եւ ձեռագիրը նոյնն է եղել: Շատ յետոյ անուններն սկսեցին առանձնանալ:
Հ.- Եր՞բ ես շարքը ցուցադրելու հանրութեանը:
Պ.- Նախ հաւաքական ցուցահանդէսներով /աղօթքով/ կը ներկայացնեմ Հայաստանում, այնուհետ նկարները ճանապարհ կ՛ընկնեն դէպի Սփիւռք: Յետոյ մէկը որպէս հիմնակէտ կը վերադառնայ ու կը մնայ Հայաստանում, իսկ մնացած 11-ը կը հանգրուանեն տարբեր գաղթօջախներում: Այսպէս նախատեսուած է, բայց կարծես իրադարձութիւններն այլ կերպ են զարգանում: Ես համեստաբար կ՛ասեմ` «Առաջ Աստուած»:
Հ.- Ո՞րը կ՛ուզէիր, որ մնար Հայաստանում:
Պ.- Աստուածամայրը: Առաջինն էր: Դա տօն է, ուրախութիւն:
Հ.- Ճիշտն ասած, ինձ յայտնի են ամէնաշատը եռանկարներ` տրիպտիխներ: Բայց անգամ երեք նկարից բաղկացած իրենց շարքը չեն սիրում մասնատել հեղինակները, ինչպէ՞ս ես հաշտուել 12-ը մասնատելու մտքի հետ:
Պ.- Այստեղ գլխաւորը նպատակն է, ու վերնագիրը դրա վկայութիւնն է. Նշխարք` Հայաստանից: Եւ գաղափար կայ` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին բոլոր նկարները մի տեղում հաւաքել, ու դրանով վերահաստատել մեր միասնականութիւնը:
Հ.- Պատկերացնու՞մ ես, որ շատ ու շատ տարիներ յետոյ կարող է գալ մի օր էլ, երբ արուեստաբան կուրատորները` ընկած երկրէ երկիր, չարչարուելու, բանակցելու են, որ նկարները մի տեղ հաւաքեն:
Պ.- Արդեօ՞ք այդ օրը կը գայ… դա կը լինէր իմ վերելքի վկայութիւնը: Այս պահին շարքը ճիշտ մատուցելու, ճիշդ ճանապարհ անցկացնելու խնդիրն ունի: Իսկ փառքի վայելքները ես կը թողնեմ թոռներիս, մինչ այդ շատ զբաղուած պիտի լինեմ իմ մնացած ծրագրերն իրականացնելով:
Հ.- Նուէրները որոշակի առիթո՞վ ես անում:
Պ.- Հայապահպան մեծ գործի համար` շնորհակալութիւն յայտնելու: Իմ կեանքում էլ եկաւ այն պահը, երբ սկսեցի արժեւորել իմ եսը, որպէս ազգային գենը կրողի, ու հասկացայ որ պիտի ողջունեմ բոլոր այն մարդկանց արածը, որոնք դրսում են եւ հայ են մնացել:
Հ.- Դու արուեստագէտ ես, սաւառնում ես երկնքում, ես լրագրող եմ, ուրեմն նաեւ մի քիչ` ցինիկ: Եթէ վեց ամիս օր ու գիշեր աշխատածդ բաժանում ես աշխարհով մէկ, ուրեմն պիտի որ մշտական ու կայուն եկամուտ ունենաս:
Պ.- Կարող էի եւ չունենալ, բայց նորից դէպի սա գայի: Ես ինձ թոյլ տուեցի այդ մեծ շռայլութիւնը: Ունէի ոգեշնչող գաղափար, որի համար խենթի պէս աշխատեցի: Սիրում եմ աշխատել գլոբալ ծրագրերի շուրջ, դա ինձ ոգեւորում Է: Իրականում սա մեծ նուէր է նաեւ ինձ: Կարծես ստացայ մի մեծ երկնային պարգեւ… ապրեցի անսահման երջանկութիւնը, աննկարագրելի պահեր, իմաստութիւն: Պարգեւ, որի համար մարդիկ շատ երկար տարիներ աշխատում են, բայց չեն ստանում:
Հ.- Քանի՞ կրամ ոսկի է ծախսուել բոլոր 12-ի վրայ:
Պ.- Կրամով չեմ կարող ասել: Բարակ ոսկէ թիթեղներ են, յատուկ հեղուկներ, որոնք Իտալիայից են բերում: Այո, անկեղծ լինեմ ասելու, որ այս ամէնը բաւական մեծ ֆինանսական ներդրում էր իմ կողմից:
Հ.- Մօտաւորապէս պատկերացնու՞մ ես, թէ ուր են ուղարկուելու նկարները:
Պ.- Անթիլիաս, Մոսկուայի նոր կառուցուող հայկական եկեղեցի, Սուրբ Ղազար, Լոնտոն, երեւի Տէր Զօրի հայկական եկեղեցի: Ամերիկայինը մի քիչ բարդ է, որովհետեւ երկու թեմ կայ: Համայնքները շատ են, ես` մենակ:
Կ՛ուզենայի վերջում յետգրութիւն թողնել` այո, ես արուեստագէտ եմ, ստեղծագործ մարդկային տեսակ, մի քիչ ռոմանտիկ, մի քիչ շատ սրտաբաց: Ի հարկէ, ցաւ ապրեցի, որ այս հրաշք ծրագիրը, որին շատերն էին սպասում, անհասկանալիօրէն չմեկնարկեց նախատեսուածի պէս…
Բայց գուցէ դրա մէջ կարեւոր խորհուրդ կայ:
Թերեւս սա նուիրում է, որը անկասկած պիտի բարիք սերմանի:
Հարցազրոյցը` ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ
«Երկիր»