«Դրախտի» Դարպասներին Մօտ Կամ Պատերազմի Եւ Խաղաղութեան Սահմանագծին
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Պատերազմի եւ խաղաղութեան սահմանն աւելի շօշափելի է դառնում, երբ գտնւում ես թշնամու դիտակէտերից ուղիղ գծով մօտ մէկ քիլոմեթր հեռաւորութեան վրայ: Տեղացիների կարծիքով` Հայաստանի երկրորդ վտանգ ներկայացնող գօտին կամ գիւղը Տաւուշի մարզի Մովսէս գիւղն է: Այն անմիջապէս գտնւում է սահմանին: Դեռեւս ամիսներ առաջ կրակահերթ էր տեղի ունեցել գիւղի դպրոցի վրայ, բնակիչները կորցրել էին խաղաղ քունը, եւ լրագրողների հետ զրոյցում շեշտում էին, թէ պատերազմը չի աւարտուել իրենց համար: Օրեր առաջ այս գիւղի 165-ամեակն էր տօնւում, ինչը հնարաւորութիւն տուեց զգալ պատերազմի եւ խաղաղութեան սահմանագիծը:
Մշուշոտ Ճանապարհ Դէպի Սահման
Մովսէս գիւղ մեզ ուղեկցում էին երկու ազատամարտիկներ, ովքեր մասնակցել էին հայ-ազրպէյճանական պատերազմի ամենաթէժ մարտերին: Երեւանից Տաւուշ անցանք, կարծես, զբօսաշրջային տրամադրութեամբ, ինչը միանգամից փոխուեց, երբ կանգ առանք սահմանամերձ Տաւուշ գիւղում: Իջանք դպրոց, որտեղ մեզ դիմաւորեցին դպրոցից աշխատակիցները, ովքեր ամօթխած հրաւիրեցին դպրոցից ներս: Դպրոցի մուտքի մօտ` դարպասներից վերեւ մակագրութիւն կար` «գիտելիքը զէնք է, ոչ թէ նպատակ»: Դպրոցը դեռ նոր-նոր էին վերանորոգում, ներսում ամէն ինչ խառն էր: Դպրոցի գրադարանում գրապահոցի հարեւանութեամբ փոքրիկ սեղան էր դրուած` մրգերով, սուրճով եւ քաղցրաւենիքով: Քիչ անց եկան ազատամարտիկները, ովքեր զրուցում էին իրար հետ, կարծես, պատերազմի «գաղտնաբառերով»: Ես` լրագրողի անզգոյշ շտապողականութեամբ սկսեցի խօսել Ազրպէյճանի սպառազինութեան մասին, ապա հետաքրքրուեցի, թէ արդեօ՞ք դա ենթադրում է, որ պատերազմ կը լինի: «Մենք միշտ պատրաստ ենք, ու եթէ մենք հիմա չենք խօսում մեր պատրաստուածութեան մասին, դա չի նշանակում, թէ մենք հետ ենք մնում: Աւելին` թող նրանք լաւ պատրաստուեն, որովհետեւ պատերազմի ժամանակ մենք կրկին գրաւելու ենք նրանց զէնքը, ինչպէս եղաւ 93-ին», իրար լրացնելով` ասացին ազատամարտիկները, այնուհետ յաւելելով` «Էդ զէնքն առնում ենք մեզ համար: Յանկարծ չանհանգստանաք, որովհետեւ մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, իսկ նրանք քոչուոր են, արմատներ չունեն հողում»: Մեր զրոյցը կրկին հիւսուեց պատերազմի թեմայի շուրջ, ու յետոյ ամէնքս լռեցինք: Դպրոցի բակում զգացի ազատամարտիկների մտահոգութիւնը` մեզ ապահով տեղ հասցնելու համար: Նրանք ընտրեցին աւելի ապահով ճանապարհը, որպէսզի հեռու լինենք հակառակորդի դիտակէտերից: Այս հոգատարութիւնը, սակայն, անհանգստութիւն առաջացրեց մեզ մօտ, երբ գիտակցեցինք, որ իւրաքանչիւր վայրկեանը կարող է լինել վերջինը… Քիչ յետոյ նրանք բարեբախտութիւն համարեցին այն, որ եղանակը մշուշապատ է, եւ մենք աւելի աննկատ տեղ կը հասնենք:
Կեանք` Նշանառութեան Տակ
165-ամեայ գիւղում մարդիկ անցուդարձի մէջ էին: Տօնական հագուստներով շտապում էին գիւղի նորակառոյց եկեղեցու բակ, որտեղ հնչում էր երաժշտութիւնը: Մարդիկ մի պահ նոյնիսկ մոռացել էին գիւղից ուղիղ գծով 500 մեթր հեռաւորութեան վրայ գտնուող դիտակէտերը: Նրանց ասելով` իրենք անընդհատ գտնւում են նշանառութեան տակ, սակայն չեն պատրաստւում լքել իրենց հայրենիքը, որովհետեւ հաշիւներ դեռեւս ունեն սահմանից այն կողմ կանգնածների հետ: Գիւղի խանութները սովորական խանութներից տարբերւում են. դրանք փոքրիկ խանութներ են, որտեղ, սակայն, կարող ես գտնել ամէն ինչ: Օրինակ, գիւղի եկեղեցու մօտ գտնուող խանութում կայ ե՛ւ մթերք, ե՛ւ տնտեսական ապրանքներ, ե՛ւ ամենակարեւորը` խաչեր, սրբապատկերներ: Դրանք դասաւորուած են խառը: Երբ խանութի վաճառողուհուն հարցրեցի, թէ ինչու՞ է այսքան շատ խաչեր վաճառում, պատասխանեց. «Մեր կեանքը մնացել է Աստծոյ յոյսին… Աղօթում ենք, որ օրը բացուի եւ վերջանայ խաղաղութեամբ… Բա ի՞նչ անենք»: Խանութի բակում երկու ամսական արծիւն անհանգիստ շարժումներ էր անում: Երեւում էր` թռչունը նեղւում էր ոտքին կապած ճոպանից: «Արծիւը գտել ենք դաշտում, բերել-կապել ենք խանութի մօտ, մի քիչ մեծացնենք ու բաց թողնենք», նկատեց վաճառողուհին:
Այս գիւղի մարդկանց աչքերում երիզւում էր ապրելու համար մղուող օրական պայքարը: Եթէ սահմանից հեռու գտնուող մարդկանց համար օրը անելիքների մի կապոց էր, ապա այստեղ այդ անելիքներից, կենցաղային հոգսերիս աւելի իրական երեւոյթ կար` դա կեանքը կամ, թերեւս, օրերի շարանը գնահատելն էր: Գիւղի փողոցներում շրջում էի` ծածուկ զննելով մարդկանց, նրանց աչքերում կախուած տխրութիւնը: Այս գիւղի մարդիկ, կարծես, նման էին իրար` իրենց տխրութեամբ, բայցեւ միասնական էին` իրար թեւութիկունք լինելու հարցում: Եթէ գիւղի ծնունդը զուտ պաշտօնական արձանագրութիւն է շատ գիւղերի համար, ապա այստեղ այլ է` այստեղ պատմութիւնը կերտւում է ամէն օր` ծածուկ վախերի, սպասումների խմորումով: «Սահմանամերձ ապրում եմ արդէն վաթսուն տարուց աւել, եւ չեմ էլ ուզում գնալ իմ գիւղից: Ին՞չ վախ, վախ չկայ, մենք մեր հողի վրայ ենք», ասաց գիւղացիներից մէկը` նկատելով, որ գիւղի դժուարութիւններից մէկն այն է, որ չեն կարողանում մշակել իրենց դաշտերը, քանի որ դրանք գտնւում են հակառակորդի նշանառութեան տակ:
Տաւուշի` Ղարաբաղեան պատերազմի վեթերանների կառոյցի ղեկավար Արթուր Ադամեանը «Ազդակ»-ի հետ զրոյցում նշեց, որ իրենք միշտ պատրաստ են համարժէք պատասխան տալ հակառակորդին: Հայաստանի` Ղարաբաղեան պատերազմի վեթերանների միութեան նախագահ Եուրա Միքայէլեանն էլ ասաց. «Ամէն մի պատերազմ ծնում է իր հերոսները, իր ազգասէր մարդիկ, ովքեր կարող են վեր կենալ եւ պայքարել իրենց հայրենիքի, իրենց հողի համար: Մենք շատ ենք այցելում զօրամասեր, հանդիպում են սահմանին գտնուող մեր զինուորներին եւ տեսնում ենք, որ ունենք քաջ տղաներ, քաջ զինուորներ: Մենք նրանց բացատրում ենք հետեւեալը. Հայաստան` նշանակում է դրախտ, իսկ դուք այս դրախտի պահապաններն էք: Մովսէս գիւղը, Այգեպարը, Չինարին հէնց այս դրախտի դարպասներն են, եւ մենք պէտք է լաւ պահենք դրանք»: Ազատամարտիկ Արագած Մկրտչեանն էլ աւելացրեց, որ իրենք միշտ բարձր են պահում զինուորների մարտական ոգին:
Գիւղի տօնին ներկայ գտնուող Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը` «Ազդակ» օրաթերթի հարցին, թէ արդեօ՞ք կայ պատերազմի վերսկսման հաւանականութիւն, երբ կան կարծիքներ, ըստ որոնց` պատերազմի վերսկսումը կարող է համընկնել Սոչիի ողիմպիական խաղերի հետ, եւ այս օրերին պատերազմի վերսկսման հաւանականութիւնն աւելի շատ է, պատասխանեց. «Ճիշդն ասած, առաջին անգամ եմ ձեզանից լսում այդ բաները, մանաւանդ, Սոչիի մասին: Ուզում եմ ասել հետեւեալը. ես` որպէս պաշտպանութեան նախարար, ամէն օր եմ պատրաստւում պատերազմի, ամէն օր եմ պատրաստւում մեր երկրի պաշտպանութիւնը խելացի կերպով` օգտագործելով նաեւ առաջատար ժամանակակից չափանիշները, փոքրիկ հնարաւորութիւններով մեծ խնդիրներ իրագործելու այդ քաղաքականութիւնն եմ վարում, բայց կարծում եմ` այսօր պատերազմի հաւանականութիւնն այդքան էլ բարձր չէ: Մենք անելու ենք ամէն ինչ, որպէսզի մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան համար ամուր հիմքեր ստեղծենք, բանակցային գործընթացը շարունակելու, Լեռնային Ղարաբաղի խնդիրը , ինչպէս մենք ենք ընդունել մեզ համար որպէս ռազմավարութիւն, խաղաղ, երկխօսութեան ճանապարհով լուծելու համար, նաեւ կոչ ենք անում, առաջարկում ենք, որպէսզի մեր հարեւանները գնան այդ երկխօսութեանը` հաւասար պայմաններով»:
Երեւան-Պէյրութ




