Թուրքիա. Աշխարհիկ Կարգի Հոգեվարք
ՍԵՐԳԷՅ ՍԱՐԳՍԵԱՆ
«Նորավանք»
Մայիսի վերջից Թուրքիայում չեն դադարում բողոքի արշաւները, որոնց առիթ են հանդիսացել Պոլսի իշխանութիւնների` Թաքսիմի հրապարակին յարող Կեզի պուրակի մի քանի ծառեր հատելու եւ դրանց տեղում առեւտրային-զուարճանքային կենտրոն ստեղծելու անուան տակ այդ վայրում երբեմնի օսմանեան զօրանոցները վերականգնելու ծրագրերը: Բայց եթէ խօսում ենք պատմութեան մասին, ապա պէտք է յիշենք, որ այն վայրում, որտեղ այժմ հրապարակն է, պուրակ է գցուած եւ մի քանի շինութիւն է կառուցուած, 1551-1939թթ. այստեղ է գտնուել հայկական Սուրբ Յակոբ գերեզմանատունը (մօտ 850 հազար քառ. մեթր մակերեսով):
Բացի նրանից, որ առեւտրա-զուարճանքային համալիրի կառուցման այս նախագիծը ծրագրւում էր իրականացնել Արդարութիւն եւ բարգաւաճում (ԱԲԿ) իշխող կուսակցութեանը մօտ կանգնած գործարար խմբերից մէկի տնտեսական շահերից ելնելով, որպէս յաւելեալ փաստարկ նշւում էր նաեւ այն, որ այդ ոչ մեծ պուրակը երիտասարդութեան սիրելի վայրերից մէկն է, երիտասարդութիւն, որը, վիրաւորելով մահմետական սովորոյթները, անպարկեշտ վարքագիծ էր դրսեւորում հանրային վայրում. երիտասարդ տղաներն ու աղջիկները հաւաքւում էին այստեղ, ոգելից խմիչքներ խմում, գրկախառնւում եւ համբուրւում:
Սակայն հէնց այս փոքրիկ պուրակի վերացման նախագծին էր վիճակուած դառնալ երկրում ընթացող հանրային դժգոհութեան այն գործընթացների հրահրիչը, որոնք էլ զուգորդւում են իշխող կուսակցութեան գործունէութեան, ինչպէս նաեւ անձամբ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ:
Սկզբում պուրակի ծառերը հատելուն ընդդիմանում էր «Թաքսիմի համերաշխութիւն» հանրային հարթակը, որը ներառում է ճարտարապետների եւ բնապահպանների միութիւնները, բայց շատ արագ նրանց միացան նաեւ միջին դասի եւ ուսանողութեան ներկայացուցիչները, ազգայնականներն ու անիշխանականները, համայնավարները, մահմետականները, մի շարք արհեստակցական միութիւններ, թուրքեր, քրտեր եւ ալեւիներ, մտաւորականութիւնն ու ֆութպոլային ակումբների երկրպագուները, իսկ ընդվզումները ձեռք բերեցին յստակ արտայայտուած քաղաքական բնոյթ:
Թուրքիայի ներքին գործոց նախարարութեան տուեալներով` ընդդիմադիր շարժումներին միաժամանակ մասնակցել է աւելի քան երկու միլիոն մարդ. ցոյցեր տեղի ունեցան թուրքական գրեթէ իւրաքանչիւր քաղաքում:
Միեւնոյն ժամանակ, ուշագրաւ է նաեւ այն, որ ինչպէս տարերային ընդվզումները, այնպէս էլ արհեստակցական միութիւնների աւելի կազմակերպուած գործողութիւններն ընդդիմադիր կուսակցութիւնների ակնյայտ ու լիակատար աջակցութեանը չեն արժանանում, քանի որ առաջինները նրանց ընտրազանգուածի ընդամէնը մի մասն են, այն էլ` գաղափարապէս ոչ ամենակայունը: Բացայայտ աջակցութիւնը կարող է յանգեցնել այն բանին, որ այդ կուսակցութիւնները կարող են կորցնել իրենց մշտական ու պակաս յուզական ընտրողների մի մասին, որոնց դիրքորոշումը շատ աւելի կարեւոր է կուսակցական ղեկավարութեան համար:
Դժգոհութիւնների ալիքը ցոյց տուեց, որ ԱԲԿ իշխանութեան գտնուելու 11 տարուայ ընթացքում թուրքական հասարակութեան զգալի մասը հիանալի հասկացել է, թէ ինչի է յանգեցրել Քեմալ Աթաթիւրքի պատգամների ու սկզբունքների վրայ հիմնուած աշխարհիկ պետութեան հիմքերի, զսպումների եւ հակակշիռների համակարգի փոփոխութիւնը, որտեղ Թուրքական Հանրապետութեան բանակը խաղացել է առանցքային դերերից մէկը:
Այդ համակարգի արմատական փոփոխութիւններն Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն սկսեց թւում է, թէ աննշան փոքր քայլերից, յաճախ` Թուրքիայի արդիականացման եւ ներքին ու արտաքին քաղաքականութեան եւրոպականացման կարգախօսի ներքոյ: Նման մարտավարութեան շնորհիւ զինուորականները, որոնք իրաւամբ համարւում էին Աթաթիւրքի ժառանգութեան եւ երկրի աշխարհիկ բնոյթի պահապանները, «յայտնուեցին եւրոծուղակում»: Նրանք` Արեւմուտքի հետ Թուրքիայի սերտ համարկման ջատագովները, երկրում իշխանութեան ուղղահայեացի կառուցուածքային փոփոխութիւնների (ի դէպ, Եւրոպական Միութեան պահանջով) անցկացման ընթացքում շատ արագ զրկուեցին քաղաքական որոշումների կայացման վրայ իրենց ունեցած վճռական ազդեցութիւնից: Եւ իսլամամէտ ուժերը հասան այն բանին, ինչին չէին կարողացել հասնել Ն. Էրպաքանի օրօք, իսլամիստների ուղղագիծ «հեծելազօրային» յարձակման ընթացքում, որն աւարտուել էր 1997թ. անարիւն զինուորական յեղաշրջմամբ:
Միեւնոյն ժամանակ, երկրի անշեղ իսլամացման ճիգերը առաջացնում են ինչպէս Թուրքիայի եւրոպականացման կողմնակիցների, այնպէս էլ նրանց դժգոհութիւնը, ովքեր հանդէս են գալիս հասարակութեան շուտափոյթ եւ արմատական իսլամացման օգտին: Իսկ Թուրքիայի պատմութեան մէջ տնտեսական խնդիրները երկրի քաղաքական իրավիճակից հասարակութեան դժգոհութեան «վրայ գցելը» միշտ ռազմական յեղաշրջումների նախագուշակն է եղել: Եւ այսօր Թուրքիան մի կողմ չի մնացել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: Եթէ իշխանութիւնում գտնուելու առաջին տարիներին ԱԲԿ ժողովրդականութեան պահպանման, ինչպէս նաեւ միջին դասի կողմից նրան աջակցելու պատճառն այն էր, որ իշխող կուսակցութեան համար տնտեսական գործօնները բաւական նպաստաւոր էին դասաւորուել, եւ այդ գործօններն ապահովում էին Թուրքիայի նկատելի եւ կայուն տնտեսական աճը տարեկան միջինը 7 առ հարիւրով (համեմատութեան համար նշենք, որ նրա տնտեսութեան աճի կշռոյթը 1993-2002թթ. կազմել է ընդամէնը 2,6 առ հարիւր), ապա անցած տարի` 2012-ին, դրանք կրկին վերադարձել են 2,6 առ հարիւր նիշին:
Չնայած այժմ ԱԲԿ-ն բաւական վստահաբար պահպանում է վարչական միջոցների լծակները, Թուրքիայի պատմութեան մէջ արդէն եղել են նման վիճակներ. օրինակ, 1960թ. յեղաշրջման ժամանակ Ժողովրդավարական կուսակցութիւնը (ԺԿ) մեծ եւ հետեւողական աջակցութիւն էր վայելում, իսկ 1980թ. յեղաշրջումից առաջ բանակին դիմակայում էին ինչպէս աջ, այնպէս էլ ձախ արմատականները, եւ իրենց խայտաբղէտ կազմով ընդվզողները կարող էին «մրցել» ներկայիս շարժման հետ:
Սակայն այսօր իրավիճակն, այնուամենայնիւ, աւելի նման է 1950-ականների վերջի իրադրութեանը, երբ Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ), որի ստեղծման ակունքների մօտ կանգնած էր ինքը` Աթաթիւրքը, առաջին անգամ կորցրեց իշխանութիւնը` խորհրդարանական ընտրութիւններում զիջելով Ժողովրդավարական կուսակցութեանը:
Բազմակուսակցական համակարգը Թուրքիայում սկսեց ձեւաւորուել, ընդ որում` ոչ առանց միջազգային հանրութեան ճնշման, 1946թ. յունուարին: 1945թ. Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնից սերած մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ, մասնաւորապէս` Ճելալ Պայարը (Թուրքիոյ վարչապետ 1937-39թթ.) եւ Ատնան Մենտերեսը (խոշոր հողատէր Այտին նահանգում, Մենտերես գետի հովտում), ձեւաւորեցին Թուրքիայի Ժողովրդավարական կուսակցութիւնը: Դրա գրանցումից մի քանի ամիս յետոյ` 1946թ. յուլիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններում կուսակցութիւնը խորհրդարանական 465 տեղից ստացաւ ընդամէնը 61-ը (ԺՀԿ` 396, անկախ թեկնածուներ` 7):
Այդ ընթացքում ԺՀԿ մենիշխանութիւնից դժգոհութիւն սկսեց ի յայտ գալ նաեւ բանակում. 40-ական թթ. կէսերից զինուորականների շրջանում սկսեցին ձեւաւորուել թուրքական բանակի համար արդէն աւանդական դարձած գաղտնի սպայական կազմակերպութիւններ, որոնք զբաղւում էին երկրի քաղաքական կեանքին ուղղակի միջամտութեան տեսական հիմնաւորմամբ եւ գործնական հարցերի դիտարկմամբ: Դժգոհութեան պատճառներից մէկն իշխանութիւնից ԺՀԿ մենիշխանութեան (յաճախ բռնապետութիւն յիշեցնող) վերացման եւ յիրաւի ժողովրդավարական վերափոխումների անցկացման անհրաժեշտութիւնն էր:
Սակայն Թուրքիայի քաղաքական ասպարէզում երկրորդ կուսակցութեան` Ժողովրդավարականի ի յայտ գալը որոշ ժամանակով կասեցրեց առաջին յետաթաթուրքեան զինուորական յեղաշրջման սպառնալիքը, թէեւ բուն գաղափարը չվերացրեց:
Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան բազմամեայ մենիշխանութիւնից յոգնածութիւնը, ընտրութեան իրական այլընտրանքի ի յայտ գալն անդրադարձան արդէն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) յաջորդ ընտրութիւնների (1950թ.) արդիւնքների վրայ. ԺԿ-ն ստացաւ 408 տեղ, 69 տեղ մնաց ԺՀԿ-ին:
Յաղթանակից անմիջապէս յետոյ Ժողովրդավարական կուսակցութիւնն ամբողջ ուժով ձեռնամուխ եղաւ օգտագործելու իր ձեռքում յայտնուած օրէնսդրական եւ գործադիր իշխանութիւնն իր մրցակցին չէզոքացնելու համար. ԺՀԿ ամբողջ գոյքը եւ նրա բոլոր միջոցներն ազգայնացուեցին, կուսակցութիւնն ինքը սկսեց մեղադրուել հակաիրաւական ելոյթների եւ դժգոհութիւն հրահրելու մէջ:
Քաղաքական ասպարէզում ԺԿ յայտնուելն ուղեկցուեց նպաստաւոր տնտեսական եւ միջազգային ռազմաքաղաքական իրավիճակով. Թուրքիան 1947թ. սեպտեմբերի 1-ից միացաւ Միացեալ Նահանգների նախագահ Հ. Թրումենի արտաքին քաղաքական օգնութեան վարդապետութեան, որի հիմք հռչակուեց «զինուած փոքրամասնութեան կամ դրսից ճնշմանն ընդդիմացող ազատ ժողովուրդներին» աջակցութիւն ցուցաբերելու անհրաժեշտութիւնը:
1954թ. Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններում Ժողովրդավարական կուսակցութիւնն էլ աւելի ամրապնդեց իր դրութիւնը, բայց այդ ընթացքում երկրում սկսել էին զարգանալ իշխանութեան համար բացասական գործընթացներ` թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական բնոյթի:
Եթէ 1946-52թթ. գների միջին տարեկան աճը կազմում էր 2,2 առ հարիւր, ապա 1953-59 թթ.` արդէն մօտ 17 առ հարիւր: Թուրքիայի ներքին շուկայի բացումը ամենալայն տեսականու ապրանքների ներմուծման համար` գնաճի բարձր մակարդակի պայմաններում, երկրին 1958թ. կանգնեցրեց վճարելու անկարողութեան առջեւ: 1958թ. կէսին ԺԿ-ն ձեռնամուխ եղաւ այսպէս կոչուած Տնտեսութեան կայունացման ծրագրի իրագործմանը, որը, մասնաւորապէս, ենթադրում էր թուրքական լիրայի արժեզրկում, դրամական եւ վարկային թողարկման (էմիսիայի) վերահսկման կոշտացում, գների աւելացում պետձեռնարկութիւնների արտադրանքի համար, պետական պիւտճէական բացի կրճատում եւ այլն, բայց երկրում տնտեսական իրավիճակի արագ եւ արդիւնաւէտ կայունացման ժամանակն արդէն բաց էր թողնուել: Թուրքական լայն հասարակութեան կարծիքով` Ա. Մենտերեսի կառավարութիւնը գործում էր բացառապէս Ժողովրդավարական կուսակցութեանն ու Թուրքիայի Գործարար դրամատան մօտ կանգնած իշխող ընտրանու շահերից ելնելով:
Միւս կողմից, ԺԿ անցկացրած միակողմ տնտեսական վերափոխումները, տնտեսութեան մասնաւոր հատուածի ուժեղացման նրա մօտեցումները, երբ արդէն վերացուել էր ԺՀԿ մենիշխանութիւնը, հիասթափեցրին սպայական կազմին:
Բացի այդ, չնայած արդէն 1945թ., այսինքն, երբ դեռ ԺՀԿ-ն էր իշխանութեան ղեկին, հաւատացեալների հանդէպ վերաբերմունքը երկրում դարձաւ աւելի հանդուրժողական, հասարակութիւնը հեռացաւ այսպէս կոչուած «չափազանց աշխարհիկութիւնից», խորհրդարանն ընդունեց մի շարք փոփոխութիւններ սահմանադրութիւնում, երկրում սկսեցին բացուել «մետրեսէներ» (կրօնական դպրոց) եւ այլն, հէնց ԺԿ իշխանութեան գալուց յետոյ Աթաթիւրքի պատգամների խախտման գործընթացներն ու կրօնի վերադարձը հասարակութեան ամէնօրեայ կեանք տարածուն եւ սպառնալի բնոյթ ստացան: Այսպէս, 1951թ. Ա. Մենտերեսի կառավարութիւնը պաշտօնապէս թոյլ տուեց բացել իմամ-խաթիպներ (հոգեւոր դպրոցներ), ինչը հնարաւորութիւն տուեց իմամներ պատրաստել երկրի ներսում. հանուեց արաբերէնով «ազան» կարդալու արգելքը, առաջին անգամ կրօնի դասեր ներառուեցին միջնակարգ դպրոցի ծրագրում, Թուրքիայում սկսեցին կառուցել նոր մզկիթներ եւ «մետրեսէ»-ներ:
Երկու հիմնական քաղաքական ուժերի մրցակցութիւնը, փոխզիջման հասնելու նրանց անկարողութիւնը փաստօրէն խափանեցին խորհրդարանի աշխատանքը, փոխադարձ քննադատութիւնը հասաւ գագաթնակէտին, սկսուեց միջկուսակցական պայքար սադրանքների հարթութիւնում:
1959թ. ապրիլի 30-ին, իշխանութիւնների կազմակերպած մահափորձի ժամանակ Թուրքիայի նախկին նախագահ եւ ԺՀԿ առաջնորդ Իսմեթ Ինէօնիւն վիրաւորուեց: Մի քանի օր յետոյ` մայիսի 4-ին, ԺԿ կողմնակիցների իրականացնելիք հաշուեյարդարից նրան փրկեց միայն զինուորականների միջամտութիւնը:
Տնտեսական իրավիճակի ընդհանուր վատթարացումը, քաղաքական դիմակայութեան թէժացումը, «սադրիչ գործունէութեան» հետաքննութեան յանձնաժողով ստեղծելու մասին յետադիմական եւ ճնշիչ բռնատիրական օրէնքի ընդունումը դժգոհութիւնը դուրս բերեց փողոց. զանգուածային ելոյթների հիմնական մասնակիցներն էին ուսանողները: 1960թ. ապրիլի 28-ին, ոստիկանութեան եւ ԺԿ կողմնակիցների կողմից Պոլսի համալսարանի ուսանողների ցոյցը ցրելու ժամանակ ոստիկանութիւնը զէնք կիրառեց, ի յայտ եկան առաջին վիրաւորները, մի մարդ սպաննուեց: Անգարայում եւ Պոլսում մտցուեց արտակարգ դրութիւն, բայց ուսանողական յուզումները նոր թափ ստացան:
Հարկ է նշել, որ ԺՀԿ եւ ԺԿ կողմնակիցների դիմակայութեան գագաթնակէտին բանակը ոչ մի հնարաւորութիւն չունէր առնչուելու արձագանգման անհրաժեշտութեան, ձեւի ու մեթոտների հետ: Իրավիճակի անորոշութեան եւ բարձրագոյն հրամանատարական կազմի կրաւորականութեան պայմաններում Անգարայի կայազօրը, զինուորական ուսումնարանների դասախօսների եւ ուսանողների աջակցութեամբ, 1960թ. մայիսի 27-ի գիշերն իր հսկողութեան տակ վերցրեց մայրաքաղաքը: Յեղաշրջման անմիջական ղեկավարներից մէկը գնդապետ Արփասլան Թիւրքէշն էր: Ստեղծուեց Ազգային միասնութեան կոմիտէ (ԱՄԿ), որի կազմում 38 սպայ կար` հազարապետից մինչեւ զօրավար, որը գլխաւորեց ԺԿ քաղաքականութեան հետ անհամաձայնութեան պատճառով հրաժարական տուած Ցամաքային զօրքերի հրամանատար Ճեմալ Կիւրսելը: Յեղաշրջման արդիւնքում յայտարարուեց խորհրդարանը լուծելու, կառավարութիւնը ձերբակալելու, քաղաքական կուսակցութիւնների գործունէութիւնն արգելելու մասին. ԺԿ մի շարք անդամներ դատապարտուեցին, իսկ Ա. Մենտերեսը եւ եւս երկու նախարար մահապատժի ենթարկուեցին:
Բայցեւայնպէս, Ժողովրդավարական կուսակցութիւնը շատ աւելի կողմնակիցներ ու հետեւորդներ ունէր, քան սպասում էին զինուորականները. 1961թ. հոկտեմբերեան ընտրութիւններում նրա յաջորդը` Արդարութիւն կուսակցութիւնը, կարողացաւ մտնել խորհրդարան` ստանալով Ազգային ժողովի (Խորհրդարանի ստորին պալատի) 158 եւ ծերակոյտի 70 աթոռ: Աւելի՛ն. ԺՀԿ-ն, որը համապատասխանաբար ստացել էր 173 եւ 36 տեղ, ստիպուած էր գնալ նրա հետ «քոալիսիոն» կառավարութիւն ստեղծելուն, ի հարկէ` բանակի ուժեղ ճնշման ներքոյ: ԱՄԿ ղեկավար Ճ. Կիւրսելն ընտրուեց Թուրքիայի նոր նախագահ, իսկ ԺՀԿ առաջնորդ Ինէօնիւ գլխաւորեց կառավարութիւնը:
Սակայն 1960թ. յեղաշրջումը, ըստ էութեան, այդպէս էլ ոչինչ չորոշեց, եւ բանակն ստիպուած էր եւս մէկ անգամ խառնուել քաղաքականութեանն ամենաարմատական ձեւով:
Ի վերջոյ, թուրք զինուորականները հասկացան, որ յեղաշրջումից յեղաշրջում, լինեն դրանք 1960, 71, 80թթ. անկարգութիւնների արիւնալի ճնշումները, թէ 1997թ. անարիւն կառավարական յեղաշրջումը, դրանք աստիճանաբար կորցնում են հասարակութեան աջակցութիւնը: Հասարակութիւնը փոխուել էր, եւ այն յոգնել էր զինուորականներից քաղաքականութեան մէջ:
Միւս կողմից` փոխուել էր նաեւ բանակն ինքը:
Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան վստահ յաղթանակը 2011թ. յունիսի 12-ի խորհրդարանական ընտրութիւններում, որն ստացաւ 550 աթոռներից 325-ը, վկայեց աջակցութեան այն աստիճանի մասին, որը կար հասարակութիւնում, եւ թոյլ տուեց նրան շարունակել թուրքական բանակի վերափոխումն` ըստ իր շահերի:
ԱԲԿ-ն հասարակութեան բարձր վստահութիւնն ստացաւ ազգայնական ուղղուածութեան գաղտնի կազմակերպութեան («էրկենեքոնի») հակաբանակային ուղղուածութեան վառ արտայայտուած դատավարութիւնների համապատկերում. այդ կազմակերպութեանն է վերագրւում գործող իշխանութիւնը տապալելու նախապատրաստութիւնը, որի ընթացքում ձերբակալուել եւ դատապարտուել է մի քանի հարիւր մարդ: Նոյնը կարելի է ասել նաեւ «Պալեոզ» գործողութեան մասին, որը հերթական զինուորական յեղաշրջումն էր պատրաստում Թուրքիայում:
Բանակի վերջին քայլը տեղի ունեցաւ Թուրքիայի Բարձրագոյն զինուորական խորհրդի նիստի նախօրէին, որը նախատեսուած էր 2011թ. օգոստոսի 1-4-ին, երբ երկրի բոլոր բարձրագոյն զինուորական ղեկավարները` Թուրքիայի զինեալ ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ, բանակի զօրավար Ի. Քոշաները, ցամաքային, ծովային եւ օդային ուժի գլխաւոր հրամանատարները, ի նշան բողոքի ոչ միայն նախկին, այլեւ գործող զինուորականների դէմ շարունակուող դատական հետապնդումների, հրաժարական տուեցին: Մեկնաբանելով դա` նախագահ Ա. Կիւլն ասաց լրագրողներին. «Արտակարգ իրադարձութիւններ են տեղի ունեցել, բայց ճգնաժամ չկայ: Մենք յարգանքով ընդունեցինք գլխաւոր սպայակոյտի պետի որոշումը, թէեւ մենք կ՛ուզենայինք, որ նա շարունակէր ծառայութիւնը: Մենք կարողացանք արտակարգ իրավիճակը մտցնել բնականոն հուն: Բարձրագոյն զինուորական խորհրդի նիստը տեղի կ՛ունենայ նախատեսուած ժամկէտում եւ օրէնքի շրջանակներում»: Իսկ փոխվարչապետ Պ. Պոզտաղը նշեց, որ թուրքական հասարակութեան ընդամէնը 10 առ հարիւրն է արձագանգել այս հանգամանքին: Նա ընդգծել է, որ «այսօրուանից զինուած ուժերում խնդիրներ չկան»:
Իսկապէս, եթէ Թուրքիայի բանակում ներկայ պահին գտնուեն էլ այնպիսի սպաներ, որոնք պատրաստ են ըստ Աթաթիւրքի պատգամների աշխարհիկ Թուրքիայի վերականգնման հերթական փորձը ձեռնարկել, նրանք պէտք է ուշադրութեան առնեն.
– այն ամբողջ ընթացքում, ինչ բանակը դեռ ի վիճակի է եղել միջամտել քաղաքականութեանը, ինչպէս եւ այն դատավարութիւններին, որոնց միջով անցել են ինչ-որ կերպ նախորդ կամ նոր պատրաստուող յեղաշրջումներին մասնակցութիւն ունեցած հազարաւոր սպաներ, զինուորականները որեւէ նշանակալի աջակցութիւն հասարակութեան կամ աշխարհիկ կուսակցութիւնների կողմից չեն ստացել,
– շնորհիւ ԱԲԿ ջանքերի` բանակում հաստատուել է ամուր հակահետախուզական վերահսկողութիւն,
– Եւրոպան, որը միանշանակ չի վերաբերւում Թուրքիայի եւրոպական հեռանկարներին, զինուորականների ցանկացած նոր միջամտութեան փորձ երկրի ներքաղաքական կեանքին ընկալում է որպէս առիթ` հերթական անգամ մերժելու Անգարային Եւրոպական Միութիւն ընդունելու բանակցութիւնները շարունակելու գործում,
– Արեւմուտքի կոշտ արձագանգը եգիպտական զինուորականների հանդէպ, որոնք տապալեցին ժողովրդավարական ճանապարհով ընտրուած նախագահ Մ. Մուրսիին (Ազատութիւն եւ արդարութիւն կուսակցութեան` «Իսլամ եղբայրներ»-ի քաղաքական թեւի առաջնորդ), եւ որքան հնարաւոր է շուտ իշխանութիւնը քաղաքացիական կուսակցութիւնների ձեռքը յանձնելու ցանկութիւնը: Եգիպտոսում ե՛ւ բանակն էր դեռ ի վիճակի վճռական գործողութիւններ իրականացնելու, ե՛ւ բանակին աջակցող հակաիսլամական ուժերն, իրենց հերթին, վայելում են բնակչութեան լայն աջակցութիւնը: Նոր իշխանութիւններն այդպէս էլ չկարողացան մէկ տարուայ ընթացքում արմատական փոփոխութիւններ մտցնել բանակում, կոտրել նրա ընդհանուր հակաիսլամական տրամադրութիւնը, միասնութիւնն ու կառավարելիութիւնը:
«Իր» բանակի հանդէպ վստահութիւնը տեղ է գտել Ռ. Էրտողանի կառավարութեան որոշման մէջ, ըստ որի` պէտք է փոխել Թուրքիոյ զինուած ուժերի կանոնադրութիւնը` խորհրդարան ուղարկելով բանակի դերի հետագայ նուազեցման, երկրի ներքաղաքական կեանքից նրան բացառելու եւ նրա համար գործնականում միայն արտաքին յարձակումը յետ մղելու գործառոյթը թողնելու մասին առաջարկութիւնների փաթեթ բողոքի ելոյթների հէնց թէժ պահին` ս.թ. յունիսի 27-ին, գիտակցելով, որ այն կը քննարկուի աշնանից ոչ շուտ, խորհրդարանական արձակուրդներից յետոյ:
Այսօր, երբ ե՛ւ բանակն այն չէ, ե՛ւ զանգուածային բողոքները ցոյց տուեցին, որ դրանք այնքան էլ մեծ աջակցութիւն չեն վայելում Թուրքիայի բնակչութեան, հիմնականում` քաղաքաբնակների շրջանում, իսկ Ռ. Էրտողանի կուսակցութիւնը դեռեւս մեծ ժողովրդականութիւն է պահպանում իր ընտրազանգուածի շրջանում, բանակի միջամտութեան հաւանականութիւնը, ինչպէս երբեք Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ, քիչ է: