Խմբագրական «Դրօշակ»-ի. Իրար Արժանի Իշխանութիւնն Ու Ժողովուրդը

Եթէ որեւէ միջավայրում ասուի, թէ Հայաստանի ժողովուրդն արժանի է իր իշխանութեանը, կասկած չկայ, որ մարդիկ կը վիրաւորուեն, որ մեր ժողովուրդը շատ աւելի լաւ իշխանութեան է արժանի, երկրորդ կարծիք չկայ հաւանաբար, այլ հարց է, սակայն թէ ինչ է անում նոյն ժողովուրդը իրեն արժանի, իր անհատական եւ հասարակական-ազգային կարիքներն ու պահանջները բաւարարելու ունակ իշխանութիւն ձեւաւորելու ուղղութեամբ: Խնդիրն այս դէպքում լուծւում է ոչ թէ արժանի լինել-չլինելու բնական մղումով, այլ այսպիսի կամ այնպիսի իշխանութիւն ունենալու մեր հանդուրժողութեան չափով: Մի կողմ թողնենք համայնավարական ժամանակներում հզօր կայսրութեան կողմից նշանակուող ղեկավարների պարագան եւ խորհենք այն մասին, որ անկախացման շրջանից ցայսօր ունեցել ենք (համարձակւում ենք ասել` ձեւաւորել ենք) այնպիսի իշխանութիւն, որի գոյութիւնը, անկախ անվերջանալի դժգոհութիւններից, ընդունելի է եղել:

Եթէ իշխանութեան ձեւաւորման միջոցը այնուամենայնիւ մնում է ընտրութիւնը, ապա յիշենք, թէ նշեալ ժամանակահատուածում ինչպիսի՛ մթնոլորտում` ինչպիսի՛ ընտրութիւններ են տեղի ունեցել:

Անցած դարի իննսունականների առաջին կէսը հայկական պետականութեան համար կայացման շրջան էր` օրինականութեան հաստատման, միաժամանակ իշխանութիւնը անհատական ու խմբային ուժին ստորադասելու, քաղաքական մենաշնորհի ձգտման երեւոյթներով: Ընդհանուր մթնոլորտի վրայ որոշակիօրէն ազդում էին նաեւ ղարաբաղում ընթացող պատերազմի արձագանգները եւ այդ պատերազմի դերակատարների վարքը:

Ինչ երեւոյթներ էին արձանագրւում ընտրական գործընթացների ժամանակ:

Իշխող ուժը, վարչական լծակների եւ իր խումբը ներկայացնող գործիչների միջոցով ակնյայտօրէն ուղղորդում էր տեղի ունեցող իրադարձութիւնները: Առկայ էր վախի մթնոլորտ: Մարդկանց աչքի առաջ կարող էին ծեծել ինչ-որ մէկին, երբեմն չխորշելով զէնք թափահարել օդում: Զանգուածային բնոյթ էին կրում տրցակներով քուէաթերթիկների լցոնումների, ընտրական արկղերը փախցնելու` հաշուելու ժամանակ կեղծիք թոյլ տալու նպատակով լոյսերն անջատելու երեւոյթները: Քաղաքապետերն ու գիւղապետերը ուղղակիօրէն վերահսկում եւ պարտադրում էին կատարել համապատասխան քուէարկութիւն:

Անիմաստ էր այս ամէնի դէմ բողոքելու մասին մտածելը:

Երկրի ներքին կեանքը համարժէք էր այս դրսեւորումներին` յղփացած պաշտօնեաների ու նրանց հարազատների, ոտքի կանգնող նորահարուստների ու «կռուող տղերքի» սանձարձակ վարք, իշխանութեան որդեգրած «մեր դէմ խաղ չկայ» կարգախօսի ներքոյ:

Ինչպէս ասուեց երկիրը թեւակոխում էր մէկ կացութաձեւից միւսին, շահարկւում էին պատերազմական ժամանակների առանձնայատկութիւնները եւ ժողովրդի մաշկի վրայ էին փորձարկւում անցումային շրջանի, առարկայական ու ենթակայական բնոյթի, բարդութիւններն ու վայրիվերումները:

Սրանով հանդերձ դանդաղօրէն տեղի էր ունենում հասարակութեան քաղաքական-հասարակական մտայնութիւնների փոփոխութիւն: Մարդիկ սկսում էին հասկանալ, որ իշխանաւորները իրենց գլխին կարգուած Աստծոյ փոխանորդներ չեն: Անհանդուրժելի էր դառնում բացայայտօրէն տեղի ունեցող խուժանութիւնն ու անօրինականութիւնը:

Ժողովուրդն այլեւս չէր ցանկանում հանդուրժել այդ բռի վարքը:

Նոր հազարամեակի նախօրեակին կեանքն սկսեց յարաբերականօրէն կանոնաւորուել:

Անընդունելի շատ երեւոյթներ եթէ չվերացան էլ առնուազն դադարեցին կրել զանգուածային ու հրապարակային բնոյթ: Պաշտօնեան ու փողատէրը հասկացան, որ պէտք է աւելի զուսպ լինեն եւ որքան հնարաւոր է օրինապաշտ երեւան: Օրէնքից պաշտպանուած լինելու համար զէնքին փոխարինելու եկաւ պատգամաւորի իրաւագիրը:

Չվերացան, բայց եւ հազուադէպ դարձան յղփացածների դասակարգի ցերեկային լկտիութիւնները, դադարեցին գիշերային կրակոցները, իշխանութիւնը ձգտեց խօսել ոչ թէ ուժի, այլ օրէնքի անունից:

Կատարելագործուեցին ընտրակեղծարարութիւնների մեքանիզմները, որովհետեւ այլեւս քրէական հետեւանքներ կարող էին ունենալ արկղեր փախցնելու, ընտրաթերթիկների բացայայտ լցոնումների եւ ֆիզիքական ուժի կիրառման փաստերը:

Որոշ ժամանակ անց առկայ այս վիճակը նոյնպէս անհանդուրժելի էր դառնում հանրութեան համար:

Նոր դարի առաջին տասնամեակի շեմին ձեւաւորւում եւ աշխուժ կեանք էր մտնում նոր սերունդը` քաղաքական ու հասարակական նոր պահանջմունքներով:

«Կռուած տղայ լինելը», շատ փող ունենալը, կամ պաշտօնեայի կարգավիճակը դադարեցին վախեցնել կամ օրէնքը շրջանցող արտօնաթուղթ դիտուել:

Հասարակական ճնշման ներքոյ գործադիր իշխանութիւնը սկսեց թափանցիկ դարձնել գործունէութիւնը: Հասարակական բողոքի ալիքի ներքոյ փողատէրերը, նրանց խումբը կազմող թիկնապահներն ու թաղի «լաւ տղերքը» սկսուեցին եւ փորձեցին օրինապաշտ խաղալ: «Արտօնեալների» խայտաբղէտ շերտը սկսեց վախենալ սահման եւ սահմանափակումներ չճանաչող նոր կայքերից ու ընկերային ցանցերից: Աճում էր լրատուամիջոցների ազդեցութիւնը հասարակական կեանքի վրայ:

Մթնոլորտի փոփոխութեան վրայ քիչ ազդեցութիւն չունեցաւ երկրի աւելի ու աւելի բաց դառնալը դրսի աշխարհի համար: Քաղաքակիրթ հասարակութիւնների հետ համարկուելու անխուսափելի հրամայականը թեկնածու հասարակութիւններին թելադրում էր խաղի իր կանոնները:

Եկանք հասանք այնտեղ, որ դժուարամարսելի է դառնում ցանկացած բացայայտուած ընտրախախտում: Դժգոհութեան հսկայական ալիք է բարձրացնում քրէական գործելակերպը:

Իշխանութիւնը ցուցում տուեց բոլորին ձգուել եւ աչքի չընկնել անօրինական հակահասարակական դրսեւորումներով:

Որոշուեց, կատարելութեան հասցնել կեղծիքները եւ հասնել նրան, որ ընտրատեղամասերում ակնյայտ խախտումներ չարձանագրուեն: Խմբակիցներին յանձնարարուեց ընտրութիւնների արդիւնքն ապահովել, ըստ էութեան, մինչ ընտրական գործընթացների սկիզբը եւ ընտրատեղամասերից հեռու: Այդ նպատակով տեղական իշխանութիւնների մակարդակով վերահսկողութեան տակ առնուեցին քաղաքական բոլոր տեղաշարժերը:

Մօտաւոր ճշդութեամբ յստակեցնելով հասարակական շերտերի հակումները` աննախադէպ զանգուածային բնոյթ ընդունեց ընտրակաշառքը: Իշխող ուժին ծառայութիւն մատուցելու դիմաց ինչ-ինչ ձեռքբերումների ակնկալիքով աննախադէպ մեծացաւ կասկածելի վարքի տէր այն մարդկանց ու մասնաւորապէս երիտասարդների քանակը, ովքեր որպէս իշխող ուժի համակիրներ ներգրաւուեցին քուէաորսութեան գործընթացի մէջ:

Կատարելագործուեց վաղուց գործող մեքանիզմը` տնից տուն անցնելով բաժանել ընտրակաշառք, ըստ այդմ կազմել համապատասխան ցուցակներ, իսկ ընտրութեան օրը պարզապէս բոլոր «հաշուառուածներին» մեքենաներով հասցնել ընտրատեղամասեր ու ապահովել քուէարկութիւնը:

Ահա այս կերպ Հայաստանում տեղի ունեցան վերջին երեք ընտրութիւնները, որոնց ժամանակ ընդդիմադիր ուժերին թողնուեց նուազագոյն հնարաւորութիւն եւ ըստ էութեան վերաձեւաւորուեց այսօրուայ իշխանութիւնը:

Կարելի՞ է արդեօք ասել, որ հասարակութիւնը գոհ է ստեղծուած վիճակից: Ի հարկէ բացարձակ մեծամասնութեամբ` ոչ, բայց նոյն չափով ակնյայտ է, որ ընտրութիւններին մասնակցածների մեծամասնութիւնը իր քուէարկութեամբ չփորձեց փոխել այս իրավիճակը:

Ի հարկէ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնութեան արժանապատուութիւնը չվիրաւորելու համար ասենք, որ այնուամենայնիւ ընտրակաշառքի դիմաց իրավիճակը հանդուրժողների բանակը բնաւ էլ ընդհանուրի մեծամասնութիւնը չէր կազմում:

Նախ նկատի ունենանք, որ իւրաքանչիւր ընտրութեան մասնակցում է քուէարկող բնակչութեան մօտաւորապէս կէսը (այստեղ նաեւ հաշուի առնելով, որ Հայաստանում փաստացի գտնուողների թիւը մշտապէս ուռճացւում է), սրան գումարենք իշխանութեանը եւ ընդհանրապէս կաշառք բաժանողներին ձայն չտուող հատուածին, ինչպէս եւ ընդհանուր թուից հանենք այն կեղծ ձայները, որոնք ձեւաւորւում են կրկնական քուէարկութիւնների միջոցով, մահացածների հաշուին, բազմազան այլ ընտրախախտումները, որոնք այնուամենայնիւ չեն վերացել:

Ստացւում է, որ ժողովրդի մի հատուածի աշխուժ հանդուրժողականութեան հետեւանքով մենք ունենք այն իշխանութիւնը, որն ունենք` անկախ նրանից արժանի է նա մեզ, թէ՛ ոչ:

Ի դէպ հարկ է արձանագրել նաեւ, որ ըստ էութեան, քաղաքական դաշտի ներկայ խճանկարը, ձեւաւորուել է 2012 թուականի գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ: Գաղտնիք չէ, որ հէնց խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում է ձեւաւորւում որեւէ երկրի քաղաքական նոր դաշտը, իսկ այլ ձեւաչափի եւ մակարդակի ընտրութիւնները դառնում են վերջինիս տրամաբանական շարունակութիւնը: Մանաւանդ Հայաստանի պարագայում գրեթէ անհաւանական է պատկերացնելը, որ պետական լծակներին տիրապետող ուժի հնարաւորութիւնների եւ ձեւաւորուած հասարակական մտայնութիւնների պայմաններում, ընդդիմադիր ուժին կը յաջողուի վերցնել իշխանութեան մէկ այլ ղեկ: Մէկ ուրիշ հարց է, թէ խորհրդարանական փոքրամասնութիւն հանդիսացող այլ «ղեկավարը» ինչպէ՛ս կարող է սահուն իրականացնել իր առջեւ դրած խնդիրները:

Այն որ վերջին մէկ, մէկուկէս տարում ժողովուրդը անընդհատ քաղաքական բողոքի գործողութիւններ է իրականացրել վկայում է, որ այս վիճակը եւս հանդուրժելի չէ ու օրերից մի օր նոր բարեփոխումներ են տեղի ունենալու: Գուցէ հէնց այն փուլից, երբ նոր ձեւաւորուած իշխանութիւնը կը սպառի այս ու այն ճանապարհներով ձեռք բերած իրաւագրի ժամկէտը: Եւ ի հարկէ, եթէ հասարակութեան բացարձակ մեծամասնութիւնը հանդէս բերի աշխուժ անհանդուրժողութիւն «իր» իշխանութեան եւ երկրում առկայ բարքերի դէմ:

23 օգոստոս, 2013

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )