Ծննդեան 125-ամեակին Առիթով. Կարօ Սասունու Տեղը Հայ Ազատագրական Պայքարում Եւ Հայկական Պետականութեան Արարման Գործում

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ

Հայոց ազատամարտի, ՀՅ Դաշնակցութեան, Հայաստանի Ա. Հանրապետութեան եւ սփիւռքահայ հանրային-քաղաքական կեանքի հազուագիւտ մեծութիւններից է Կարօ Սասունին, որի ծննդեան 125-ամեակն է լրանում այս տարի: Նրան կարելի է բնութագրել որպէս ազատամարտիկ, քաղաքագէտ եւ դիւանագէտ, պետական գործիչ, պատմաբան եւ աշխարհագրագէտ, գրող, հրապարակախօս եւ գրականագէտ: Երբ այսօր, տասնեակ տարիների հեռաւորութիւնից փորձում ենք խորանալ նրա գործունէութեան մէջ, համոզւում ենք, որ մեր պատմութեան որոշ ողբերգական իրադարձութիւններից միգուցէ հնարաւոր լինէր խուսափել, եթէ չանտեսուէին Կ. Սասունու, ինչպէս նաեւ նրա նման մտածող մի քանի գործիչների (Արամ, Ռուբէն, Սեպուհ եւ այլն) քաղաքական դիրքորոշումները:

Կարօ Սասունին ծնուել է 1888թ. յուլիսի 15-ին, Սասնոյ Խուլբ գաւառակի Ահարոնք գիւղում` Մամիկոնեանների իշխանական տոհմից սերուած Ղազարի եւ հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում: Նա Ղազարի ութը զաւակներից վեցերորդն էր: Իր իսկ արտայայտութեամբ, ծնողների ստեղծած «ծով հարստութեան» մէջ աչք բացած Կարոն կոչուած էր գնալու ծուռ Դաւթի ճանապարհով` «իրենց թաղի հաւերն ու ընկոյզները քարկոծելով եւ կամ հօր հրացանը ձեռքը` սարերու վրայ որսորդութեան ելնելով»:

1896-97թթ.ին փոքրիկ Կարոն սովորում է իրենց գիւղում գտնուող Հայոց միացեալ ընկերութեան դպրոցում, որը դժբախտաբար կառավարութեան որոշումով շուտով փակւում է, բայց Ղազարի ջանքերով դառնում է նախակրթարան: Կարոն շարունակում է սովորել այնտեղ: Սակայն, նրա գլխաւոր ուսուցիչը մայրն էր, որն առաջինը Կարոյի հոգում արթնացրեց բռնապետութեան դէմ ըմբոստանալու ձգտումը:

Հայրենի գիւղի քառամեայ նախակրթարանն աւարտելուց յետոյ Կարօ Սասունին իջնում է Մուշ քաղաք` ուսումը շարունակելու նպատակով (1901թ.): 1901թ. աշնանից նա սովորում է Մշոյ Մուրադ-Մխիթարեան վարժարանում, որը շրջանի միակ միջնակարգ դպրոցն էր:

ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցներ, չորրորդ կարգ, ձախէն աջ` երրորդը Կարօ Սասունի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կ. Սասունին Մխիթարեան դպրոցում սովորում է հինգ տարի, մինչեւ 1906-ը` աչքի ընկնելով ուսումնատենչութեամբ, բացառիկ ընդունակութեամբ եւ չարաճճիութեամբ` միաժամանակ: Նրա Մուշում ուսումնառութեան տարիներին, մինչեւ 1904թ.ը, Տարօնը եւ Սասունը ազգային-ազատագրական պայքարի տենդագին աշխատանքների մէջ էին: Ուստի պատահական չէ, որ տարուելով այդ պայքարի գաղափարով` նա անդամագրւում է ՀՅԴ կուսակցութեանը (1904թ.): Սասունի 1904թ. հերոսական եւ միաժամանակ ողբերգական իրադարձութիւնների արդիւնքում Կ. Սասունու` ազատագրական պայքարի վերաբերեալ ըմբռնումները դառնում են աւելի յստակ եւ տրամաբանուած:

1906թ. ամրանը Կ. Սասունին կրկին դառնում է հայրենի տուն` Մխիթարեան վարժարանի շրջանաւարտի վկայականը ձեռքին, «մտաւորականի եւ ուսուցչի հովեր առած»: Եղբօր` Աբրահամի առաջարկով նա նոյն թուականին մեկնում է Տիգրանակերտ, ուր ուսուցչութիւն է անում Ս. Սարգիս եկեղեցու նախակրթարանում: Իր նոր առաքելութեան մէջ Կ. Սասունին իրեն փայլուն է դրսեւորում: Իր իսկ խոստովանութեամբ, դաս տալը նրա համար գերագոյն հաճոյք էր, դասի ընթացքում նրա ապրումները «հոգեկան պատարագի կը նմանէին»: Մէկ տարուայ ընթացքում Կ. Սասունին այնքան է սիրւում եւ յայտնի դառնում, որ արդէն յաջորդ տարի, 1907-ին որպէս ուսուցիչ հրաւիրւում է Տիգրանակերտի ամենամեծ` Ս. Կիրակոսի վարժարան, «որ ունէր 1400 երկսեռ աշակերտներ, մօտ 36 ուսուցիչ – ուսուցչուհիներ եւ 6000 կտոր գրքերով մեծ գրադարան մը»: Նոյն թուականից, որպէս դաշնակցական, նա նաեւ կատարում է կազմակերպչական աշխատանքներ, որոնց մէջ մտնում էին` ա. զէնքերի գաղտնի ներմուծումները եւ զինումը, բ. որպէս յեղափոխականներ` լեռներից քաղաք ապաստանած փախստականների կեանքի ապահովումը, գ. բանտարկուած ընկերների եւ հերոսների նկատմամբ հոգածութիւնը, դ. կորովի երիտասարդներից խմբերի կամակերպումը: Սակայն, դժբախտաբար, 1908թ. Կ. Սասունին մատնութեան պատճառով ձերբակալւում եւ արտաքսւում է հայրենի Ահարոնք գիւղը: Շատ չանցած, նա գաղտնի կերպով անցնում է Տիգրանակերտ, ուր եւ դիմաւորում է 1908թ. երիտթուրքական յեղաշրջումը: Դրանից յետոյ նա անցնում է Կ. Պոլիս, ուր ապրում է 1908-12թթ. ընթացքում: Այս տարիներին նա բարձր յառաջադիմութեամբ աւարտում է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանը (1909թ.), միաժամանակ աշխուժ մասնակցութիւն է դրսեւորում Ռոստոմի առաջարկով ստեղծուած ՀՅԴ ուսանողական միութեան աշխատանքներին, որի վարչութեան անդամ էր: Միութեան օրկան «Երկունք»-ի էջերում նա յօդուածներ է տպագրում Ռիվարեց ծածկանունով:

1909թ. Սասունին ընդունւում է Կ. Պոլսի իրաւաբանական համալսարանը: 1912թ. աշնանը, երբ պատրաստւում էր տալ համալսարանն աւարտելու համար մնացած միակ քննութիւնը, Ս. Զաւարեանը նրան առաջարկում է որպէս ՀՅԴ գործիչ մեկնել Տարօն եւ Սասուն: 1912թ. հոկտեմբերից մինչեւ 1913թ. օգոստոսը, երբ նրան փոխարինելու է գալիս Ռուբէնը, Կ. Սասունին գործում է Մուշ-Սասունի (Դուրան-Բարձրաւանդակ) Կենտրոնական կոմիտէում: Այս կարճ ժամանակահատուածում Կ. Սասունին կարողանում է վերստին կեանքի կոչել զինման գործը, որը սահմանադրութիւնից յետոյ բարձիթողի վիճակում էր եւ իր շուրջ համախմբել Տարօնի եւ Սասնոյ հին մարտական ուժերին` ֆիտայիներին:

Երբ սկսւում է Ա. Համաշխարհային պատերազմը, Կ. Սասունին, որը վերստին անցել էր Կ. Պոլիս եւ աւարտել համալսարանը, 1914թ. հոկտեմբերին մեկնում է Թիֆլիս: Նա իր հետ նամակներ է տանում, որոնք արտայայտում էին Կ. Պոլսի ընկերների մտահոգութիւնը` յօգուտ ռուսական զօրքերի կամաւորական շարժում սկսելու գործին: Սակայն արդէն ուշ էր. հայ քաղաքական ուժերը վերստին ցատկել էին ռուսական քաղաքականութեան խարխուլ եւ վտանգաւոր լաստի վրայ:

Ռուսական զօրքերի կողմից Բասէնն ու Ալաշկերտը գրաւելուց յետոյ, 1914թ. նոյեմբերի սկզբներին Հայոց Ազգային Բիւրոն Բասէն է ուղարկում մի խումբ, որի մէջ էին` Կ. Սասունին, Կորիւն Ղազազեանը, Մինաս Մակարեանը եւ ուրիշներ: Այդ խմբից կազմւում է Բասէնի վարչութիւնը, որը փաստօրէն տեղի ոչ պաշտօնական վարչական ղեկավար մարմինն էր: Վարչութեան խնդիրների մէջ էին մտնում` ա. բնակչութեան օգնութեան կազմակերպումը, բ. ժողովրդին քողարկուած ձեւով կառավարելը, գ. ժողովրդական միլիցիայի կազմակերպումը, դ. հողային խնդիրների լուծումը:

Յիշատակուած ուղղութիւններով բոլոր խնդիրները յաջողութեամբ լուծւում են, բայց դժբախտաբար ռուսական կեղծ նահանջը կիսատ է թողնում սկսուած գործը: Նոյն սկզբունքներով Կարօ Սասունին գործում է նաեւ Մանազկերտում` փորձելով դնել ապագայ Հայաստանի հիմքերը` ստեղծելով ընդյատակեայ ղեկավարման մարմիններ:

Իսկ ռուսական 1915թ. յուլիսեան կեղծ նահանջի օրերին նա ապահովում է Պուլանուխ-Մանազկերտից նահանջող հայութեան թիկունքը:

1916թ. սկիզբներին ռուսական զօրքերը գրաւում են Արեւմտեան Հայաստանը: Սասունին նոյն թուականի մարտին անցնում է Մուշ, ուր կարեւորագոյն աշխատանքներ է տանում Եղեռնից մազապուրծ հայութեան բեկորների հայթայթման, հայրենի եզերքի վերընձիւղման համար: Նրա ձեռնարկած միջոցառումների շնորհիւ հազարաւոր հայեր են գտնւում եւ տեղաբաշխւում լքեալ բնակավայրերում: Ստեղծւում են նաեւ զուտ հայկական զինուած կազմաւորումներ: Ցաւօք, 1916թ. յուլիսին ռուսական զօրքերի հերթական կեղծ նահանջը կիսատ է թողնում այս աշխատանքները եւս:

«Ազդակ»-ի յարկի տակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1917թ. ռուսական Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ ստեղծւում է Թուրքահայաստանի կոմիսարիատը: Ընդհանուր կոմիսար է նշանակւում զօրավար Աւերիանովը, իսկ նրա տեղակալ` Հ. Զաւրիեւը: Թրքահայաստանը բաժանւում է չորս նահանգների` Վասպուրականի, Էրզրումի, Տրապիզոնի եւ Տարօնի:

Կարօ Սասունին նշանակւում է Տարօնի նահանգապետ, ծագումով հրեայ Նիկոլենկոյի օգնականը, փաստօրէն նահանգապետ, քանզի վերջինս նստում է Թիֆլիսում: Տեղական իշխանութիւնն իրականացնում էր Կ. Սասունին, որի նստավայրն էր Խնուսը:

Տարօնի նահանգի վարչական եւ կուսակցական գործերը արդիւնաւէտ ընթացքի մէջ էին, երբ տեղի ունեցաւ 1917թ. հոկտեմբերեան յեղաշրջումը, որին հետեւեց ռուսական ճակատի արագ քայքայումը: Նահանջող ռուսներին յաջորդեց թուրքերի առաջխաղացումը, որի պատճառով Սասունին հերոս ժողովրդի  բեկորների հետ նահանջեց Արեւելեան Հայաստան: Նա կարեւորագոյն նպաստ ունեցաւ Էջմիածնի, Աշտարակի եւ Թալինի թաթար բնակչութեան հալածման եւ նրանց բնակավայրերում արեւմտահայութեան տեղաւորման գործում: Իսկ Թալինի բերդի գրաւման կազմակերպումը նրա կողմից 1918թ. մայիսի 5-ին` կարեւոր նշանակութիւն է ունենում Սարդարապատի ճակատամարտում հայութեան յաղթանակի համար: Սարդարապատի թուրքական բանակը զրկւում է Արագածի թաթարական ուժերի օժանդակութիւնից: Կ. Սասունին փաստօրէն հանդիսանում է Հայաստանի հայացնողներից` Ռուբէնի եւ Արամի հետ մէկտեղ, նոր պետականութեան արարումից առաջ:

1919թ. յունուար-յուլիս ամիսներին Կ. Սասունին կուսակցական-կազմակերպչական աշխատանքներով լինում է Կ. Պոլսում եւ Զմիւռնիայում: Վերադառնալով Հայաստան, նա յունիսի 21-23ին տեղի ունեցած ընտրութիւններում ընտրւում է խորհրդարանի պատգամաւոր: Որպէս պետական գործիչ` նա այն կարծիքին էր, որ անհրաժեշտ է ստեղծել կուսակցական դիկտատուրա (մենատիրութիւն, խմբ.)` ներքին եւ արտաքին թշնամիների դէմ պայքարելու համար, որոնք խարխլում էին Հայաստանի հիմքերը:

Երբ 1920թ. մայիսի 5-ին ստեղծւում է Բիւրօ-կառավարութիւնը, Սասունին շատ չանցած նշանակւում է Շիրակի նահանգապետ: Մինչեւ այդ, նա Ռուբէնի եւ Սեպուհի հետ համախորհուրդ` ճնշում է Ալեքսանդրապոլի մայիսեան խռովութիւնները եւ ազատում այն պոլշեւիկներից:

Մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը Կարօ Սասունին վճռական քայլեր է իրականացնում Շիրակի նահանգի վարչական գործերի կարգաւորման, կուսակցական կառոյցների ամրապնդման, կաշառակերութեան վերացման առումներով: Իսկ 1920թ. սեպտեմբերին սկսուած հայ-թուրքական պատերազմի օրերին ջանք ու եռանդ չի խնայում թուրքական յառաջխաղացումը կասեցնելու ուղղութեամբ:

Մեծ է Կարօ Սասունու դերը Փետրուարեան ապստամբութեանը կազմակերպուած ընթացք հաղորդելու գործում: Նա էր մշեցիների, խնուսցիների եւ սասունցիների դէպի Աշտարակ, Էջմիածին եւ ապա Երեւան շարժուող ուժերի հրամանատարը: Իսկ Հայրենիքի փրկութեան կոմիտէի գործունէութեան շրջանում ներքին գործոց նախարարն էր:

Փետրուարեան ապստամբութեան պարտութիւնից յետոյ սկսւում է նրա կեանքի վտարանդիութեան շրջանը, որի ընթացքում նա շարունակում է իր հայապահպան եւ ազգանուէր գործունէութիւնը: Այն իր մէջ ներառում էր կրթական, հրատարակչական, հրապարակախօսական, պատմագիտական եւ քաղաքական ոլորտներ: Անհնար է գրել հայ ազատամարտի, Հայաստանի Ա. Հանրապետութեան, սփիւռքահայ հասարակական-քաղաքական կեանքում ՀՅԴ-ի ունեցած գործունէութեան պատմութիւնը` անտեսելով Կ. Սասունու թողած հոգեւոր հարուստ ժառանգութիւնը:

Կ. Սասունին մահացաւ 1977թ. օգոստոսի 11-ին, 89-ը տարեկան հասակում: Աւարտուեց կեանքը մի մեծ մարդու, որն հանդիսանում է դարաւոր կորստից յետոյ հայոց նոր պետականութեան արարողներից մէկը:

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ, պատմ. գիտ. տոքթոր, պրոֆեսէօր

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )