Կարեւոր Իրադարձութիւն Հայաստանի Գրողների Միութիւնում
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Յուլիսի 27-ին տեղի ունեցաւ Հայաստանի գրողների միութեան 16-րդ համագումարը:
Օրակարգում հետեւեալ հարցերն էին. նախորդ տարիների ստեղծագործական եւ կազմակերպչական աշխատանքների հաշուետուութիւն, նախագահի եւ վարչական կազմի վերընտրութիւն:
Բացման արարողութեան ընթացքում ողջոյնի խօսքով եւ ներկայումս գործող Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի գործունէութեան բարձր գնահատմամբ ելոյթ ունեցան Հայաստանի մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչը եւ Հայաստանի Յօրինողների եւ երաժշտագէտների միութեան նախագահ Ռոպերթ Ամիրխանեանը:
Ընթերցուեցին բազում հեռագրեր եւ ողջոյնի ուղերձներ սփիւռքից ու արտերկրից: Այս թւում Լիբանանի Հայ գրողների միաւորումից, գրող Թորոս Թորանեանից (Սուրիա), բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանից (Արժանթին) եւ այլոց: Նշուեց, որ ստացուել են ողջոյնի ուղերձներ նաեւ Իրանի, Թուրքիայի, Քալիֆորնիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուքրանիայի, Վրաստանի հայկական գրական բնագաւառի եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներից:
Ողջոյնի արարողութիւնից յետոյ ելոյթ ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը. Հայաստանի մարզերի Շիրակի, Լոռու գրական անուանի դէմքեր: Յատուկ ուշադրութեան արժանացաւ Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի մանրամասն հաշուետուութիւնը անցած 5 տարիների կատարուած աշխատանքների մասին:
Բաց քուէարկութեամբ Լեւոն Անանեանը միաձայն կրկին վերընտրուեց Հայաստանի գրողների միութեան նախագահ:
Երեւան

