ԵՒՐՕ – 2012. ՀԱՅԱՍՏԱՆ ԿՐԵՑ ՄՐՑԱՇԱՐՔԻ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

Շաբաթ, 4 յունիսին, Եւրօ – 2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը (Բ. խմբակ) կատարեց իր վեցերորդ մրցումը` Ս. Փեթերսպուրկի մէջ (Ռուսիա) գտնուող Փեթրովսքի մարզադաշտին վրայ հիւրը ըլլալով Ռուսիոյ:

Հայրենի կազմը մրցումին 25-րդ վայրկեանին բացաւ հաշիւը` շնորհիւ Մարքոս Փիցելլիի, որ իր փոխանցումը ստացաւ Եուրա Մովսիսեանէն: Սակայն մէկ վայրկեան ետք Ռուսիա նշանակեց իր հաւասարութեան կոլը` շնորհիւ Ռոման Փաւլիուշենքոյի: Վերջինս Բ. կիսախաղին հեթրիք մը իրագործեց, երբ երկու կոլ եւս նշանակեց Ռոման Պերեզովսքիի բերդին մէջ (59-րդ եւ 73-րդ` փենալթիով):

Փաւլիուշենքոյին նշանակած երրորդ կոլէն ետք թէեւ Մովսիսեան կոլ մը նշանակեց, սակայն օրուան ֆրանսացի իրաւարարը` Սթեֆան Լանոյ սուլեց օֆ-սայտ:

Այսպիսով, հայրենի կազմը կրեց մրցաշարքի իր երկրորդ պարտութիւնը: Առաջինը կրած էր Այիրէն (1 – 0)` նախորդ 3 սեպտեմբերին:

Հայաստանէն դեղին քարտ ստացան Եուրա Մովսիսեան, Լեւոն Փաչաճեան, Արթուր Ետիկարեան, Ռոպերթ Արզումանեան եւ Հրայր Մկոյեան, իսկ Ռուսիայէն` Սերկէյ Իկնաշեւիչ եւ Վասիլի Պերեզութցքի:

Ռուսիոյ դէմ տեղի ունեցած մրցումին, Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան դաշտ ներկայացուց հետեւեալ կազմը.

Ռոման Պերեզովսքի, Լեւոն Հայրապետեան, Սարգիս Յովսէփեան, Ռոպերթ Արզումանեան, Կարլեն Մկրտչեան (Արտակ Ետիկարեան, 90-րդ), Մարքոս Փիցելլի (Արթուր Ետիկարեան, 67-րդ), Գէորգ Ղազարեան, Եուրա Մովսիսեան, Հրայր Մկոյեան, Հենրիխ Մխիթարեան եւ Լեւոն Փաչաճեան (Էտկար Մանուչարեան, 57-րդ):

Այժմ, 6-րդ հանգրուանի մրցումներէն ետք, Բ. խմբակին ընդհանուր դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը (խումբերը իրենց յաջորդ մրցումը պիտի կատարեն յառաջիկայ 3 սեպտեմբերին).

——————–Յ.    Հ.    Պ.    Նշ.   Ստ.  Կէտ

1.- Այիր                 4     1     1     11    6     13
2.- Ռուսիա              4     1     1     9     4     13
3.- Սլովաքիա     4     1     1     6     4     13
4.- ՀԱՅԱՍՏԱՆ           2     2     2     10    7     8
5.- Մակեդոնիա     1     1     4     5     8     4
6.- Անտորրա            0     0     6     1        13 0

 

Share this Article
CATEGORIES