Թուրք Յօդուածագիր. «Թուրքիայում Անհաւատին Սպաննելը Բարի Գործ Է Համարւում»

«ԷՐՄԷՆԻՀԱՊԵՐ»

Թուրքական «Էվրենսել» լրատուական կայքի յօդուածագիր Մահսում Կիւնեշ Քանը իր յօդուածում գրում է, որ Թուրքիայում  տեղի ունեցած ամէն մի վատ բանի յետեւում հային տեսնելու հոգեբանութիւն կայ:

«Հայի գործ է, այս դէպքի մէջ հայերի մատը խառը կը լինի» սակայն ոչ ոք չի մտածում, թէ այս երկրում հայ թողե՞լ ենք արդեօք: Ինչպէ՞ս կարող են հայերը, որոնք չկան, այդքան խնդիր ստեղծել», գրում է Քանը:

Անդրադառնալով Պոլսում Կեզի զբօսայգու դէպքերը նոյնպէս հայերին վերագրելու փորձերին, արտայայտութիւններին` յօդուածագիրը հետաքրքիր դէպք է պատմում 2 թուրք աղջիկների երկխօսութիւնից.

«Անցած օրը օթոպիւսում 2 ուսանողուհու խօսակցութիւնը ակամայ լսեցի: Հայերի մասին շատ կոպիտ եւ դաժան արտայայտութիւններ էին անում: Չկարողացայ դիմանալ եւ միջամտեցի:

– Ձեր կեանքում ոեւէ հայի հանդիպե՞լ էք:

– Ո՛չ,- ասացին:

– Հայկական մշակոյթին ծանօ՞թ էք:

– Ո՛չ:

–  Երբեւէ հայկական կերակուր կերե՞լ էք: Հայերի սովորոյթները, աւանդոյթները գիտէ՞ք: Հայերի հետ երբեւէ նստե՞լ, խօսե՞լ էք: Գոնէ մէկ հայի հետ ծանօթացե՞լ էք:

– Ո՛չ:

– Ինչո՞ւ ծանօթանամ որ: Նրանք ո՛չ թուրք են, ո՛չ էլ մուսուլման,- պատասխանեց միւս աղջիկը»:

Թուրք յօդուածագիրը ափսոսանք է յայտնում նման վերաբերմունքի համար` նշելով, որ հէնց դա է ամենամեծ խնդիրը:

«Ի՜նչ ցաւալի է, որ մարդկանց մասին, ովքեր թուրք կամ մուսուլման չեն, նման անմարդկային արտայայտութիւններ ենք անում: Սակայն ոչ ոք հայերի մշակոյթը եւ թուրքական մշակոյթում հայերի ունեցած դերի մասին ոչինչ չգիտի: Օրինակ` Յակոբ Մարտայեանին քանի՞ թուրք է ճանաչում: Թուրքերէնի բնագաւառում կատարած աշխատանքների շնորհիւ  Աթաթուրքի կողմից Տիլաչար (լեզու բացող-խմբ.) ազգանունն է ստացել: Յակոբ Մարտայեանը միեւնոյն ժամանակ եղել է Թուրքիայի լեզուագիտական ընկերութեան առաջին քարտուղարը: Հայերի քրիստոնեայ լինելը այսպէս կոչուած մուսուլմանների համար շահաւէտ է: Ինչեւէ, անհաւատին սպաննելը բարի գործ է համարւում` կեանքը կ՛առնես, ունեցուածքին էլ ձեռք կը գցես», գրում է Քանը` յիշեցնելով, որ ժամանակին Մոհամետ մարգարէն երկրի սահմաններում բնակուող բոլոր կռապաշտներին, քրիստոնեաներին, հրեաներին մուսուլմանների հետ հաւասար իրաւունքներ է ընձեռել:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )