ՄԱՐՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՍՏ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ
Ռուսաստանում նորերս անցկացուած մարդահամարի արդիւնքները ազգայնական լրատուամիջոցները որակեցին որպէս ռուս ժողովրդի մահավճիռ: Նախորդ` 2002 թուականի մարդահամարի համեմատ երկրի բնակչութիւնը 145 միլիոն 1667 հազարից կրճատուել է 2,2 միլիոնով եւ կազմել` 142,905,2: «Ուժեղ սեռ» հասկացութիւնն այստեղ յաճախ է իրօք չակերտների մէջ առնւում, քանզի կանայք 10 միլիոնով աւելի են տղամարդկանցից: Այսինքն բնակչութեան 46,3 տոկոսը տղամարդիկ են, 53,7 տոկոսը` կանայք:
Չնչին բացառութեամբ, ահա արդէն 40 տարի Ռուսաստանի բնակչութիւնը, այսպէս ասած, չի վերարտադրւում: Եթէ ոչինչ չփոխուի ու արմատական միջոցներ չձեռնարկուեն (եղածները նուազ արդիւնք են տալիս), ապա, ՄԱԿ-ի կանխատեսումներով, 2050 թուականին երկրում կ՛ապրի ընդամէնը 100 միլիոն մարդ:
Նման ընդհանուր անմխիթար վիճակի խորապատկերի վրայ ամենաապշեցուցիչն այն է, որ բնակչութեան աճի կշռոյթով առջեւում են երկու պատերազմներ ապրած Չեչենիան` 115 տոկոս, եւ ահաբեկչութեան կենտրոն դարձած Տաղստանը` 115,6 տոկոս:
Ինչո՞ւ են մարդահամարի արդիւնքներն այդքան հիւանդագին ընդունում յատկապէս ռուս ազգայնականները: Որովհետեւ գտնում են, որ հէնց ռուս ժողովուրդն է դարձել մեռնող ազգ: Նրանց կարծիքով, իրականում բուն ռուսների կորուստը կազմում է 4 միլիոն, քանի որ աճ են ունեցել ոչ ռուսական ազգային ծայրամասերը, իսկ հարաւից շարունակւում է մեծ ներգաղթը Ռուսաստան:
Անշուշտ ազգասէր ռուսները իրենք են նշում երկրում տարածուած ծայրայեղ հարբեցողութիւնը, թմրամոլութիւնը, ինքնաշարժի աղէտները, զանգուածային վիժումները, աւազակային պատերազմները եւ սպանութիւնները: Սակայն նրանց համար ստեղծուած իրավիճակի գլխաւոր մեղաւորը բարձրագոյն իշխանութիւնն է, որը ազգային (ռուսական) չլինելով (նկատի ունեն հրէական տարրի գերակայութիւնը)` ռուս ժողովրդին զրկում է նրա ազգային նկարագրից ու մշակոյթից, նրա հիմքերից ու ըմբռնումներից, որոնք էլ այդ հանրութեանը զրկում են պատմական կամքից: Իշխանութիւնը բոլոր միջոցներով մեռցնում է ռուս լինելու զգացումը, անողոքաբար չէզոքացնում է ազգային իտէալներ ձեւաւորող քաղաքական ուժերին, կառավարուող զանգուածային լրատուական միջոցներն ու յատկապէս հեռուստատեսութիւնը ռուսներին ներկայացնում են որպէս քայքայման ենթարկուած կամազուրկ մի զանգուած եւ այլն:
Միաժամանակ հնչում են ահեղ զգուշացումներ:
«Ոմանք կարծում են,- գրում է ազգայնական թերթերից մէկը,- որ մեր ժողովուրդը լուծւում է, հալւում ձեան պէս եւ կը կնքի իր մահկանացուն: Եւ առաջին հայեացքից հրէշաւոր արհեստագիտական միջոցները ասես ներգործում են` ռուսները գերադասում են մեռնել, քան դիմադրել: Սակայն ռուսների անտրտունջ, խաղաղ հեռանալու հաւաստիացումները սխալ են ու կեղծ: Բոլոր ժողովուրդների մէջ` մեծ թէ փոքր, աղէտի պահին յառնում է ինքնապահպանման խոր զգացումը: Ռուսները բաւարար ուժ ունեն այն բանի համար, որ ազգային արդարութեան ոտնահարուած զգացումը վերածուի ազգային ապստամբութեան: Այդ իմաստով ռուսական ապստամբութիւնը անխուսափելի է»:
Ի հարկէ, նոյնիսկ նման ծայրայեղական հետեւութեան յանգող ռուս մտաւորականները հասկանում են, որ այդօրինակ համազգային ցնցումները կարող են հսկայական վնաս հասցնել հէնց ռուս ժողովրդին, ինչպէս եղաւ 1917-ին եւ 90-ական թուականներին, երբ արիւնոտ թէ խաղաղ յեղաշրջումները իշխանութեան գլուխ բերեցին բնաւ էլ ոչ ռուս տարրին, այլ` ուրիշների, որոնց հեռահար ծրագրերում ռուսների շահերը վերջին տեղն էին գրաւում: Ուստի ազգայնականները կոչ են անում (մարդահամարն այստեղ սոսկ դրուագ է) կոփել ռուս քաղաքական, մտաւոր, կազմակերպական կամքը` յենուած ազգային վեհ գաղափարների վրայ, ստեղծել բազմակողմանի մշակուած ծրագիր քաղաքական մի մարմին` ռուսական շարժում, որն ընդունակ լինի ազգային բողոքի անողոք ալիքը ուղղորդել դէպի ազգային կեանքի ու արժէքների վերահաստատումն ու զարգացումը, որպէսզի ռուսները անմիտ ու աւերիչ ապստամբութեան ուղին բռնելու փոխարէն` դուրս գան արարման ճանապարհ:
ՌՈՒԲԷՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Մոսկուա