Աբխազիայի Համշէնահայերը

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԱՐԱԲԵԱՆ

1915 թուականին Օսմանեան կայսրութեան կողմից իրականացրած Հայոց ցեղասպանութեան արդիւնքում Համշէնի հայերի մի մասը բնակութիւն հաստատեց Աբխազիայում: Նրանց սերունդների թիւը աստիճանաբար նուազում էր, թէպէտ նրանց մի մասը այսօր էլ բնակւում է Աբխազիայում:

«Մեր նախնիները Օրդուից էին: Ես եւ իմ ողջ ընտանիքը մկրտուել ենք Հայ առաքելական եկեղեցում: Թէպէտ Աբխազիայում բնակուող բոլոր համշէնահայերը չէ, որ մկրտուել են հայկական աւանդոյթներով: Բանն այն է, որ ողջ այդ ժամանակահատուածում Աբխազիայում հայկական եկեղեցի չկար եւ այդ պատճառով նրանց մեծ մասը, ովքեր Հայաստան մեկնելու հնարաւորութիւն չունէին, մկրտուել են Աբխազիայի ուղղափառ եկեղեցում: Թէպէտ արդէն բաւականին ժամանակ է, ինչ Կակրայում ունենք աղօթատուն, որտեղ անց են կացւում հոգեւոր արարողութիւններ ու ծիսակատարութիւններ, իսկ աշնանը ծրագրուած է այդ նոյն տեղում եկեղեցու շինարարութեան աւարտը: Ուստի կարծում եմ, որ իրավիճակը կը փոխուի», ասաց Աբխազիայի բնակիչ Դիանա Կերսելեանը:

Համշէնը ներկայիս Թուրքիայի հիւսիս-արեւելքում է, Վրաստանի սահմանից մօտ 90 քմ հեռաւորութեան վրայ: Համշէնցիների բռնի մահմետականացումը սկսուել էր դեռեւս 18-րդ դարում: Համշէնցիները բաժանւում են երեք խմբի: Առաջինը թուրքախօս համշէնցի սիւննիներն են, կամ պաշ համշէնցիները, որոնք ապրում են Ռիզէ նահանգում: Երկրորդ խմբում մահմետական համշէնցիներն են, որոնք ընդունել են մահմետականութիւնը եւ սիւննիներ են: Խոփա համշէնցիներին 250 տարի առաջ բռնի վերաբնակեցրին Խոփի եւ Պորչքայի նահանգներ:

Համշէնցիների երրորդ խումբը քրիստոնեաներն են, այսինքն` Ցեղասպանութիւնից փրկուած հայերը: Հիմա նրանք ապրում են Աբխազիայում եւ Ռուսաստանի Քրասնոտարի երկրամասում:

Համշէնահայերի պատմութիւնը սերտօրէն կապուած է Վրաստանի հետ: Հայոց ցեղասպանութեան ժամանակ համշէնահայերը մեծ քանակով տեղափոխուեցին Աճարիա, որտեղից նրանց Բ. Համաշխարհային պատերազմի ժամանակ, մահմետական մեցխեթների հետ միասին արտաքսեցին Ղազախստան եւ Խըրխզստան: Հիմա էլ համշէնահայերը ապրում են Աբխազիայի տարածքում:

Համշէնահայերը պահպանել եւ շարունակում են օգտուել իրենց բարբառից: Դիանա Կերսելեանի խօսքերով, աբխազների հետ համշէնահայերի հաղորդակցութեան լեզուն ռուսերէնն է, թէպէտ նրանց մեծամասնութիւնը տանը խօսում է Համշէնի բարբառով:

«Խորհրդային եւ յետխորհրդային ժամանակներում քաղաքական հիմնախնդիրների պատճառով, նկատի ունեմ Վրաստանի հետ յարաբերութիւնները, մարդիկ աբխազերէն լեզուն վատ գիտէին եւ ուստի հաղորդակցութեան հիմնական լեզուն ռուսերէնն էր, առանձնապէս քաղաքներում, որտեղ խառն հասարակութիւն էր ապրում: Թէպէտ հայերի մեծամասնութիւնը գիտէ մայրենի համշէնահայ բարբառն եւ շատ տներում այդ լեզուով են խօսում: Ովքեր յաճախում էին հայկական դպրոց, նրանք գրական հայերէնն էլ գիտեն: Գիւղերում, որտեղ հոծ ապրում են ազգային մի խմբի ներկայացուցիչները, հայերը, աբխազները եւ միւս ազգերի ներկայացուցիչները, բնականաբար խօսում են իրենց մայրենի լեզուով», ասաց Դիանա Կերսելեանը:

Էլէոնորա Ուզունեանը ապրում է Ռուսաստանի Քրասնոտարի երկրամասում: Նա ուսումնասիրում է համշէնցիների թեման եւ ինքն էլ ծագումով Օրդուի համշէնցիներից է:

«Իմ նախնիները կիսով Օրդուից եւ կիսով Վան լճի մերձակայքից են: Ես ուղղափառ քրիստոնեայ եմ եւ յաճախում եմ հայկական առաքելական եկեղեցի: Խօսում ենք Համշէնի (Օրդուի) բարբառով: Ընտանիքում, բարեկամների հետ մայրենի լեզուով ենք խօսում: Ազգագրութեան տեսանկիւնից, բնականաբար, ցանկացած փոքր ազգ, որը ապրում է իր պատմական հայրենիքից դուրս, շատ բան «իւրացնում է» միւս ազգերի ներկայացուցիչներից»,  ասաց նա:

Էլէոնորա Ուզունեանի ուսումնասիրութիւնների համաձայն, Աբխազիայում եւ ընդհանրապէս Սեւ ծովի ափերին բնակուող համշէնցիները, ի տարբերութիւն միւսների, լաւ պահպանել են իրենց ինքնութիւնը:

«Սեւ ծովափնեայ համշէնահայերը առանձնակի չեն ներձուլուել ազգային միւս ներկայացուցիչներին եւ միաժամանակ, վիթխարի ներդրում են ունեցել երկրամասի բազմակողմանի զարգացման գործում: Միաժամանակ պահպանել են ինքնութեան բացառիկութիւնը: Հէնց դա այն բացառիկութիւնն է, որ բնորոշ է համշէնցիներին», ասաց նա:

Դիանա Կերսելեանի խօսքերով, Աբխազիայում համշէնահայերը շատ բան են իւրացրել տեղի բնակիչներից, ինչի շնորհիւ էլ աւելի են հարստացրել իրենց մշակոյթը:

«Ինչո՞վ ենք տարբերւում միւս հայերից: Նախ` մենք մի քանի բարբառներ ունենք, Համշէնի, հայկական: Այլ խոհանոց, որտեղ ներառուած են տեղական խոհանոցների տարրերը: Նաեւ աւանդոյթներով, ծիսակարգերով տարբերւում ենք հայերից: Իմ կարծիքով, մենք շատ բան ենք վերցրել տեղի բնակիչներից եւ դա դրական ենք գնահատում», ասաց նա:

Դիանա Կերսելեանի խօսքերով, Աբխազիայում քաղաքացիական հասարակութիւնը առանձնակի չի հետաքրքրւում ազգային փոքրամասնութիւնների հիմնախնդիրներով:

«Անկեղծ ասած` մենք ոչ կառավարական կազմակերպութիւններ չունենք, որոնք կ՛աշխատէին ազգային որոշակի  փոքրամասնութիւնների հիմնախնդիրների շուրջ:

Թէպէտ մենք գտնում ենք, որ հարկաւոր է խստացնել քաղաքացիական մօտեցումը: Այլ հարց է, որ մեզ մօտ արդէն կան ազգային մի խումբը ներկայացնող քաղաքացիական միաւորման հիման վրայ կազմաւորուած հասարակական կազմակերպութիւններ եւ սկզբունքօրէն կոչուած են լուսաբանել հիմնախնդիրներն ու շահերը, որոնց ընդհարւում են ազգային խմբերի ներկայացուցիչները: Մենք արդէն ունենք ռուսական համայնքի քոնկրես եւ Աբխազիայի հայերի միութիւն: Այլ հարց է, թէ իրականում ինչ են անում այդ կազմակերպութիւնները եւ դրանց գործունէութիւնը որքանով օգտաւէտ է առկայ հարցերի կարգաւորման համար», ասաց Դիանա Կերսելեանը:

«Հարաւային Դարպաս»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )