Ալիեւեան Խոնարհումների, Տգէտ Քարոզիչների Եւ «Մտրակի Ու Քաղցրաբլիթի Քաղաքականութեան» Շուրջ

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Ազրպէյճանի քաղաքական վերնախաւի ձեռնարկած քայլերից յստակ երեւում է, որ  նրան մտահոգող թեման այսօրուայ դրութեամբ նախագահական ընտրութիւններն են: Իսկ ընտրարշաւն, ինչպէս յայտնի է, ենթադրում է աշխուժ եւ նպատակային քարոզչութիւն: Իլհամ Ալիեւն այս իրողութեան գիտակցումով էլ որոշեց Ազգային մամուլի օրուայ առթիւ կարեւորել լրագրողների աշխատանքը, շոյել նրանց ինքնասիրութիւնը:

Ազրպէյճանի առատաձեռն նախագահը, սակայն, չէր կարող բաւարարուել լոկ խօսքերով. նրա գլխաւոր խոնարհութիւնն, անշուշտ, նիւթական բովանդակութիւն պիտի ունենար:

Նա մտածեց, կամ նրան յուշեցին, որ լրագրողներին կարելի է սիրաշահել նախեւառաջ բնակարան նուիրելով: Խօսքը վարչակարգին ծառայող լրագրողների մասին է եւ ոչ թէ նրանց, ում Ալիեւ Կրտսերը բանտ է նետում ազատ արտայայտուելու, վարչակարգի քաղաքականութիւնն անխնայ քննադատելու համար, ում ազրպէյճանցի ոստիկանները Պաքուի Շատրուանների հրապարակում ռետինէ մահակներով դաժան ծեծի են ենթարկում` բողոքի ցոյցերի ժամանակ  աշխուժութիւն ցուցաբերելու համար, ինչին, ի դէպ, միջազգային կազմակերպութիւնները մէկ անգամ չէ, որ գնահատական են տուել:

Այն, որ իշխող վերնախաւը նախապատրաստւում է նախագահական ընտրարշաւին` անակնկալ նուէրներով լրագրողներին սիրաշահելով, ամենեւին զարմանք չի յարուցում, բայց որ այդ վերնախաւի քարոզչութիւնն արւում է ամենատգէտ ձեւով, թերեւս արժէ ի ցոյց դնել:

Ազրպէյճանական կայքերից մէկը, որի լեզուն հայերէնն է, օրերս վերոնշեալ թեմայով երկու` իրար հետ չկապակցուող եւ տրամաբանութիւնից ի սպառ զուրկ տեղեկատուութիւն է հրապարակել: Յուլիսի 22-ին հրապարակուած լուրն իրազեկում էր, որ Ազրպէյճանի նախագահը ներկայ է եղել լրագրողների համար կառուցուած բնակելի շէնքի շահագործման յանձնելու արարողութեանը, որի ժամանակ շնորհաւորել է զանգուածային լրատուամիջոցների աշխատակիցներին` Ազգային մամուլի օրուայ կապակցութեամբ եւ ասել, որ Ազրպէյճանն առաջին երկիրն է, որտեղ բնակարաններ են կառուցւում լրագրողների համար: Ըստ այդ լուրի, երկրի առաջնորդը նաեւ ասել է, որ լրագրողի մասնագիտութիւնը շատ դժուար ու պատասխանատու գործ է, եւ քանի որ զանգուածային լրատուամիջոցների աշխատակիցներից շատերն ինքնուրոյն ի վիճակի չեն լուծել իրենց բնակարանային հարցը, պետութիւնը նրանց օգնում է:

Երկրորդ տեղեկատուութեան համաձայն,   Ազրպէյճանի նախագահը յուլիսի 23-ին կարգադրութիւն է ստորագրել զանգուածային լրատուամիջոցների ընկերային-տնտեսական պաշտպանութեան ուժեղացման վերաբերեալ լրացուցիչ միջոցառումների մասին: Որոշուել է 2013թ. պիւտճէում նախատեսուած` նախագահի պահուստային հիմնադրամից տրամադրել 5 միլիոն մանաթ` բնակելի շէնքի կառուցման առաջին փուլն իրականացնելու համար, ֆինանսների նախարարութեանն էլ յանձնարարուել է սահմանուած կարգով ապահովել նախատեսուած գումարի ֆինանսաւորումը:

Հարց է ծագում. այդ ինչպէ՞ս է ստացուել, որ յուլիսի 22-ին լրագրողների համար կառուցուած բնակելի շէնքը շահագործման է յանձնուել, Ի. Ալիեւն էլ ելոյթ է ունեցել, իսկ մէկ օր յետոյ` յուլիսի 23-ին, նա կարգադրութիւն է ստորագրել այդ բնակելի շէնքի կառուցման նպատակով նախնական գումար յատկացնելու մասին` համապատասխան յանձնարարականներ տալով:

Հայատառ լրատուամիջոցը, որ հայկական կողմի վրայ որոշակի ազդեցութիւն գործելու նպատակ է հետապնդում, ըստ երեւոյթին, չի էլ պատկերացրել, որ ընթերցողն այդ երկու տեղեկատուութիւնն անպայման համադրելու է: Բայց քանի որ նրանց նպատակը քարոզչութիւն իրականացնելն է, թէկուզեւ` ամենատգէտ ձեւով, ուրեմն միջոցներն այնքան էլ էական չեն:

Սակայն դա հարցի մի կողմն է: Ալիեւ Կրտսերը միջազգային ասպարէզում բաւականին ցածր վարկանիշ ունեցող առաջնորդի համբաւ ունի, եւ նրա աշխատակազմն այսօր խնդիր է դրել փրկել գործող նախագահի արտաքին` զերոյի ձգտող վարկանիշը: Ի. Ալիեւը, ազրպէյճանական քարոզիչների կարծիքով,  տպաւորութիւն է թողնում  արտաքին աշխարհի վրայ, երբ յայտարարում է, որ Ազրպէյճանն առաջին երկիրն է, որտեղ բնակարաններ են կառուցւում լրագրողների համար, իսկ ազատ մամուլի հիմքերը, պարզւում է, դրել է համազգային առաջնորդ Հայտար Ալիեւը` գրաքննութիւնը վերացնելով:

Աշխարհին յայտնի է, որ Ազրպէյճանն այն բռնապետական երկրների թւում է, որտեղ ոտնահարուած են լրագրողների իրաւունքներն ու ազատութիւնները: Այդ մասին քանիցս բարձրաձայնել են միջազգային կառոյցները` Պաքւում պաշտօնական շրջանակների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, սակայն, ինչպէս յայտնի է, այդ հանդիպումների մէջ շահագրգռուած կողմը միայն միջազգային կառոյցներն են: Ազրպէյճանի նախագահին հաւատարիմ գործիչներն ամէն ինչ անում են գործող նախագահին որպէս ամենաընդունելի եւ մրցակցութիւնից դուրս թեկնածու ներկայացնելու համար: Նաեւ` որպէս ազրպէյճանցիների հոգատար հայր:

Քանի որ իրադարձութիւններն անմիջականօրէն առնչւում են Ազրպէյճանի տեղեկատուական դաշտին, կարծում ենք, հարկ է յիշեցնել 2012-ի նոյեմբերին ազրպէյճանական լրատուամիջոցներով տարածուած այն յայտարարութիւնը, որով հանդէս է եկել  այդ օրերին Պաքւում գտնուող ԵԱՀԿ-ի, Եւրոմիութեան եւ Եւրոխորհրդի ներկայացուցիչների պատուիրակութիւնը: Վերջինս Ազրպէյճանի իշխանութիւններին կոչ է արել բանտերից ազատել լրագրողներին ու քաղաքացիական գործիչներին: Պատուիրակութիւնն իր տարածած յայտարարութեան մէջ մտահոգիչ է համարել այն պնդումները, որ այդ անձինք ազատազրկուել են իշխանութիւններին քննադատելու համար: Պատուիրակները պաշտօնական Պաքուին յորդորել են անաչառ եւ թափանցիկ հետաքննութիւն իրականացնել լրագրողների վրայ  յարձակումների գործերով:

Վերոնշեալին յաւելենք նաեւ, որ անցեալ տարուայ վերջին Ազրպէյճանում մարդու իրաւունքների, խօսքի ազատութեան վիճակի վերաբերեալ հիմնաւորուած տեսակէտ են ներկայացրել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ազրպէյճանի հարցերով դիտարկման խմբի համազեկուցողներ Փետրօ Ակրամունթը եւ Ժոզեֆ Կրեհը: Նրանց պատրաստած զեկոյցում փաստօրէն տրուել է իլհամալիեւեան վարչակարգի գնահատականը: Համազեկուցողները փաստաթղթում ընդգծել էին, որ Ազրպէյճանում չարտօնուած հանրահաւաքների համար տուգանքների չափերի աւելացումը եւ Պաքուի կենտրոնում բողոքի ցոյցերի խստիւ արգելումը խօսքի ազատութեանը եւ երկրում հաւաքներ անցկացնելուն ուղղուած սպառնալիք են: Դրանով նրանք գնահատել էին Եւրոպայի խորհրդի առաջ պաշտօնական Պաքուի ստանձնած պարտաւորութիւնների կատարման մակարդակը: Նրանց մտահոգութիւնն էին յարուցել Ազրպէյճանական Հանրապետութեան քրէական եւ վարչական օրէնսգրքերում կատարուած  փոփոխութիւնները, որոնք, նրանց գնահատմամբ, լրացուցիչ բացասական ազդեցութիւն կարող են ունենալ խօսքի եւ հաւաքների ազատութեան վրայ:

Անցեալ տարի, ինչպէս յայտնի է, Շատրուանների հրապարակում ընդդիմադիր քաղաքական ուժերը մի քանի անգամ բողոքի ցոյցեր են անցկացրել, որոնց մասնակցել են լրագրողներ, եւ որոնք ազրպէյճանական ոստիկանութեան կողմից ճնշուել են առանձնակի դաժանութեամբ: Այդ դէպքերից յետոյ ցոյցերի կազմակերպիչների նկատմամբ պատիժն աւելի է խստացուել` կախուած այն բանից, թէ տուեալ անձն ինչ դեր է խաղացել դրանց կազմակերպման գործում: Կազմակերպիչների համար նախատեսուած տուգանքը նախկին չափի համեմատ բազմապատկուել է 6 անգամ: Նկատի առնելով այս իրողութիւնները` համազեկուցողները յատուկ նշել են, որ Ազրպէյճանի իշխանութիւնները պէտք է փոխեն իրենց վերաբերմունքը բողոքի ցոյցերի կազմակերպիչների եւ լրագրողների նկատմամբ: Իսկ մինչ զեկոյցը պատրաստելը Պաքւում  հարցում է անցկացուել, որի արդիւնքներով` երկրի բնակչութեան 60 տոկոսը  կողմ է արտայայտուել քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան նպատակով կազմակերպուող ցոյցերին ու հաւաքներին:

ԵԽԽՎ Ազրպէյճանի հարցերով դիտարկման խմբի համազեկուցողները Իլհամ Ալիեւին հասկանալ են տուել, որ Ազրպէյճանում պէտք է վերջ տրուեն լրագրողների, բողոքի ցոյցերի կազմակերպիչների եւ քաղաքական բանտարկեալների նկատմամբ կիրառուող բռնութիւններին:

Այս կարգի բոլոր ազդանշաններն անտեսուել են Ի. Ալիեւի կողմից: Այսօր էլ նրա համար դրանք ոչ մի նշանակութիւն չունեն: Նախագահական ընտրութիւններին նա պատրաստւում է աւանդական ձեւով` քծնելով, շողոքորթելով, սիրաշահելով: Իսկ եթէ լրագրողներն ընդդիմադիր ուժերի հետ յանկարծ դուրս գան բողոքի ցոյցի, Ի. Ալիեւն այն ճնշելու է իրեն յատուկ դաժանութեամբ` գործի դնելով ոստիկանութիւնն ու ռետինէ մահակները: Այս ամէնից հետեւում է, որ Ազրպէյճանի նախագահը սեփական երկրի լրագրողների հետ յարաբերութիւնները կառուցում է «մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականութեան» սկզբունքով:

«Ազատ Արցախ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )