Անկում, Որը Պէտք Է Կասեցնել (Մաս IV)

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Նախաբանի Փոխարէն

Միշտ ոգեւորւում եմ, երբ իմ յօդուածներին ի պատասխան յարձակողական, թունոտ մեկնաբանութիւններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, միւսները լի են մաղձով, չարութեամբ, որոնց հեղինակները անգամ մտաւորական ձեւանալով, ի զօրու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ` դո՞ւր են գալիս ինձ դրանք, թէ՞ ոչ: Ես, ինչպէս մեկնաբանութիւնների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հաւատում են ինձ առանձին անհատներ, թէ` ոչ, ինձ համար, ներեցէք, միեւնոյնն է… Խօսքի ազատութեան սկզբունքը ոչ միայն ցանկացածիդ ասելու իրաւունքն է, այլեւ չլսելու: Իսկ ոգեւորում է ինձ այն, որ մեկնաբանողների վրդովուած գրառումներում, նոյնիսկ նրանց, ովքեր այնքան էլ լաւ չեն հասկացել յօդուածի իմաստը, զգում եմ շփոթմունք եւ ամօթի զգացողութիւն…

Նրանցից շատերը երեւի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները պատնէշներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) եւ բանտ նստում յանուն իրենց ազատութեան, իրենք լռում էին եւ թաքցնում գլուխները ոտքերի արանքում: Բայց չէ՞ որ այն ժամանակ էլ կար խօսքի ազատութիւն, եւ կարելի էր չլռել: Եւ բանտ էլ նստում էին հէնց նրանք, ում մեկնաբանութիւնների քաջ եւ անանուն հեղինակներն անուանում են դաւաճան: Ընդհանրապէս, «դաւաճան» բառը պէտք է զգուշօրէն գործածել: Քանի որ ու ՞մ կարելի է դաւաճանել: Նրան, որ քո հաւատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թէ ընտրակաշառքների թակարդն է ընկել, եւ ում չեն շեղել կեղծ այլընտրանքների`սիրամարգի պոչի նման գոյնզգոյն խոստումները: Իսկ քանի՞ նման կայուն եւ հաւատարիմ մարդ է եղել մեր հասարակութիւնում: Արդեօ ՞ք նրանք շատ են այժմ: Ցաւօք, ոչ: Մեր հասարակութիւնը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկութեան, որը կը գայ առանց իր անմիջական մասնակցութեան: Դրա օրինակները շատ են: Եւ միշտ արդիւնքը հիասթափութիւնն է եղել: Վերցնենք մեր ոչ վաղ անցեալը, որ հիմնական միտքը փրկչի փնտռտուքն է: Միայն հաշուէք, թէ քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մէկուկէս տասնամեակի ընթացքում:

De mortuis nil nisi bonum` հանգուցեալների մասին կա՛մ լաւը, կա՛մ ոչինչ, ի հարկէ, սակայն յիշէք 90-ականների վերջը, երբ փրկչի փնտռտուքը առաջին անգամ երեւան հանեց մեր հասարակութեան` վաղուց հեռացած քաղաքական դէմքերին յարութիւն տալու բացառիկ կարողութիւնը:

Իսկ երկուհազարականնե՞րը….

Մոսկովեան մեսիա Արկադի Վարդանեանը իր բուռն բազմամարդ հանրահաւաքներով, որոնց հետեւեց նահանջը եւ յոյսերի տապալումը: Յետոյ արդէն տեղական հերոսների շքերթը` Արամ Կարապետեան, Արտաշէս Գեղամեան, Ստեփան Դէմիրճեան, Արթուր Բաղդասարեան, Տիգրան Կարապետիչ, քոնկրեսական առաջնորդները` Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ եւ վերջապէս` համահայկական ղեկավարութեան ձգտող շռայլ յաւակնորդը, որը զարմացրեց բոլորին քաղաքական հացադուլը նախազատիկեան պասի վերածելու կարողութեամբ:

Բոլորը խոստանում էին պարզապէս մետաքսեայ-բամպակեայ յեղափոխութիւններ, սակայն արդիւնքում` կրկին նահանջ, երբեմն սրտխառնոց առաջացնող նահանջողականութիւն, եւ նորից յոյսերի փլուզում…

Բայց դաշնակցականներին այս աստղաբոյլի հետ մի խառնէք: Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կ՛առաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: Սակայն եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել ինչպէս ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստապաստառի առաջ եւ հեռուից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնը, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմաշարք քաղաքական շոուն: Այնպէս որ, սիրելի՛ հայրենակիցներ, մեզնից մի՛ դժգոհէք, մենք չենք դաւաճանել ձեր յոյսերը, քանի որ դուք մեզ հետ ոչ մի յոյս չէիք էլ կապել: Արդէն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար եւ յաղթանակ: Ձեր պայքարը եւ ձեր յաղթանակը: Պարզապէս մենք ուրիշներից լաւ գիտենք, որ մէկն առանց միւսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարէն ընտրում էք կախարդական հեքիաթը, կամ այլ խօսքերով` որ ձեզ յիմարի տեղ դնեն: Եւ արդիւնքում ունէք այն, ինչին արժանի էք: Ընդ որում, ուշադրութիւն դարձրէք, որ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է հայ իրականութեան մէջ, որը բացէ ի բաց ընդունում է իր սխալները եւ բաց քննադատութեան է արժանացնում սեփական անցեալը եւ սեփական ղեկավարութեանը:

Ոչ Մի Ուրիշ Հայկական Կուսակցութիւն Երբեք
Չի Համարձակուել Քննադատական Հայեացքով
Նայել Սեփական Պատմութեանը:

Նոյնը, ցաւօք, վերաբերում է մեր հասարակութեանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ արհամարհական եւ Դաշնակցութեանը ազգի բոլոր դժբախտութիւնների մէջ մեղադրող գրառումները թողնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ մեր կեանքում ինչ-որ բան սխալ է, բայց սեփական մեղքը տեսնել չեն ուզում: Սովոր չեն:

Դուք չէ՞ք նկատել` ովքեր են ամէնից շատ եւ յաճախ բողոքում եւ դժգոհում կեանքի եւ աշխարհի անարդարութիւնից: Նրանք, ովքեր երբեք եւ ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մէկը կամ միւսը: Ցաւով ստիպուած ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակութեան մէջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են յատուկ ուսումնասիրութիւն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ եւ բազմագործօն երեւոյթ է: Կելլափի ընկերաբանների կատարած հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ Հայաստանում հարցուածների մէկ երրորդից աւելին համարում է իրենց տառապեալ:

Թւում է, թէ դա պէտք է բաւական լինի, որպէսզի ընտրութիւններին իշխող համաձայնական դաշինքի` կրկին յարմարաւէտ իշխանական աթոռը զբաղեցնելու յոյսերը տապալուեն: Սակայն հէնց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիօրէն ցածր, յանուն սեփական երկրի, սեփական երեխաների աւելի լաւ ապագայի պայքարելու պատրաստակամութիւնը: Հէնց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամութեամբ ենթարկւում են իշխանամէտ նախընտրական գրասենեակների լկտի կատարածուներին: Այդ «հնազանդների» մտքով անգամ չի անցնում գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հաւաքողներին եւ դառնալ ազատ` հարկադրանքից եւ ընտրակաշառքներից: Վաղուց է յայտնի, որ ստրուկը ոչ թէ ազատութիւն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպէս Ցիցերոնն է ասել եւ չի սխալուել: Միգուցէ նրա ծանօթների մէջ հայե՞ր են եղել: Սակայն, թերեւս, դա համընդհանուր կանոն է, եւ միայն մեզ չի վերաբերում:

Մարդկութիւնը, ընդհանուր առմամբ, ինչպէս եւ առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհաւասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում յառաջընթացը, նրանք, ովքեր աշխուժ պատրաստւում են դրան, եւ նրանք, ովքեր կրաւորական սպասում են այդ գործընթացի արդիւնքներին` «գերանի» կարգավիճակում:

Եւ նոյնիսկ այնքան կարեւոր չէ, թէ նշուած խմբերից որն է աւելի շատ շահում ընկերային, քաղաքական, տնտեսական բարեփոխումներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կը տանի կասկածների արահետով` մոլորակն ապականող մեր քաղաքակրթութեան նպատակայարմարութեան (Աստուածային մտայղացման տեսակէտից) եւ կենսունակութեան տեսակէտից: Կարեւորն այն է, որ յառաջընթացի համար անհրաժեշտ է, այսպէս կոչուած, պատուիրատու, շահագրգռուած ընկերային խումբ, որը ճիշդ, թէ սխալ, բայց եւ այնպէս գիտակցաբար տեսնում եւ զգում է իր շահը յառաջընթացից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նիւթական, չնայած դա նոյնպէս շատ կարեւոր է, բայց հոգեկան բաւարարուածութիւն (օրինակ` հպարտութիւն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր յաղթանակի զգացողութիւն) անպայման պէտք է բերի:

Ի հարկէ, գերադասելի է, որպէսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հէնց իշխանութիւնը: Հայաստանում այն, ցաւօք, ի տարբերութիւն համայնավար ճամբարի աւերակների վրայ առաջացած շատ պետութիւնների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ աւելի կարեւոր է «երրորդ շերտի»` պատուիրատուի առկայութիւնը: Եւ հէնց այստեղ է բացւում իրօք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրութեան արդիւնքում պարզ է դառնում, որ դեռեւս չկայ ընկերային շերտ, որը շահագրգռուած լինի բարեփոխումներով: Կամ հնարաւոր է` արդէն չկայ: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականօրէն ասած, վերածուել է մեր հասարակութեան բեռի, շատ բարձր է: Պառակտումը, անտարբերութիւնը եւ կամազրկութիւնը հասել են այնպիսի վտանգաւոր սահմանի, որ արդէն կասեցնում են ազգի վերարտադրուելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը: Դրա օրինակներին մենք հանդիպում ենք ամէն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրէցօր: Կա՛մ զարթօնքի թարմ քամի եւ քայլ դէպի ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ. ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպէս որ, յարգելի՛ ընկերներ, մի՛ շեղուէք դէպի անիմաստ բանավէճեր սուր մեկնաբանութիւններ թողնող հեղինակների հետ. թող գրեն` ինչ ուզում են: Կարեւորն այն է, որ կարդում են, եւ ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշդ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նեարդայնանում են: Բայց նրանք նոյնպէս մեր հարազատն են, մեր հայրենակիցները, եւ եթէ նրանք ճշմարտութիւն են փնտռում, մենք չենք թողնի նրանց մենակութեան եւ անորոշութեան մէջ:

Դէ Ինչ, Շարունակե՞նք:

Անկում, Որը Պէտք Է Կասեցնել-4

Այս նիւթը չի յաւակնում լիարժէք լուսաբանել Հայաստանի կամ նրա քաղաքական կուսակցութիւնների նորագոյն պատմութիւնը: Նախորդ յօդուածում մենք դիտարկեցինք կուսակցութիւնների եւ իշխանութեան յարաբերութիւնների ընդամէնը մի քանի մասնիկ: Այժմ տեսնենք, թէ ինչ տեղի ունեցաւ միւսների հետ:

Բացի ՀՅ Դաշնակցութիւնից, սփիւռքից վերադառնալու եւ հայրենի հողում հաստատուելու փորձ կատարեցին նաեւ միւս երկու աւանդական կուսակցութիւնները` Հնչակեան եւ Ռամկավար-ազատական: Երկուսին էլ ձախողում էր սպասում: Նշենք միայն երկու պատճառ. երկու կուսակցութիւններն էլ արդէն շատ թուլացած եւ վարկաբեկուած էին սփիւռքում այն բանից յետոյ, երբ կուլ էին տուել Խորհրդային Հայաստանի իշխանութիւնների` «բարեկամութեան» մասին խայծը: Դա անընդունելի էր արտերկրեայ հայերի մեծամասնութեան համար, որոնք վաղուց էին հասկացել, որ Հայաստանի պոլշեւիկ իշխանութիւնը, ինչպէս եւ իրենք քրեմլեան ղեկավարները, դիտարկում էին սփիւռքի հայերին ոչ թէ որպէս իրենց հողից արտահանուած հայրենակիցներ` օտարութեան մէջ ապրող եւ իրենց պաշտպանութեան կարիքը զգացող, այլ որպէս գաղափարախօսական հակամարտութեան դաշտ: Պատմում են, որ դեռեւս 60-ականներին, Սիլվա Կապուտիկեանի` Արժանթին կատարած այցի ժամանակ «դաշնակցական» դպրոցի տնօրէնը շարք էր կանգնեցրել աշակերտներին` յարգելի հիւրին դիմաւորելու համար, իսկ բանաստեղծուհին անցաւ գաղափարապէս սխալ դպրոցականների կողքով դէպի ռամկավարների գրասենեակ` չնայելով երեխաների կողմը եւ չբարեւելով: Եւ բնական է, որ այդ երեխաները մեծացան հասկանալի յոյզերով, իսկ ռամկավարների վարկը անկում ապրեց:

 

Երկրորդ պատճառն այն է, որ վերադառնալով հայրենիք, ո՛չ հնչակեանները, ո՛չ ռամկավարները, չգտան իրենց համապատասխան գաղափարախօսական տեղը արեւելահայկական իրականութեան մէջ: Աւելի ճիշդ, բոլոր տեղերը զբաղուած էին: Հնչակեաններն իրենց համարեա մարքսական հայեացքներով չկարողացան դուրս մղել դաշտից 90-ականներին դեռեւս ուժեղ համայնավարներին: Չկարողացան նաեւ ըստ իրենց անուանման վերաորակաւորուել որպէս ընկերվար-ժողովրդավարներ, որովհետեւ ընկերվարական դաշնակցականները նրանցից շուտ էին վերադարձել հայրենիք: Կար նաեւ Դեմոկրատական կուսակցութիւն. ռամկավարների հնարաւոր տեղի համար պայքարում էին բառացիօրէն տասնեակ խմբեր, ազատական գաղափարախօսութեան կրողներ, այդ թւում` իշխող ՀՀՇ եւ յիշեալ Դեմոկրատական կուսակցութիւնը: Ի վերջոյ, ներքին գզվռտոցը վերջնականապէս դուրս մղեց հնչակեաններին ու ռամկավարներին քաղաքական բեմից դէպի ետնաբեմ, որտեղ էլ մնացել են մինչ օրս: Ափսոս: Ինչեւէ, այնտեղ են գտնւում նաեւ ցաքուցրիւ եղած Համայնավար կուսակցութեան մնացորդները` պոլշեւիզմի լուրջ հետեւորդներից մինչեւ սովորական խեղկատակներ: Այսպիսով` հայկական չորս աւանդական կուսակցութիւններից քաղաքական աշխուժութիւնը եւ հասարակութիւնում ազդեցութիւնը պահպանում են միայն դաշնակցականները:

 

Նորաստեղծ կուսակցութիւններից յոյս սերմանող քաղաքական միաւորումները` Հրանդ Խաչատրեանի Սահմանադրական իրաւունք միութիւնը եւ Պարոյր Հայրիկեանի Ազգային ինքնորոշում միաւորումը, ինչպէս նաեւ մի քանի այլոք, դատապարտուած էին ինքնաոչնչացման իրենց ղեկավարների չափազանց յաւակնոտութեան, «դրածոների» քայքայիչ գործունէութեան պատճառով, եւ նոյնպէս լքեցին քաղաքական դաշտը: Որոշ դէպքերում կուսակցութեան ճակատագիրը որոշում էր տնօրինել իշխանութիւնը (երբեմն անօգուտ):

Մենք խօսել ենք ընդդիմութիւնից մինչեւ իշխանութիւն` Հանրապետական կուսակցութեան անցած ուղու մասին: Բայց պատահում էին նաեւ այլ բեմագրութիւններ: Մեր իշխանութիւնը վաղուց է հասկացել, որ կուսակցութիւնները, ինչպէս եւ մարդկանց, կարելի է ձեռնածութեան ենթարկել: Ոչ բոլորն ի հարկէ, բայց շատերը: Այստեղից էլ ծնուել է այն վնասակար միտքը, որի մասին նախկինում գրել էի եւ խոստացել վերադառնալ այդ թեմային: Տեսնենք, թէ ինչպէս էր այն իրականանում: Ամէնից յաճախ ինչ-որ արհեստականօրէն ստեղծուած կամ արհեստականօրէն ուռճացուած կուսակցութեան չբարձրաձայնուող նիւթական օգնութիւնը նպատակ ունէր եւ յաճախ բերում էր ընտրազանգուածի վերաբաժանման` իշխանութեանը ձեռնտու ձեւով: Ահա՛ օրինակներ. 1999 թուականի խորհրդարանական ընտրութիւններից առաջ որոշ իշխանական շրջանակներ, անհանգստանալով Վազգէն Սարգսեանի աճող ազդեցութեամբ, յատկապէս Կարէն Դէմիրճեանի հետ միասին, հապճեպ նախաձեռնեցին Իրաւունք եւ միութիւն նախընտրական պլոքի ստեղծումը` ղարաբաղեան հրամանատար Սամուէլ Բաբայեանի լուռ հովանաւորութեամբ եւ Ազգային միաբանութիւն եւ Սահմանադրական իրաւունք միութեան ղեկավարներ Արտաշէս Գեղամեանի եւ Հրանդ Խաչատրեանի անմիջական գլխաւորութեամբ: Պլոքը միտուած էր հասարակութեան այն մասի համակրանքը եւ ձայները շահելուն, որում ուժեղ էին ազգային, ղարաբաղամէտ եւ ինչ-որ չափով հակահամայնավարական տրամադրութիւնները, որոնց համար Սամուէլ Բաբայեանը կարող էր դիտարկուել որպէս Վազգէն Սարգսեանի հակակշիռ, իսկ Կ. Դէմիրճեանի վերադարձը քաղաքականութիւն անընդունելի էր: Ծրագիրը տապալուեց, եւ ինչպէս ընդունուած է, չանցաւ առանց բացասական հետեւանքների. բոլոր երեք ղեկավարները զգացին իրենց դաւաճանուած եւ դարձան իշխանութեան ոխերիմ թշնամիներ: Միայն շատ տարիներ անց եւ թանկ գնով ու ջանքերով, որոնց համար կարելի էր աւելի օգտակար կիրառում գտնել, իշխանութիւններին յաջողուեց իրենց կողմը գրաւել Արտաշէս Գեղամեանին եւ դուրս մղել քաղաքական կեանքից Սամուէլ Բաբայեանին եւ Հրանդ Խաչատրեանին:

Երկրորդ օրինակը վերաբերում է 2003 թուականի ընտրութիւններին, երբ մինչ այդ քիչ յայտնի Օրինաց երկիր կուսակցութիւնը, որն անտէր էր մնացել ՀՀՇ-ի կործանումից յետոյ, անցաւ նոյն իշխանական շրջանակներին տրամադրութեան տակ եւ բաւականին լուրջ ֆինանսական եւ վարչական օգնութեան միջոցով դարձաւ թուաքանակով երկրորդ ուժը խորհրդարանում, իսկ կուսակցութեան ղեկավարը` խորհրդարանի նախագահ: Սակայն իշխանութեան` Օրինաց երկիր կուսակցութեան լիարժէք հնազանդութեան եւ կանխատեսելիութեան հետ կապուած յոյսերը չարդարացան. նման դրածոները շատ արագ են մոռանում այն մեքանիզմները, որոնց շնորհիւ իրենք յաջողութեան են հասել, նրանց սկսում է թուալ, որ այն ամէնը, ինչին իրենք հասել են, իրենց անհաշիւ տաղանդների եւ վաստակի շնորհիւ է: Արդիւնքում` իշխանութիւնը ստիպուած էր դժուարութեամբ զսպել իր նոր դրածոյի յաւակնութիւնները եւ նկրտումները: Քանի դեռ նրանց ախորժակը սահմանափակւում էր ֆինանսա-քատրային ոլորտով, դա դեռ հնարաւոր էր հանդուրժել, սակայն շուտով իշխանութիւնները ստիպուած էին գործ ունենալ Օրինաց երկիր կուսակցութեան ղեկավարի` միջազգային ոլորտում ունեցած յաւակնութիւնների, օտար ամպիոններից նրա ինքնագլուխ յայտարարութիւնների հետ: Արդիւնքում` Օրինաց երկիր կուսակցութիւնը, համարեա բացայայտօրէն մեղադրուելով լրտեսութեան մէջ, գայթակղութեամբ լքեց իշխող համաձայնական կառավարութիւնը` վերածուելով սակայն երկրի քաղաքական դաշտի գործօնի եւ եւս մէկ գլխացաւի: Անհրաժեշտութիւն առաջացաւ վճարել Օրինաց երկիր կուսակցութեան տարբեր ծառայութիւնների համար (օրինակ` 2008-ին ընդդիմադիր ճակատը փլուզելու համար), այնուհետեւ հաճոյանալ ընդհանուր առմամբ ոչ այնքան անհրաժեշտ գործընկերոջը` օգնել նրան ընտրութիւնների ժամանակ, տրամադրել բարձր պաշտօններ եւ այլն:

Բայց դա էլ դաս չեղաւ մեր իշխանութիւնների համար. 2007 թուականի ընտրութիւնների նախօրէին նախագահական նստավայրում նախաձեռնուեց Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան ստեղծումը, որը տիրապետում էր (եւ այժմ էլ տիրապետում է) բաւական լուրջ ֆինանսական աղբիւրների, եւ որը պէտք է մի կողմից դէպի իրեն քաշէր դժգոհ ընտրազանգուածի մի մասը, դրանով իսկ սահմանափակելով ընդդիմադիր կուսակցութիւնների հնարաւորութիւնները, իսկ միւս կողմից` հաւասարակշռէր հանրապետականների աճող ախորժակը եւ ազդեցութիւնը: Սկզբում դա բաւականին ստացւում էր, սակայն ինչպէս եւ Օրինաց երկիր կուսակցութեան դէպքում, լաւ չէին հաշուարկել բացասական հետեւանքները` քաղաքական միաւորումների ղեկավարների մօտ անխուսափելիօրէն առաջացող յաւակնութիւնները, յատկապէս մի շրջապատում, որը ստեղծուել է ոչ թէ հայեացքների ընդհանրութեան հիման վրայ, այլ պաշտօնամոլ, բայց չբաւարարուած զանգուածից, որը պատրաստ է ծառայել ղեկավարին` սեփական նպատակներին հասնելու դիմաց:

Եւ, ահա, արդէն 2012-ի խորհրդարանական ընտրութիւնների գլխաւոր դաւը դարձաւ Հանրապետական-Բարգաւաճ հակամարտութիւնը, որ շարունակւում է մինչ օրս եւ դրսեւորւում տարբեր յայտարարութիւններում, քուէարկութիւններում, հարցազրոյցներում, Վարդան Օսկանեանի հետապնդումով եւ այլն: Ի հարկէ, կարելի է վիճել, որ դա խորամանկ ծրագրուած խաղ է` Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան համար «իսկական» ընդդիմութեան պատկեր ստեղծելու նպատակով, եւ Վարդան Օսկանեանին` որպէս նոր քաղաքական ղեկավար խաղի մէջ մտցնելու համար: Հնարաւոր է, որ այդպէս է, սակայն ի՞նչ է դրանով փոխւում: Չէ՞ որ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա քուլիսեան օժանդակութեան համար ստեղծուած արհեստական միաւորումները, ինչպէս 1999-ի պլոքը, Օրինաց երկիր եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնները, ունեն պարզ եւ յստակ նպատակ` թոյլ չտալ հասարակութեանը գնալ իրական այլընտրանքի հետեւից, ներկայացնել նրան կեղծ այլընտրանքը: Իսկ այն մասին, թէ ինչպէս է խեղդւում եւ մաշւում մեր հասարակութիւնը կեղծ այլընտրանքների լաբիրինթոսում, մենք կը խօսենք յաջորդ յօդուածում:

(շարունակելի)

 

yerkir.am

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )