Թուրքական Պետութիւնը Չի Մոռացել Քո Հայ Լինելը…

Լոզանի պայմանագրով շատ յստակ սահմանուած է Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների (հայ, յոյն, հրեայ) սեփական դպրոց, եկեղեցի, այլ հասարակական կառոյցներ ու կալուածքներ ունենալը, ղեկավարելը, պահպանելն ու զարգացնելը:

Լոզանի պայմանագրով շատ յստակ սահմանուած է Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների (հայ, յոյն, հրեայ) սեփական դպրոց, եկեղեցի, այլ հասարակական կառոյցներ ու կալուածքներ ունենալը, ղեկավարելը, պահպանելն ու զարգացնելը: Պետութիւնը պարտաւոր էր նիւթական աջակցութիւն ցուցաբերել ազգային փոքրամասնութիւնների ինքնութեան պահպանմանն ուղղուած ջանքերին, մասնաւորապէս` ազգային կրթական հաստատութիւններին, մամուլին:

Ամրագրուած է օրէնքի առաջ հաւասար լինելու, քաղաքական իրաւունքներից օգտուելու, ազատ տեղաշարժուելու, իր լեզուն պահպանելու եւ օգտագործելու, ցանկացած պետական եւ ոչ պետական կառոյցում աշխատելու եւ աշխատանքի ժամանակ ոտնձգութիւններից ու ճնշումներից պաշտպանուելու իրաւունքը:

Կարճ ասած, Լոզանի պայմանագիրը, հակառակ որոշ թուրքերի եւ հայերի կարծիքի, ոչ թէ արտօնութիւններ է ընձեռում, այլ հայերին հնարաւորութիւն է տալիս 1915-ից յետոյ իրաւահաւասար քաղաքացիներ լինել Թուրքիայում, այսինքն` «թուրքերին արգելում է ուտել հայերին»:

Թուրքիայում որեւէ գրուած օրէնք չկայ հայերին պետական աշխատանքի` աղբահաւաքից մինչեւ նախարար, զինուորական ծառայութեան` բացառութեամբ պարտադիր զօրակոչային, չընդունելու, սակայն տասնամեակներ շարունակ կիրառուել է չգրուած օրէնքը, որի համաձայն, հայերը զերծ են մնացել պետական կեանքին մասնակցութիւնից: Աւելի ուշ արդէն հայերը նոյնիսկ չէին էլ դիմում պետական պաշտօնների համար:

Զարմանալի չէ, որ թուրք հասարակութեան լայն շրջանակներում դեռ մութ է, որ հայերը չեն կարող որեւէ պետական պաշտօն զբաղեցնել: Երբ ես հայերի գաղտնի ծածկագրման բացայայտումից առաջ ներկայացնում էի նման սահմանափակումների առկայութիւնը, իմ թուրք ընդդիմախօսները թերահաւատութեամբ հերքում էին նման հնարաւորութիւնը` «հիմնաւորելով», որ դա հակասում է ժողովրդավարութեան սկզբունքներին, եւ պետութիւնը, յանձինս չինովնիկների, չի կարող տեղեկանալ մարդու ազգութեան մասին:

Յատկանշական է, որ ես շօշափելի օրինակներից բացի, սկսեցի փաստեր բերել պետութեան կողմից հայ քաղաքացիների ընդհանրական նոյնականացման մասին` նշելով հայերի անձնագրերի թուահամարի սկզբի 31 թուանշանի առկայութիւնը: Ինձ չհաւատացողներից մէկը, որ Մալաթիայից էր, գրպանից հանեց սեփական անձնագիրը եւ յայտարարեց, որ ինքը թուրք է, իր ընտանիքում թուրքեր են, սակայն իր անձնագրի համարը եւս սկսում է 31-ով, ինչը վկայում է իմ անտեղեակութեան կամ զրպարտութեան մասին: Չկարողանալով զսպել վրդովմունքս` նրան խորհուրդ տուեցի ուսումնասիրել սեփական ընտանիքի արմատները: Կարճ ժամանակ անց «զտարիւն թուրքն» ինձ տեղեկացրեց, որ իր պապն ապրել է Մալաթիոյ հայկական գիւղերից մէկում…

Բազմաթիւ «զտարիւն թուրքեր» վերջին տարիներին չեն ընդունւում պետական ծառայութեան տարբեր անհեթեթ պատճառաբանութիւններով կամ առանց որեւէ բացատրութեան: Պատահաբար կամ թերի ուսումնասիրութիւնից յետոյ զինուորական վարժարան ընդունուած որոշ ուսանողներ կարճ ժամանակ անց առանց պատճառի դուրս են մնում, իսկ ամենադաժանը բանակ զօրակոչուած «թուրք» երիտասարդի համար այն յայտնութիւնն է, որ իր հանգուցեալ սիրելի Այշէ տատիկի իսկական անունն Աղաւնի է եղել եւ այդ պատճառով նրան մի քանի ամիս անիմաստ հարցաքննում են ռազմական ոստիկանութիւնում: Արդիւնքում նա դժուարանում է ասել, ո՞րն է աւելի ծանր` հարցաքննութիւննե՞րը, թէ՞ տատիկի հայ լինելու բացայայտումը:

Հայերի ծածկագրումը Թուրքիայում այնքան էլ մեծ հարուած չէր ազգային ինքնագիտակցութեամբ օժտուած թուրքահայերի համար, սակայն դա սարսափելի հարուած է այն թուրքերի համար, որոնց հայ նախնիները մահից փրկուելու համար ընտրել են հաւատափոխութիւնը եւ անցեալը լիովին մոռանալու ճանապարհը:

Նրանք փորձում էին հայկական ինքնութիւնից ազատուել` յաճախ դրսեւորուելով աւելի իսլամապաշտ ու ազգայնական, քան ծագումով միջին թուրքը, եւ իրենց ուսերի բեռը նոր սերնդին չփոխանցելու համար տարան իրենց հետ գերեզման, որպէսզի իրենց թոռներն ու ծոռներն ապահով կեանք ունենան: Սակայն նրանք հաշուի չէին առել իթթիհատական գաղափարախօսութեան վրայ հիմնուած պետութեան ամենակարեւոր սկզբունքը` «հայը վտանգաւոր է», նա նոյնիսկ կարող է մոռանալ իր ազգային ինքնութիւնը, իսկ պետութիւնը պարտաւոր է միշտ յիշել եւ հարկ եղած դէպքում յիշեցնել, ինչը եւ արւում է մինչ այժմ:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )