Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Իմ վերջին յօդուածներից մէկում, սիրելի՛ ընթերցողներ, ես յիշեցրեցի, որ ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնուել այն կեղտի մէջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մեզ կ՛օգնի ոչ միայն այսօրուայ իրավիճակի` որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատուամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մեզ այսօրուայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը:

Ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար (եթէ մնացել է ցանկութիւն եւ հնարաւորութիւն) հարկաւոր է նախ հասկանալ, թէ ինչպէս ենք այդտեղ յայտնուել: Հարկաւոր է ըմբռնել կատարուածի էութիւնը, շարժիչ ուժերը, բախուող շահերը եւ գնահատել հնարաւոր հետեւանքները: Եւ միասին փնտռել ելքը: Ինչ-որ չափով դրա համար խթան դարձան yerkir.am կայքում, նաեւ այլ զանգուածային լրատուամիջոցներում հրապարակուած իմ յօդուածների կապակցութեամբ արուած մեկնաբանութիւնները: Դրանցում պարունակուող հարցերը պատասխանների կարիք ունեն: Դէ ինչ, փորձենք աւելի խորը նայել:

Ամէն ոք գիտի` 1917 թուականից յետոյ նախկին Ռուսական կայսրութիւնում, որը դարձաւ Խորհրդային Միութիւն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ նաեւ ամբողջ Արեւելեան Եւրոպայում իշխում էին համայնավար կուսակցութիւնները: Խորհրդային Միութիւնում շեման պարզ էր, ինչպէս զինուորական ճիտքաւոր կօշիկը` շահագործող դասակարգերը ոչնչացուել են, կայ դեռեւս խմելուն անվերադարձ չտրուած եւ աշխատելը դեռեւս չմոռացած բանուորութիւն, դեռեւս ոչ ամբողջապէս Սիպիր աքսորուած աշխատաւոր գիւղացիութիւն եւ դեռեւս արմատախիլ չարուած խաւ` մտաւորականութիւն: Համայնավար կուսակցութիւնը թէեւ բանուոր դասակարգի յառաջապահն է, սակայն լիարժէք ներկայացնում է նաեւ գիւղացիների եւ ծառայողների շահերը, այնպէս որ` յաղթած համայնավարութեան երկրում մէկ կուսակցութիւնը լիովին բաւարար է:

Արեւելաեւրոպական համայնավարները, հաշուի առնելով աչալուրջ Արեւմուտքի մօտ լինելը, նաեւ տեղի պայմաններն ու աւանդոյթները, աւելի ճկուն շեմաներ էին կիրառում: Նրանք երբեմն (ի հարկէ, մոսկովեան ընկերների թողտուութեամբ) թոյլատրում էին մի քանի ոչ մեծ, արհեստականօրէն սեղմուած, սահմանափակ իրաւունքներով կուսակցութիւնների վերահսկուող գործունէութիւնը` տպաւորութիւն ստեղծելով, թէ իրենց երկրներում բնակչութեան տարբեր շերտեր (գիւղացիութիւնը, փոքր ձեռներէց-արհեստաւորները, մտաւորականութիւնը, հաւատացեալները) ինքնուրոյն կազմակերպութիւններով ներկայացուած են երկրի քաղաքական համակարգում: Օրինակ` Չեխոսլովաքիայում, բացի Համայնավար կուսակցութիւնից, գործում էին նաեւ Ժողովրդական եւ Ընկերվարական կուսակցութիւնները: Ի հարկէ, դրանք չէին փայլում իրենց ինքնուրոյնութեամբ` համայնավարների հետ ներգրաւուած էին Ժողովրդական ճակատում:

Փոքր-ինչ մեծ անկախութեան արտաքին բնորոշ յատկանիշերը ունէին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետութեան` թուով աւելի մեծ քաղաքական կուսակցութիւնները: Այստեղ, բացի մարքսական-լենինեան ուղղուածութեան Գերմանիայի ընկերվարական միասնական կուսակցութիւնից, գործում էին Ժողովրդական գիւղացիական, Ազատական ժողովրդավարական կուսակցութիւնները եւ նոյնիսկ Քրիստոնեայ ժողովրդավարական միութիւնը: Այդ ամէնից առանձնացուած` կար նաեւ 1948-ին Քրեմլինի հրահանգով ստեղծուած Ազգային ժողովրդավարական կուսակցութիւնը, որում «վերակոփելու» համար հաւաքեցին Վերմախթի 200 հազար նախկին սպաների ու զինուորների, անգամ` նախկին նացիականների, որոնք դուրս էին մնացել Նիւրնպերկի «ուռկանից»: Այդպէս, հաւանօրէն, աւելի հեշտ էր վերահսկողութեան տակ պահել արեւելագերմանական հանրութեան այն հատուածին, որը կազմուած էր փորձառու, մարտունակ եւ կարգապահ մարդկանցից, ովքեր դժուար թէ առանձնակի համակրանք ունենային խորհրդային զաւթիչ վարչակարգի նկատմամբ: Ի հարկէ, «բազմակուսակցականութեան» քողարկումը, թէեւ մխիթարանք էր նրանց համար, ովքեր ոգեւորուած չէին «միակ ճիշդ» մարքսական-լենինեան-ստալինեան ուսմունքից, սակայն դա ոչ ոքի չէր խաբում. բոլոր «այլընտրանքային» կուսակցութիւնները ընդունում էին համայնավարների` այդ երկրների սահմանադրութիւններում ամրագրուած ղեկավարող ու առաջատար դերը:

Լեհաստանին, ինչպէս յաճախ էր լինում պատմութեան մէջ, դժուարութեամբ էին յարմարեցնում մշակուած շեմաներին: Բացի երկրի մարքսական ղեկավարից` Լեհական միասնական բանուորական կուսակցութիւնից, գոյութիւն ունէին, աւելի ճիշդ` համայնավարների հետ համաձայնական կառավարութիւնում համագործակցում էին Գիւղացիական եւ Ժողովրդավարական կուսակցութիւնները: Սակայն գործում էր նաեւ «Զնաք» («Նշան») ընկերակցութիւնը` ձախ կաթոլիկների շարժումը, որը ձեւաւորուել էր 1955 թուականին եւ իր պատգամաւորներն ունէր Սէյմում: Նրանք իրական ընդդիմութիւն դարձան, որը չէր ճանաչում համայնավարների «առաջատար եւ ուղղորդող դերը», ինչը 1980-ին յանգեցրեց ընկերակցութեան արգելմանը: Սակայն Լեհական քրիստոնէական միութիւնը, որը գոյութիւն ունեցաւ 1981-86 թուականներին, շարունակեց ընդդիմադիր աւանդոյթները` դրօշարշաւի առարկան փոխանցելով «Սոլիտարնոսթ»-ին («Համերաշխութիւն»): Ի դէպ, Լեհաստանը մշտապէս միօրինակութիւնից դուրս է: Այնտեղ նոյնիսկ թագաւորներն էին ընտրովի:

Մեր թեման` կեղծ բազմակուսակցական համակարգը մէկ կուսակցութեան փաստացի անփոփոխ գերիշխանութեան պայմաններում, չափազանց արդիական է, քանի որ հէնց դա է դարձել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական մոտելը: Թեման լուրջ է, առանց ոչ վաղ անցեալ շրջապտոյտ կատարելու անհնար կը լինի:

Հայաստանի Համայնավար կուսակցութեան նոմենկլատուրային-դիւանակալական մասը (յատկապէս` դրա համայնավար երիտասարդական բաղադրիչը), զգայուն կերպով որսալով ժամանակի շունչը, սահուն տեղափոխուեց ՀՀՇ` նոր շարժման` իրենց հոգեպէս, դասակարգային առումով հարազատ «յեղափոխական» առաջնորդների թեւի տակ: Նրանք միասին ձեւաւորեցին նոր իշխող դասակարգ, դուրս մղեցին այնտեղից, նաեւ «Ղարաբաղ» կոմիտէից վերակառուցման եւ պատերազմական տարիների բոլոր ազատամիտներին, եւ 1995 ու 1996 թուականների բախտորոշ, կարեւոր ընտրութիւններին բերեցին արիւնաքամ, վախեցած, ազատութիւնից ու անկախութիւնից հիասթափուած հասարակութիւն: Այդ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններով եւ սահմանադրութեան ընդունման հանրաքուէով գծեցին հասարակութիւնը անհաշտ ճամբարների բաժանող սահմանը. մի կողմում` վարչակարգի պնդացող պեթոնը, միւս կողմում` նրանք, ովքեր յոյս ունէին կառուցել ազատ երկիր` արժանի 1988 թուականի` հոգեւոր վերածնուած, աշխուժ, քաջ, հպարտ, ոգեշնչուած հայերին: Յիշո՞ւմ էք այդ հայերին: Ձեզանից շատերը, ովքերը աւելի տարիքով են, հէնց այդ հայերն էին ժամանակին: Նրանք արժանի չէի՞ն աւելի լաւ ճակատագրի կամ լաւ երկրի: Ի հարկէ, արժանի էին: Սակայն չկարողացան լաւ երկիր կառուցել եւ սկսեցին այն փնտռել այլ` հեռաւոր վայրերում… Սակայն սա այլ թեմա է, իսկ մենք վերադառնանք մերին:

Յիշենք 90-ականների սկզբին քաղաքական ուժերի տեղաբաշխումը: Մի կողմում ՀՀՇ-ական կիսագրագէտ հարստապետութիւնն է` սերտաճած խորհրդային պետական մեքենայի ամենահեռատես ու ճարպիկ ներկայացուցիչների հետ, որոնք միասնաբար կարճ ժամանակահատուածում ծաղկող երկիրը գցեցին լիակատար տնտեսական անկումի մէջ: Միւս կողմում ուժեղ ընդդիմութիւնն է` դաշնակցականները, հանրապետականները` անջատուած ՀՀՇ-ից, դեռեւս փոքր խմբակցութիւնների չբաժանուած Ազգային ժողովրդավարական միութիւնը, դեռեւս յաւակնոտ առաջնորդների կողմից չսեփականաշնորհուած Ազգային ինքնորոշում միաւորումը եւ Սահմանադրական իրաւունք միութիւնը, դեռեւս վերակենդանացման կարիք չունեցող ռազմկավարները: Նաեւ համայնավարները դեռեւս մանր խմբերի չէին տարրալուծուել: Այն, որ այդ ուժերը, յատկապէս` միասին, ընդունակ էին յաղթել 1995-ի ընտրութիւններում եւ խորհրդարանական մեծամասնութիւն ձեւաւորել, ոչ ոքի մօտ, այդ թւում` իշխանութիւնների, կասկածներ չէր առաջացնում: Եւ գործի դրուեց իշխանութիւնը պահելուն ուղղուած ճկուն քաղաքական արհեստագիտութիւն` մեր հասարակութեանը եւ դեռեւս անփորձ ընդդիմութեանը այն ժամանակ անծանօթ, դրանից էլ` աւելի արդիւնաւէտ: Մանրամասներով եւ ամսաթուերով ձեզ չեմ ծանրաբեռնի. շատերն առանց այդ էլ ամէն ինչ յիշում են, իսկ ում ինչ-որ բան կը թուայ բաց թողնուած կամ պարզապէս դուր չի գայ, հաճոյքով հրաւիրում եմ բանավէճի:

Ընդհանրապէս, երբ խօսում են խորամանկ, բարդ քաղաքական արհեստագիտութեան մասին, նկատի ունեն կատարման որակը, քանի որ բովանդակութիւնը, որպէս կանոն, անփոփոխ է` սկսած նախապատմական ժամանակներից: Այն հիմնուած է հակառակորդին սեւացնելու, զրպարտելու կարողութեան վրայ (ներկայումս կոչւում է կոմպրոմատ կամ սեւ փիար), նպատակ ունի քայքայել, պառակտել նրա շարքերը (divide et impera), ստի, կաշառքի կամ վախեցնելու միջոցով հակառակորդի շարքերից պոկել ամենաենթարկուող օղակները (իւղել ու դեղել): Ահա եւ ամէնը: Իսկ թէ ինչպէս է դա արւում` հնագոյն եղանակո՞վ` նամակների կեղծում, ամբաստանութիւն, կեղծ վկայութիւն եւ այլն, թէ՞ համացանցով կամ հեռուստատեսութեամբ, ընդամէնը արհեստագիտութեան ու դարաշրջանի հարց է:

Անցեալ դարի 90-ականներին առաջինը ընդդիմութեան շարքերում «կոտրուեցին» ազգային-ժողովրդավարները: Նրանց առաջնորդ Վազգէն Մանուկեանը մտաւ ՀՀՇ-ական կառավարութեան մէջ, ինչին, բնականաբար, գաղափարական արգելքները չէին խոչընդոտում: Դաշնակցականներին պառակտելու փորձերը` արտասահմանից ճնշումներ գործադրելու միջոցով, եւ ինքնակոչ զուգահեռ կառոյցի ստեղծումը անփառունակ տապալուեցին, եւ իշխանութիւնը ուշադրութիւնը կենտրոնացրեց Հանրապետական կուսակցութեան վրայ: Ճնշումների եւ գայթակղիչ խայծի (օրինակ` «Հրազդան» մարզադաշտի տեսքով) խորամանկ համադրութիւնը յանգեցրեց այն բանին, որ այդ կուսակցութիւնը կտրուկ փոխեց ուղեգիծը եւ ներգրաւուեց ՀՀՇ-ի հետ միասնական նախընտրական պլոքում: Ընդդիմութիւնը պառակտուեց: Դաշնակցականները, յետ մղելով պառակտիչների յարձակումները եւ չենթարկուելով խայծերին, սպառնալիքներին, շողոքորթութեանը, նաեւ նրանց համակիր փոքրաթիւ կազմակերպութիւնները մնացին միայնակ իշխանութեանը դէմ յանդիման, որը նոր-նոր էր զգացել արագ եւ անծախս հարստացման համը եւ կատաղած էր իշխող դիրքերը կորցնելու հեռանկարից:

Հետաքրքիր թեմա է, չէ՞: Ինչքան յիշողութիւններ արթնացան… Կը շարունակենք այն, չկասկածէք:

yerkir.am

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Ընկ. Վահան Յովանէսեանի յօդուածները իմացական և ակադեմական բարձր մակարակով գրութիւններ են, որ հրապարակային քննութեան կ՝ենթարկեն Հայաստանի ընկերաքաղաքական կեանքը յուզող ու համազգային մտահոգութեան առարկայ հարցեր:

    Անոնց մէջ զգալի է դաշնակցական ղեկավարի յատուկ գաղափարական մտածողութիւնը, բարոյական սկզբունքներու վրայ խարսխուած:

    Ընկ. Յովհաննէսեանի մտքերը կը դրսեւորեն Դաշնակցութեան քաղաքական դիրքորոշումը արծարծուած հարցերու գծով, որոնց կարիքը կը զգար մասնաւորաբար սփիւռքահայ ընթերցողը:

    Յակոբ Եափուճեան

  • Disqus ( )