Մաշուող Հայաստան. Արտագաղթը Աննախադէպ Է
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնը մի քանի օր առաջ հրապարակել է նոր տուեալներ, համաձայն որոնց` այս տարուայ` 2013 թուականի առաջին վեց ամիսներին երկրից մեկնողների եւ ժամանողների հաշուեկշիռը կազմել է 123,303: Այսպիսով, յունուար-յունիս ամիսներին Հայաստանից հեռացել է աւելի քան 123 հազար մարդ: Մօտաւորապէս այսքան բնակչութիւն ունի հանրապետութեան երկրորդ քաղաք Գիւմրին: Հասկանո՞ւմ ենք, այո, թէ խօսքը ինչի մասին է: Խօսքը աղէտի մասին է, խօսքը մաշուող ու արիւնաքամ լինող Հայաստանի մասին է:
Անշուշտ, ողջ տարուայ կտրուածքով, հաւանաբար արտագաղթի ընդհանուր թիւը չի կազմի 123 հազար, քանի որ հեռացածների մի մասը Ռուսաստանում եղանակային աշխատանքի մեկնող հայ բանուորներն են, որոնք իրենց ընտանիքի` ծնողների ու երեխաների մի կտոր հացը վաստակում են Ռուսաստանում: Նրանց մի մասը տարուայ վերջերին` հոկտեմբերից դեկտեմբեր հատուածում, վերադառնալու է տուն: Սակայն բոլորը չեն վերադառնալու: Միտումները ցոյց են տալիս, որ ողջ տարուայ կտրուածքով արտագաղթի թիւը կը կազմի շուրջ 80 հազար:
Յիշո՞ւմ էք` Սերժ Սարգսեանը նախընտրական շրջանում Տաւուշի մարզի Մովսէս գիւղում բաւական ջղային ոճով արձագանգեց մի գիւղացու գանգատին: «Ե՞ս եմ մեղաւոր, որ քո տղան գնացել է Ռուսաստան», նեղսրտեց Սարգսեանը:
Նորից կարդացէք երկրի ղեկավարի խօսքերը. «Ե՞ս եմ մեղաւոր, որ քո տղան գնացել է Ռուսաստան»: Անշո՛ւշտ, Սարգսեանը չէ մեղաւոր, որ մի անհատ տաւուշցի թողել է հայրենի տունը, ծնողներին ու փորձում է արժանապատիւ կեանք գտնել Ռուսաստանում: Բայց Սարգսեանը եւ իշխող վերնախաւն է մեղաւոր եւ պատասխանատու, որ վերջին հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 300 հազար մարդ կամ Հայաստանի բնակչութեան 10 տոկոսը: Հայաստանից արտագաղթած մէկ մարդու համար գուցէ Սարգսեանը եւ իշխող Հանրապետական կուսակցութիւնը չեն մեղաւոր, բայց մեղաւոր են ընդհանուր 300 հազար հեռացածի համար, քանի որ Հայաստանում չեն ապահովում արժանապատիւ կեանքի պայմաններ:
Արտագաղթը միայն թուաբանութիւն չէ: Արտագաղթը նաեւ տրամադրութիւն է, ճնշող տրամադրութիւն, որը ուղղակիօրէն ազդում է այն մարդկանց վրայ, ովքեր բնակւում են Հայաստանում: Ներկայացնեմ բացառապէս պաշտօնական թուեր, որպէսզի պարզ եւ հասկանալի լինի, թէ դէպի ո՛ւր են Հայաստանը տանում Սերժ Սարգսեանն ու նրա գլխաւորած Հանրապետական կուսակցութիւնը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008-ին Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 23 հազար, 2009-ին` 25 հազար, 2010-ին` գրեթէ 47 հազար, 2011-ին` 44 հազար, 2012-ին` 43 հազար Հայաստանի քաղաքացի: Այսպիսով, Սերժ Սարգսեանի նախագահութեան առաջին հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 182 հազար մարդ: Եւ սա, կրկնում եմ, պաշտօնական թուեր են, իրական թուերը գուցէ աւելի մտահոգիչ են:
Այս տարուայ` 2013-ի առաջին վեց ամիսների արտագաղթի ծաւալը աննախադէպ է Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքում: Այսպիսի ծաւալով արտագաղթ չի եղել անգամ 90-ականների մութ ու ցուրտ, պատերազմի տարիներին:
Ներկայացնեմ պաշտօնական վիճակագրական տուեալներ, որպէսզի հասկանալի լինի, թէ ինչպէ՛ս եւ ի՛նչ ծաւալներ է ունեցել արտագաղթը Հայաստանում: Մի առիթով գրել եմ, որ Խորհրդային Հայաստանում առաջին մարդահամարի` 1926 թուականի տուեալներով, բնակչութեան թիւը կազմել է ընդամէնը 911 հազար, որից շուրջ 200 հազարը` ոչ հայեր, հիմնականում` ազրպէյճանցիներ: Խորհրդային Հայաստանում վերջին մարդահամարը անց է կացուել 1989-ին, երբ փլուզւում էր ԽՍՀՄ-ը: Այդ ժամանակ Հայաստանն ունէր շուրջ 3,3 միլիոն բնակչութիւն: Այսպիսով, Խորհրդային Հայաստանի եօթ տասնամեակների ընթացքում հայերի թիւը աւելացել է աւելի քան չորս անգամ: Այսպիսի բնական աճ Հայաստանը չի ունեցել իր ողջ պատմութեան ընթացքում:
Արտագաղթը Հայաստանից սկսուեց 1980-ականների վերջերից: Ճիշդ է, այսօր չկան պաշտօնական տուեալներ, բայց բոլորս յիշում ենք, թէ ինչպէս էին հայաստանցիները արտագաղթում Արեւմուտք, հիմնականում` Միացեալ Նահանգներ ու Եւրոպա, երբ Մոսկուայում իշխանութեան եկաւ Միխայիլ Գորբաչովը: Սահմանները բացուեցին, «Պաղ պատերազմը» աւարտուեց, եւ մարդիկ սկսեցին աւելի լաւ կեանք փնտռել: ԽՍՀՄ գոյութեան վերջին տարիներին` 1985-1991 թուականներին Խորհրդային Հայաստանից հաւանաբար հեռացել է մինչեւ 100 հազար մարդ: Իսկ եթէ հաշուի առնենք, որ Խորհրդային Հայաստանում բնակւում էր շուրջ 170 հազար ազրպէյճանցի, որոնք եւս հեռացան, ապա կը ստացուի, որ Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին հանրապետութիւնից հեռացել է շուրջ 300 հազար մարդ: Սրա կողքին պէտք է նշել, որ այդ նոյն ժամանակահատուածում Ազրպէյճանից Հայաստան է գաղթել շուրջ 300 հազար հայ, որոնք, սակայն, հետագայ տարիներին, երբ արդէն Հայաստանը անկախ էր, հիմնականում հեռացան երկրից:
Որքա՞ն մարդ է հեռացել Հայաստանից 1991-1998 թուականներին, երբ նախագահը Լեւոն Տէր Պետրոսեանն էր: Սա վիճելի է, քանի որ չկան այդ տարիների պաշտօնական տուեալները: Հայաստանի նախկին վարչապետներից Հրանդ Բագրատեանը (1993-1996) պնդում է, որ Տէր Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 600 հազար մարդ, որից 300 հազարը այն հայերն էին, որոնք եկել էին Ազրպէյճանից: Ստացւում է, որ Տէր Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներին արտագաղթել է 300 հազար մարդ, կամ ամէն տարի` շուրջ 45 հազար Հայաստանի քաղաքացի: Ստացւում է, որ Տէր Պետրոսեանի իշխանութեան տարիներին տարեկան արտագաղթում էր մօտ այնքան մարդ, որքան այսօր: Բայց պէտք է յիշել, որ այսօր չկայ պատերազմ, այսօր մենք մտել ենք անկախութեան 23-րդ տարին, այսօր չկայ ելեկտրականութեան եւ կազի պակասի խնդիր, լայն հաշուով` այսօր չկայ հացի խնդիր այնպէս, ինչպէս կար 1990-ականների սկզբներին: Որեւէ կերպ չի կարելի այսօրը համեմատել 1990-ական թուականների ծանր տարիների հետ:
Որքա՞ն մարդ է արտագաղթել Հայաստանից Ռոպերթ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներին: Կրկին դիմենք վիճակագրութեանը: 1998-1999 թուականներին` Քոչարեանի նախագահութեան առաջին երկու տարիներին, վիճակագրական տուեալներ չեն պահպանուել, սակայն հաշուի առնելով յաջորդ երկու-երեք տարիների տուեալները եւ միտումները` կարելի է ասել, որ երկու տարուայ ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 100 հազար մարդ: Վիճակագրական պաշտօնական տուեալներ պահպանուել են 2000 թուականից ի վեր: 2000-ին Հայաստանից արտագաղթել է աւելի քան 57 հազար, 2001-ին` աւելի քան 60 հազար, 2002-ին` ընդամէնը 2700, 2003-ին` շուրջ 10 հազար: Այսպիսով, Քոչարեանի նախագահութեան առաջին վեց տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 230 հազար մարդ:
2004-ից արտագաղթը կանգ առաւ: Աւելի՛ն. սկսուեց փոքր ծաւալների ներգաղթ: Ներկայացնեմ պաշտօնական տուեալներ: 2004-ին ներգաղթը կազմեց շուրջ 2 հազար: Յաջորդ` 2005-ին, ներգաղթը կազմեց աւելի քան 12 հազար, իսկ 2006` շուրջ 22 հազար: Այսպիսով, նախագահ Քոչարեանի նախագահութեան յաջորդ երեք տարիներին Հայաստան վերադարձաւ շուրջ 35 հազար մարդ: Քոչարեանի նախագահութեան վերջին տարում` 2007-ին, կրկին սկսուեց արտագաղթ, ճիշդ է փոքր ծաւալով` 3 հազար: Մօտաւոր տուեալներով, նախագահ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 200 հազար մարդ:
Ամփոփելով` ստանում ենք հետեւեալ պատկերը. Տէր Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 600 հազար մարդ, որից 300 հազարը` ազրպէյճանահայեր: Ռոպերթ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 200 հազար մարդ, իսկ Սերժ Սարգսեանի նախագահութեան հինգ ու կէս տարիներին` մօտ 300 հազար մարդ: Իսկ ընդհանուր առմամբ, երեք նախագահների իշխանութեան տարիներին Հայաստանից հեռացել է 1,1 միլիոն մարդ:
Յատուկ «Ազդակ»-ի համար

