«Սփիւռքահայն Աւելի Զգայուն Է` Շատ Արագ Է Սկսում Կապուել Հայրենիքին». Համազգայինի 19-րդ Ուսանողական Հաւաքի Մասնակիցների Կարծիքների «Խաչմերուկում»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Այս օրերին երեւանեան փողոցներում կարելի է տեսնել կանաչ եւ դեղին շապիկներով երիտասարդների խմբեր, ովքեր գրաւում են տեղացիների ուշադրութիւնը: Իսկ ուշադրութիւնը գրաւում են ոչ այնքան նրանց գունաւոր շապիկները, այլ ոգեշունչ քայլուածքը: Ոմանք մի պահ կանգնում են, հետեւում նրանց  քայլերթին` յետոյ հարցերի «կոյտով» հեռանում…

Այդ երիտասարդները մասնակցում են Համազգայինի 19-րդ ուսանողական հաւաքին, ինչի մասին լսելով` ինքս մասնակից դարձայ մէկ դասախօսութեան: Դասախօսութեան միայն որոշակի հատուածը լսեցի: Լսարանի ներսում աշխարհի մի քարտէզ էր` տարբեր երկրներից եկած հայ ուսանողներ, որոնց ընդհանրացնում էր հայրենիքը: Քիչ յետոյ նրանց սկսեցին հարցեր տալ հայի ինքնութեան մասին, հայ լինելու մասին: Պատասխաններն, ի հարկէ, տարբերուող էին, մինչդեռ զգացողութիւնները նոյնն էին, որոնք մերթընդմերթ վարարում էին` ընդհատելով կամ լրացնելով միմեանց ասելիքը:

Րաֆֆի Պեքերեճեանը Սուրիայից է, բայց իր անուն ազգանունը նշելիս` շեշտեց, որ ինքը «ուղիղ Սիսից է, Կիլիկիայից»: Նա Համազգային ուսանողական հաւաքին մասնակցում է երկրորդ անգամ: Հարցին, թէ ինչո՞ւ որոշեց մասնակցել երկրորդ անգամ, Րաֆֆին պատասխանեց. «Մենք այդ կապն է, որ հայրենիքին կը կապի, եւ շատ կ՛ազդուես, երբ գալիս ես եւ առաջին անգամ տեսնում ես հայրենիքը, ջուրն ես խմում, սփիւռքահայն աւելի զգայուն է, շատ արագ սկսում է կապուել հայրենիքին» Րաֆֆիի խօսքով` ինքը շնորհակալ է Համազգայինին նման հաւաք կազմակերպելու համար:

Անահիտ Յակոբեանը Ֆրանսայից է, եւ յիշեալ հաւաքին մասնակցում է առաջին անգամ: «Հաւաքից ստացած տպաւորութիւնները շատ լաւ են, ընկերային մթնոլորտը շատ լաւ է: Բոլորս արդէն սովորել ենք ճանաչել իրար, ապրել իրար հետ` մեր տարբերութիւններով, նմանութիւններով: Օրինակ, ես Ֆրանսայի գաղութը գիտէի, բայց հիմա արդէն սովորեցի Լիբանանի, Սուրիայի, Թուրքիայի հայկական գաղութները, եւ հետաքրքիր է լսել նրանց կարծիքները Հայ դատի, Հայաստանի, հայ ժողովրդի մասին», նշեց Անահիտը:

Սուրիայից Սարօ Պապիկեանն եւս ընդգծեց, որ հաւաքից ստացել է հաճելի տպաւորութիւններ, այցելեցին զանազան վայրեր: «Միայն կարեւոր մի կէտ կայ, որը կ՛ուզէի նշել: Հայաստանը Փարիզի կամ Հռոմի պէս երկիր չէ, որ մենք պարզապէս գանք հաճելի պահեր անցկացնենք եւ գնանք: Մենք պարտականութիւն ունենք անելու Հայաստանի համար, մանաւանդ, այս ժամանակահատուածում Հայաստանը ծանր պայմաններում է, եւ օգնութեան կարիք ունի: Մենք ինչ-որ բան պէտք է փորձենք օգնել մեր հայրենիքին: Այն տեղերը, որտեղ այցելել ենք, կապեր ենք հաստատել, մեր երկրները վերադառնալով` կը փորձենք տալ մնացած երիտասարդութեանն այն, ինչ  ստացանք այստեղ, որպէսզի նրանք էլ գան Հայաստան եւ առաջին կապը հաստատեն այստեղ, որպէսզի վերջաւորութեանը հաստատուեն Հայաստանի մէջ», ասաց Սարոն:

Լիբանանից Մարլինա Քեշիշեանի խօսքով` հաւաքն իրեն սովորեցրել է տարբեր նորութիւններ, եղել է այնպիսի վայրերում, որտեղ երբեք չէր եղել, ինչպէս օրինակ, Արագած լեռը: «Չեմ կարող արտայայտել զգացումս, երբ գնացի այնտեղ, եւ տեսայ Հայաստանի այդ գեղեցկութիւնը», նկատեց նա, ապա վերյիշեց իր` առաջին անգամ Հայաստան գալը. «Երբ Հայաստանում էի հասնում, եւ օդանաւն իջնում էր, սիրտս սկսել էր տրոփել: Ինչ որ ինձ պատմել էին, նկարներով ցոյց էին տուել, դա տեսայ, եւ աւելի շատ զմայլուեցի, նոյնիսկ չէի հաւատում, որ դա իմ հայրենիքն է, որ այն այդքան գեղեցիկ է, որի հետ այդքան կապուած եմ: Չէի մտածում, թէ տաս օրից պէտք է վերադառնայի իմ երկիր, որտեղից եկել էի: Չգիտեմ, երբ եկայ, կարծում էի` չեմ կարող բաժանուել հայրենիքից: Յուսամ` մի օր կարող եմ հաստատուել այստեղ»:

Հաւաքի մասնակիցներից Սարին Աքպաշ եկել էր Պոլսից, ում խօսքով` ծրագիրն այնպէս են պատրաստել, որ իրենք հնարաւորութիւն ունենան ճանաչել Հայաստանը ճշմարիտ ձեւով: Սարինը նաեւ նշեց, որ իրենք աւելի շատ պայքար են տանում հայ մնալու համար Պոլսում` ի տարբերութիւն հայկական միւս գաղութներում: «Վախը կայ, բայց մենք հպարտանում ենք հայ լինելով, մենք երբեք չենք ասում` մենք թուրք ենք, մենք ասում ենք` հայ ենք, եւ հայութիւնը միշտ մէջտեղ է գալիս լուրերի մէջ, նաեւ Հրանդ Տինքի շնորհիւ  շատ բարձրացաւ հայութեան գիտութիւնը: Ես հպարտ եմ, որ պոլսահայ եմ, թէեւ մեզ թուրքի աչքով նայողներ էլ կան Հայաստանում, հաւաքի մէջ, երբ ներկայանում ենք որպէս պոլսահայ, բայց հիմա ուրախ եմ, որ այդ նախապաշարումները չկան, եւ ես առաջին պոլսահայն էի, որ մասնակցում է այս հաւաքին», նշեց Սարինը:

Արշակ Մեսրոպեանն էլ Միացեալ Նահանգներից եօթ տարի առաջ  եկել եւ հաստատուել է Հայաստանում, ում փոխանցմամբ` ինքն ուրախ է, որ այս տարի մասնակիցներ կան Պոլսից, Կիպրոսից, Արաբական Էմիրութիւններից: «Կարծում եմ` պէտք չկայ այսպիսի ծրագրերով մտնենք Հայաստան եւ ծանօթանանք Հայաստանին, եթէ ամէն գիտակից հայ իրեն համարի գիտակից հայ, ապա մենք ինքնաբերաբար պարտաւոր պէտք է լինենք ծանօթանանք եւ գիտակցութիւն ունենանք մեր մշակոյթի մասին», ասաց Արշակը:

Լիբանանից մէկ այլ մասնակից` Փաթիլ Գէորգեանի խօսքով` Հայաստան գալով հայութեան գիտակցութիւնը փոխուեց իր մէջ: «Այս ճամբորդութիւնից վերադառնալով 360 աստիճան փոխուած եմ ինձ զգում, որովհետեւ լսելով տարբեր գաղութների հասկացողութիւնը լսելու,  հայ լինելու  կամ Հայ դատի մասին,  ազդեցին ինձ վրայ, որոնք իրենց տպաւորութիւնները կը թողնեն իմ ապագայ կեանքիս, ապագայ գործերիս վրայ: Միայն ասեմ, որ Հայաստանում պտոյտները զբօսաշրջիկութիւն չեն, դրանք աւելի շատ դաստիարակչական յայտագիրներ են, եւ մեր մշակոյթն ու պատմութիւնը զգում ենք մեզ վրայ, գիտակից կը դառնանք մեր երկրի մէջ ապրելու` նոյնիսկ եթէ կարճ ժամանակ է, այդ ժամանակահատուածը հարիւր տոկոսով ազդում է մեր ինքնութեան վրայ», ընդգծեց Փաթիլը:

Երեւան-Պէյրութ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )